Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Կյանքի  Վերջը

 

Ս. Լուսավորչի առաքելական և հայրապետական կյանքի վերջին մասը անցնում էր ժողովրդից գրեթե անտես և բոլորովին հեռու` իր սիրելի առանձնությանը նվիրված։ 

Սուրբը ճգնելու գնաց Գլակավանք: Սակայն այնտեղ թույլ չտվեցին` ասելով. «Գնա խորագույն անապատ, եթե այստեղ մնաս, կփառավորվես մարդկանցից»: Այնժամ սուրբը գնաց Դարանաղի գավառի Սեպուհ լեռը (այժմ` Գոհանամ լեռ` Կամախի մեջ)։

Այնտեղ գտնում է սուրբ կույս Մանեին` Հռիփսիմյանց կույսերից, ով խիստ ճգնությամբ ապրում էր մի այրի մեջ (որը ստացավ Մանյա Այր անվանումը): Տեսնելով Ս. Գրիգորին` նա խնդրում է չմոտենալ իրեն և վերադառնալ 3 օրից: 3 օր հետո Ս. Գրիգորը նրան վախճանված է գտնում։ Թաղեց նրան Ս. Գրիգորը և դրանից հետո բազում անգամ գնում էր այնտեղ և ճգնում։

Տրդատ արքան, երբեմն շատ կարոտելով սրբին, խնդրում էր, որ վերադառնա և իր մոտ մնա։ Բայց սուրբը չէր համաձայնում։ Թագավորը չգիտեր, որ հունաց աշխարհում Ս. Լուսավորիչն ուներ 2 որդի` անդրանիկ որդին՝ Վրթանեսը, իսկ կրտսերը` Արիստակեսը, ով ընտրեց մենակյացի կյանքը և առաքինի ընկերների հետ ճգնում էր անապատում։

Արտավազդ   Մանդակունի   սպարապետն,   այս   մասին  իմանալով իր Տաճատ փեսայից, ծանուցեց թագավորին։ Երբ այս մասին իմացավ բարեպաշտ արքան, շատ ուրախացավ և սպարապետին ուղարկեց հունաց աշխարհ՝ գտնելու Լուսավորչի որդիներին։ Նրանք գնացին ու Կեսարիա քաղաքում գտան Վրթանեսին, իսկ Արիստակեսին՝   անապատում, և հազիվ համոզեցին գալ Տրդատ թագավորի մոտ։ Երբ արքան լսեց նրանց գալստի մասին, մեծապես   ուրախացավ և նրանց վերցնելով գնաց Սեպուհ լեռ` Լուսավորչի մոտ, և խնդրեց նրան, որ եթե նա հանձն չի առնում գալ քաղաք իր աթոռին, թող իր փոխարեն ձեռնադրի իր փոքր որդուն՝ Արիստակեսին։ Ս. Գրիգորն արքայի խնդրանքը պատշաճ համարեց, իջավ լեռից, եկավ Վաղարշապատ և ձեռնադրեց Արիստակեսին եպիսկոպոս։

Հենց այս ժամանակ Հունաստանում և Եգիպտոսում սկսվեց հոգևոր պատերազմ։ Ալեքսանդրիայում առաջ է գալիս հերետիկոսություն, որն իր ուսուցչի անունով կոչվում է արիոսականություն։

Սուրբ Սեղբեստրիոս հայրապետի և Կոստանդիանոս կայսեր հրամանով` 325թ. Նիկիա քաղաքում գումարվում է առաջին տիեզերական ժողովը, որին մասնակցում էին 318 հայրապետներ:  

Կոստանդիանոս արքան հրովարտակ առաքեց Տրդատ թագավորին և հատուկ հրավեր` Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Սակայն Տրդատ թագավորը, վախենալով, որ միգուցե իր բացակայության ժամանակ Շապուհը դրժի ուխտը և հարձակվի Հայաստանի վրա, հրաժարվեց մեկնել։ Խնդրեց Ս. Լուսավորչին, որ գնա։ Բայց Անտոն ճգնավորը խորհուրդ չտվեց Լուսավորչին գնալ, որպեսզի չփառավորվի նրա անունը ժողովի ժամանակ։ Խորհուրդ արեցին և որոշեցին Ս. Արիստակեսին ուղարկել։

Լուսավորիչն իր որդուն` Արիստակեսին, ուղարկեց իր փոխարեն` չնայած Նիկիո Ս. Հայրերի ստորագրությունների շարքում Արիստակեսն իր անվամբ է ներկայանում, այլ ոչ իբրև փոխանորդ։

Ժողովում Արիոսի դեմ դուրս եկավ խոշոր ախոյան` uուրբ Աթանաս սարկավագը։ Բոլոր հայրապետները քննեցին ու դատապարտեցին պիղծ Արիոսին, մերժելով հեռացրին եկեղեցու ուխտից և հաղորդությունից, սահմանեցին Նիկիայի հանգանակը և 20 կանոններ։ Ապա հաստատվեց 4 գլխավոր աթոռները, 4 Ավետարանները, հաստատեցին Տիեզերքի 4 կողմերը, այսինքն՝ Անտիոք՝ արևելք, Ալեքսանդրիա` հարավ, Հռոմ՝ արևմուտք, Եփեսոս՝ Ասիայի հյուսիս։ 3 ազգ ինքնագլուխ են, այսինքն՝ Երուսաղեմ` վասն Տիրոջ գերեզմանի, Կիպրոս՝ վասն Ղազարի, և Հայք՝ վասն Ս. Գրիգորի։

Արիստակեսը վերադարձավ Վաղարշապատ` բերելով իր հետ «Նիկիական Հանգանակն» ու կանոնները, ուր հատուկ ժողով ևս գումարվեց և Նիկիական հավատը հանդիսապես հաստատվեց և խոստովանվեց։

Խորենացին, Արիստակեսի ժողովից վերադառնալը պատմելով, հիշում է, թե նա բերեց միասին «քսան կանոնեալ գլխովք ժողովոյն» որոշումները և թե` Լուսավորիչը «սուղ ինչ գլուխս յինքենէ ի կանոնս ժողովոյն յաւելու»։ Այստեղից կարող ենք հետևեցնել, թե Վաղարշապատի ժողովը «Նիկիական Հավատ­քից» բացի, ընդունեց Նիկիայի Ա ժողովի բարեկարգական 20 կանոնները, որտեղ կան զանազան օրենքներ եպիսկո­պոսների իրավասության, եկեղեցու պաշտոնյաների վարքի և գործերի, ինչպես նաև մեղքերի ապաշխարության և այլ կարևոր հարցերի մասին, որոնք մինչև այժմ գտնվում են մեր «Կանոնագրքի» մեջ։ Իսկ Լուսավորչի ավելացրած հավելում­ները պետք է լինեն «Կանոնք սրբոյն Գրիգորի առաքելոյ Հայոց» անվամբ նույն կանոնագրքի մեջ զետեղված 30 կանոնները, որոնք մեծամասամբ մեղքերի ապաշխարությանն են վերաբերվում։

Ըստ նախընթացաբար գրված պատմության` Լուսավորիչը մի վերջին անգամ Մանյա Այրից իջել և Վաղարշապատի մայրաքաղաքն ու Մայր Աթոռն էր եկել Արիստակեսի Նիկիո Ս. Ժողովից վերադառնալու հանդիսավոր առիթով։ Որից հետո իսպառ առանձնացավ Սեպուհ լեռան վրա, ճգնեց որպես ոչ հողեղեն, այլ Սերովբէ։

Ճգնության ժամանակ Ս. Լուսավորիչն ուխտ է անում ծնկաչոք գնալ Երուսաղեմ՝ սուրբ տեղերը տեսնելու և երկրպագելու։ Իջավ Սեպուհ լեռից մինչև ստորոտ, ուր մի ձորակում նրա դեմ ելան երկու Սերովբէ և հայտնեցին Քրիստոսի պատգամը, որ ասում էր. «Պատկառեմ ի քո անտանելի ճգնությանդ. կաց ի վերա ոտից քո և ել լեռն, որտեղից իջար և այնտեղ էլ կվախճանվես։ Առժամանակ ոչ ոք չի իմանա քո մահվան մասին, ոչ են առնելու քեզնից բարի խրատներ»։ Այն տեղում, որտեղ Սերովբէները հանդիպեցին Լուսավորչին, նա խաչ կանգնեցրեց և տեղը կոչեց «Սերովբե»։

Հովհաննես Երզնկացին գրում է. «Մանյա այրում, ուր ճգնում էր uբ. Լուսավորիչը, նրա աղոթքից աղբյուր է գոյանում։ Ջուրը սրբի աղոթքից զորություն է առնում և բոլոր ուխտավորներին բժշկություն շնորհում, իսկ կույրերին՝ աչքի տեսողություն, որի համար աղբյուրը կոչվեց «Աչքի լույս»։ Կա նաև երկրորդ աղբյուրը, որն իր ձեռքով խաչակնքել, օրհնել է Գրիգոր Լուսավորիչը և խնդրել Աստծուն, որ այն այնքան քաղցրահամ ջուր տա, որի նմանը չլինի։ Այս մասին իր գրքում վկայում է Հովհաննես կաթողիկոսը` «Ափով առա ջուրն այդ քաղցրահամ և խմեցի»։

Պատմությունը չի տալիս Լուսավորչի մահվան պարագաները և բավարարվում է ասելով, թե Մանյա Այրի առանձնության մեջ փոխվեց առ Տեր` առանց լրացուցիչ տեղեկության, և նույն այրի մեջ թաղվեց անծանոթ հովիվների ձեռքով։ Եթե Լուսավորչի առանձնասիրության մասին չիմանայինք, իհարկե, խստիվ կմեղադրեինք հայերի երախտամոռ անհոգությունը, որ կարող էին մինչև իսկ չիմանալ իրենց հոգևոր ծնողի մահը։ Եթե Լուսավորիչը հաստատուն մի տեղ ունենար, սովորական այցելուներն և խնամողները պետք է իմանային նրա մահը և ոչ թե պատահական հովիվները, և պետք է ծանուցեին նրա զավակներին, արքունիքին և ազգին, որպեսզի գոնե երախտագիտության վերջին արտահայտությունը չզլացվեր աննման և բազմերախտ հայրապետին։ Բայց երևում է, թե Լուսավորիչն ինքնին հատուկ և որոշ կամք ուներ իր տեղը թաքցնելու և իր մահը ծածկելու, ինչպես նոր ոմն Մովսես, որ իսրայելացիների անխորհուրդ սիրո արտահայտությունից խուսափելով, միայնակ մեռնում էր լեռան վրա։

Մահվան թվականը մոտավորապես գտնելու համար միակ ծանոթ պարագան այն է, թե նա տակավին կենդանի էր, երբ 325թ. աշնանը Արիստակեսը վերադարձավ Նիկիայի ժողովից և այդ առիթով վերջին անգամ Վաղարշապատ եկավ և այն օրից հետո այլևս չերևաց (Խոր. Բ 90): Լուսավորչի մահը տեղի ունեցած պիտի լինի քիչ անց` 325թ. վերջին և ձմեռվա սկզբին։

Պատմագիրները և գավազանագրքերը հաստատապես 30 տարի են տալիս Լուսավորչի հայրապետական իշխանությանը և 302թ-ից սկսելով հասցնում են 332թ։ Սակայն այդ հաշիվն այդպես ճշտողները կարծում են, թե Նիկիայի Ս. Ժողովը հրավիրվել է 331թ, և ժողովի հաջորդ տարին Գրիգորի մահն արձանագրելով` հասցնում են 332թ։ Քանի որ Նիկիայի ժողովի թվականը ճշտված է` 325թ. ամռանը, Լուսավորչի մահը պետք է տեղի ունենած լինի նույն տարվա ձմռանը` 23 տարիներ հայրապետության մեջ ապրելով, այլ ոչ թե նույնչափ տարիներ հայրապետությունը կատարե­լապես վարելով: Որովհետև 306թ-ից սկսած` իրեն օժան­դակեց որդին` Արիստակեսը, և վերջին գոնե 10 տարիները նա պաշտոնավարությունից ձեռնթափ էր եղել։

Լուսավորիչը, 239թ. ծնված լինելով և մինչև 325թ. ապրելով, մեր բացատրած և հաստատած ժամանակագրությամբ, պետք է որ մահացած լինի 86 տարեկան հասա­կում, որը անհավանական ենթադրություն չէ։

Լուսավորիչն ամեն առավոտ Մանյա Այրից, իր խաչ գավազանի օգնությամբ, բարձրանում էր ժայռի գլուխն ու աղոթում։ Նա իր սրտում փափագ ուներ` մեռնող մարդու վերջին սուրբ ցանկություն. մահից առաջ կամենում էր իմանալ, թե հայոց ազգը, որին սնել էր հոգեպես, որի սիրուն անչափ չարչարանքներ էր քաշել, արյուն, արտասուք թափել, ինչ վիճակ պետք է ունենա, ինչ կլինի հայ ազգի բախտը: Եվ այնպես, անթիվանհամար մտքեր պտույտ էին գալիս նրա գլխում: Նա ասում էր. ով գիտե, թե իմ մահից հետո ինչ օրի կլինի Հայաստանը, ով գիտե, nր անօրենի սուրը կկործանի նրա վանքերն ու ժամերը, կհայհոյի հայ քրիստոնյայի հավատը, և դեռ ինչ թշվառություններ ու դժբախտություններ պետք է գան հայ ազգի գլխին: Այսպես էր նա մտածում, և նրա սիրտը մորմոքվում էր. մի՞թե Աստված կմոռանա իր անչափ չարչարանքները։ Իսկ եթե մոռանա և, հայ ազգի անօրինության ու ապօրինության պատճաոով, ջնջի հայի անունն ազգերի շարքից, այնժամ իր չարչարանքներն էլ կլինեն զուր ջանք ու անօգուտ վաստակ։ Այսքան անվերջ տարակուսանքների և կասկածանքների մեջ տանջվում էր Լուսավորիչը։ Կեսգիշերին ծնկի եկած ժայռի կատարին` նա միշտ խնդրում էր. «Տեր, նայիր իմ չարչարանքներին, խղճա հայ ազգին, աչքդ նրա վրա թող լինի և թող հայի օջախի ծուխը չկտրվի, օր ու գիշեր քեզ հիշի և քո օրենքը պահի, որպեսզի պատուհասից ազատ լինի, չար թշնամուն չգերվի և հավետ ապրի»։

Այսպես պաղատագին աղոթում էր Լուսավորիչը, սակայն չգիտեր` Աստծուն ընդունելի եղավ իր աղոթքը, թե ոչ: Բայց իր կյանքի վերջին ժամին փափագում էր իմանալ, թե ինչ կլինի հայոց ազգի ճակատագիրը: Ապավինեց աղոթքին, աչքերը ձգեց դեպի երկինք, ձեռքերը տարածեց, սկզբում փառք տվեց Աստծուն իր անչափ ողորմության համար, որը գթաց հայոց ազգին և արժանացրեց իր լույսին, ի վերջո, խնդրեց Աստծուն, որ իր սրտի վերջին փափագը կատարվի և իրեն հայտնի ազգի ապագան։ Ու հանկարծ քուն իջավ նրա վրա, և քնի մեջ տեսավ մի մարդ, որ մոտեցավ ու ավետիս տվեց. «Գրիգոր Լուսավորիչ հայ ազգի ու Հայաստանի սուրբ հայրապետ, Աստված լսեց քո խնդիրքը և իմ բերանով հայտնում եմ քեզ յուր կամքը` հայ ազգը երբեք չպետք է ջնջվի աշխարհիս երեսից, նա, իրավ է, շատ չարչարանք պիտի տեսնի, շատ նեղություն պետք է քաշի, շատ արյուն ու արտասուք պետք է թափի, բայց չպետք է ջնջվի։ Ազգերը պետք է գան ու գնան, մինչ հայը յուր Աստծով ու քո անունով, յուր իջման տեղով, յուր խաչով, ժամով ու պատարագով անսասան պիտի մնա իբրև առաջին քրիստոնյա ազգ։ Շատերը պետք է գան, երկպառակտություն պետք է անեն, եղբորը եղբորից բաժանեն, բայց չարերը պետք է խափանվեն: Աշխարհիս բոլոր կողմերը ցրված հայերը քո անունով պետք է միանան, իրենց հավատքն ու սուրբ կարգերը պետք է պահեն, և այդ բոլորը պետք է լինի։ Ահա քեզ նշան. քո թափած արտասուքը լցված է մի կանթեղի մեջ, որ առանց շղթայի կախված է երկնքից։ Կանթեղն անպատրույգ կվառվի երկնքի ու երկրի մեջտեղում։ Դա է հայի ճրագը։ Քանի այն վառ կմնա, այնքան ժամանակ հաստատ կլինի հայ ազգը և հայի Մայր Աթոռը։ Այդ կանթեղը տեսանելի կլինի միայն հայերին, իսկ հայերից էլ` միայն արժանավորներին»։

Այս բոլորը լսեց Ս. Լուսավորիչը, ուրախությունից վեր թռավ, հոգով զվարթ նայեց երկնքի երեսին, որտեղ վառվում էր մի կանթեղ, որ կարծես Հայաստանի մեջտեղում կախված լիներ և լույս էր արձակում։

Լուսավորիչը գոհացավ Աստծուց նրա անչափ բարության համար, ապա խաչակնքելով տյառնագրեց և զգալով իր վախճանը հենվեց գավազանի վրա ու մրմնջաց. «Աստվա´ծ իմ, այժմ պատրաստ եմ։ Ահա Հայաստանը, ահա նրա պատարագի Սուրբ Սեղանը` Մայր Աթոռի իջման տեղը, ահա սուրբ սարը և ահա ես` հայ ազգի կենդանի և անմռունչ ողջակեզը, ա´ռ, ընդունի´ր»։

Այս ասաց ու յուր արդար հոգին ավանդեց։ Նրա մարմինը կանգնած մնաց ոտքերի վրա՝ հենված գավազանին։ Նրա աչքերը բաց մնացին՝ հառած հայի ճրագին։

Տրդատ թագավորը կյանքի մնացած տարիները որոշում է ճգնությամբ անցկացնել։ Ոչ թե չէր կամենում երկիրը պաշտպանել կամ հայրենասիրությունն էր պակասել, այլ զգաց, որ ոչ թե արտաքին թշնամին է երկիրը քանդողը, այլ ներքին, որի համար սաղմոսերգուն գրում է. «Եթե ոչ Տերն պահե քաղաք, զուր տքնին պահապանք»:

Քերթողահայր Մովսես Խորենացին ցավով գրում է. «Ես շեշտելու եմ մեր ազգի խստությունը, ամբարտավանությունը. բնությամբ մեծամիտ և կամակոր, հակառակ ճշմարտությանը, հետևելով անկարգությանը` դեմ կանգնեցին թագավորին քրիստոնեական կրոնի վերաբերմամբ` հետևելով իրենց կանանց և հարճերի կամքին։ Արժանի է ողբալ նրանց գործերի վրա։ Յուրաքանչյուրն իրեն քուրմ է զգում և պաշտոնյա։ Այստեղ ես ամաչում եմ ասել ճշմարտությունը։ Թագավորին թունավոր ըմպելիք են տալիս` նմանվելով կատաղած հրեաներին, ովքեր մեր Աստծուն լեղի տվեցին։ Սա է ողբալի իրականությունը»։ Թագավորեց 56 տարի, վախճանվեց 85 տարեկանում՝ 341թ։

Իսկ երանելի կողակիցը սուրբ Տրդատի` Աշխեն թագուհին, այս բոլոր բարբարոսությունները տեսնելով, հրաժարվեց աշխարհի վայելչություններից, գնաց Գառնի քաղաք, որտեղ Տրդատ թագավորը կառուցել էր ամրոց որձքար և կոփածո վիմով։ Ճգնեց թագուհին և այնտեղ էլ մահացավ։ Նույն կերպ վարվեց թագավորի հրեշտակակրոն քույրը` Խոսրովիդուխտը։ Ս. Տրդատ արքայի գերեզմանը նույն գավառի Կամախ ամրոցում է, քանի որ այս էր Արշակունյաց թագավորության դամբարանը։

Պետք էր և´ արժանի թագուհու, և´ նրա քրոջ մասին բազում գովասանքներ գրել և ներբողներ ճառել։ Այդ մասին գրել է մեծ Ագաթանգեղոսը:

342թ. Ս. Տրդատի մահվան լուրը հասավ մինչև Փայտակարան և Աղվանք։ Փոխանակ տխրեին` տեղի իշխաններն սկսեցին ուրախանալքանի   որ  ազատվեցին թագավորի կարգած օրենքներից, հետ դարձան իրենց վայրագ կարգերին: Կարծես հենց այդ պահին էին սպասում, որպեսզի սպանեին հայրապետներին։ Տրդատ թագավորի մահից հետո Արշակունի Սանատրուկ իշխանը Փայտակարանի մեծամեծների սիրտը շահեց և դարձավ թագավոր։ Եվ համոզում էր Աղվանքի ու այլազգի իշխաններինորպեսզի  ինքը դառնա համայն Հայաստանի թագավոր։ Այս լսելով՝ Աղձնիքի բդեշխ մեծ իշխան Բակարան ևս ապստամբեց և պարսիկների օգնությամբ իրեն հռչակեց թագավոր։ Այսպես սկսվեց շփոթ Հայքում։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։