Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՍՀռիփսիմյանք

 

Լուսավորչի վիրապային կյանքի վերջին տարում տեղի ունեցավ Հռիփսիմյանց  նահատակությունը։ Խորենացու և Ագաթանգեղոսի  պատմություններից  տեղեկանում ենք, որ Հռոմում Ս. Պողոս անվանվող մի կուսանոց կար, որի գլխավորն էր Գայանեն` թագավորական ցեղից և նույն վանքի կույսերից մեկն էր Հռիփսիմեն` նույնպես թագավորական ցեղից և աննման կերպով գեղեցիկ։ Խորենացին պատմում է, թե Գայանեն «իմացեալ հոգւոյ ակամբ», թե Հռիփսիմեի համար խորհում էին «առնուլ ի պատիւ տանն Հռովմայեցւոց ի թագուհութիւն», «առեալ զնա փախչի յԵգիպտոս»:  Իսկ Ագաթանգեղոսը պատմում է, թե որոնող նկարիչներ ուղարկվեցին ամեն կողմ` գեղեցիկ աղջիկներ  փնտրելու։ Նրանք բռնությամբ մտան Ս. Պողոսի վանքը ևս, նկարեցին Հռիփսիմեին, ցույց տվեցին Դիոկղետիանոսին, որի հրամանով անմիջապես հարսանյաց պատրաստություն սկսեցին տեսնել։ Կույսերը պահքի և աղոթքի դիմեցին և երբ մոտալուտ վտանգը տեսան, որոշեցին փախչել, և ըստ պատմիչի «գային հասանէին յերկիրն հայոց յԱյրարատ գաւառ» (Ագաթ. 118): Դիոկղետիանոսը այս մասին Տրդատին ծանուցեց հատուկ հրովարտակով և հրամայեց Հռիփսիմեին գտնել, իրեն ուղարկելու կամ նրան Տրդատի մոտ պահելու` հարցի տնօրինումը թողնելով իրեն` Տրդատին։ Հռիփսիմեն և Գայանեն իրենց ընկերուհիներով գտնվում էին Վաղարշապատում` թագավորական հնձաններում։

Խորենացուն վերագրվող մի այլ պատմությամբ` Գայանեն և Հոիփսիմեն հետո գնում են Ալեքսանդրիա (Եգիպտոս), ապա Երուսաղեմ, և այնուհետև Եդեսիա։ Այստեղ ասվում է, թե Հռոմից փախչողները 70-ից ավել էին, որոնք հետզհետե ցրվեցին Եդեսիա, Դարանաղ և այլ վայրեր։ Գայանեն ու Հռիփսիմեն և նրանց ընկերուհիների մի մասը Միջագետքից մտան Հայաստան և գնացին Խլաթ (այժմ Ախլաթ), Սուրբ Խաչ (այժմ Խաչգյուղ) և Կճավ` Մոկսում, Կորդվաց երկրում` Բերկրացիների գավառը, Տմորիք, Մշկունիք, Բուժունիք և Սուրբտիկին, Ագռավաքար և Պատկեր Տիրամոր (Հոգվոց վանք) և Բույթ` Անձևյաց գավառում,  Կորիթ և Վարագ` Վասպուրականում։ Վարագի Ուրբաթայրքի մեջ մնացին երկար ժամանակ, որտեղ ապահովության համար թողնում են սուրբ խաչափայտի մասունքը: Նրանց հետ հիշվում են և քահանաներ, ովքեր սպասավորելու էին սուրբ խաչին։ Եվ վերջապես կույսերն անցան Վաղարշապատ, ուր Ագաթանգեղոսի պատմությունը նրանց ներկայացնում է Հռոմից մեկնելուց անմիջապես հետո։

Իսկ թե ինչպես էր հայտնվել խաչափայտի մասունքը կույս Հռիփսիմեի մոտ, այսպես է գրում «Յայսմավուրք»-ը. «Հռոմի կայսր Կլոդիայի կինը` Պատրոնիկե թագուհին, Պետրոս առաքյալի քարոզչությամբ հավատաց Քրիստոսին, ապա 35թ. գնաց Երուսաղեմ` երկրպագելու Քրիստոսակոխ տեղերը և սուրբ խաչափայտը։ Երուսաղեմում տեսավ Հակոբոս Տեառնեղբորը։ Հակոբոս առաքյալը պատմեց թագուհուն, թե ինչպես են հրեաները նեղում քրիստոնյաներին, իսկ Տիրոջ խաչափայտը տարել, պահել են անհայտ տեղում։ Թագուհին սաստեց   հրեաներին, իսկ նրանք վախից ցույց տվեցին խաչափայտի տեղը, և ժողովուրդը մեծ շուքով տարավ այն, դրեց եկեղեցին։  Այդ  օրը՝ սեպտեմբերի 14-ին, տոնեցին «Խաչ­վերացը»։ Թագուհին խնդրեց Հակոբոս առաքյալին խաչից մի փոքրիկ մաս։ Հակոբոս առաքյալը խաչից մի փոքր մաս տվեց թագուհուն, և նա մեծ խնդությամբ վերցրեց ու վերադարձավ Հռոմ»։ Այսպես խաչապայտի մասունքը հասավ մինչև Հռիփսիմե կույսը, որ թագավորական ազգից էր։ Հռիփսիմեի ծնողները նրան ընծայեցին վանքին, և խաչափայտի մասունքը գցեցին կույսի պարանոցին։

Հռիփսիմյանք հայտնվում են Վաղարշապատի արքունական հնձանի կողմերը։ Այդտեղ նրանք իրենց ապրուստը վաստակում էին իրենց ձեռքով պատրաստված ապակյա ուլունքները քաղաք տանելով և վաճառելով: Տրդատը վավաշոտ ցանկությամբ պահանջում է իր մոտ բերել Հռիփսիմեին։ Կույսն արքունիք է բերվում, բայց ամենայն ուժգնությամբ մերժում է արքային: Տրդատը հրամայում է իր մոտ բերել Գայանեին` ակնկալելով, որ խորհուրդ տա Հռիփսիմեին՝ հպատակվելու թագավորի առաջարկին: Փոխանակ թագավորի հրահանգը կատարեր` Գայանեն խորհուրդ տվեց, որ նա հաստատուն մնա իր մերժման մեջ: Այս ամենն իմանալով՝ թագավորի ծառաները Գայանեի բերանին քարերով հարվածեցին, մինչև որ նրա ատամները փշրվեցին: Իսկ սրբակենցաղ կույսը շարունակեց մերժել նրանց առաջարկը, որի համար հավելյալ չարչարանքների ենթարկվեց, մինչև որ կզակի ոսկորները ջախջախվեցին:

Արքան չի կարողանում տիրանալ Հռիփսիմեին, և նա անհավասար մարտում հաղթական և անվնաս դուրս գալով` փախչում է արքունիքից։ Վազելով գնում է կույսերի բնակության վայրը և նրանց հայտնում պատահածը: Ապա փախչելով գնում դեպի Արտաշատ քաղաք: Առաջնորդող ճանապարհին մի ավազուտ վայրում մնաց, որը Վաղարշապատի հյուսիս արևելյան կողմում էր: Հռիփսիմեն այստեղ մնաց մինչև երեկո, աղոթեց: Ի վերջո, արքունի հետախույզ զորքերը գտան նրան և 4 ցցերով պրկելով, լեզուն կտրելով, մարմինն այրելով, գոգը պատռելով, աչքերը փորելով և մարմնի տարբեր անդամները հոշոտելով` կտտամահ սպանում են երանելի կույսին, և նույն ժամանակ սրով նահատակվում են Հռիփսիմեի ընկերուհիներից 32 կույսեր ևս։

Մյուս օրը նահատակվում են Գայանեն և ուրիշ 2 երիցագույն կույսեր` Հռիփսիմեի նման տանջվելով։ Մի ուրիշ կույս ևս, որ հնձանի ապաստարանի մեջ էր մնացել հիվանդության պատճառով, սրով նահատակվում է, և այսպես լրանում է Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան 37 վկայուհիների թիվը, որոնց մարմինները թողնվում են անթաղ և բացօթյա իրենց նահատակության վայրերում։ Դրանք ճիշտ համապատաս­խանում են այժմյան Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ տաճարների գտնվելու տեղերին։

 

Ս.  Հռիփսիմե

 

Ս. Հռիփսիմե.  Նահատակված  Կույսերի  Նշխարների  Ամփոփման  Մատուռը

 

Ս.  Գայանե

  

Ս.  Շողակաթ

 

    Քրիստոնյա տղամարդկանց և կանանց մի խումբ, մոտ 70 հոգի, ովքեր եկել էին սրբուհիների մարմինները տանելու և թաղելու, նույնպես ձերբակալվեցին և նրանցից 32-ը, սրի քաշվելով, նահատակվեցին:

Նահատակությունների օրերն են եղել Հոռի 26 և 27-ը, որոնք նույնպես նշված են «Հայսմավուրքի» մեջ և հաստատուն (ան­շարժ) տոմարով համապատասխանում են հոկտեմբերի 5 և 6 օրերին։ Սակայն հաստատուն տոմար չկար այն դարում, և շարժական տոմարով էին հաշվվում օրերը և նահատակության տարին։ Քրիստոսի 301թ. Հոռի 26 և 27 օրերը համապատասխանում են նոյեմբերի 6 և 7 օրերին։

Ս. Հռիփսիմեի և իր 32 վկայակիցների տոնը կատարվում է Հոգեգալստյան տոնից հետո առաջին կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Իսկ հաջորդ օրը՝ երեքշաբթի, եկեղեցին նշում է Ս. Գայանեի և իր հետ նահատակված մյուս 2 կույսերի տոնը:

Կույսերից ոմանց հաջողվեց փախուստի դիմել և ջարդերից ազատվել: Նրանցից 2-ը՝ Ս. Նունեն և Ս. Մանեն, գնացին Երզնկայի շրջանում գտնվող Սեպուհ լեռը: Հետագայում Ս. Նունեն գնաց Վրաստան և վրաց ժողովրդին դարձի բերեց: Նա այսօր Վրաստանի պահապան սուրբն է համարվում:

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։