Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս. Ներսես


   Ս. Հուսիկի և Ս. Դանիելի մարտիրոսական մահից հետո Լուսավորչի գահին ժառանգորդ էին մնացել միայն Հուսիկ հայրապետի որդիներ Պապ և Աթանագինե եղբայրները: Երկուսն էլ նախընտրել էին աշխարհիկ կյանքը և բաղձանք չունեին հոգևորական դառնալու: Հակառակ իրենց կամքին` նրանք սարկավագ էին ձեռնադրվել՝ եպիսկոպոսաց դասի միահամուռ հավանությամբ: Երկուսն էլ զինվորական լինելով՝ հոգևոր կյանքից հեռու էին: Ս. Ներսեսը Աթանագինեի և Բամբիշի որդին էր. կարծիք կա, թե Բամբիշը Տիրան թագավորի դուստրն էր:
Երիտասարդ Ներսեսը պալատական պաշտոնյա էր և ծառայում էր Արշակ Բ թագավորին որպես սենեկապետ: Նա բարի էր, մանկությունից սիրում էր աստվածային գրքերը և վարժ գիտեր հելլենական գիտությունը: Ներսեսը, գնալով Կ. Պոլիս, առավել զարգացնելով իմաստությունը, ամուսնացավ մեծ իշխան Ապիսոնեսի Սանդուխտ անունով աղջկա հետ, ունեցավ մի զավակ, ով հետագայում դարձավ նշանավոր Ս. Սահակ Պարթև հայրապետը` Ս. Վարդան Մամիկոնյանի պապը:
   Հակառակ իր աշխարհիկ նախընթացին՝ Ս. Ներսեսը բարեպաշտ քրիստոնյա էր: Որպես երիտասարդ զինվոր, նա այդ ժամանակ Կեսարիայում էր ապրում և այդտեղ դաստիարակվեց քրիստոնյա ուսուցիչների կողմից: Ս. Գրիգոր Լուսավորչի հետ նրա ունեցած կապն իր վրա էր հրավիրել հայոց մեծամեծների ուշադրությունը: Արշակ թագավորի հետ ժողովի նստելով՝ Արշակը նրանց թելադրել էր համոզել Ներսեսին, որ դառնա հայոց հոգևոր առաջնորդ: Ներսեսը, որ ժողովի ընթացքում կանգնած էր արքունի գահասրահում և լիովին զգեստավորված էր իր պաշտոնի պահանջներին համաձայն, մերժել էր այդ առաջարկը` առարկելով, որ արժանի չէ այդպիսի բարձր պատվի: Այդուամենայնիվ, Ներսեսին սարկավագ ձեռնադրեցին և ուղարկեցին Կեսարիա՝ եպիսկոպոսական աստիճան ստանալու համար: Կեսարիայում Ս. Ներսեսը տեղի Եվսեբիոս Արքեպիսկոպոսից ստացավ եպիսկոպոսական ձեռնադրություն, իսկ Եվսեբիոսը Աթոռ էր բարձրացել 362թ., ուրեմն այդ թվից առաջ չէր կարող ձեռնադրված լինել: Փավստոս Բուզանդը մի հրաշք է պատմում, որ շատ խորհրդավոր է Ներսեսի գործունեությունը բացատրելու համար. «Ձեռնադրության ընթացքում, - ասում է նա, - ներկա գտնվող Բարսեղ Մեծի գլխին մի աղավնի է երևում, որը հետո բարձրանում և Ներսեսի գլխին է նստում»: Դա անշուշտ ցույց է տալիս այն սերտ կապը, որ կար Ս. Ներսեսի ու Ս. Բարսեղի կյանքի ու գործունեության մեջ:
   Ձեռնադրությունից հետո Ս. Ներսեսը վերադարձավ Հայաստան, որտեղ նրան ընդունեցին որպես Աստծո հրեշտակի։ Եվ իրավամբ, նման էր լուսավորյալ արեգակի, որ ծագեց մեր աշխարհի վրա և լցրեց հոգևոր իմաստությամբ։ Այդ ժամանակ մեր երկիրը տարբեր անկարգություններով էր լցվել: Ս. Ներսեսը, որպես եպիսկոպոսապետ, ձեռնարկեց հովվական գործունեություն, այսինքն՝ հին տաճարների վերանորոգում, նոր եկեղեցիների կառուցում և իր հոտի հոգևոր կարիքների մատակարարում: Որոշումներ տրվեցին երկրի տարբեր տարածքներում հաստատել աղքատանոցներ և չքավորների համար պատսպարաններ, հիվանդանոցներ և ուրկանոցներ: Ս. Ներսեսը նաև հռչակավոր հանդիսացավ իր բարեսիրական գործունեությամբ և բարոյական սկզբունքների ու ընտանեկան կյանքի մաքրության հանդեպ տածած հոգածությամբ: Արգելեց մահացածների վրա չափազանց շատ լացուկոծը, որ հատուկ էր հեթանոսական կրոնին, ջատագովեց ամուսնական կյանքի սրբությունը, օժանդակություն հատկացրեց որբևայրիներին, որբերին, գերիներին և աղքատներին, կույրերին և հաշմանդամներին պատսպարեց իր իսկ բնակարանում և միշտ նրանց հետ բաժանեց իր հանապազօրյա հացը: Մասնավորապես հոգ տարավ եկեղեցական հաստատության կարիքներին՝ կարգավորելով արարողություններն ու ծեսերը, հաստատելով վանքեր և դպրոցներ, դաստիարակելով պատանիներ, ովքեր հետագայում հոգևորականներ դարձան: Արդարև, նրան կարելի է կոչել քրիստոնեական բարեգործության հիմնադիր Հայաստանում և նկատի ունենալ նրան որպես այն հոգևորականը, ով հետագա սերունդներին ավանդեց հայոց եկեղեցու դերը` որպես հայ ժողովրդի պահապանը ոչ միայն հոգևոր, այլև ընկերային և դաստիարակչական առումներով:  Ս. Ներսեսը նաև մեծ դեր ունեցավ Հայաստանի քաղաքական կյանքում: 353- 359թթ. Արշակ Բ թագավորի գլխավոր խորհրդատուներից մեկն էր: Ապացուցված է, որ 358թ. Ս. Ներսեսը գլխավորել է մի պատգամավորություն դեպի Կ. Պոլիս և Հայաստանի համար ապահովել խաղաղություն և բարգավաճություն:
Այսօր բուն վիպական նյութ է համարվում Արշակի կողմից իր եղբոր որդի Գնելի սպանության և նրա կին Փառանձեմին կնության առնելու պատմությունը: Քանի որ Պապը Փառանձեմի որդին էր, իսկ նա արդեն հասակն առած կտրիճ մարդ էր, երբ Ներսեսը վախճանվեց (Պապ թագավորից առաջ, որը սպանվեց 374թ.), ուստի նրա մայրը չէր կարող Արշակի հետ ամուսնացած լինել Ներսեսի կաթողիկոսության օրով, որով նա ամենավաղը 365թ-ին ծնված և 374թ-ին վախճանված պիտի լիներ: Հավանականն այն է, որ Արշակը սկզբում ապօրինի կենակցության մեջ էր Փառանձեմի հետ և Պապի ծնվելուց հետո էլ այդպես մնաց, մինչև որ այդ փառասեր կինը, թագուհի լինելու ցանկությամբ կուրացած, զարհուրելի միջոցի դիմեց և թունավորեց Արշակի հարազատ կնոջը` Ողոմպիա թագուհուն: Դա էլ երևի եղավ գլխավոր պատճառը Արշակի և Ս. Ներսեսի մեջ ծագած գժտության: Դրանից հետո էր, որ վերջինս հեռացավ արքունիքից և, ըստ Փավստոս Բուզանդի, մինչև Արշակի մահը քաշված կյանք վարեց:
   Բացի դրանից փաստացի տեղեկություն ունենք, որ Սուրբի աքսորը նաև այն իրողության արդյունքն էր, որ Արշակ Բ թագավորը ընդունում էր ժամանակակից Հռոմեական կայսեր կրոնական վարքագիծը, այսինքն՝ Արիոսական մոլար վարդապետությունը: Արևմտյան պատմական սկզբնաղբյուրներից հայտնի է, որ 359թ. Հռոմեական կայսրության բոլոր ուղղափառ եպիսկոպոսները աքսորվեցին, և Արշակ Բ թագավորը չէր կարող հայոց հայրապետական գահին պահել ուղղափառ եպիսկոպոսի, երբ Հռոմի կայսրն ինքն Արիոսական աղանդի հետևորդ էր և միջոցներ էր ձեռնարկել աքսորելու իր իշխանության ներքո գտնվող բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին:
   5-րդ դարում գրված հայկական պատմական աղբյուրները Ս. Ներսեսի հայրապետական գահից հեռանալը զանազանում են նրա աքսորից: Հեռանալու պատճառը բացատրում են Արշակ թագավորի բարոյական գայթակղության դեմ նրա ընդվզումով, իսկ աքսորի հրամանը վերագրում են անուղղակիորեն Վաղես կայսրին: Թե իբրև Ս. Ներսեսն Արշակի կողմից որպես պատգամավոր ուղարկվում է Վաղես կայսեր մոտ, որի կողմից էլ աքսորվում է: Ապա վերադառնում է նրա մահից հետո և մասնակցում Կ. Պոլսի Տիեզերական ժողովին, ապա, Հայաստան գալով, երկար ժամանակ գործունեություն ծավալում և վախճանվում: Մինչդեռ, ինչպես ասացինք, նա վախճանված պիտի լինի Պապից առաջ` ամենաուշը 373թ., իսկ Վաղես կայսրը մահացել է 379թ., իսկ Կ. Պոլսի ժողովը եղել է 381թ.: Այսպիսով` կատարված շփոթությունն ակնհայտ է: Հայտնի է, որ Վաղես կայսրը 372թ., արևելք ճանապարհորդելիս, եղել է Կեսարիայում և հավանական է, որ Ս. Ներսեսը ևս այնտեղ գտնված լիներ, որովհետև 372թ. Կեսարիայում գումարված մի ժողովի եպիսկոպոսների ցանկի մեջ հիշվում է նաև նրա անունը: Գուցե մի այդպիսի ժողովի հիշողությունն է, որ մեր պատմիչները շփոթել են Կ. Պոլսի մեծ ժողովի հետ, և այս դեպքում Վաղես կայսրի հետ ունեցած որևէ բանակցություն հիմք է ծառայել նրա` պատգամավորության մասին պատմված երկար զրույցներին: Բայց քանի որ Արշակ թագավորը 367թ. գերի է տարվել, ուստի այդպիսի դեպք կարող էր տեղի ունեցած լինել միայն նրա որդի Պապի օրոք (Կարապետ Ծայրագույն Վարդապետ Տեր-Մկրտչյան «Հայոց Եկեղեցու Պատմություն», էջ 118):
Ս. Ներսեսի և Արշակի գժտության առիթ կարող էր լինել նաև այն հանգամանքը, որ Արշակն իր թագավորության վերջին տարիներին Պարսից կողմն է հակվում: Հուլիանոս կայսրը Պարսից դեմ վարած պատերազմում կոպտությամբ և անարգանքով էր վերաբերվել Արշակին: Սպասված օգնությունը նրանից չստանալով` սպառնացել էր պատերազմից հետո պատժել նրան, բայց սպանվեց պատերազմում, իսկ նրա հետնորդը` Հովիանոսը, 363թ. պարսիկների հետ դաշինք կապելով, ձեռք քաշեց Հայաստանից: Այդ ժամանակվանից ի վեր Արշակն աշխատում էր երևի հաճոյանալ Պարսից թագավորին, և դրա հետևանքն է Փավստոսի կողմից 2 անգամ հիշելը, թե նա բարեկամության դաշինք է կապել Շապուհի հետ, մինչև իսկ հունաց դեմ պատերազմի ելել: Համենայն դեպս Արշակի երկդիմի դիրքը և կայսեր օգնությունից զրկվելը շատ ծանր պիտի նստեր նրա թագավորության վրա: Բարեկամական հարաբերությունները Պարսկաստանի հետ երկարատև լինել չէին կարող: Նրանք վաղ թե ուշ պիտի ցանկանային տիրել Հայաստանին, և եթե սկզբում հաջող էին Արշակի պատերազմները պարսից դեմ, որ պատմում է Փավստոս Բուզանդը, դժբախտ վախճանն, այնուամենայնիվ, անխուսափելի էր: Բայց այն, որ պատերազմի մեջ կռվող ուժերն անհավասար էին, Շապուհի համար դյուրին էր հայոց նախարարներին Արշակի դեմ գրգռել և նրա զորությունը զանազան միջոցներով ջլատել: Հիշվում են Վահան Մամիկոնյանը, Մեհրուժան Արծրունի և գրեթե բոլոր սահմանապահ իշխանները իբրև ապստամբ և Պարսից թագավորին նրա դեմ դրդող: Նախարարներին թագավորից հեռացնելու մի պատճառ մեր պատմիչները համարում են Արշակավանի շինությունը: Այն արագ կերպով բնակեցնելու և մեծացնելու համար Արշակն ազատ էր արձակել այնտեղի մարդկանց իրենց նախկին հանցանքներից, պարտքերի և դատերի պատասխանատվությունից և, այդպիսով, մեծ անկարգություններ և դժգոհություններ առաջ բերել ժողովրդի մեջ: Ավելի ճիշտն այն է թերևս, որ Արշակը ձգտում էր իր երերուն գահն ամրացնել: Նա, հայոց թագավորի թուլության և հարևան զորեղ պետությունների ձեռքին խաղալիք լինելու գլխավոր պատճառը համարելով իր երկրի բազմաթիվ կիսաանկախ նախարարությունների մեջ բաժանված լինելը, աշխատում էր մի զորեղ կենտրոնական իշխանություն ստեղծել:
Արշակ թագավորն օգտվեց հայրապետի բացակայությունից և կամեցավ կոտորել Կամսարականների տոհմը, քանի որ Ներսես Կամսարականը հանդիմանում էր թագավորին իր գործերի համար։ Ուստի թագավորը հրավիրում է նրա ազգին ճաշկերույթի Արմավիրում և բոլորին սրի քաշում։ Փրկվում են միայն Ներսեսի եղբոր որդին և նրա 2 որդիները, ովքեր ներկա չէին հրավերքին։  
Այսպիսով, զրկվելով իշխանների օգնությունից և առաջացնելով նրանց դժգոհությունը, Արշակը 367թ. խաբվում է Շապուհի կողմից, գերեվարվում ու բանտարկվում Անհուշ բերդում։ Ըստ Փավստոս Բուզանդի` Ներսես Մեծն աշխատում էր այս անգամ ևս համաձայնեցնել նախարարներին, որ իրենց թագավորին պաշտպանեն և օտարի ձեռքը չտան երկիրը, բայց չի հաջողվում:
   Արշակի գերությունից հետո Հայաստանում մեծամեծ աղետներ են տեղի ունենում: Փառանձեմ թագուհին Պապ արքայորդու հետ պատսպարվում է Արտագերս բերդում և երկար ժամանակ արիաբար պաշտպանվում, հետո թագաժառանգին ուղարկում է, որ հույների կողմից օգնություն գտնի: Այդ ժամանակ օտար մի պատմիչի ասելով` Շապուհի կողմից հայոց աշխարհի վերակացուներ էին կարգված Արտավանը և Գղակը: Սակայն նրանք թագուհու կողմն են անցնում, և երբ Պապը օգնություն է գտնում հունաց կողմից և Հայաստան է մտնում, գնում, նիզակակից են լինում նրան: Բայց Պապը, քիչ ժամանակ հետո Արտավանի և Գղակի դեմ եղած ամբաստանությանը հավատալով, դավադրությամբ սպանել է տալիս նրանց: Այս Արտավանն ու Գղակը մի քանի գծերով հեռավոր նմանություն ունեն Փավստոսի հիշած Վարդան Մամիկոնյանի ու Դղակ մարդպետի հետ: Եթե դրանք նույն անձիք են եղել, ապա երևում է, թե ինչքան թերի են մեր տեղեկությունները` չնայած, որ 2 արժանահավատ պատմիչներ են նկարագրում այն:
Փառանձեմ թագուհին 13 ամիս որդուն սպասելուց հետո պարտություն է կրում և գերի տարվելով Պարսկաստան` այնտեղ էլ սպանվում է: Հայաստանի գլխավոր քաղաքները և շատ բերդեր ավերվում են, գանձերը կողոպտվում, և բազմաթիվ ժողովուրդ, որի մեջ նաև հրեաներ, գերի տարվում: Այդ գերիներից մեկն էր Արտաշատի Զուվիթ երեցը, ով իր հավատը չուրանալու համար նահատակվում է Շապուհի հրամանով:
Սակայն Վաղես կայսրը Տերենտիոս զորավարին Ադե Կոմսի առաջնորդությամբ զորք է տալիս` Պապին օգնության, որ գնա և տիրի իր երկրին: Ըստ Փավստոս Բուզանդի` հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը` Արշակի նշանավոր զորավար Վասակի որդին, հայ առաջապահ գնդով կանխում, երկիրը մաքրում է պարսիկներից, բերդերը գրավում, պարսից շինած կրակատները կործանում, այնպես որ Պապն անարգել գալիս է և հաստատվում իր գահի վրա: Այնուհետև 3 նշանավոր ճակատամարտերի մեջ Մուշեղը մեծամեծ քաջություններ է անում: Պարսիկները ստիպված են լինում բոլորովին ազատ թողնել Հայաստանը: Պարսից պատմությունից էլ հայտնի է, որ 370թ. պարսից թագավորն իր զորքը հետ է կանչել Հայաստանից: Այդ, անշո´ւշտ, լինում է Փավստոսի հիշած պատերազմներից ու ճակատամարտից հետո:
   Պապն իր երկրում ոտք դրած օրից հետամուտ էր եղել Ս. Ներսեսին գտնելու և դիմելով նրան` խնդրել էր դարձյալ հայր և հովվապետ լինել ջլատված հոտին, և նա ամեն կերպ գործակից էր երկրի մեջ կարգ ու խաղաղություն վերականգնելու: Իսկ Ձիրավի փառավոր ճակատամարտի ժամանակ Ս. Ներսեսը, Մովսես մարգարեի նման, Նպատ լեռան վրա բազուկները տարածած, ըստ պատմիչի, աղոթում էր, և օժանդակողը դարձավ հաղթության: Սակայն նրա համաձայնությունը Պապի հետ երկար չի տևում: Փավստոս Բուզանդը նկարագրում է Պապի վարած անբարոյական կյանքը: Բայց այդ բոլորովին համաձայն չէ ժամանակակից Ամմիանոս պատմիչի տված ավելի հավաստի նկարագրին, ուր Պապն իր հոր անզուսպ ոգու կտրիճ ժառանգ է ներկայանում և մի տաղանդավոր իշխան, որ կարճ ժամանակամիջոցում կարողացավ քայքայված պետությունը ոտքի կանգնեցնել: Վստահելի չէ նաև Փավստոս Բուզանդի մեղադրանքը, թե Ս. Ներսեսի մահվան պատճառը Պապն է եղել, որը չի կարողացել տանել նրա հանդիմանությունները և, նենգությամբ ընթրիքի կանչելով, թունավորել է նրան:
Ս. Ներսեսի մահից հետո Պապն աշխատում է սրբի հաստատած բարեկարգությունները վերացնել, վանքերն ավերել, վանականներին ու կույսերին ցրել, բարեգործական հաստատությունները քանդել է տալիս, հոգևորականության ուժը ջլատելու համար փակում է նրա եկամուտների աղբյուրը, պտուղ ու տասանորդ տալն արգելում է, Տրդատի նշանակած 7 մաս հողից 5-ը խլում է և միայն 2-ը թողնում, վերականգնում է մի քանի հեթանոսական սովորություններ, ինչպես մեռելների վրա կոծ անելը և այլն: Սակայն Ներսեսի բարենորոգության հետքերն էլ բոլորովին չջնջվեցին, և ավելի բարենպաստ ժամանակ էր պետք, որպեսզի նրանք վերակենդանանային և ընդարձակություն ստանային: Չի բացառվում, որ այս ամենից հետո հոգևորականների մեջ կասկած է առաջացել, թե Ս. Ներսեսը սպանվել է Պապի կողմից, իսկ Պապն ինքը սպանվում է 374թ:
   Ս. Ներսեսի մարմինը թաղեցին Թիլ ավանում` Ս. Արիստակեսի դամբարանի մոտ: 7-րդ դարում գերեզմանների վրա կառուցված տաճարը քանդվեց: Դարերի ընթացքում արևմտյան Հայաստանի այդ շրջանն անցավ ձեռքից ձեռք և Ս. Ներսեսի գերեզմանի վայրը մոռացվեց: 13-րդ դարում գտնվեցին սուրբի նշխարները և բաժանվեցին Երզնկայի եկեղեցիների և մերձակա գյուղի Տիրաշեն վանքի միջև: Թիլ ավանի մոտ գտնվող Ջուխտակ Հայրապետաց վանքը ևս պարծենում էր Ս. Ներսեսի նշխարներով: Նշխարների գյուտը տեղի ունեցավ ԺԳ (13) դարի 2-րդ կեսին: Այդ շրջանի ժամանակակից Հովհաննես վարդապետ երզնկացի Պլուզը, հայտնի բանաստեղծ և գրող, հորինեց հատուկ մի շարական` նվիրված Ս. Ներսեսին, որն այսօր ևս երգում են եկեղեցիներում: Ս. Ներսեսը չի հիշատակվում Ս. Լուսավորչի որդիների և թոռների տոնին: Բայց, որպես հայոց եկեղեցու գլխավոր սուրբերից մեկը, ունի մասնավոր մի օր, որն է Հոգեգալստյան 2-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Սակայն սա` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ, համաձայն իր կողմից բարեփոխված «Տոնացույց»-ի՝ հրատարակված 1774-1775թթ.: Սկզբնապես Ս. Ներսեսի տոնը կատարվում էր Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հետևող երկուշաբթի օրը:

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։