Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Լուսավորչի նշխարների մասին եկեղեցական մատենագրությունում հիշատակվող վերջին պատմությունը, վերջիններիս փոխադրությունն է իտալական նավա­հանգստային Նեապոլ քաղաքը։ Ասվում է, որ Լուսավորչի Պոլսում պահվող նշխարները պատկերամարտության շրջանում` Կոստանդին Կոպրոնիմոս կայսրի հարուցած հալածանքների ժամանակ, 8-րդ դարի վերջին, Նեապոլ են բերել Կ. Պոլսի վանքերից մեկի միաբանության կույսերը, որոնք այստեղ հիմնել են մի նոր կուսանոց, որն գործում է մինչև մեր օրերը։ Ըստ Հ. Ներսես Ակինյանի` Նեապոլում 1577թ.-ից կա սբ Գ. Լուսավորչին նվիրված եկեղեցի, և այն գտնվում է Բենեդիկտյան կույսերի վանքի մոտ, և այս կուսանոցը 930թ. արդեն Ս. Սեբաստիանոսի և Ս. Գրիգորի հովանավորության ներքո էր:

Լուսավորչի՝ դեռևս 9-րդ դարից սկսած Նեապոլում հռչակված և տոնելի սուրբ լինելու մասին վկայում է Նեապոլի «Տոնացույցը»։ Մարմարյա 2 մեծ տախտակների վրա գրված այս տոնացույցը գտնվել է Նեապոլի եկեղեցիներից մեկում։ Ըստ հետազոտողների` այն փորագրվել է 821թ. ոչ ուշ։ Նման «Տոնացույց»-ներում, ինչպես մեր «Յայսմաւուրք»-ում, ընդհանուր «Տոնացույցից» բացի բերվում են նաև տվյալ տեղային միջա­վայրում տոնելի սրբերի տոները, և նրանց շարքում է Լուսավորչի նշխարների գյուտի տոնը։ Այսինքն` այստեղ արդեն 9-րդ դարում ծանոթ էին Լուսավորչի նշխարներին, որը կարող էր պայմանավորված լինել հենց մասունքների այստեղ բերելով, որի համար էլ Նեապոլում կատարել են նշխարների գյուտի հիշատակը (Տես Հ. Ներսես Ակինեան, Մատենագրական հետազոտություններ, Քննություն և բնագիր, հտ Ե, 1953, էջ 41):

Նեապոլի մասին բավականին կենդանի ու գունեղ ձևով է գրված «Բազմավեպ»-ի համարներից մեկում։ Ա. Ճ. ստորագրած հեղինակը, նկարագրելով քաղաքը և այնտեղի վանքերը, Լուսավորչի նշխարների մասին գրում է. «Եկեղեցին յորում հանգուցեալ կան մեր սուրբ հայրապետին նշխարները` իրեն նուիրուած է ու սուրբ Գրիգոր հայ կ΄ըսուի, կամ իրենց քաղքին լեզուին դարձնելով` սուրբ Լիկուորի հայ ալ կ΄ըսեն։ Սուրբը եկեղեցւոյս մէջ մասնաւոր մատուռ մը ունի, որուն մէջտեղը իրեն հայրապետական պատկերը կայ, ձեռքը գիրք մը, ու իր չորս կողմը` հրեշտակներ միայն, որ աչուընիս մտօք Հայաստանի այն երանաւէտ վայրերը կը տանի, ուր որ ինքը սուրբն Գրիգոր անմռունչ կը խօսակցէր իր Աստծոյն հետ, զայն մատեանը  միայն` այսինքն զաստուածպաշտութիւնը իրեն յաւիտենական պարծանք սեպելով։ Խորանին աջ կողմը` իրեն արձանն էլ կայ. և մատրան որմերուն մէկուն վրայ իրեն ելքն ի վիրապէն, ու մէկալին վրայ քարոզութիւնը նկարած է, իսկ խորանին տակը` երկաթի վանդակով պատած սրբոյն ամբողջ երկու սրունքները կը պահուին։ Խորանին տապանակին մէջ ալ փառաւոր տուփ մը կայ, որուն մէջ սրբոյն ոտքի շղթան դրուած է` հինգ անհաւասար օղակով ու արևելեան կերպով և քիչ մը մաշած կերևայ։ Բայց անոնցմէ աւելի փաոաւոր ու անգին գանձ մը ծածկուած կայ Բենեդիկտեան կուսանաց մենաս­տանին մէջ. հոն է իրեն սուրբ և աստուածարեալ գլուխը` ապակւոյ մէջ դրած։ Ուրիշ ապակւոյ մէջ ալ դրած է իր մեծ ակռաներէն մէկը, բարակ շղթայ մը ու երկու բարակ գաւազաններու կտորներ. աս գաւազանները, որոնցմով հարուածուեր է սուրբ հայրապետը, մատի մը հաստութիւն ունին ու կարմիր են։ Սուրբ Լուսաւորիչն ալ Նափոլիի պաշտպանը կը սեպուի այնչափ հրաշքներուն համար, որ իրեն նշխարքներէն կըլլան, և անոր համար ալ սեպտեմբերի 30-ին ութօրէիւք և մեծ ջերմեռանդութեամբ իր յիշատակը կը տօնեն։ Տօնին առաջին օրը թափորի կը հանեն սրբոյն արծաթէ կիսարձանը, որուն կուրծքին վրայ նշխարքներէն կտոր  մը կայ։ Աս ամէն նշխարքներն ըստ աւանդութեան նափոլիցոց` սրբոյն Բարսղի կարգէն կուսանքներ Կոստանդնուպօլսէն հալածանաց պատճառաւ փախչելով հետերնին մէկտեղ առին, որովհետև իրենց եկեղեցւոյն մէջ էին, ու գալու ատեն Իտալիոյ մէջ մաս մը ուրիշ քաղքի  մը ընծայելով, մնացածները Նափոլի  բերին, ու կուսաստանի մը մէջ զետեղեցին։ Ասոնց վախճանէն ետքը` իտալացի բենեդիկտեան ազնուազգի կուսանաց ձեռքն անցաւ կուսաստանին ու ասոնց ժառանգութիւնը, որոնք ատ փառաւոր եկեղեցին շինեցին յանուն սրբոյն հայրապետիս։ Ահա այդպիսի պատուով ու փառօք կը մեծարի նոյնիսկ օտար ազգաց մէջ ալ մեր Գրիգորիս սուրբ հայրը» (Բազմավեպ, 1853, էջ 119-120):

Քաղաքի գլխավոր պահապան սուրբն է Ս. Գենարիոսից հետո հիշվող սրբերից է և սբ Գ. Լուսավորիչը ։

Սբ. Գրիգորի նշխարների մասին Նեապոլում եղած պատմություններն ի մի է բերել և 1717թ. առանձին գրքով հրատարակել սրբի նշխարները բերած կույսերի հիմնած միաբանության մայրապետերից աբբայուհի Մարիա Բոնուկկիեն, որի գրքի հայերեն թարգմանությունը` «Պատմութիւն կենաց, մարտիրոսութեան և սքանչելեաց Սրբոյն Գրիգորի», Վենետիկում հրատարակվել է 1737թ.։

Աբբայուհի Մարիան առաջաբանում ասում է, որ 2 ուժ է իրեն մղել գրելու այս գործը։ Առաջինն իր հորաքույր և նախորդ աբբայուհի Կլավդիան, որի մահանալուց առաջ հայտնած վերջին ցանկությունն է եղել, որ նման գործ գրվի, և 2-րդ` Լուսավորչի հիշատակը։ Այս գիրքը նվիրում է սրբի` իրենց վանքում պահվող գլխին, շղթաներին և ձաղկելու ձողին։ Դիմելով Լուսավորչին` ասում է, որ քո գլուխը թող քո ջերմեռանդ մտածումները հոսեցնի և մեր գլխում, չարչարանքներիդ շղթա­ները թող մեզ կապեն Քրիստոսի սիրով և Տիրոջը ձաղկող գոր­ծիքը խրատի և մղի ուղիղ ճանապարհով գնալ։

Գրքի տիտղոսաթերթի ետևում գրված է, որ այս հրատարակության իտալերեն տպագրությունը թույլատրվել է 1717թ։ Այսպիսով, պապական պրոպագանդայի կող­մից թույլատրվելով տպագրության, այն յուրօրինակ կանոնացման է ենթարկվել կաթոլիկ եկեղեցու կողմից։

Գրքում ընդարձակ տեղեկություններ կան Հայաստանի և հայոց եկեղեցու մասին, ապա հանգամանալից կերպով պատմվում է Լուսավորչի վարքը, անհայտության մեջ վախճանվելը և նշխարների գտնվելն ու նրանց մասին եղած պատմությունները: Այս ամենը շարադրվում է հայկական հայտնի և բյուզանդական աղբյուրների հիման վրա:

Մարիա Բոնուկկիեն գրում է, որ Ս. Գրիգորը Նեապոլից ոչ հեռու գտնվող Նարդո քաղաքի պահապան սրբերից է, որին դիմում էին, երբ ցանկանում էին, որ անձրև գա։ Լուսավորչի տո­նն այստեղ ամեն տարի կատարում են սեպտեմբերի 30-ին։ Այն ութօրյա տոն է և կատարվում է նաև Նեապոլում, ուր տոնվում է 1684թ.-ից` տեղի կարդինալի վճռով։

Նաև ամեն ամիս մի օր հիշվում է ժամակարգության ընթացքում:

Ըստ Բոնուկկիեի` Նեապոլ բերելու պատմությունը գրել է կարդինալ Բարոնիմոսը, որից էլ օգտվել է և ինքը։ Վկայակոչելով Կղեմես Գալանոսի «Պատմությունը»` նա ասում է, թե սբ. Գրիգորի շղթաները դիվահալած են և հանում են մարդու մեջ եղած չար այսերին` օգնելով նաև թունավորվածներին:

Կարևոր է նաև այն հիշատակությունը, թե բազմաթիվ ուխտավորներ են գալիս Հայաստանից, ինչպես ինքն է գրում. «ի մեծագունէ Հայաստանէ»։ Այս ուխտավորները ջերմեռանդաբար խոնարհ­վում են Լուսավորչի նշխարների առջև և հյուրընկալ ընդունելություն գտնում կույսերի մոտ։ Իր իսկ խոսքերով` «Գան պանդուխտք մինչև ի մեծագունէ Հայաստանէ առ ի յայց առնել զնա և հասեալք առ այս հանդիսաւոր վանս ի Նապօլի, անդ քաղցրաբարոյաբար առընկալեալք լինին և նշանօք բարեպաշտի սիրէլութեան ընդունեցեալք լինին յայնցանէ մեծասգեաց և  բարեպաշտագունեղից կուսանաց»։

Ասում է, որ միայն Նարդո և Նեապոլիս քաղաքներում չէ, որ պատվվում է Լուսավորչի հիշատակը, և այնտեղից բացի մասունքներ կան և հիշատակը կատարվում է նաև Հռոմում, Վենետիկում ու հատկապես Լիկուռնիայում, որտեղ սբ Գրիգորին նվիրված մի տաճար կա` կառուցված մի մեծահարուստ հայի միջոցներով։

Ըստ Մարիա Բոնուկկիեի` Հիսուսյան միաբանության Հակոբ անունով անդամներից մեկը, գնալով Էրզրում, նամակ է գրում Նեապոլ, թե հարկավոր է մի մասունք ուղարկել այնտեղ պահվող նշխարներից և գովում է հայերի ջերմեռանդությունն ու բարեպաշտությունը` ասելով, որ Ս. Գրիգորի մասունքները կօգնեն, որ նրանք ճշմարիտ հավատի գան։ Այս խոսքերով նկատի ունի քաղկեդոնիկ և կաթոլիկ դառնալը։ Ընդառաջելով նրան` ուղարկում են նշխարներից, որոնք, հատուկ կնիքով կնքված և վավերացված, Էրզրում են հասնում 1694թ.:

Լուսավորչի` Իտալիայում պահվող նշխարների մասին գրում է նաև Ստեփանոս Գիվեր Ագոնցը` որոշակի նոր մանրամասներ հաղորդելով։ Ըստ Ագոնցի` Նեապոլի կույսերի մոտ պահվում են Լուսավորչի գլուխը, շղթայից հատվածներ և կտորներ այն մահակներից, որոնցով հարվածեցին «գերհամբաւ» նահատա­կին:

Տեղական աղբյուրների վրա հիմնվելով` Ագոնցը գրում է, որ նշխարները Իտալիա են բերել սբ Բարսեղի կարգին պատկանող կույսերը, ովքեր Պոլսից փախել էին բյուզանդական կայսեր պատկերների դեմ հարուցած հալածանքների ժամանակ։ Հասնելով Նեապոլի նավահանգիստը` նրանք հյուրընկալությամբ են ընդունվում տեղի բնակիչների կողմից, այստեղ մի եկեղեցի են կառուցում, ուր ամփոփում են նաև սրբի նշխարները։ Եվ այդ կուսանոցն է, որ շարունակական հաջորդությամբ անխափան կա։ Ագոնցն ասում է, որ Լուսավորչի տոնին նրա նշխարներն արծաթյա մասնատուփերի մեջ զետեղած պտտեցնում են հատուկ թափորով։ Նույն կերպ Նարդո քաղաքում հանում են տեղի մայր եկեղեցում պահվող մասունքը` արմունկից մինչև ձեռքի դաստակն ընկած հատվածը։ Ըստ Ագոնցի` առանձին նշխարներ էլ պահվում են Ս. Լավրենտիոսի միաբանության վանքում (տե´ս Ստեփանոս Գիվեր Ագոնց, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հտ. Գ, Վենետիկ, 1802, էջ 164):

1740թ. Լուսավորչի այս նշխարներին ուխտի է գնում ժամանակի հայ առևտրական կապիտալի ճանաչված և զարգացած ներկայացուցիչներից Հովհաննես Թովմաճանյանը։ Իր «Օրագրությունում», որը պահպանվել է Վենետիկի Մխիթարյանների դիվանում, ասվում է. «Գնացի Նեապօլիս, որ է Նաբոլի, յուխտ սրբոյ հօրն մերոյ երիցս երանեալ Գրիգորի Լուսաւորչի»։

Նեապոլ Լուսավորչի նշխարներին ուխտի է գնացել նաև հայ վարքագրության մեծ գիտակ, «Լիակատար վարք սրբոց»-ի հեղինակ Հ. Մկրտիչ Ավգերյանը։ 1801թ. կատարած այս ուխտագնացությամբ է ավարտել «Լիակատար»-ի` Լուսավորչի վարքին և նշխարաց գյուտին նվիրված բաժինը։

Ավգերյանը գրում է, որ սբ Գրիգորին նվիրված եկեղեցու խորաններից մեկում զետեղված է Լուսավորչի պատկերը։ Լուսավորիչը ներկայացված է հայրապետական փառաշուք հանդերձանքով, մի մատյան ձեռքին։ Նկարում որևէ այլ մարդ պատկերված չէ, միայն 4-5 հրեշտակներ են շրջապատել սրբին։ Այս խորան-մատուռի 2 որմերին են նկարված Լուսավորչի կյանքի դրվագները։ Մի որմին վիրապից ելնելն է պատկերված, մյուսին` քարոզությունը ելնելուց հետո։ Խորանի ներքո` երկաթապատ պատուհանում, զետեղված են 2 սրունքները։ Այստեղ են պահվել նաև շղթան, ոտնակապը 5 օղակներով` նման արևելյան կալանավորների ոտնակապերին (Տե΄ս Հ. Մկրտիչ Ավգերյան, Լիակատար վարք և վկայաբանութիւնք սրբոց, Վենետիկ, 1812, հտ. Գ, էջ 368):

Ավգերյանը ընկերների հետ այնտեղից հետո գնում է բուն մենաստանը, ուր բնակվում էին Բենեդիկտյան միաբանության 40 կույսերը։ Այստեղ 30 կույսեր, ձեռքներին ջահեր ու մոմեր, բերում են Լուսավորչի գլուխը, որը պահվում է այս մենաստանում։ Այն դրված է ոսկեզօծ, արծաթյա գզրոցում ու երևում է ապակյա դռնակ-պահարանից։ Գզրոցի վրա` վերին մասում, կա ոսկեդրոշմ լատիներեն արձանագրություն. «Աստվածային Գրիգորի` Հայաստանյայց նահատակի գլուխը»։

Գզրոցի ներքևում էլ նորոգման արձանագրությունն է` դարձ­յալ լատիներեն. «Աննա Ռուֆֆօ աբբայուհի` Տիրոջ 1788թ։ Առանձին մի այլ թզաչափ մասնատուփում էլ պահվում էր սրբի ատամներից մեկը և ճկույթի հաստությամբ 2 բեկոր այն գավազանից, որով ձաղկել էին չարչարանքների ենթարկելիս։ Այս մասնատուփը մայրապետը դնում է ապակյա մի արկղի մեջ, որ այդ արկղով վերցնեն և մոտիկից նայեն։ Կույսերը, տեսնելով եկած հայորդիների այս ոգևորությունը, երգեհոնով նվագում են այն  երգերից, որոնք   կատարվում են Լուսավորչի տոնի ժամանակ։

Ավգերյանը նաև գրում է, որ Նեապոլում կա Լուսավորչի արծաթյա մի կիսարձան, որը Ս. Գենարիոսի տոնին հանում են ընդհանուր եկեղեցական թափորի ժամանակ։

 

36 - Sb

Ս. Գրիգոր Լուսավորչի Արծաթյա Կիսարձանը. Նեապոլ

 

Ավգերյանը, «Լիակատար վարքի» 3-րդ հատորի նշխարաց գյուտի բաժնի ծանոթագրություններում, բերում է նաև Ս. Գրիգորի եկեղեցու լատիներեն արձանագրության թարգմանությունը, որում ասվում է, թե այս տաճարը նվիրված է Աստվածային Գրիգորիսին` Մեծ Հայաստանի արքեպիսկոպոսին։ ? Իսկ մենաստանի դռանն էլ գրված է, որ այս մենաստանը, Պիոս Դ Պապի տնօրինությամբ, ամբողջապես պարսպապատվեց 1569թ. և այնտեղի կույսերը դարձան Բենեդիկտյան միաբանության անդամներ: Իսկ 1580թ. տաճարը հանդիսավորապես նվիրվեց Մեծ Հայաստանի մեծ հայրապետ սբ Գրիգորին (Նույն տեղում, էջ 373-374)։

Նեապոլում գտնվող Լուսավորչի նշխարների մասին անցյալ դարավերջին գրել է նաև Մեսրոպ վրդ. Ուղուրլյանը «Պատմություն հայոց գաղթականության և շինության եկեղեցո նոցա ի Լիվոռնո քաղաքի» գրքույկում, թե Նեապոլի Ս. Գրիգոր վանքում «ամփոփեալ կը պահուի Սուրբ Հօրս գանգն և շղթայից բեկորք։ Եկեղեցւոյն յարակից է մենաստան իտալացի ազնուական կուսանաց, որոց նախորդք արևելքէն հոն փոխադրեալ էին։ Մերոյս Սուրբ Լուսաւորչի տօնախմբութիւնն գաւաոի մէջ ութօրեայ հանդիսիւ մը կը կատարուի, և թափօրով կը շրջի Սրբոյն արծաթեայ արձանն, որուն կուրծքն զետեղուած է Սուրբ Հօրս նշխարաց մասն» (Մեսրոպ վրդ. Ուղուրլյան, Պատմություն հայոց գաղթականության և շինության եկեղեցւոյ նոցա ի Լիվոռնոյ քաղաքի, Վենետիկ, 1891, էջ 230)։ Նույն կերպ Նեապոլի մոտ գտնվող Նարդո քաղաքում, որի պահապան սուրբն է Լուսավորիչը, Մայր եկեղեցում զետեղված է սրբի բազուկը, որով, ըստ տեղացիների, մեծամեծ հրաշագործություններ են կատարվել: Ասում է, որ 1866թ. Նեապոլից Բերայի սբ Երրորդության եկե­ղեցի փոխադրվեց մի մասունք` սրբի չարչարանաց գործիքներից։

Համանման ձևով «Լումա» հանդեսը գրում է, որ Նեապոլում հայ և իտալացի կույսերը «մեծաւ պատուով կը պահեն Սուրբ Լուսաւորչին գլուխը ամփոփեալ գրեթէ բնական մեծութեամբ և հայրապետական զարդերով շինուած պղնձեայ և համակ ոսկեզօծ շրջանակի մէջ» (Լումա, 1901, Բ, էջ 47)։

Այսպիսով, Նեապոլում պահվող Ս. Գրիգորի նշխարների համար կարող ենք ասել, որ 8-րդ դարի վերջում` Պատկերամարտության շրջանում, Ս. Բարսեղի կարգին պատկանող մի խումբ կույսեր, որոնց մի մասի համար ասվում է, թե հայազգի էին, Կոստանդին VI (վխճ. 775թ.) կայսեր հարուցած հալածանքների շրջանում նավով փախչում են Բյուզանդիայից` իրենց հետ տանելով Ս. Գրիգորի գլուխը` մի քանի մասունք­ներով և բեկորներ չարչարանքների գործիքներից։ Հասնելով Իտալիա` բերված նշխարներից մի քանի մասունք, այդ թվում և դաստակը, դնում են Նարդո քաղաքում, իսկ մնացյալը տանում Նեապոլ քաղաքը` այնտեղ հիմնելով կուսանոց։ Իրենց մահից հետո այլ կույսերով է համալրվում կուսանոցը և այժմ պատկա­նում է Բենեդիկտյան միաբանության կարգին։ Կուսանոցին կից կառուցված Ս. Գրիգոր եկեղեցում, որը տեղային տառադար­ձությամբ վերածվել է Ս. Լիկուորի, պահվում են սրբի 2 սրունքները և ոտքի շղթան: Իսկ մենաստանում, գլուխը` ոսկեզօծ արծաթյա գզրոցում, ատամներից մեկը և տանջանքի գործիքնե­րից մի բարակ շղթա ու 2 գավազանների բարակ կտորներ։

 

37 - Sb

Ս. Գրիգորի Սրունքների Նշխարները

 

38 - Sb

Ս.  Գրիգորի  Գանգը

 

Մեսրոպ վրդ. Ուղուրլյանը վերը հիշված գրքույկում նաև գրում է, «Հայ կուսանաց յարևելից յարևմուտս փոխադրութեան ժամանակէն և յիշատակներէն միայն Սուրբ Լուսաւորչին մասունքն կը մնայ, և քանի մի նկարներ զետեղուած ի վերնատան երգեհոնի։ Նկարները կը ներկայացնեն արևելատարազ կուսանքն, որ ի Ճենովա ծովու ալեկոծեալ ճամփորդութիւն ըրէր են, այլ ողջմամբ հասած ի Նէապօլլիս, և անդ սիրով հիւրընկալուած»։

Այս մենաստանի կույսերն ավանդաբար ազնվազարմ և բարեպաշտ ընտանիքներից են եղել, որը կապվում է Լուսավորչի վարքի հետ: Այս կույսերը համարվում են Հռիփսիմյանց հաջորդները, և քանի որ Հռիփսիմեն ազնվական ծագում ուներ` բյուզանդական արքունիքից էր, հետևաբար նրան հաջորդող կույսերն էլ պետք է բարձրատոհմիկ լինեին։

Այնուհետև միջնադարում և, մասնավորապես, հետկիլիկյան շրջանում նշխարների` արևելյան կույսերի կողմից Նեապոլ տա­նելուն, որը խորհրդանշում էր արևմուտքը` հանձին Հռոմի, հոգևոր մի նոր խորհուրդ է հաղորդվում։ Դեռևս կիլիկյան շրջանում, պայմանավորված խաչակիրներից ունեցած ակնկալիքներով, ասվում էր, թե Հռիփսիմեն արևմուտքից հայոց աշխարհում շո­ղացած լույսն էր։ Այս միտքը լավագույնս գեղարվեստորեն ար­տահայտվել է Շնորհալու տաղերում և գանձերում, որոնք գրված են հենց այդ ակնկալությունների շրջանում։ Հռիփսիմեի համար ասվում է.

 

Նորահրաշ արեգակ իմանալի

Յարեմտից մեզ ծագեցար ի վիմէն հաւատոյ (Ներսես Շնորհալի, Տաղեր և գանձեր, աշխատասիրությամբ Արմինե Քյոշկերյանի, Երևան, 1986, էջ 269),

Կամ`

Աւրիորդն սուրբ յարևմտից ծագեալ /էջ 271/:

 

Այսինքն` ինչպես արևմուտքից հոգևոր փրկությունը եկավ Հռիփսիմյանց կույսերի ձեռքով, նույն կերպ քաղաքական փրկությունը, որ այլադավաններից ազատվելն էր, գալու է խաչակիր ասպետների ձեռքերով։ Այս պայմաններում առանձնակի խորհուրդ էր հաղորդվել Հռիփսիմյանց Հռոմից եկած լինելուն.

 

Երջանիկ հոգիահրաշ

Երանելի սուրբ Հռիփսիմէ

Լոյս ծագեցաւ ի լատինէ

Հայոց ազգիս յարևմըտէ/էջ 280/:

 

 

Խաչակիրների միջոցով արևելքի քրիստոնյաների փրկվելու այս ըմբռնումը միջնադարում, նրբին կերպով, միահյուսվում է Լուսավորչի վարքին: Հանգելով այն մտքին, որ ինչպես Հռիփսի­մյանց կույսերը գնացին արևելք, ուր վիրապում բանտված էր հայոց աշխարհի լուսավորության արեգակը, ով, վիրապից ելնելով, ամփոփեց նահատակված կույսերի նշխարները, այնպես էլ այս կույսերի հաջորդները Նեապոլ` Հռոմը խորհրդանշող արևմուտք, տարան ու նվիրվեցին պահպանությանը հայոց աշխարհի Լուսավորչի նշխարների։

Ավգերյանի գեղեցիկ ընդհանրացմամբ. «Իբր զի կուսանք վանաց Լուսաւորչին էին առհասարակ զաւակք մեծատանց և ազնուատոհմ օրիորդք, որպէս թէ սուրբ Հռիփսիմեանք` կուսանք արքայազունք եկին յարևմտից ի Մեծն Հայս, ի պատուեկ զՍուրբ  Լուսաւորիչն մեր, նոյնպէս և Սուրբ Հայրն մեր թագազարմ պարթևազեան եկն յարեմուտս ի պատուել զդասս սրբանուէր կուսանաց» (Մ. Ավգերյան, Լիակատար վարք սրբոց, հտ. Գ, էջ 374)։ Լուսավորչի վանքի կույսերը` Հռիփսի­մյանց կույսերի նման, մեծատանց զավակներ էին և ազնվազարմ օրիորդներ, և ինչպես Ս. Լուսավորիչը հոգ տարավ Հռիփսիմյանց կույսերի մարմիններին, այնպես էլ այժմ այդ սրբանվեր կույսերի դասերը հոգ են տանում Լուսավորչի մասունքներին:

Եվ հետո հայ ուխտավորներն էին գալու` պատվելու այն մենաստանը, որի կույսերը սերնդեսերունդ են փոխանցում մեր հավատո հոր նշխարները։

Ս. Գրիգորի եկեղեցին գտնվում է համանուն փողոցում։ Այն իր ներկայիս տեսքը ստացել է 19-րդ դարի կեսերին, սակայն հիմնվել է անհամեմատ ավելի շուտ, որի մասին մեզ են հասել 2 պատմական ավանդություններ։

 

11

Նեապոլի  Ս. Գրիգոր Եկեղեցու Վերին Մասը Ներսից

 

Ըստ առաջինի` վանքը հիմնվել է Կոստանդիանոս Մեծի շրջանում կայսեր մոր` սբ Հեղինեի կողմից։ Համաձայն 2-րդ ավանդության` այն հիմնել են հույն և հայ միանձնուհիները, ովքեր, բյուզանդական կայսրությունում հետապնդումների ենթարկ­վելով, 8-9-րդ դարերում` պատկերապաշտության դեմ ծավալված հալածանքների շրջանում, ապաստանում են Իտալիայում` իրենց հետ վերցնելով Լուսավորչի նշխարներից։ Այս 2 պատումները, սակայն, ոչ թե իրար հակասում են, այլ շարունա­կում։ Միջնադարում ընդունված էր միաբանական կյանքը սկսել մինչ այդ արդեն իսկ եղած վանքերում։ Այսպիսով` ըստ երևույթին` Նեապոլ եկած միանձնուհիները հանգրվանել են սբ Հեղինեի հիմնած վանքում, և մենաստանը, անխափան հաջորդությամբ գործելով, հասել է մինչև մեր օրերը։

Սբ Գրիգորինէ եկեղեցու նվիրված լինելու հանգամաքը դիտողին իսկույն հուշում են մուտքի պատի 3 պատկերները, որոնք ներկայացնում են հույն միանձնուհիների ժամանումը Նեապոլ։ Առաջինում պատկերված նավով Նեապոլ եկող միանձնուհիները, 2-րդում` նրանք բերում են սբ Գրիգորի մասունքներն  ամփոփող աճյունասափորը։ 3-րդում կույսերն արդեն ափ են հասել և նավից վար իջած մայրապետը թանկագին բեռը` սբ Գրիգորի նշխարները, երկյուղածորեն հանձնում է նեապոլցիներին։

Ճշգրիտ պատասխան չունենք այն հարցին, թե երբ Նեապոլ հասան սբ Գրիգոր Լուսավորչի նշխարները։ Բայց անհավանական չէ, որ 1204թ., սրբոց այլ մասունքների նման, սբ  Գրիգոր Լուսավորչի մասունքները ևս գրավվեցին, ապա հանգրվանեցին Նեապոլում։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։