Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Լուսավորչի  Կյանքի  Առաջին  Շրջանը

 

Գրիգորի հայրն է Անակը` պարթևական թագավորական ցեղից: Անակը և իր մյուս եղբայրը, Սասանյան Արտաշիրի հանձնարարությամբ, դավաճանեցին Խոսրովին (քանի որ հոդվածում ոչ միշտ են նշված, թե մեջբերումները պատմիչների որ հրատարակություններից են վերցված, ստորև ներկայացնում ենք դրանք. Ագաթանգեղոս, Վենետիկ, 1835թ., Փավստոս Բուզանդ, Վենետիկ, 1832թ., Եղիշե, Երուսաղեմ, 1865թ., Ղազար Փարպեցի, Վենետիկ, 1891թ., Զենոբ Գլակ, Վենետիկ, 1889թ., Առաքել Դավրիժեցի 1884թ. (ծնթ. հեղ.))։

Անակը նենգությամբ գալիս է հայոց Խոսրով թագավորի մոտ, իբրև թե նրան նեղել է պարսից արքան, որի համար ապաստան է խնդրում, քանի որ սրանք ազգականներ էին։ Իրա­կանում պարսից Արտաշիր արքան խոստումներ էր տալիս նրան, ով կհամարձակվի սպանել հայոց թագավորին։ Քաջ գիտեր, որ պարթևներն ազգական են, և թագավորը չի կասկածի: Անակին խոստացավ վերադարձնել բուն պարթևական տունը, որը պահլավ արքայանիստ Բահլ քաղաքն էր և քուշանաց երկիրը։

Անակը ճանապարհ է ընկնում իր ազգով դեպի Հայաստան։ Ճանապարհից հոգնած՝ դադար են առնում Արտազ գավառում։ Համաձայն Խորենացու, երբ Անակն ապրում էր Արտազում, նրա գիշերելու տեղը Ս. Թադեոս առաքյալի գերեզմանի մոտ էր, և «...այստեղ է հղություն առել մեր սուրբ և մեծ Լուսավորիչը։ Ուստի և նույն առաքյալի շնորհն ստացավ նա, որ նրա հանգստարանի մոտ գոյություն գտավ և նրա հոգևոր մշակության պակասը լրացրեց»։ Ինչպես բարի սերմը ցանում ես, հետո աճում և բազմանում է, այնպես էլ Աստծո բարի սերմը` առաքյալները, որտեղ նահատակվեցին և թաղվեցին, հետո աճեցին և բազմացան, տվեցին իրենց բարի պտուղը, որպիսին էր Լուսավորիչը, որ առաքյալի բարի սերմից օրհնվեց և առաքելական շնորհն անցավ իր վրա։

Ս. Թադեոսի գերեզմանն այժմ գտնվում է Ս. Թադեի վանքում (հյուսիսարևմտյան Իրան): Իսկ Ս. Բարդուղիմեոսի գերեզմանը, որ այժմ ավերակ է, գտնվում է հարավարևելյան Թուրքիայում: Պատմական այլ աղբյուրներից կարելի է եզրակացնել, որ նախքան 301թ. Հայաստանում կային քրիստոնեական համայնքներ: Եվսեբիոս Կեսարացին հիշում է Մերուժան անունով մի եպիսկոպոսի, որ Հայաստանի հոգևոր առաջնորդն էր շուրջ 250թ.-ին:

Հայոց Խոսրով արքան սիրով ընդունեց Անակին, իսկ 2 տարի անց Անակը սպանեց նրան և փախուստի ժամանակ խեղդվեց Երասխի մեջ։ Հայոց թագավորը, մահանալուց առաջ, հրամայեց բնաջինջ անել Անակի ազգը։ Սոփի անունով դայակը գաղտնի վերցրեց մանկանը, որը դեռ կրծքի երեխա էր, և փախցրեց Կեսարիայի Մաժակ քաղաքը, որտեղ և սկսեց սնուցել երեխային։

Այս մասին լսելով՝ պարսից արքան գալիս է հայոց Արարատ գավառի Վաղարշապատ քաղաք և Խոսրով թագավորի ազգը սրի ճարակ անում։ Բայց, Աստծո նախախնամությամբ, նրա ազգից 2 մանուկ է փրկվում՝ Խոսրով թագավորի որդի Տրդատը և նրա քույր Խոսրովիդուխտը: Նրանք մանկաբարձի ձեռքով և փախցվում են Հունաց աշխարհ՝ Լիկիանոս կայսեր մոտ։ Սա փեսան էր Դիոկղետիանոսի։

Եղիշեի պատմության մեջ կարդում ենք, թե Տրդատը` Խոսրովի որդին, իր հոր սպանությունից հետո «փախուցեալ ի հայրասպան մարդախողխող հօրեղբարցն իւրոց, ապրեալ սնաւ յերկրիդ Յունաց» (Եղիշե 133): Եթե Խոսրովին սպանողները Տրդատի հորեղբայրներն էին, ուրեմն Արտավանը, Խոսրովը և Անակը կամ եղբայրներ են եղել կամ հորեղբոր որդիներ։

Ըստ ազգային պատմության`Գրիգորը ծնվել է դավաճանության տարում։ Ըստ Ս. Սահակի ավանդության (Խոր. Բ 74)` մայրը հղիացել է Արտազում, նույն Անակի գալու տարում, մինչդեռ սպանությունը կատարվել է «յետ անցանելոյ երկուց ամաց գալստեան Անակայ ի Հայս»։ Ուրեմն Գրիգորը ծնվել է սպանությունից 1 տարի առաջ։ Արդ` Արտաշիր Սասանյանն, ըստ ճշտված հաշվարկների, մահացել է 241թ-ին, ուրեմն Խոսրովը սպանվել է առնվազն 240թ-ին, իսկ Գրիգորը ծնվել է 239թ-ին։

Գրիգորի հեթանոսական անունը անծանոթ է պատմությանը, որովհետև մեկամսյա մանուկը տարվել է Կեսարիա, և Եվթաղեի ձեռքով քրիստոնյա է դարձել անմիջապես ու քրիստոնեական անունով է հայտնի։ Եթե Անակի երկրորդ զավակի փախած և ազատված լինելը հավանական չէ, ինչպես շատերն են կարծում, կարող ենք ենթադրել, թե այս երկրորդ տղային տրված Սուրեն անունը, նույն ինքը` Գրիգորի, հեթանոսական անունն է։

Դայակը մկրտել տվեց երեխային և անվանեց Գրիգոր (զվարթ, արթուն), սակայն նրանց նախնիների մեջ չկար Գրիգոր անունը։ Թեև անունը դրեց դայակը, բայց ոչ էր առանց Աստծո գիտության։ Նախ դայակը մտածեց դնել այնպիսի անուն, որ ոչ ոք չկասկածի, որ նա Անակ Պարթևի որդին է, որպեսզի երեխային չսպանեին և խավարի մեջ թողնեին մեր ազգին։ Երկրորդ` եթե նրա նախնիների անունով լիներ, ազգակիցները   կճանաչեին,  երեխային կտանեին ու կդաստիարակեին որպես կռապաշտ, և հայոց ազգը չէր լուսավորվի։ Եվ երրորդ` Խոր Վիրապի մեջ նա երբեք աչք չփակեց, որի համար էլ սուրբ հոգու հրամանով անվանեցին Գրիգոր, որ թարգմանվում է արթուն։ Գրիգոր` 6 տառ է, նա նմանվեց վեցթևանի Սերովբեներին, արթուն էր հոգով և երբեք չննջեց մեղքի քնի մեջ։

Գրիգորը դաստիարակվեց Կեսարիայում, որն իր ժամանակի ուսումնապերճ քաղաքներից մեկն էր, և Գրիգորի մասին գտնում ենք հետևյալ վկայությունը. «վարժեալ էր հելլենացի և ասորի դպրութեամբ» (Գլակ. 22):

Գրիգորն ամուսնացավ, երբ` ըստ Խորենացու, «Յաբբունս հասակի հասեալ» (Խոր. Բ 8O), կամ` ըստ Զենոբի, «իբբև եղև երկոտասանամեայ» (Գլակ. 22): Բայց 12 տարեկանում ամուսնա­նալը շատ վաղ է և անհավատալի։ Այն հավանաբար պետք է երկարաձգել մինչև 22 տարեկանը։ Այսպիսով նրա ամուսնության թվականը պետք է համարել 261-ը։

Գրիգորի կինն է Մարիամը` դուստրը Դավիթ անունով կեսարացի մի մարդու։ Աթանագինե Եպիսկոպոսը, ով օգնականն էր Սեբաստիայի Եպիսկոպոսի, իբրև քորեպիսկոպոս Պիդաքտիայի և ոչ թե եպիսկոպոս Կապադովկիայի, հիշվում է պատմությունների մեջ իբրև Լուսավորչի խնամի։ «Դաշանց թուղթը» կոչում է նրան եղբայր Մարիամի, բայց «Հայսմա­վուրքի» մեջ կոչվում է աներ Լուսավորչի, իսկ այդ բառն աներձագի իմաստ ևս ունի (տե՛ս Բուզ. 12): Հավանական է ենթադրել, որ Դավիթը բնիկ սեբաստացի է` Կեսարիայից գաղթած, կամ կարելի է ենթադրել, որ Աթանագինեսը Կեսարիայից Սեբաստիա է գնացել։ Ձեռնադրությունից հետո Լուսավորչի Կեսարիայից Սեբաստիա գնալը և միառժամանակ այնտեղ մնալը Սեբաստիայի հետ հարաբերություն ունեցած լինլու նշան է։

Գրիգորը 2 զավակ է ունեցել՝ Վրթանես և Արիստակես, այնուհետև «յետ երից ամաց երկուց որդւոց լինելոյ» (Խոր. Բ 80) բաժանվել է կնոջից։ Սովորաբար այդ խոսքերը մեկնաբանվում են այնպես, թե ամուսնությունից 3 տարի անց, երբ 2 որդի ուներ արդեն, Լուսավորիչը բաժանվել է կնոջից։ Սակայն, հավանաբար, պետք է կարծել, որ 2 որդի ունենալուց հետո, 3 տարի ևս ապրել է կնոջ հետ, և նոր միայն բաժանվել, որովհետև ամուսնությունից գոնե 6 տարի հետո պետք է որ «Մարիամ հանդերձ մանկամբն կրտսերաւ ի վանս կուսանաց անկեալ կրօնաւորիւր» (Խոր. Բ 80), ինչն անհնարին կլիներ, եթե Մարիամը ծծկեր մանուկ ունենար։ Ուրեմն Վրթանեսի ծննդյան թվականը կարող ենք համարել 262-ը, Արիստակեսինը` 264-ը, իսկ Գրիգորի բաժանվելը իր Մարիամ անունով կնոջից` 267-ը։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։