Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս. Վրթանես


  Ս. Գրիգոր Լուսավորչի ավագ որդին նախընտրել էր վարել աշխարհիկ կյանք և Կեսարիայում եղած ժամանակ ամուսնացել էր: Հետագայում նա քահանայական ձեռնադրություն էր ստացել կամ Կեսարիայում և կամ էլ Հայաստանում: Իր և կնոջ զավակ ունենալու բաղձանքը և այդ ուղղությամբ նրանց աղոթքներն առ Աստված արդյունքի էին հասել: Նրանք 2 զավակ ունեցան` Գրիգորիս և Հուսիկ, ովքեր երկվորյակներ էին: Եղբայրները դաստիարակվեցին հայոց արքունիքում՝ ստանալով հիմնական կրթություն և ուսում: Կարծիք կա, թե Վրթանեսն եպիսկոպոսական աստիճան ստացել էր իր եղբորից, քանի որ պատմիչների մոտ որևէ խոսք չկա նրա Կեսարիա կամ այլուրեք գնալու մասին՝ եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու համար: Ս. Վրթանեսի` որպես հայոց մեծաց եպիսկոպոսապետի, գործունեությունը սերտորեն կապված է հայոց քրիստոնյա թագավորների` Տրդատի, նրա որդի Խոսրով Կոտակի և թոռ Տիրանի հետ: Ս. Վրթանեսը միշտ թիկունք է եղել հիշյալ թագավորներին պարսից արշավանքների և ներքին խլրտումների ընթացքում: Որպես ժրաջան հովիվ, նա շարունակեց իր հոր և կրտսեր եղբոր գործը: Հակառակ այն իրողության, որ քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն էր հռչակված և շարունակաբար արքունիքի օժանդակությունն էր վայելում, բարձրաստիճան անձեր կային, ովքեր գոհ չէին նոր կրոնից: Նրանց դժգոհությունը, ի վերջո, առաջնորդեց լուրջ հետևանքների:
Լսելով Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետի իմաստության համբավը՝ նրա ազգակից Ս. Վրթանեսը մեծ փափագով կամենում էր տեսնել սրբին։ Ուղարկեց նամակ, խնդրեց Հակոբ Մծբնեցուն գրել դավանաբանական և խրատական երկեր։ Հակոբ հայրապետը գրեց աստվածաբանական 18 ճառ՝ սքանչելի վարդապետությամբ։ Այն եղավ դավանաբանական հիմք և փոխանցվեց սերնդից սերունդ։
Տրդատ թագավորը, ում միջոցով դարձի էր եկել պետությունը, շուտ մահացավ, բայց ոչ բնական կերպով: Հայ իշխանները, ովքեր արքունիքի ծառայության մեջ էին, արագացրեցին բնության պահանջը՝ նրան տալով թունավոր մի բաժակ, որպեսզի խմի: Տրդատ թագավորի մահվան վերաբերյալ գոյություն ունի մեկ այլ տարբերակ: Ըստ դրա` քրիստոնեությանը դեմ եղող հայ իշխանները դավադրեցին Պարսից արքայից արքայի հետ և, նրա կողմից դրդված, վերջ տվին քրիստոնյա թագավորի կյանքին: Որսի ընթացքում Տրդատին նետահարեցին, և մինչ թագավորն ապաքինում էր իր վերքերը, նրան տվեցին մի թունավոր բաժակ՝ ըմպելու համար:
Ս. Վրթանեսը ևս զոհ պետք է գնար այլ տեսակի դավադրության: Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինես եպիսկոպոսի հիշատակության տոնի օրը, որ Ս. Գրիգորը հաստատել էլ Աշտիշատում, երբ Ս. Վրթանեսը Սուրբ Պատարագ էր մատուցում, Սասունի կողմից եկած 2000 լեռնականներ շրջապատել էին եկեղեցին՝ նպատակ ունենալով սպանել պատարագիչ եպիսկոպոսապետին: Նրանք կռապաշտ հայեր էին: Աստվածային միջամտությամբ նրանց ձեռքերն անշարժացան այնքան ժամանակ, մինչև որ Ս. Վրթանեսը արձակում տվեց նրանց: Պատահածից ցնցված՝ լեռնականներն ունկնդրեցին Ս. Վրթանեսի խրատները և, նրա կողմից սահմանված ապաշխարության շրջանը ամբողջացնելուց հետո, մկրտվեցին:
Այս դեպքից հետո Ս. Վրթանեսը քաշվեց Երզնկայի մոտ գտնվող Թիլ ավան՝ իր հայրենի կալվածք: Ս. Վրթանեսը, ըստ Փավստոս Բուզանդ պատմիչի, հաստատել է մասնավոր հիշատակության օր զորավար Վաչե Մամիկոնյանի հրամանատարության տակ կռվող հայ զորքերի, որոնք ընկան պարսիկների դեմ ճակատամարտի ընթացքում: Այդ պատերազմի պատճառած արհավիրքների ցավը թեթևացնելու համար հովվապետը մխիթարեց թագավորին, նրա մեծամեծներին և զորքերին, և արեց մի մասնավոր կարգադրություն, որպեսզի այդ մարտիրոսների հիշատակությունը կատարվի ամեն տարի: Այս առնչությամբ Ս. Վրթանեսը հաստատեց նաև մասնավոր մի կանոն բոլոր նրանց համար, ովքեր պիտի մահանային Քրիստոնյա Հայաստանի համար, ըստ որում` նրանց անունները պիտի հիշատակվեին Աստծո Սուրբ Սեղանի առջև սուրբերի անունների հիշատակությունից անմիջապես հետո: Այս սովորությունը հետագայում փոխարինվեց Վարդանանց զորավարի և 1036 զորականների հիշատակությամբ, որ մինչև այսօր ի զորու է: Ս. Վրթանեսի անունն առնչվել է ժամանակակից ոչ հայ մի հոգևորականի հետ, ում անունն է Ս. Մակար` Երուսաղեմի հայրապետ (313-334թթ.): Այս սուրբ հայրը Նիկիայի Տիեզերական ժողովի (325թ.) հայրապետներից էր և Նիկիական Հանգանակի հեղինակներից մեկը, որը ամեն կիրակի կարդում ենք եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ: Ս. Մակարի վերատեսչության շրջանում կառուցվեց Ս. Հարության տաճարը Երուսաղեմում: Սույն նշանավոր հայրապետը մի նամակ ունի հասցեագրված Ս. Վրթանեսին: Նամակը, որի սկզբնագիրը հունարենով էր, պահված է միայն հայերենով. «առ քրիստոսասէր եւ երկիւղած եպիսկոպոսապետդ Վրթանէս եւ առ համաւրէն եպիսկոպոսս եւ քահանայս հայոց»: Բնագրի համաձայն՝ Ս. Վրթանեսը մի խումբ քահանաներ էր ուղարկել Երուսաղեմ՝ եկեղեցական ավանդությունների վերաբերյալ հարցումներով:
Ս. Վրթանես հայրապետն ապրեց երկար, իսկ հայրապետության տարիները` լի սրբությամբ: Մահանալուց առաջ խնդրեց, որ իր մարմինը թաղեն Թորդան գյուղում` մարգարեանալով,  որ  իր հոր` Ս. Լուսավորչի, մարմինն է թաղվելու այնտեղ։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։