Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Կենդանաթաղ  Նահատակի  Չարչարանքները

 

 

Գրիգոր Լուսավորիչն իր կրած չարչարանքների, ապա և Արտաշատի վիրապը նետվելու համար անվանվել է կենդանի և կենդանաթաղ նահատակ։ Եկեղյաց գավառի Երիզա բնակավայրում գտնվող Անահիտի մեհյանում երկրպագություն չմա­տուցելու համար Տրդատը 12 տարբեր չարչարանքներով տան­ջում է Ս. Գրիգորին` ամեն չարչարանքից հետո հուսալով, որ նա չի դիմանա և տեղի կտա։ Սակայն Հայոց աշխարհի ապագա լուսավորիչը դիմանում է այս բոլոր չարչարանքներին, որոնցից յու­րաքանչյուրը բավական էր սովորական մահկանացուին տան­ջալից մահով սպանելու համար։

Այս չարչարանքները նկարագրող և ընդհանրապես հայոց դարձի պատմագիր Ագաթանգեղոսի հետևողությամբ` մեր միջ­նադարյան մատենագիրներն առանձնակի հոգևոր խորհուրդ են հաղորդել չարչարանքներից յուրաքանչյուրին և նրանց թվով 12-ը լինելուն:

Այս մեկնաբանաթյունները ամբողջական և համակարգված կերպով արտահայտվել են Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններում, որոնք կարելի է համարել հայ միջնադարյան աստվածաբանության և եկեղեցագիտական գրականության յու­րօրինակ ամփոփ հանրագիտարան: Ուստի` չարչարանքներից յուրաքանչյուրը և նրանց 12-ը լինելու խորհուրդը ներ­կայացնենք համաձայն հայոց եկեղեցու եռամեծար այս վարդապե­տի բացատրությունների` անկախ նրանից, որ դրանք առանձին–աոանձին արտահայտվել են նախորդ շրջանի տարբեր հեղինակների կողմից։ Նույն կերպ այս ըմբռնումների գեղարվեստական հանրագումարը կարելի է համարել Հովհաննես Երզնկացու Լուսավորչին նվիրված շարականը, որի տողերը ևս կվկայակոչենք:

Չարչարանքների թվով 12-ը լինելը, ըստ Տաթևացու, իրար փոխկապակցված 2 խորհուրդ ունի։ Աոաջինը խարսխվում է միջնադարյան բնագիտական այն ըմբռնման վրա, համաձայն որի` մարդակազմորեն մարդը 12 անդամներ և զգայարաններ ունի, որոնք ապականվել էին Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելիս, երբ նա իր զգայարաններով խաբվեց և ցանկացավ, ոտքերով ուղղվեց դեպի ծառը, ձեռքով պոկեց և բերանով ճաշակեց։ Ըստ այդմ` Լուսավորիչն իր 12 չարչարանքներից յուրաքանչյուրով, որոնցից յուրաքանչյուրը հարաբերվում է մարդկային մարմնի տվյալ անդամի և զգայարանի հետ, ջնջեց դրանց ապականությունը։ Նույն այս միտքը Հովհաննես Երզնկացին արտահայտել է հետևյալ տողերով.        

 

Չարչարանօք մարմնոյդ մաքրեցեր զմեզ ի յաղտոյ մեղաց եւ ծնար որդիս լուսափայլ բանիւդ։

 

Այսինքն` մարմնիդ չարչարանքներով մեզ մաքրեցիր մեղքերի աղտից, և քո քարոզությամբ մենք վերստին ծնվեցինք որպես Լուսափայլ որդիներ։

12 չարչարանքների հաջորդ բացատրությունը կապվում է 12 առաքյալների հետ։ Քրիստոնեությունը քարո­զելիս և տարածելիս` առաքյալներից յուրաքանչյուրը նահատակ­վեց մյուսներից տարբերվող աոանձին մի չարչարանքով։ Եվ Տաթևացին ասում է, որ առաքյալների կրած այս 12 չարչարանքներից յուրաքանչյուրը ինքը կրեց` դառնալով չարչարանակից բոլոր առաքլալներին։

Այժմ ներկայացնենք չարչարանքներից յուրաքանչյուրը` ըստ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմության», և դրանց բացատրությունը` ըստ Տաթևացու։

Նրա ձեռքերը ետևը կապել տվեց, իսկ բերանին բերանակապ դնել տվեց։ Նրա մեջքի վրա աղի մեծ կտոր կախել տվեց, կրծքին գելարան կապեցին և գելարանի կապերից պարաններ գցելով կապեցին ու մեքենաներով ապարանքի տանիքի բարձր տեղից կախեցին։ Այսպես պրկված, կապված մնաց յոթ օր։ Յոթ օրից հետո թագավորը հրաման տվեց և արձակեցին չարաչար ու դառն կապանքներից և բերեցին կանգնեցրին նրա առջև (Նկ. 1):

 

Նկ. 1

 

Նման չարչարանքով է Տրդատը պատժում, որովհետև Ս. Գրիգորն ասել էր, թե հեթանոսական աստվածները անզգա և անշարժ արձաններ են, և նրանց պաշտողները էշերից ու ջորիներից ավելի պակասամիտ։ Տրդատն այդ խոսքե­րի համար նրան աղն է շալակել տալիս` էշի ու ջորու նման, և ի պատասխան իրենց աստվածներին անարգելով անշարժ և անզ­գա կոչելուն` ինքը պատվիրում է Գրիգորին այդպես անշարժ և ձգված 7 օր պահել։

Քրիստոնեական նահատակները պատիվ ու օրհնություն էին համարում հանուն հավատի կրած չարչարանքները և անարգանքը։ Ըստ այդմ` Ս. Գրիգորն ասում է, որ աղը կրելով վեր կել­նի երկնային պարգևներին արժանանալու, իսկ ովքեր քարեղեն կուռքեր են պաշտում, նրանք, համաձայն մարգարեական խոսքերի, «քարերի նման կիջնեն խորունկ ջրերի մեջ»։

Գրիգոր Տաթևացին Լուսավորչի կրած այս աոաջին չարչարանքի հոգևոր խորհրդի բացատրությունում գրում է, որ ինչպես Քրիստոս ասաց աշակերտներին, թե դուք եք երկրի աղը (Մատթ. Ե 13), այնպես էլ Լուսավորիչը, իր մեջքի վրա աղ կրելով, ինքն իր վրա նախ կրեց պատվիրանի ծանրությունը և իր քարո­զությամբ դարձավ համեղացուցիչ աղ ժողովրդի համար։ Իսկ բե­րանի կապվածությունը խորհրդանշում է մարդու զգայարանների վրա ներգործող, մարդկային զգայությամբ ընկալելի մեղքերի հանդեպ փակ մնալը, նրանցից հրաժարվելը։

Լուսավորչին նվիրված շարականում առաջին այս չարչարանքը բանաստեղծորեն այսպես է ներկայացնում Հովհաննես Երզնկացին.

 

Մաքրողական աղ համեմիչ Հայաստանեայց եղեր արիաբար հսկող հայր Գրիգորիոս, Աստուածային օրինացն բեռնաբարձ ողամբ կրեցեր զծանրութիւն աղին, որով բարձեր ի մենջ զբեռինս մեղաց:

 

Այսպիսով, ըստ Երզնկացու, Հայաստանը համեմող, հայոց աշխարհին կենդանություն պարգևող մաքրողական աղը դար­ձավ արիաբար հսկող Լուսավորիչը։ «Արիաբար հսկող» բնորոշմամբ նկատի ունի «Գրիգոր» բառի հունարեն բացատրությունը, որ նշանակում է «արթուն, հսկող»։ Թիկունքի ողերին կրելով աղի ծանրությունը` նա վերացրեց մեր վրա ծանրացած մեղքերի բեռը։

Որմնանկարի ձախ անկյունում Տրդատ արքան է։ Պարզված ցուցամատը խորհրդանշում է արքայական հրամանը` համա­ձայն որի սրբին կախում են տանիքից և բերանակապ դնում։

Նկարիչը, որպեսզի առավել արտահայտիչ կերպով ցույց տա, թե Լուսավորիչն ինչ ծանրություն է կրել, աղագունդը ոչ թե սրբի ուսերին դրված է պատկերել, այլ նկարի աջ կողմի ներքևի անկյունում։ Այն ողջ ուժերը լարելով բարձրացնել է փորձում չարչարողներից մեկը, և նման ծանրությունը 7 օր կանգնած իր ուսերին էր կրելու Սուրբ Գրիգորը։

 

Սրանից հետո հրամայեց մեկ ոտքից գլխիվայր կախել նրան և կախված վիճակում տակից աղբ ծխել ու դալար ճիպոտներով սաստիկ գանակոծել։ Տասը մարդ տանջեցին նրան ըստ թագավորի հրամանի, և այնպես յոթ օր կախված մնաց (Նկ. 2):

 Պետրոս առաքյալը նահատակությունից առաջ իրեն անարժան համարեց Տիրոջ նման խաչվել և խաչողներին խնդրեց, որ իրեն գլխիվայր խաչեն։ Տաթևացին ասում է, թե, գլխիվայր կախվելով, Լուսավորիչը նմանվեց առաքյալին։ Նաև, համաձայն միջնադարյան խորհրդաբանության, գլխիվայր կախվել կամ խաչվել նշանակում է ոտքերը դեպ երկինք ուղղել, այսինքն` դեպ Երկինք բարձրանալ, որտեղից` դրախտից, նույն այդ ոտքերը դեպ վար վտարվեց Ադամը։ Եվ, ըստ Տաթևացու, Լուսավորիչը, գլխիվայր կախվելով, վեր պարզված ոտքերով մեզ համար բա­ցեց  երկնքի` փրկության, ճանապարհը։ Իսկ կախաղանի դժնդակությունը` միայն կախված չլինելը, այլև աղբ ծխելն ու դալար ճիպոտներով գանակոծելը, խորհրդանշում են երկինք տանող ճանապարհի դժվարությունը` համաձայն ավետարանական տողերի. «քանի՜անձուկ է դուռնն և նեղ ճանապար­հն, որ տանի ի կեանս և սակաւք են, որ գտանեն զնա» (Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն [Մատթ. է 14]):

 

Նկ. 2

 

Երկրայինի ու երկնայինի հակադրությամբ ասում է, թե երկրից ելնող աղբի ժահահոտությունն էլ խորհրդանշում է երկնային անուշահոտությունը, ինչպես հարսն է փեսային ձայնում. «Իւղ անոյշ հեղեալ է անուն քո, վասն այսորիկ… զհետ հոտոյ իւղոց քոց ընթասցուք մեք» (Քո անունը թափված անոյշ յուղ է … որի համար մենք կգանք քո օծման յուղերի հոտի հետևից» (Երգ Ա 2-3))։

Այս մասին երզնկացին գրում է.

Ստորագլուխ կախմամբ դառնահոտ շնչմանն

Արիաբար տարար, զի ուղղեսցես զգնացս ոտից մեր յերկինս։

Շառաւիղ լուսազարդ ճանապարհին կենաց, երկրին աւետեաց հետևող Տէր Գրիգորիոս։

 

(Գլխիվայր կախված դաոնահոտություն շնչելը

Արիաբար տարար, որպեսզի մեր ոտքերի ընթացքը երկինք ուղղվի։

Կյանքի (կենաց) լուսազարդ ճանապարհի ճառագայթ ավետյաց երկրի հետևող Տեր

Գրիգորիոս)։

 

Հրամայեց բերել փայտի կոճղեր և դնել ըստ ոտքի սրունքների ոսկորների և բարակ պարաններով ուժգին պրկել մինչև որ արյունը նրա ոտքի մատների ծայրից ցայտեր (Նկ. 3):

 

Նկ. 3

 

Այնուհետև թագավորն ասաց. «Գիտե՞ս կամ զգո՞ւմ ես որևէ ցավ», իսկ Գրիգորը պատասխանեց. «Ինձ զորություն է տրված,  քանզի խնդրել եմ Արարչից, ով ճարտարապետն է ամենայն բանի` երևացող ու աներևույթի»:

 

Ըստ միջնադարյան ըմբռնման` ինչպես հանուն հավատի կրած չարչարանքները մեղքերից մաքրում են ընդհանուր մարմինը, այնպես էլ առանձին չարչարանքներն են մաքրում մարմնի տվյալ անդամները։ Այս ըմբռնման հետևողությամբ Տաթևացին ասում է, որ երկրաքարշ վարքով, այսինքն` երկրային սովորա­կան ընթացքով դժվար է վեր` երկինք, ելնելը, և ոտքերի սրունքնե­րի նման խոշտանգումը զորացնում է ոտքերը, որ հնարավոր լինի վեր ելնել:

 

Երզնկացի.

 

Ի կոճեղս ոլորեալ հոսեալ յարենէ սրունք սրբասնեալ մարմնոյդ, հաստատելով զմեզ ի վէմ հաւատոյ։

 

(Սրբասնյալ մարմնիդ կոճղերում ոլորված սրունքներից արյան հոսողությամբ հաստատեցիր մեզ հավատո վեմի վրա)։

 

Սրանից հետո իջեցնում են նրան, և թագավորը զայրացած հարցնում է. «Կկատարե՞ս իմ կամքը, թե՞ չես պաշտի աստվածներին, ովքեր ամբողջ երկրի կյանքն են ու հիմքը»: Գրիգորը պատասխանեց. «Ես կերկրպագեմ իմ Տեր Աստծուն, քանզի Նա է Արարիչը, նաև Որդուն և համազոր, համագործ Սուրբ Հոգուն, իսկ կռած ու կոփած, փորագրած ու ձեռագործ կուռքերին երբևէ Աստված չեմ համարի, քանի շունչ կա իմ մարմնի մեջ»:

 

Հրաման տվեց բերել երկաթե բևեռներ, գամել ոտքի ներբաններին և այս ու այն կողմից բռնելով նրա ձեռքերից քայլեցնել այս կողմ և այն կողմ։ Արյունը հոսում էր, իջնում նրա ոտքերից և հույժ առատորեն ոռոգում գետինը (Նկ. 4):

 

Նկ. 4

 

Միջնադարյան խորհրդաբանությամբ` կոշիկի ամրությունը խորհրդանշում է հավատի ամրությունը, քանի որ օձը, որ գայթակղիչն էր և դրախտից վտարման պատճառը, մարդուն խայթում է գարշապարից, իսկ մարդը ջախջախում է օձի գլուխը` համաձայն Ծննդոց գրքի խոսքերի. «Նա պիտի ջախջա­խի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. Գ 15): Եվ որքան ամուր լինի կոշիկը, այսինքն` ոտքը պահպանող զրահը, այնքան չարի որոգայթների դեմ անխոցելի կլինի մարդ և իր հավատով կջախջախի բանսարկուի ու գայթակղիչի գլուխը։

Նույն կերպ Տաթևացին այս չարչարանքի համար «Սաղմոսաց Գրքից» վկայակոչում է «Դու կքայլես իժերի ու քարերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին», համաձայն Տերունական «Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա» (Ղուկ. Ժ 19) խոսքերի։ Ըստ Տաթևացու` Ս. Գրիգորը, զորանալով այս խոսքերով, երկաթե բևեռների խայթերի վրայով անցնելով, տրորում է չար վիշապի գլուխը։

Քանի որ Ս. Գրիգորի չարչարանքներից յուրաքանչյուրը զուգահեռի մեջ էր դիտվում Տերունական և առաքյալների կրած չարչարանքների հետ, այս մեկը Երզնկացին համեմատում է Խաչափայտի վրա Տիրոջ ոտքերի բևեռման հետ.

 

Բևեռս երկաթիս ընկալան երկնագնաց թաթք ոտից քոց սուրբ, զի բևեռեսցես զմեզ յերկիւղն Աստուծոյ։

 

(Երկաթե բևեռները պատեցին երկնագնաց քո ոտնաթաթերը սուրբ, որ մեզ բևեռես Աստվածային երկյուղով

 

Թագավորն ասաց. «Խփեցեք աչքերին, և թող նրան ուրախություն լինի»։ Բռնցքահարեցին, սաստիկ ծեծեցին նրան (Նկ. 5)։                                                         

 

Նկ. 5

 

Ագաթանգեղոսը գրում է, որ Տրդատի այն հարցին, թե սա՞ է ուրախությունը, Ս. Գրիգորը պատասխանում է` այո, որովհետև «Եթե մշակը չքրտնի սաստիկ շոգին` արևահար լինելով, ձմեռային հանսգտյան օգտավետ ուրախության պտղաբեր արդյունքը չի հասկանա»։

Տաթևացին աչքերին հարվածելու մասին գրում է. «Բա­խեցին զաման լալոյն»։ Ագաթանգեղոսի «զաման լալոյ արտասուացն» խոսքերի հետևողությամբ` Լուսավորչի արտասվելն էլ համեմատում է Տիրոջ` Ղազարոսի գերեզմանի առջև արտասվե­լու հետ, այն արտասվելու, որով, Տաթևացու բնորոշմամբ, Տերը սրբեց «զարտօսր յամենայն աչաց»։ Նույն կերպ և աշակերտը հետևեց իր վարդապետին, ու Ս. Գրիգորը իր արտասուքը խառնեց Տիրոջ արտասուքին, որպեսզի մեր երեսից սրբվի ար­տասուքը։ Այս չարչարանքով ևս Տիրոջը չարչարանակից եղավ, քանի որ Հիսուս խաչելությունից առաջ ապտակ ու նախատինք­ներ կրեց։

Որմնանկարում հեղինակը պատկերել է ոչ թե բուն բռնցքահարելու և ապտակելու, այլ նախորդող պահը, երբ պարզվել ու բացվել են ապտակող ափերը և բռունցքվել բռնցքահարող ձեռ­քերը։ Նկարիչը, պատշաճ չհամարելով պատկերել բուն հարվա­ծի պահը, կոմպոզիցիոն նման լուծմամբ նաև ներքին շարժու­նություն է հաղորդել պատկերին։

 

Հրամայեց բերել աղ, թորակ ու թունդ քացախ և նրան գցել երեսն ի վեր, գլուխը հյուսնի մամուլի մեջ պրկել, քթին եղեգի խողովակ դնել և դրանք քթի մեջ լցնել (Նկ. 6):

 

Տաթևացին ասում է, որ այս տանջանքով ևս չարչարանակից եղավ Տիրոջը, քանի որ Հիսուս խաչափայտի վրա քացախի հետ խառնած լեղի խմեց, որպեսզի քաղցրացնի մեր կյանքի այս դառնությունը, որն առաջ եկավ Կենաց ծառի պտղի ճաշակու­մից։ Այսպես և Ս. Գրիգորն է հաղորդակից դառնում Տիրոջ չարչարանքներին հասարակաց փրկության համար։

 

Նկ. 6

 

Երզնկացի.

 

Կոփեալ հարուածովք եդեալ ի մամուլս Աստուածազարդ գլուխ քո, որով բարձրացան գլուխք կորացեալ մեղօք։

 

(Կոփահարելուց հետո սեղմիչ մամուլի մեջ դրեցին Աստվածազարդ գլուխը քո, որով բարձրացան մեղքերով կորացյալ մեր գլուխները)։

 

Դրանից հետո հրամայեց, և բերեցին կաշվե մեծամեծ պար­կեր, լցրին հնոցի մոխրով և մի քիչ թույլ թողեցին, որ լրիվ չլց­վի ու շունչ առնելու հնարավորություն լինի, և, ներս անցնելով ուղեղին, չարչարի նրան։ Այն նրա գլխին հագցրին, պարկի բե­րանը վզին կապեցին և վեց օր նրանով մնաց։ Սրանից հետո թագավորը հրաման տվեց, ու բերին իր առջև և պարկը գլխից հանեցին (Նկ. 7):

 

Նկ. 7

 

Ագաթանգեղոսը գրում է, որ երբ պարկը հանում են, թագավորը ծաղրանքով հարցնում է, թե որտեղից ես գալիս, թերևս այն արքայությունից, որի մասին ասում էիր։ Ս. Գրիգորը պատասխանում է, թե այո´, այն արքայությունից եմ գալիս, որն անանց է և ուր մոխրի փոխարեն անթառամ ծաղիկներ կան։

Զարգացնելով և շարունակելով այս միտքը` Տաթևացին գրում է, որ ինչպես մշակը, եթե չցանի` չի հնձի, և զինվորը, եթե չմարտնչի` փառքի պսակին չի արժանանա, այնպես էլ այս կյանքում տանջվողները այն կյանքում հանգիստ կվայելեն։

Երզնկացի.

 

Մոխրաշունչ եղեր քացախ ընկալեալ հոգիաշունչ ռընգամբք, պարգևելով ուրախութեան մեզ օծումն։

 

(Քացախ ներքաշած հոգիաշունչ ռունգերովդ մոխրաշունչ եղար` պարգևելով մեզ ուրախության օծումն):

 

Թագավորը զայրացած հրամայեց ոտքերը կապել տիկերի փոկերին, գլխիվայր կախել, ձագար դնել սրա նստատեղին և տիկով ջուր լցնել նրա որովայնը (Նկ. 8):

 

Նկ. 8

 

Տաթևացին ասում է, թե բժիշկները թանձրամաղձոտ հիվանդներին շատ տաք ջուր են տալիս խմի` մաքրե­լու համար մաղձը, որը հիվանդության պատճառն է, որից հետո ախտացյալներն արդեն առողջանում են։ Նույն կերպ Ս. Գրիգորը, ադամական, մարդկային ծնունդ լինելով, ադամական մեղքի մաղձն էր կրում, և տանջանաց այս ջուրը, թափանցելով մինչև որովայնը, ամբողջովին նրան մաքրեց մեղքերի աղտեղությունից։

Երզնկացի. 

Ստորագլուխ եղեր ջրաչարչար պարպատմամբ և ուոուցմամբ ճգնեալ, Զի լուսասցես զմեզ ի յաղտոյ մեղաց:

(Գլխիվայր կախվեցիր ճգնելով ջրաչարչար ամբողջական պատմամբ և ուոուցմամբ, որպեսզի մեզ լվաս մեղքերի աղտից)։

Հրամայեց նրա կողերը քերել երկաթե քերիչներով, մինչև որ նրա արյունով ամեն կողմ ոռոգվեց (Նկ. 9):

 

Նկ. 9

 

Թագավորն ասաց.

- Կկատարե՞ս իմ կամքը:

- Ես պետք է պահեմ աստվածապաշտության ուխտը, որն ինձ պահել է իմ մանկությունից, և կփրկի նաև այս ժամին:

- Ո՞ւր է քո Աստվածը, որ կփրկի քեզ իմ ձեռքերից:

- Ինչպես մաքրեց ներքին մեղքերը, հիմա էլ երկաթե քերիչներով մաքրեց արտաքին մեղքերը:

 

Հրաման տվեց և բերեցին երկաթե տատասկ բազում սակառներով ու խիտ փռեցին գետնին, մերկացրին Գրիգորին և մերկ գցեցին տատասկի վրա։ Նրա մարմինը ծակոտվեց ամբողջովին, քաշեցին ու թաղեցին տատասկների մեջ և նրան այնտեղ շրջեցին, մինչև որ ծածկվեցին նրա մարմնի բոլոր մասերը ու նրա վրա ողջ տեղ չմնաց (Նկ. 10):

 

Նկ. 10

 

Ադամի համար, որը դրախտում մերկ էր, ասվում է, թե նրա մերկությունը պատված էր լուսավոր հանդերձով, և պտղի ճաշակումից հետո այն փոխվեց այժմյան մաշկեղեն հանդերձով։ Այս ըմբռնման հետևողությամբ Տաթևացին նախորդ և այս չարչարանքների համար ասում է, որ ինչպես ջրով ներքին մարմինը` մարմնի ներսը, մաքրվեց ժառանգական մեղքից, այնպես էլ տա­տասկով քերվելով մաքրվեց և արտաքին մարմինը` մաշկեղեն հանդերձը, որով պատվել էր դրախտից վտարվելուց հետո։ Նաև ասում է, թե, տատասկով այսպես քերվելով, մարդկությանն ազա­տեց իր վրա ծանրացած փշի և տատասկի անեծքից` նկատի ունենալով պատվիրանազանցությունից հետո Ադամին ուղղված անեծքը. «Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը» (Ծննդ. Գ 7):

Մյուս օրը բերեցին թագավորի առջև։ Զարմացած թագավորը հարցրեց.«Ինչպե՞ս ես դու ողջ մնում, ո՞վ կարող է դիմանալ այս ավերին ու ողջ մնալ»։ Գրիգորը պատասխանեց. «Իմ տոկու­նությունը և դիմացկունությունն իմ զորությունը չեն, այլ իմ Տիրոջ, որպեսզի քո նման անօրեններին ամոթով թողնի»։

 

Եվ հրաման տվեց նրա ծնկներին երկաթե կապիճներ հագց­նել (սրունքները պահպանող զրահ), մեծ կռաններով հարվածել և կախաղան բարձրացնել, մինչև որ նրա ծնկները հոշոտվեն (կոտրվեն)։ Այսպես կախված մնաց երեք օր (Նկ. 11):

 

Նկ. 11

 

Քանի որ յուրաքանչյուր չարչարանքն ունի մարմնի տվյալ ախտացյալ մասի բուժման խորհուրդը, ըստ Տաթևացու` այս չարչարանքով բժշկվեցին ծնկները, որովհետև ուղիղ և հաստատուն քայլելու համար ամուր և առողջ ծնկներ պետք է ունենալ, իսկ ում ծնկները հիվանդ են, նա դժվարությամբ է քայլում։ Եվ ահա այս չարչարանքն առողջացնում է ծնկները և ոտքերի ընթացքը անխափան դեպ վեր` առ Աստված է ուղղում:

Չորրորդ օրը հրամայեց կախաղանից իջեցնել ու բերել իր մոտ։ Նա հարցրեց. «Դու գիտե՞ս, որ սնոտի են քո հույսերը, քանի որ չկարողացար ինձ համոզել, ոչ էլ վախեցնել։ Գրիգո´ր, ո՛ւր է քո Աստվածը»։ Գրիգորը պատասխանեց. «Սնոտի են քո հույսերը, քանի որ չկարողացար ինձ համոզել, և ում դու պաշտում ես, նրանք էլ են սնոտի։ Ես չվախեցա քո տված տանջանքներից և քո ասածից, որ ամբողջ երկիրն է դողում, ինչպես առյուծի մռնչյունից՝ ողջ անտառը։ Բայց դու, ով արքա, չկարողացար հաղթել մի տկար մարդու, ինձ: Ասա՝ ո՛ւր են ձեր աստվածները, իսկ իմ Աստծուն դու արդեն տեսար։ Լավ իմացիր, որ վաղ թե ուշ այս մարմինը քայքայվելու է, կգա ճարտարապետը և կնորոգի։ Եվ նրանք, ովքեր պարկեշտությամբ և աստվածապաշտությամբ կկենցաղավարեն, նրանց մարմինները կնորոգի, կզարդարի և կյանք կտա նույն հոգիներին նույն մարմնի մեջ, բայց նորոգված, որովհետև ինչպես ցորենի հատիկը մինչև չփտի` չի ծլի և չի բարձրանա։ Իսկ նրանց, ում կգտնի կռապաշտության, անօրինության, պղծության և անառակության մեջ, նրանց պարարտ մամինը որդերի բաժին է դառնալու երկրի վրա, իսկ հետո հավիտենական կրակի մեջ է հայտնվելու։ Նույնը քեզ է վերաբերում, ով արքա։ Սթափվիր, քանի դեռ ուշ չէ»։

 

Հրաման տվեց երկաթե պուտուկների մեջ կապար հալեցնել և մինչդեռ տաք վիճակում  էր ջրի նման թափել նրա մարմնին։ Այրեցին նրա մարմինն ամբողջովին և չմեռավ, այլ մեծ ու­ժով մնում էր, և ինչ որ հարցնում էին, անմիջապես պատաս­խան էր տալիս (Նկ. 12):

 

Նկ. 12

 

Այս չարչարանքի բացատրությունը Տաթևացին կառուցում է ժամանակի բնագիտական այն ըմբռնման վրա, համաձայն որի` կապարն իր խտությամբ ծանր է բոլոր հալելի նյութերից և միաժամանակ բոլորից արագ հալվող մետաղն է։

 

Անօրենություններս գլխիցս վեր բարձրացան,

Սաստիկ բեռան պես ծանրացան վրաս,  

Վերքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամությանս հետևանքով,

Տառապեցի և խիստ նվաստացա,

Գիշեր ցերեկ շրջեցի վշտացած,

Քանզի հոգիս լցվեց տանջանքներով,

Եվ մարմնիս համար բուժում չկա։

 

Վկայակոչելով «Սաղմոսաց Գրքի» այս տողերը` Տաթևացին ասում է, թե Կենարարի սիրո հրով, առ Աստված ունեցած հավատով Ս. Գրիգորը ջրի նման հալեցրեց և հոսեցրեց ժառանգ­ված ադամական մեղքի կապարյա ծանրությունը։

Այս 12 չարչարանքներին ենթարկելուց հետո Տրդատը, իմանալով նաև, որ նա իր հորն սպանած Անակի որդին է, հրամայում է նետել Արտաշատի մահվան վիրապը` օձերով լեցուն գուբը, որը մահվան դատապարտված հանցագործների համար էր նախատեսված։

Եվ դարձյալ զուգահեռը կառուցվում է ադամական մեղքի քավման վրա։ Ադամը դրախտում խաբվեց օձի փորձությունից, իսկ Լուսավորիչը վիրապում օձերի մեջ դիմացավ չարչարանքների փորձությանը, համաձայն տերունական պատվիրանի, ջախջախելով չար բանսարկուի գլուխը։ Տաթևացին նաև ասում է, որ ընկածին բարձրացնելու համար նախ հարկավոր է խոնար­հվել վար և ապա վեր ելնելով` բարձրացնել։ Նույն կերպ հեթանոսության խավարում գտնվողների համար խավարային գուբն իջավ Ս. Գրիգորը և վեր ելնելով` նրանց բարձրացրեց քրիստոնեության լույսին։ Համանման ձևով նաև ասվում է, որ խավար գբից արեգակի նման ծագեց` քրիստոնեության լույսով լուսավո­րելու համար հայոց աշխարհը։

Օձին հաղթելու և ընկածին բարձրացնելու համար խոնարհվելու այս 2 հոգևոր վերիմաստավորումներն իրար միահյուսելով` Հովհաննես Երզնկացին գրում է.

 

Որ ի վիրապն անդնդային

Ջախեր նովաւ զգլուխ վիշապին

Ի գբի ներքնում իջմամբ նորին`

Բարձրացուցեր զմեզ ի յերկինս։

 

(Որ անդնդային վիրապում նրանով

(նույն վիրապով) ջախջախեցիր վիշապի գլուխը,

Գբի խորքն իջնելով`

Նրանով (խոր գբից) մեզ բարձրացրեցիր երկինք)։

 

«Ճառընտիր»-ն ու «Հայսմավուրք»-ը գրում են, որ, երբ Ս. Գրիգոր Լուսավորչին տանում են Արտաշատ (Խոր Վիրապ), ճանապարհին, Սալահունյաց գավառով անցնելիս, նրանց ընդառաջ են գալիս Դոսիոս քահանան և նրա ընկերները։ Ընկնելով սրբի ոտքերը` բժշկվում են մարմնական ցավերից։ Ճանապարհին հանդիպում են նաև շատ հիվանդներ և բժշկվում։ Սրանցից 3-ը կռապաշտներ էին, որոնք բժշկվելուց հետո նույն տեղում կառուցեցին հիվանդանոցներ։

Սուրեն անունով մի նախարար Սալահունյաց գավառից, որի կնոջ անունը Աղվիթաս էր, ուներ 15 տարեկան մի որդի՝ Աթենաթորոս անունով։ Սա 7 տարեկանից տառապում էր անբժշկելի հիվանդությամբ։ Տեսնելով սրբին՝ ծնկարկեց սրբի առաջ, իսկ Ս. Լուսավորիչը խաչակնքեց նրան անվամբ Հիսուս Քրիստոսի, և երեխան առողջացավ, ինչպես նորածին մանուկ։ Ապա համբուրեց սրբի ոտքը և ասաց. «Հավատում եմ քո պաշտած Աստծուն»։ Սուրբը հրամայեց Դոսիոս քահանային մկրտել երեխային և անվանել Թէոդոս։ Այս հրաշքը տեսավ Թէոդոսի մայրը, հավատաց և ընդունեց քրիստոնեությունը։ Երբ այս մասին տեղեկացավ Թէոդոսի հայրը` Սուրենը, իր մոտ կանչեց տղային և հորդորեց հեռանալ քրիստոնեությունից, հետ դառնալ դեպի կռապաշտությունը։ Թէոդոսը չլսեց հորը, սա բարկացավ և սպառնաց։ Թէոդոսը փախավ տնից և բնակվեց Սեղմնատ ձորի մեջ, բարձրացավ ծառի վրա և մնաց այնտեղ 7 օր։ Նրա հայրը զայրացավ, վերցրեց սուրը և սպանեց որդուն։ Այդ գիշեր լույս փայլատակեց ձորի մեջ. Թէոդոսի մայրն իմացավ, որ դա իր որդու մարմինն է, ահից չհամարձակվեց մտնել ձորը։ Խնդրեց Դոսիոս քահանային որդու մարմինը հողին հանձնել։ Քահանան կատարեց հրամանը և թաղեց մարմինը ձորի մեջ։ Կռապաշտ հայրը 4 տարի հետո մեռավ կռապաշտության մեջ, իսկ մայրը վկայարան կառուցեց, ճգնեց 7 տարի և հանգավ խաղաղությամբ ի Քրիստոս։ Այնտեղ թաղեցին նաև Դոսիոս քահանային։

Ապա Լուսավորչին իջեցրին ներքին վիրապը, որը լի էր թունավոր օձերով և սողուններով, որտեղ մի ժամ ապրելն անհնար էր և որի խորությունից դուրս գալն՝ անկարելի։

Պատմում են նաև մի այլ սքանչելի հրաշքի մասին։ Կար օձի մի տեսակ՝ չարաթույն և դժնդակ, որ եթե որևէ մեկին խայթեր, անհնար էր բժշկել։ Իսկ երբ Վիրապի գուբը փորեցին չարագործների համար, բերեցին թունավոր օձեր և գցե­ցին վիրապի մեջ։ Երբ Լուսավորչին իջեցրին գուբը, այնժամ սրբի աղոթքով օձերը դադարեցին թունավորել և դարձան անվնաս։

Սրբի աղոթքից հետո այն երկրում, որտեղ շատ կային այդ օձերից, դադարեցին մարդկանց թունավորել և դարձան այնքան անվնաս, որ մինչև անգամ երեխաները որպես խաղալիք էին օգտագործում, ինչպես հավի ձագին։ Իրենց ձեռքն էին առնում, փաթաթում պարանոցներին, իրար վրա էին գցում, և օձը երեխաներին բնավ չէր վնասում։ Սովորաբար օձին կոչում էին Ս. Գրիգորի։

Թեպետ այսպես էր, բայց որոշ ժամանակ անց ոմանք իրենց թերի մտքով սկսեցին կարծել, թե սա բնությունից է այսպես եղել, բայց տեղի ժողովուրդը, որ արուճեցի էին կոչվում, լավ գիտեին և հիշում էին, որ օձի կծածն անբժշկելի էր։ Գարնան մի օր երեխաներն արածեցնում էին իրենց ոչխարները և, ինչպես ասացինք, ըստ սովորության, օձերն իրենց ձեռքերում խաղացնում էին: Իսկ երեկոյան, երբ հետ էին դառնում իրենց տները, օձերը կապում էին ծառից, որպեսզի առավոտյան չփնտրեն` պատրաստ ունենան խաղալու։ Մյուս օրը երեխաներն այլ տեղ տարան ոչխարներն արածեցնելու։ Երբ վերադարձան, անցան այն տեղից, որտեղ կախել էին օձերին։ Իրար շալակ բարձրանալով՝ կամեցան օձերին արձակել։ Օձը խայթեց երեխայի ձեռքը։ Սաստիկ ցավից օձին թողեց, և օձն ընկավ ներքևի երեխայի վրա։ Նրան նույնպես թունավորեց։ Առաջին երեխան թույնից իսկույն մահացավ, իսկ երկրորդը 2 օր հետո։ Սա պատահեց 2 բանի համար. առաջին, որ անողորմ ձևով չարչարում էին սողուններին, երկրորդ, որ չասեին, թե բնությունից է, որ օձերն անվնաս են։ Այս դեպքից հետո երկյուղ անցավ բոլորի մեջ և սկսեցին խնդրել Ս. Լուսավորչի բարեխոսությունը։

Տրդատ թագավորը Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապ նետելուց հետո գտնվում էր Եկեղյաց գավառում, որտեղ չարչարել էր Գրիգորին։ Արշավեց պարսիկների վրա, որոնց մեծ մասն անձնատուր էին լինում. անպարտելի էր թագավորը։ Ապա հարձակվեց ասորիների վրա, որոնք այդ ժամանակ պարսիկների տիրապետության տակ էին գտնվում։ Իր   իշխանությունը հաստատեց և հարձակվեց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնի վրա։ Պատերազմի ժամանակ ձին վիրավորվեց, և թագավորը մնաց հետիոտն։ Այդպես հետիոտն հարձակվեց և փախուստի մատնեց թշնամու զորքին։ Հրամայեց կուռքերին զոհ մատուցել։ Գրեց հրովարտակ բոլոր կողմերում. «Եթե մեկը հանդգնի զոհ չմատուցել, և եթե մեկը պաշտի խաչյալին, կապեցեք և բերեք արքունի դուռը։ Եթե իմ սիրելի Գրիգորին չխնայեցի, ոչ մեկին չեմ խնայի»։

291թ. հայոց Տրդատ թագավորը կամեցավ ամուսնանալ և Սմբատ Բագրատունի սպարապետին որպես դեսպան ուղարկեց Ալանաց երկիր` Ալանաց իշխանի դստեր՝ Աշխենի, ձեռքը խնդրելու, որը վայելուչ էր, գեղեցիկ և ոչնչով պակաս չէր Տրդատ թագավորից։ Երբ Սմբատ սպարապետը Աշխենին բերեց Հայոց աշխարհ, Տրդատ թագավորը նրան դարձրեց Արշակունի, հագցրեց ծիրանի, գլխին դրեց թագ, ամուսնացավ նրա հետ և կարգեց նրան թագուհի։


 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։