Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման պատմությունը

 

 

 

2001թ. նշանավորվեց իբրև Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի տարեդարձի տարի: Մինչ այդ արդեն միմյանց հաջորդեցին և ապա շարունակ­վեցին հոբելյանական միջոցառումները: Հայաստանի ողջ տարածքում նորոգվեցին վանքեր ու եկեղեցիներ, ուխտավորների խմբերը վերակենդանացրեցին ուխտի երբեմնի ճանապարհները` դեպի Սուչավա, Երուսաղեմ, Խոր Վիրապ, Սուրբ Էջմիածին, Անթիլիաս, Սուրբ Թադե և քրիստո­նե­ական հավատի մյուս սրբավայրերը: Կազմակերպվեցին հայ եկեղեցու գանձերը և քրիստոնեա­կան մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ աշխարհի ամենատարբեր քաղաքներում` Մոսկվայում, Աթենքում, Հելսինկիում, Հռոմում, Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Փարիզում և այլուր: Շատ արվեստագետներ, նկարիչներ, բանաստեղծներ իրենց վրձինն ու գրիչն են նվիրել այս մեծ տարեդարձին: Ծնվել են նոր հրատարակություններ` բազմաթիվ լեզուներով` հայ եկեղե­ցին և հայոց պատմությունը պանծացնող: Եվ ի վերջո, համաժողովները Հայաստանում և աշ­խարհի այլ երկրներում վերահաստատում են հայ եկեղեցու և մշակույթի դերը համաշխարհ­ային մշակույթի մեջ, Հայաստանի քրիտոնեացման դերն ու նշանակությունը արևելքի և արևմուտքի պատմության մեջ և այլն:

Սակայն այս ամենը ժամանակի ընթացքում հուշ պետք է դառնան` գրքերի մեջ ամփոփված, կամ պետք է հիշվեն միայն իբրև տոնական հանդիսության մեկ դրվագ: Իսկ ի տես ամենքի Երևանում կանգուն պետք է մնա Աստծո փառքին ձոնված և Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելու 1700-ամյա տարեդարձին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին:

 

 

 

 

Հայոց հավատի մերօրյա շքեղ տաճարի` Երևանի Մայր եկեղեցու կառուցման նախապատ­մու­թյունը հետևյալն է. Հայաստանի անկախացման տարիներին, երբ սկսվեց էապես փոխվել իշխանությունների մոտեցումները եկեղեցու նկատմամբ, Արարատյան Հայրապետական թեմի այն ժամանակվա առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը քրիստո­նե­ության պետականորեն ընդունման 1700-ամյակի մոտեցող տարեդարձի կապակցությամբ Երևանում մի նոր եկեղեցի կառուցելու առաջարկությամբ ներկայացավ Վազգեն Ա Վեհափառին: Պահը հարմար էր, որովհետև Երևանի քաղաքապետը` Արտաշես Գեղամյանը, մտադիր էր հո­ղա­հատ­կացում կատարել եկեղեցաշինության նպատակով: Այդ գաղափարին հավանություն էր տվել նաև Եկեղեցական խորհրդի նախագահ Ստեփան Վարդանյանը: Որոշվեց նաև եկեղեցին կառուցել ժողովրդի հանգանակությամբ, այլ ոչ թե սփյուռքի բարերարների հովանավորությամբ:

Նոր եկեղեցու կառուցման նպատակի մասին Վազգեն Վեհափառը իր զրույցներից մեկի ժամանակ ծանուցել էր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանին, իսկ սրբազանը ԱՄՆ կատարած իր այցելության ժամանակ այդ հարցի շուրջ խոսել էր ազգային բարերար, երջանկահիշատակ Ալեք Մանուկյանի հետ: Մայր Հայաստանի և Հայ Եկեղեցու նվիրյալ հայը անմիջապես հայտնել էր եկեղեցու շինարարությանը գումար հատկացնելու իր պատրաստակամության մասին: Այդ հատ­կա­ցումից հետո, բնականաբար, փոխվել էր նաև եկեղեցին միայն ժողովրդական հանգանակու­թյամբ կառուցելու ծրագիրը:

Վազգեն Վեհափառը կարգադրեց սկսել եկեղեցու կառուցման նախապատրաստական աշ­խա­­տանքները, ինչը շուտով հայտնի դարձավ ճարտարապետական շրջանակներին: Վեհափառի կողմից հանձնարարական տրվեց կազմել մրցութային առաջարկ, ստեղծել մրցութային հանձնա­ժողով, որտեղ բացի մասնագետներից ընդգրկվեցին նաև 2 հոգևորականներ` Մայր Աթոռի դիվա­նապետ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջ­նորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հայտարարված մրցույթում հավանության արժանացավ ճարտարապետ Ստեփան Քյուրք­չյանի նախագիծը:

  

  

 

 

 

1990թ. մարտի 31-ին տեղի ունեցավ Մայր եկեղեցու հուշաքարի օրհնության արարողու­թյունը:

Տեղադրված հուշաքարը ավետեց, որ այդտեղ վեր է խոյանալու Քրիստոնեության պետակա­նորեն ընդունման 1700-ամյակը հավերժացնող եկեղեցին:

 

 

 

 

Հիմնարկեքը կատարվեց նախագահությամբ Գարեգին Ա Վեհափառի և մասնակցությամբ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ու հիմնական բարերար տիկին Լուիզ-Սիմոն Մանուկյանի, որն էլ զետեղեց առաջին քարը:

Այն կառուցվելիք, իր չափերով ամենամեծ եկեղեցին էր լինելու և գալու էր վկայելու, որ ո´չ ժամանակը, ո´չ էլ ծավալված իրադարձությունները չեն կարողացել ժողովրդին հեռացնել քրիս­տոնեական իր հավատքից: Հայաստանի համար դժվարին այդ տարի­ներին ժողովուրդն այնուա­մենայնիվ ընկալումով ընդունեց նոր եկեղեղու կառուցման մասին լուրը: Չէ որ եկեղեցին սոսկ շինություն չէ, այլ ոգի է, խիղճ, սեր, հույս, որն այնքան անհրաժեշտ էր մեր ժողովրդին նաև այդ տարիներին, քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց 1700 տարի հետո

Ավետարանական պատգամը` «Մի երկնչիք յայնցանէ, որ սպանանեն զմարմին, և զոգի ոչ կարեն սպանանել» այնքան արդիական էր հնչում այդ տարիներին, երբ հայ ժողովուրդը թանկ զոհաբերությունների գնով իր անկախությունն էր կերտում: Իսկ մեր ոգին, հայի անկոտրում ոգին որտե՞ղ կարող էր առավել ապահով հանգրվանել, քան տաճարներում ու վանքերում` դառնալով աղոթք, երկինք պարզված հայացք, աղերսանք ու երկրպագություն առ Բարձրյալն:

Վազգեն Ա Հայրապետը, ավաղ, չտեսավ իր երազի իրականացումը և մարգարեաբար ասաց. «21-րդ դարում, երբ բարձրանայ Երևանի Մայր տաճարը, ես հոն պիտի չըլլամ, բայց կուզեմ, որ Գարեգին Բ հոն ըլլայ»: Կիլիկիո Աթոռի Գարեգին Բ Հայրապետը, որ դարձավ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոս, հաջորդելով Վազգեն Ա կաթողիկոսին, շունչ ու ոգի հաղորդեց նրա երազին: Եվ նա, 1997թ. ապրիլի 7-ին` սուրբ Կույսի Ավետման օրը օրհնեց եկեղեցու առաջին հիմնաքարերը:

 

 

 

 

Հայոց երջանկահիշատակ Հայրապետը հոգևոր հատուկ արարողության ընթացքում նախ գի­նով լվաց այն քարերը, որոնք դառնալու էին վեմեր Մայր եկեղեցու և օծեց դրանք սրբալույս Մյու­ռոնով: Օծված քարերը տեղադրվեցին ապագա եկեղեցու հիմնանկյուններում: Իսկ շատ շուտով այդ հիմանկյունների վրա վեր էր խոյանալու Մայր եկեղեցին` որպես առհավատչյա մեր վերա­նորոգ հավատի, հոգու վերազարթոնքի: Այդ օրը Վեհափառ Հայրապետն ասաց. «Այսօր ես երկինք եմ նայում մեկ անգամ ևս: Իմ աչքերն այնտեղ հանդիպում են իմ երջանկահիշատակ նախորդի` Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի երկայնացեալ աչքերին: Նա երկնքից նայում է այս պահին: Ով հավատքի աչքերով կդիտի երկինքը, չի կարող չտեսնել նրա հոգին այնտեղ»:

Ավաղ, Գարեգին Ա Հայրապետին նույնպես չվիճակվեց ավարտել տաճարի շինությունը: Եր­ջան­կահիշատակ Հայրապետների գործը շարունակեց նրանց երիտասարդ ու կորովի հաջորդը` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

2000թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու խա­չերի օծումը` հանդիսապետությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այն ևս ընթացավ մեր եկեղեցու նվիրական կարգի համաձայն: Խաչերը աղոթքի, ապա շարա­կանների ու սաղմոսների երգեցողությամբ նախ լվացվեցին գինով, ապա ձեռամբ Հայոց Հայրա­պետի, Երուսաղեմի հայոց պատրիարք Ամենապատիվ Թորգոմ արք. Մանուկյանի և Արարատ­յան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանի` Սրբա­լույս Մյուռոնով օծվեց եկեղեցու կենտրոնական խաչը:

 

 

 

 

 

Այդ օրը ձեռամբ Վեհափառ Հայրապետի, Պատրիարք հոր և հինգ սրբազան հայրերի օծվեց նաև եկեղեցու զանգակատան քարակերտ խաչը: Երջնկահիշատակ Վեհափառների երազը ար­դեն իրականություն էր, եկեղեցին կանգուն էր, չնայած դեռ չէին ավարտվել շինարարական աշ­խա­տանքները: Եվ Հայոց Հայրապետը ավետում էր ժողովրդին, որ շուտով «պիտի տեսնենք հոգելույս Վեհափառների նվիրական երազը» իրականացած:

Աստծո կամոք Գարեգին Բ Հայրապետին էր վերապահված պատմական մի առաքելություն ևս. նա էր տարագրությունից հայրենիք բերելու Լուսավորիչ Հայրապետի մասունքները և տե­ղադրելու դրանք Մայր եկեղեցում: 2000թ. նոյեմբերի 13-ին Վեհափառի գլխավորած պատվիրա­կությունը վերադարձավ Վատիկանից` իր հետ բերելով հայոց առաջին քահանայապետի` Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք նրան էր հանձնել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պետ Հովհաննես Պողոս Բ Պապը:

Մեծ հանդիսավորությամբ մասունքները բերվեցին Սուրբ Էջմիածին, ապա սուրբ պատա­րագից հետո տեղափոխվեցին Երևանի Մայր եկեղեցի: Մեր հավատի Հոր մասունքները զետեղ­վելու էին գավթի կենտրոնական մասում, որի ամպհովանին Էջմիածնի Սուրբ Գայանե վանքից էր այստեղ տեղափոխվելու:

 

 

 

 

 

 

 

 

Այո, ինչպես դարեր առաջ` 642թ. Ներսես Շինող կաթողիկոսը կառուցելով Զվարթնոց տա­ճարը, այնտեղ զետեղեց Սուրբ Լուսավորչի մասունքները, այնպես էլ Գարեգին Բ Հայրապետը շատ տարիներ անց` արդեն մեր օրերում` քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակ­ման 1700-ամյակի հոբելյանական տարում, ավարտելով կառուցումը Երևանի Մայր եկե­ղեցու, սրբացրեց այն մեր հավատի Հոր սրբազան մասունքներով:

Ինչպես մեր մյուս տաճարները, այնպես էլ Երևանի Մայր եկեղեցին վեր խոյացավ հայ ժողո­վըրդի բարեպաշտ զավակների բարերարությամբ: 1700-ամյակի խորհրդանիշ դարձած եկե­ղե­ցու բարերարներ էին ճանաչված ազգային բարեգործներ Ալեք և Մարի Մանուկյաններն ու նրանց զավակներ` Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանները, իսկ Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն մա­տուռ­ները կառուցվել են Նազար և Արտեմի Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը` Էդուարդո Էօռնեկյանի նվիրատվություններով:

 

 

 


 

Բուն կառուցման նախագիծը և ընթացքը

 

 

 

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին կառուցվել է ի նշանավորումն քրիս­տոնեության Հայաստանի պետական կրոն հռչակման 1700-ամյակի մոտեցող տարեդարձի: Բացի այդ տարեցտարի նկատվող մայրաքաղաքի բնակչության աճը, որ հասել էր մինչ 1.5 միլիոնի, պահանջ էր առաջացնում կառուցել նոր, առավել տարողունակ ու ճարտարապե­տությամբ մայ­րա­քաղաքի նորաստեղծ ճարտարապետական նկարագրին համահունչ եկեղեցի:

Խիստ անբարենպաստ էր ժամանակաշրջանը` կործանարար երկրաշարժ, ցուրտ ու մութ պայմաններ ... Այդ է պատճառը, որ ընդառաջելով մրցույթին մասնակցողների միջնորդությանը` նախագծի ներկայացման ժամկետը 1991թ. սեպտեմբերի 1-ից երկարաձգվեց երեք ամսով:

Ստեղծվեց մրցութային հանձնաժողով: Մրցույթի էին ներկայացված 33 նախագիծ, այդ թվում 7-ը` սփյուռքից: Դրանք ցուցադրվեցին նկարիչների տան ցուցասրահներում, 1992թ. փետրվարի 6-25-ը: Այցելուներն իրենց տպավորությունները կարող էին գրանցել հատուկ մատյանում. մուտքն ազատ էր բոլորի համար: 1992թ. փետրվարի 17-ին կայացավ ներկայացված նախագծերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը: Նախագծի գնահատման չափանիշ էր համարվելու համապատասխանելիությունը եկեղեցական արարողություններին, իսկ ներքին և արտաքին ճարտարապետության առումով` համահնչությանը ազգային ավանդույթներին ու նորարարու­թյանը:

Այս դիրքերից գնահատելով` մրցույթի ներկայացված 33 նախագծերից 22-ը հանվեցին հետա­գա քննարկումից: Հաջորդ քննարկման ժամանակ դրանց թիվը հասավ 26-ի: Հետագա քննարկ­մանը մնացին 7 նախագծեր: Ցուցահանդեսը փակվելուց հետո բոլոր 7 նախագծերը փոխադրվե­ցին Էջմիածին ու ցուցադրվեցին Վեհարանի սրահներում` ի տես Վեհափառ Հայրապետի, հոգևորական դասի, մայրավանքի աշխատակիցների: Վերջին քննարկմամբ միաձայն առաջին մրցանակի արժանացավ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագիծը, երկրոդ մրցանակի արժանացավ երիտասարդ ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագիծը:

Հեղինակներին հանձնարարվեց մրցութային հանձնաժողովի դիտողությունների համաձայն սահմանված ժամկետում վերամշակման ենթարկել նախագծերը և վերստին ներկայացնել քննարկ­ման: Դա տեղի ունեցավ 1992թ. օգոստոսի 29-ին: Այս անգամ արդեն երաշխավորվեց Ստեփան Քյուրքչյանի նախագիծը ու ներկայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս` Վազգեն Ա-ին: Գծագրերից մեկի վրա Վեհափառը թողեց «կատարյալ է, Վազգեն Ա» մակագրությունը:

Եղան, իհարկե, նաև քննադատություններ: Քյուրքչյանի նախագծում քննադատվեց մեծա­զանգված աղոթասրահը ծածկելու համար փոխադարձ խաչաձևող կամարներով կոնստրուկտիվ համակարգի օգտագործումը (հայտնի է, որ դա կիրառություն է ունեցել միջնադարյան Հայաս­տանի վանական համալիրների միայն գավիթ-ժամատներում, գրատներում ու սեղանատներում): Ընդդիմախոսներն անտեղյակ էին, որ միջնադարի մեր հմուտ ճարտարապետների այդ իմաս­տուն գյուտը, նոր ժամանակներում կիրառություն է ստացել Սփյուռքի մի քանի հայկական եկեղե­ցիներում` կառուցված Անթիլիասում, Աթենքում, Պոլսում և Նյու  Յորքում (վերջինը Ռաֆա­յել Իսրայելյանի ստեղծագործական մտահղացմամբ):

Մայր եկեղեցու կառուցման գաղափարն ունեցավ ընդդիմախոսներ նաև այլ դիրքերից: Դժվա­րին այդ տարիների, երբ ժողովուրդն ապրում էր ծայրահեղ ծանր պայմաններում, շատերի կար­ծի­քով անտեղի էր համարվում եկեղեցու կառուցումը և այդ նպատակի համար այդքան մեծ գումարներ ծախսելը: Այդպես մտածողները մոռանում էին, որ մեր ժողովուրդն իր համար առա­վել ծանր պայմաններում է եկեղեցիներ ու վանքեր կառուցել, այնտեղից երկինք առաքել իր աղոթքը` հաղորդակցվելով Տիրոջ հետ:

Եկեղեցին, այնուամենայնիվ, պետք է կառուցվեր:

Խստորեն կառուցապատված Երևանի կենտրոնական մասում հեշտ չէր որոնել և գտնել մեծածավալ եկեղեցու կառուցման համար նպաստավոր, ընդարձակ մի տարածք: Հարցը բարե­հա­ջող լուծեց քաղաքապետարանը: Օղակաձև զբոսայգու հարավ-արևմտյան մասում կար 7 հեկ­տար ազատ մի տարածք: Այն հարմար էր ոչ միայն մեծազանգված համալիրի տեղավորման, այլև նրա կազմի մեջ մտնող Մայր եկեղեցու ու կից երկու մատուռների երկու կողմերի նկատ­մամբ ճիշտ դիրքի ապահովմանը: Նախատեսվեց այդ տարածքը չցանկապատել, որպեսզի այն շարու­նակվի մնալ որպես զբոսայգու անանջատ մասը:

2000թ. հունիսի 1-ին ավարտվեցին ամբողջ համալիրի երկաթբետոնե աշխատանքները: 2000թ. հունիսի 26-ի նորընտիր Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ օծվեցին և տեղադրվե­ցին Մայր եկեղեցու 3 պղնձե խաչերն ու զանգակատան տուֆե խաչը:

 

 

 

 

Մինչև 2001թ. սեպտեմբերը կատարվել են գավթի, զանգակատան, ինչպես նաև Մայր եկե­ղեցու շինարարական աշխատանքները: Իսկ մատուռների ու ներքևի հարկի ներքին հարդա­րումը, ինչպես նաև եկեղեցին շրջապատող տարածքի բարեկարգման աշխատանքները շարու­նակ­վել են նաև օծումից հետո:

2001թ. սեպտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծեց եկե­ղեցին և մատուցեց առաջին Պատարագը:

 

 

 

 

 

               

 

Ի տես ամենքի Երևանում կանգուն է և կանգուն պետք է մնա Աստծու փառքին ձոնված և Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելու 1700-ամյա տարեդարձին կառուց­ված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին:

 

 

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի

    

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։