Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Լուսավորիչ  և  Տրդատ

 

Լուսավորչի հեռանալը կնոջից պայմանավորված է արքունական ծառայության մտնելու հանգամանքով, այլ ոչ թե` կրոնավոր դառնալու մտադրությամբ։ Մարիամի կրոնավորների վանք գնալը լոկ կյանքի ապահով ապրելու եղանակ պիտի նկատվի և ոչ թե երկու կողմի համերաշխ բարեպաշտությամբ ամուսնական կյանքին վերջ տալու նպատակ։ Այս բաժանումից հետո Գրիգորի ուր գնացած լինելը հիշված չէ, այլ պարզապես ասված է, թե «անցեալ գնաց առ Տրդատ» (Խոր. և Գլակ.)։ Այս ժամանակ Տրդատն արդեն թագավորում էր։

Վաղերիանոս կայսեր գերության առթիվ` 260թ. հիշված է հայոց մի Արտավազդ թագավոր, որն անծանոթ է հայ պատմիչներին։ Նրա վախճանը հայտնի չէ, բայց երևում է, որ Տրդատը նրա հաջորդն է եղել և թագավորել է մինչև 276թ.: Երբ պարսից Վռամ թագավորը գրավեց Հայաստանը, Տրդատը հարկադրված պատսպարվեց հռոմեացիների մոտ և այնտեղ մնաց այնքան, մինչև որ Դիոկղետիանոսի օգնությամբ վերադարձավ իր գահին` 286 կամ 287թ-ին։ Իսկ այս թվականը քաղում ենք Խորենացու քննությունից, որ գրել և ստուգել է «զթագաւորելն Տրդատայ յերրորդ ամի Դիոկղետիանոսի» (Խոր. Բ 82): Արդ` Դիոկղետիանոսը կայսր եղավ 284թ-ին և նրա երրորդ տարին համընկնում է 286-287թթ-ին։

Ս. Գրիգորը, տեղյակ լինելով իր հոր գործած ոճիրի մասին, որոշեց քավել նրա մեղքը և Տրդատ թագավորի մոտ ծառայության անցավ: Ըստ պատմության` Գրիգորն իր կնոջից հեռանալուց մինչև իր չարչարանաց տարին ծառայության մեջ մնաց Տրդատի մոտ, ուրեմն 20 տարի ծառայեց նրան։ Տրդատը մի տեղ ասում է Գրիգորին. «այսչափ ամք են զի տեսի զքէզ» և ուրիշ անգամ ասում է. «Աշխատեցար ընդ իս ի մանկութենէ վաստակովք» (Ագաթ. 46, 86), ինչը երկար ժամանակ նրանց մեկտեղ լինելու մասին է խոսում։ Իսկ Գրիգորի ծառայությունը ոչ զինվորական է եղել, և ոչ էլ կառավարական, այլ պալատական սպասավորություն` իբրև ներքին սենեկապետ և մտերիմ պաշտոնյա, և նաև` իբրև արքունի քարտուղար ու դպիր, որովհետև հիշեցինք արդեն, որ Գրիգորը հելլենական և ասորական դպրությունների մեջ վարժ էր։

Հնարավոր չէր, որ Գրիգորի քրիստոնյա լինելը Տրդատը չիմանար, քանզի անհնար էր, որ այդքան երկար ժամանակ Լուսավորիչն ապրեր արտաքին ուրացության մեջ։ Արքունական ծառայության համար քրիստոնեությունն արդեն արգելք չէր, քանի որ հալածանքների հրաման չկար, և քրիստոնյաները ծառայում էին նույնիսկ Հռոմեական կայսրերի պալատներում։ Արքունիքում անհայտ է մնացել Գրիգորի բուն ցեղն ու ծագումը միայն, և պետք է ասել, որ նա ընկալվումէր որպես հասարակ կեսարացի մեկը։

Հիմնվելով մինչև այժմ բացատրված ժամանակագրական տվյալների վրա` պետք է ասել, որ Գրիգորը, Կեսարիայից ելնելով, Հայաստանում Տրդատի մոտ ծառայության անցավ 268թ-ին և այնտեղ մնաց մինչև 276թ: Դրանից հետո իր տիրոջ հետ նա գնաց Հռոմեական կայսրություն և այնտեղ ևս մոտ 10 տարի ապրելուց և իբրև հավատարիմ պաշտոնյա նրան ծառայելուց հետո, նրա հետ միասին, 286 կամ 287թ-ին վերադարձավ, երբ Տրդատը, Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ, իր իշխանությանն էր վերադառնում։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։