Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս. Սահակ Պարթև

 

Ֆրանչեսկո Մագիոտո <<Կաթողիկոս Սահակ Պարթև>> Ս. Սահակի ժամանակակից դեպքերի համար ամենաարժանահավատ աղբյուրն է Կորյուն պատմիչը, ում պատմածներն զգուշությամբ լրացնել կարելի է միայն Ղազար Փարպեցու արտաքին պատմությունից: Փարպեցին իր պատմությունն սկսում է այնտեղից, ուր վերջացրել է Փավստոս Բուզանդը, և, եկեղեցական խնդիրներում Կորյունին հետևելով, ավելացնում է այնչափ, որչափ հայտնի էր մի սերունդ անցնելուց հետո:
Դժբախտաբար Ս. Սահակի կաթողիկոսության հստակ տարին անհայտ է մնում: Սակայն համարվում է, որ նա պետք է իր հայրերի Աթոռ բարձրացած լինի 390թ-ից հետո և, հավանաբար, ոչ ուշ, քան 395թ: Իսկ այս շրջանի ամենակարևոր դեպքը` գրերի գյուտը, ըստ Կորյունի (Ս. Մեսրոպ Մաշտոցի վարուց պատմիչ), տեղի է ունեցել Հազկերտի թագավորության Ը տարում և Ս. Մեսրոպի վախճանից 35 տարի առաջ, ուրեմն միջին հաշվով 405թ: Ս. Սահակ Պարթևը որդին էր Ներսես Մեծի և վերջին շառավիղը Լուսավորչական տոհմի։ Սա իր առաքինի վարքով նմանվեց իր հայրերին և առավել գտնվեց ճգնության և գիտության մեջ։ Ամուսնացավ որդեծնության համար, որպեսզի ժառանգորդ ունենա առաքելաշնորհ աթոռին։ Ծնեց մի դուստր` Սահականուշ անունով, կնության տվեց Համազասպ Մամիկոնյանին, որից ծնվեց քաջն Վարդանը։ Սահակ Պարթևը միշտ տրտմության մեջ էր և Աստծուց խնդրում էր, որ իրեն արու զավակ պարգևի, որի համար եկավ Աստծո հրեշտակը, մխիթարեց նրան՝ ասելով, որ ոչ թե անարժանության համար Աստված նրան զավակ չի տվել, այլ որովհետև պահել է վերջին` նեղ օրերի համար, որպեսզի մխիթարի իր հոտին։ Ապա ցույց տվեց, որ կդադարի քահանայությունը Գրիգոր Լուսավորչի ցեղից, և կխափանվի թագավորությունն Արշակունյաց ազգի։ Եվ դարձյալ կնորոգվի աշխարհի կատարածի մոտ` ի ժամանակն պիղծ Նեռի։ Տերը զգուշացրեց. «Այդ օրերին կլինեն նեղություններ, այնպիսի, որ չեն եղել աշխարհի սկզբից մինչև նրա ավարտը»։ Պողոս առաքյալը զգուշացնում է. «Կհայտնվի անօրենը, կորստյան որդին», դարձյալ զգուշացնում է. «Եթե հնար լինի, ընտրյալներին էլ կմոլորեցնի»։ Հենց այդ ժամանակ էլ Սահակ Պարթևի սերունդից կծնվի մի որդի և կնստի հայրապետական աթոռին՝ պաշտպանելու Լուսավորչի հոտը։
Խոսրով թագավորը, ըստ Փարպեցու, հայ նախարարների բանսարկության շնորհիվ, գահից զրկվեց ու աքսորվեց, ապա նույն նախարարների խնդրանքով Պարսից թագավորը նրա փոխարեն թագավոր նշանակեց նրա եղբայր Վռամշապուհին: Կորյունի վկայության վրա հիմնվելով` Վռամշապուհի թագավորությունը պետք է դնել 399թ, ուրեմն Խոսրովի գահից զրկվելը, հավանաբար, ևս նույն կամ նախորդ թվականին տեղի ունեցավ: Իսկ Վռամշապուհը պետք է որ վախճանված լինի 414թ կամ 415թ, որովհետև նրա մահից հետո Խոսրովը վերադարձավ և, Հայաստանում 8 ամիս թագավորելուց հետո, վախճանվեց: Ապա Հազկերտ Ա-ն 416թ. թագավոր է նստեցնում իր որդի Շապուհին: Նա, լսելով իր հոր ծանր հիվանդության մասին, 420թ. թողնում է Հայաստանի գահը և շտապում Պարսկաստան` հորը հաջորդելու համար, բայց, նպատակին չհասած, սպանվում է: Դրանից հետո Պարսից բաժնի տիրապետության տակ գտնվող Հայաստանը 2 տարվա չափ մնում է գրեթե անիշխան: Հայերը, օգտվելով այն հանգամանքից, որ Պարսկաստանում միաժամանակ թե΄ ներքին կռիվներ էին առաջ եկել գահի համար և թե΄ արտաքին պատերազմ հույների դեմ, մտածում էին պարսից լուծը թոթափել և անկախություն հաստատել: Բայց, նախարարների անհամաձայնության պատճառով, ոչինչ գլուխ չեկավ, և երկրում խաղաղություն հաստատելու համար դիմեցին Պարսից թագավորին և թագավոր խնդրեցին: Վռամ Դ-ն խոհեմություն համարեց նրանց դարձյալ հայազգի թագավոր տալ` հանձինս Վռամշապուհի որդի Արտաշեսի (422թ.):  
  Սակայն Արտաշեսը, անբարո վարքի տեր մի ապիկար պատանի լինելով, շատ շուտ իր դեմ լարեց ամենքին` իր շվայտ կյանքով: Նախարարները դիմեցին Ս. Սահակին և խնդրեցին իրենց հետ միաբանել Պարսից թագավորին` բողոքելու և Արտաշեսին Հայաստանից հեռացնելու համար: Բայց մեծ հայրապետը, ընդունելով հանդերձ, որ նրանց ասածները մանուկ թագավորի անարժան ընթացքի մասին շատ ճշմարիտ էին, հոգևոր իմաստության և խղճին հակառակ է գտնում այդպես վարվելը`ասելով, թե Քրիստոսի վիրավոր ոչխարին չի փոխի առողջ գայլի հետ, և հորդորում է մի որոշ ժամանակ տանել նրա վատ արարքները և աշխատել նրան ճիշտ ուղու վրա բերել: Նա, անշո´ւշտ, գիտակցում էր, թե ինչպիսի անդարձ կորուստ պիտի լիներ հայ թագավորին օտարի ձեռքը մատնելը և հոժարությամբ պարսիկ իշխանավորին նստեցնելը որպես իրենց գլուխ` Հայաստանի քաղաքական ինքնուրույնության վերջին ստվերն անգամ անհայտացնելով: Ուստի երբ տեսավ, որ չի կարողանում նախարարներին համոզել, բացարձակապես հրաժարվեց գոնե նրանց անխորհուրդ գործին մաս ունենալուց, և նրանք զայրացած որոշեցին` ինչպես Արտաշեսին գահից, այնպես էլ Ս. Սահակին հայրապետությունից զրկել տան: Երբ նախարարների բողոքը Պարսից թագավորին հասավ, նա հրամայեց, որ ինչպես Արտաշեսը, այնպես և Ս. Սահակն արքունիք գնան` իրենց դեմ եղած ամբաստանությանը պատասխան տալու: Այստեղ կրկին անգամ ջանք արեցին Ս. Սահակին դրդելու անցնել Արտաշեսին ամբաստանողների կողմը, և երբ անդրդվելի մնաց, հրաման ելավ, որ կաթողիկոսական իշխանությունից զրկված համարվի: Իսկ Արտաշեսի գահընկեց լինելով` Արշակունյաց թագավորությունը դադարեց բոլորովին 428թ: Հայաստանը դարձավ Պարսից նահանգներից մեկը, և նրա կառավարության համար այնուհետև պարսիկ մարզպաններ ուղարկվեցին:


  Ս. Մաշտոցի և Ս. Սահակի վերջին գործերը Կորյունն այնպես է պատմում, որ դժվար է որոշ սահման դնել 428թ-ից առաջ և հետո տեղի ունեցածների մեջ: Այսպես, չի պարզվում, թե երբ վերադարձավ նա Վրաց կողմերից, և արդյո՞ք Ս. Սահակը նրանց համար մեծ աշխատություն ցույց տվեց դրանից հետո, ինչպես երևում է, առանձին եռանդով առաջ տարված թարգմանչական գործունեության մեջ, արդյո՞ք արդեն հայրապետական իշխանությունից զրկված լինելով` ազատ միջոց ավելի շատ ուներ: Այդ ժամանակ նրա 2 աչքի ընկնող աշակերտները` Հովսեփ Պաղնացին և Եզնիկ Կողբացին, Եդեսիա ուղարկվեցին, որպեսզի ասորերենից հայերեն թարգմանեն նշանավոր եկեղեցական հայրերի գրվածքները: Իսկ նրանք, այդ հանձնարարությունները որոշ չափով կատարելուց հետո, Հունաց կողմերն անցան և, հմտանալով հունարեն լեզվին, դարձան թարգմանիչներ նաև այդ լեզվից: Նրանք Կոստանդնուպոլսում էին, երբ նրանց մոտ են գալիս 2 ուրիշ աշակերտներ` Ղևոնդը և ինքը` Կորյունը, որոնք ևս նույն ուղղությամբ էին աշխատում: Եվ ապա բոլորը միասին վերադառնում են հայրենիք` իրենց հետ առած Սուրբ Գրքի ընտիր օրինակներ, Ս. Հայրերի գրվածքներ և «Նիկիական և եփեսոսական» կանոնները: Վերջին հիշատակությունը ցույց է տալիս, որ նրանց վերադարձը եղավ 431թ-ից հետո, ուրեմն և` թագավորության անկումից տարիներ հետո, որովհետև այդ թվականին է գումարվել Եփեսոսի Գ Տիեզերական ժողովը: Հիրավի, այս հանգամանքները պատմելիս Կորյունը Ս. Սահակին այլևս «Կաթողիկոս» կամ «Եպիսկոպոս» պատվանունը չի տալիս: Բայց ինչպես նրա նկարագրությունը, այնպես էլ մեր ձեռքը հասած մի թանկագին թղթակցություն, որ եղել է Ս. Սահակի և Ս. Մաշտոցի և Եփեսոսի ժողովի 2 ներկայացուցիչ հայրերի մեջ, պարզում են, որ 428թ-ից հետո էլ քրիստոնյա աշխարհը շարունակում էր Ս. Սահակին համարել Հայաստանի իսկական հայրապետ, և նա կատարում էր որոշ հովվապետական պարտականություններ հայ հոտի նկատմամբ:
Փարպեցու և հետևողների պատմությունից հայտնի է, որ Պարսից արքունիքի առաջ Արտաշեսին և Ս. Սահակին ամբաստանող նախարարների գործակիցն էր Սուրմակ Արծկեցի մի երեց, որին և հասնում է կաթողիկոսական իշխանությունը Ս. Սահակի Աթոռից զրկվելուց հետո: Բայց շուտով, նրա արարքներից հոգնած, նախարարները Պարսից դուռը դիմեցին: Վռամ թագավորը նրանց մոտ ուղարկեց Բրքիշո անունով մի ասորու, որը նույնպես իրեն չի արդարացնում: Կրկին անգամ խնդրում են փոխել և ուրիշին ուղարկել: Նա էլ ուղարկեց մեկ ուրիշ ասորու` Շամուել անունով: Բայց սա ևս իր նախորդների ընթացքը շարունակեց, և այդ ժամանակ նախարարները զգացին, թե որչափ մեծ տարբերություն կար օտար վարձկանների և հարազատ անձնադիր մեծ հովվապետի մեջ: Զգջմամբ և աղաչանքով դիմեցին Ս. Սահակին և խնդրեցին, որ շարունակի առաջվա պես հովվել իրենց, սակայն նա, անհիշաչարությամբ ներելով նրանց ապերախտ վարմունքն իր դեմ, ոչ մի պայմանով չկամեցավ հայրապետական իշխանություն վարել: Պարզ չէ, թե արդյո՞ք 3 հակաթոռ կաթողիկոսների փոփոխությունն այնպես արագ կատարվեց, որ 435-436թթ. միայն Ս. Սահակն էր մնացել ասպարեզում և քաղաքական գործերի չխառնվելով` եկեղեցական խնդիրներում հայրապետական իրավասություն էր գործ դնում, թե՞ այսպիսի իրավասություն պահպանել էր նաև այն ժամանակ, երբ հիշյալ հակաթոռ կաթողիկոսներն էին իշխում, որոնք, քաղաքական իշխանության կողմից միայն ճանաչված լինելով, բարոյական հեղինակությունից զուրկ էին և հայ ու օտար եկեղեցականների կողմից իբրև հափշտակիչներ էին նկատվում:
428թ. հունաց պատրիարքի աթոռին նստեց Նեստոր հայհոյիչը։ Նա, հավաքելով իր մեջ իր վարդապետների թույնը, ընկավ մարդադավանության չար աղանդի մեջ, թե Կույսից չծնվեց Աստված և ոչ էլ Կույսն էր Աստվածածին, այլ Քրիստոսածին կամ մարդածին։ Ծագեց մեծ խռովություն և Հռոմի Թէոդոս Փոքր կայսրը 431թ. հունիսի 22-ին Եփեսոս քաղաքում ժողով գումարեց։ Ժողովին մասնակցում էին 200 եպիսկոպոսներ` Կյուրեղ Ալեքսանդրացու գլխավորությամբ։ Նզովեցին հայհոյիչ Նեստորին 12 նզովքներով և, կայսեր հրամանով, աքսորեցին։
Այս ժողովին չէր մասնակցում Ս. Սահակը, բայց կայսեր կողմից ուներ հրավեր, քանի որ գտնվում էր Պարսկաստանում։ Հետո սուրբը գրեց «Դավանաբանական թուղթ», որն ընթերցվեց հետագա բոլոր ժողովների ժամանակ։
  Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքը և Մելիտինեի Ակակիոս եպիսկոպոսը թուղթ են գրում, որի նպատակն էր զգուշացնել հայերին անտիոքացիների գործունեությունից, որոնք իրենց կողմնակից Նեստորի Եփեսոսի Ժողովում բանադրելուց հետո աշխատում էին իրենց 2 մեծ ուսուցիչների` Դիոդոր Տարսոնացու և Թեոդորոս Մամեստացու գրվածքները տարածել և իրենց աղանդին կողմնակիցներ գտնել` մանավանդ քրիստոնյա արևելքում: Նրանց գրության պատասխանների մեջ ասված է, թե այդ ուսման հետևողները դեռ չեն երևացել Հայաստանում, իսկ եթե երևան, ամեն ջանք գործ կդնենք` հեռացնելու նրանց իրենց միջից` պաշտպանելով եկեղեցու ուղղափառ դավանությունն և մնալով միաբան ընդհանուր քրիստոնեության հետ: Հիրավի, Կորյունն իր պատմության վերջում հիշում է, որ Հայաստան են բերվել աղանդավորական գրվածքներ և նաև նշվում է Թեոդոս անունը, իսկ Ս. Սահակը և Ս. Մաշտոցն, այդ իմանալով, անմիջապես միջոցներ են ձեռնարկել` դուրս հանելու, հալածելու նրանց հետևողներին իրենց աշխարհից: Խոսքն այստեղ, անշո´ւշտ, Թեոդորոս Մամեստացու գրվածքների մասին է, որ Անտիոքի դպրոցի ամենազորեղ ներկայացուցիչն էր, և որի հետևողներն Հայաստան էին եկել: Նրանց դեմ Ս. Սահակի ծավալած գործունեությունը Կորյունը նշում է որպես նրա վերջին գործ: Ս. Սահակն ու Ս. Մաշտոցը, Եփեսոսի ժողովի որոշումներն ու դավանությունն ընդունելով, իսպառ մերժելով անտիոքացիներին Հայաստանից, իրենց աշակերտների և հետագա ժամանակների առաջ գծեցին այն ուղին, որով պետք է ընթանար այնուհետև մեր եկեղեցին դավանական խնդիրներում: Հենվելով մեծ վարդապետների հեղինակության վրա` նա շարունակեց ուղիղ և վավերական համարել այն միայն, ինչը որ ընդունվել էր մինչև Եփեսոսի ժողովն ու այդ ժողովով` մերժելով իբրև օտարամուտ և խորթ այն ամենը, ինչ որ հակառակ էր այդ ժողովի քարոզած դավանությանը:
Կորյունը պատմում է, որ Ս. Սահակն Աստվածաշնչի խմբագրությունը ձեռնարկելուց առաջ հունարենից հայերեն էր թարգմանել «Զեկեղեցական գրոց գումարութիւնն», որ նշանակում է, անշո´ւշտ, մեր այժմյան Ժամագրքի, «Պատարագամատույց»-ի, թերևս «Մաշտոց»-ի ու հին «Տոնական»-ի հիմնական մասերը: Այսինքն այն ամենը, ինչ որ Ե դարում մեր եկեղեցու ամենօրյա և տոնական ժամերգության մեջ էր մտնում: Դրա վրա նա ավելացնում է շատ սուրբ հայրերի «զճշմարիտ զիմաստութիւնն»` կամենալով երևի Ս. Եփրեմի, Ոսկեբերանի, Ս. Բարսեղ Կեսարացու և այլ եկեղեցական հայրերի ճառերն ու հորդորները մատնանշել, որոնցից շատերն իրենց ոճով էլ իբրև Ե դարի թարգմանություն են նկատվում, և մի մասը մինչև այժմ մեր Եկեղեցու տոնական ընթերցվածների շարքում կարդացվում է: Ապա Ս. Սահակը աշակերտներով մեկտեղ թարգմանել է նույն հայրերի մի քանի մեկնաբանական գրվածքներ` իբրև մի տեսակ հավելված Սուրբ Գրքի թարգմանության, որի ընթերցվածների հետ զուգընթացաբար գուցե մի ժամանակ եկեղեցում կարդացվում էին այդ մեկնությունները: Այս գործերով մեծ հայրապետը հանդես է գալիս իբրև բուն պարագլուխն ու ղեկավարը թարգմանիչների այն մեծ դպրոցի, որ հիմքը դրեց մեր ազգային գրականության:
Կորյունի այն հիշատակությունը, թե Կ. Պոլիս գնացած աշակերտները վերադարձան նիկիական և եփեսոսական կանոններով, հավանաբար այն իմաստն ունի, որ սրանց միջոցով հայոց եկեղեցի մուտք գործեցին Նիկիո ժողովից մինչև Եփեսոսի ժողովն ընդհանուր եկեղեցու մեջ ընդունելություն գտած ինչպես դավանական, այնպես և կանոնական որոշումները: Բացի այդ մեզ հասել են Ս. Սահակի անունով 55 գլուխ կանոններ, որոնք որոշում են եկեղեցու զանազան պաշտոնյաների իրավասության սահմանները, նրանց հասանելիք տուրքերի տեսակն ու չափը: Այս ամենը որպես փաստ է ծառայում, թե ինչպես այս մեծ հայրապետի օրոք մեր եկեղեցու վարչական կազմակերպությունն էլ կարգ ու կանոնի տակ դրվեց, արտաքին ու ներքին հարաբերությունների համար հաստատուն կանոններ սահմանվեցին: Ս. Սահակի և Ս. Մաշտոցի մահից մի քանի տարի հետո արդեն նրանց աշակերտները հիմնվում էին նրանց հաստատած կանոնական դրության վրա` զանազան զեղծումներ վերացնելու համար, և նրանց այդ հեղինակությունը մնաց դարեր շարունակ:
   Ս. Սահակի համար Զ դարի մի վստահելի հիշատակարան պատմում է, որ վերանորոգել և սրբատաշ քարերով Վաղարշապատում կառուցել է Ս. Կուսանաց վկայարաններն ու Կաթողիկե Մայր տաճարը, այլև ուրիշ շատ տեղերում նորոգություններ է արել և եկեղեցիներ կառուցել:
Նրա երկարամյա հայրապետությունը մեր ազգային եկեղեցական պատմության ամենափառավոր շրջանն է, մեր հոգևոր վերածնության դարագլուխը և իր անզուգական զուգակցի` Ս. Մաշտոցի հետ, հիրավի, մեր ազգի 2-րդ լուսավորիչները և առաջին մեծ վարդապետները եղան: Ս. Սահակն իր արգասավոր կյանքը կնքեց 438թ. (պետք է լինի 439թ. (ծնթ. խմբ.)) Բարավանդ գավառի Բլրոցաց գյուղում: Կորյունի հիշելով` նա վախճանվել է նույն օրը, որ օրը ծնվել է` Նավասարդ ամսի վերջին (մոտավորապես սեպտեմբերի 10)` առավոտյան: Նրանով դադարեց ժառանգական հայրապետությունը Ս. Գրիգոր Լուսավորչի մեծագույն տոհմի մեջ, որովհետև նա արու զավակ չուներ, այլ մի դուստր միայն, որ և ամուսնացած էր Համազասպ Մամիկոնյան իշխանի և սպարապետի հետ: Այդ օրհնյալ ամուսնությունից առաջացան Մեծն Վարդանն և իր քաջարի եղբայրները` Ս. Հմայակը և Համազասպը: Եվ Վարդանի կին Դուստրին էր վիճակված մեծ հայրապետի երկրավոր նշխարներն ամփոփելու պարտքը, որ նա Երեմիա անունով և այլ պաշտոնեաների հետ Տարոն տարավ և Աշտիշատի սեփական կալվածքում, Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված Ս. Հովհաննես Մկրտիչ վկայարանի մոտ, հանդիսավոր հողարկավորությամբ թաղեց: Իսկ նրա շիրիմի վրա, քիչ ժամանակ անց, վայելուչ տաճար շինվեց, որ վանական համալիրի մի մաս դարձավ:
Այդ վանքը միջին դարերում արդեն կործանվել էր, բայց Ս. Սահակի գերեզմանը մնում էր մի փոքրիկ կառույցով ծածկված: Այդ կառույցը վերագրվում էր վերջին շրջաններին և ուխտագնացության կենտրոն էր մինչև 1915թ: Ս. Սահակը, որպես թարգմանիչ Ս. Մեսրոպի հետ հիշատակվելուց բացի, ունի նաև մասնավոր մի տոն՝ եկեղեցու երախտաշատ հայրապետ լինելու իր հանգամանքով: Այդ տոնը կատարվում է Մեծ Բարեկենդանին նախորդող կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Այսպիսով, 428թ. վերացավ Արշակունյաց ազգի թագավորությունը, իսկ հայրապետի վախճանով վերացավ Լուսավորչի տոհմի քահանայությունը։

 
 
 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։