Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

ՆԵՐԲՈՂ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ

(Ս. Էջմիածին 1999թ.)

 

Մեզ համար հրաշալի և ավելի պայծառ է այսօրվա տոնը, քան մեր այս սովորական շարադրանքը։ Եվ ո՞րն է պատճառը, կամ ո՞վ է արդյոք այս բազմահույլ հանդեսին հրավիրողը։ Կա՞ մեկ ուրիշը, քան մեր երանավետ և մեծ խոստովանող հայրը, որի հիշատակը տոնում ենք այսօր։ Որ նրա արի քաջությունների պատմության համեմատ մեր միտքը և խորհուրդները բոլոր զգայարաններով հանդերձ պիտի մաքրենք, թերևս արժանի լինենք երանելի հոր առաքինությունը պատմելու՝ մասնավորաբար ընդունելով հոգու մեջ իմաստության խոսքը։ Նա կարոտ չէ այս մարդկային բարեխոսության որևէ պատվի և փառքի առավելության, այլ հատկապես մենք ենք զգում նրա բարեխոսության կարիքը, քանի դեռ բնակվում ենք մարմնի մեջ։ Որի առիթը մխիթարությունն է, և միայն բազմավիշտ նահատակին բարեբանելը, այլև կարևոր է նախանձախնդիր լինել նրա հրեշտականման վարքի առաքինությանը, թեև չենք կարող նրա հետ համեմատվել։ Որովհետև հողեղենների մեջ ո՞ր մեկը կարող է դիմանալ այդքան անտանելի չարչարանքներին ու զրկանքներին։ Եվ ոչ էլ առաջին նահապետ հայրերից, կամ նրանք՝ ճգնավորներն ու վկաները Փրկչի տնօրինությունից հետո հետևեցին Նրա չարչարանքներին։ Միայն ըստ մեր կարողության և հոժար սիրով գովաբանված հորը հաղորդակից լինելով դիմենք խոսքին, ըստ այն իմաստունի, թե՝ «Արդարի հիշատակը գովությամբ է, և արդարների գովքի մեջ ցնծում են մարդիկ»։ Նրանց փառքի մեջ չավելացրեց, այլ մեզ՝ բարեբանողներիս սրանով շատ օգուտ են տալիս։

Եվ արդ, քանի որ այսօր մեր աստվածազգյաց հոգևոր հայրը, հովիվն ու վկան, այս ապականված կյանքից, իրոք վերացավ երջանիկ կյանք, ուր անպատմելի ուրախությունն է և անշոշափելի լույսը, ուր հրեշտակների բազմությունն է և անդրանիկների զորքը, ուր առաքյալների աթոռներն են և մարգարեների տեսարանները, ուր նահապետների գավազաններն են և մարտիրոսների պսակը, ուր վերին Երուսաղեմն է և անսահման խաղաղությունը, ուր սրբերի բազմությունն է և արդարների բնակությունը։ Բայց մենք ի՞նչ պետք է անենք այսքան թշվառ նեղություններով շրջապատված։ Քանզի չենք գտնում արժանիին, որով պիտի բարեբանենք գովության արժանավորին։ Եվ ինչ, արդյո՞ք պիտի լռենք։ Եվ ինչի՞ համար պատրաստեցինք այս հանդեսը։ Այլ ասենք, թե քանի որ գործի մեծությունը խոսքին հավասարեցնել չկարողացանք, և նույն պատճառով առավել ևս պետք էր և արժան էր խոսել։ Քանի որ սա վայել է մեծագույն բաների գովաբանությանը՝ չկարողանալ նյութի առավելությունը խոսքին հավասար ցույց տալ, որովհետև երբ առաքինությունները ավելի վեր են լինում քան մեր բնությունը, ապա իսկապես էլ պարզ է դառնում, որ գովաբանություններն ավելի շուտ են բարձրանում, քան մարդկային մտածումները։ Բայց այս երանելին չի անտեսում մեզ և չի մերժում մեր այս տկարամիտ խոսքը, այլ, բոլորի Փրկչի նմանությամբ, մեզնից տրված այս փոքր ընծան, մի մեծ բան է համարում, և քչի փոխարեն բազմապատիկը պիտի հատուցի, քանզի ոչ թե իրերի առավելությանը, այլ մտքի իսկ առատությանն է նայում։ Որի համար չնայած մեր մտքերը խիստ թերի են, սակայն ինչով որ հարուստ ենք, պիտի առատորեն մատուցենք, որովհետև Աստծու սիրելիներն ըստ կարողությանն են պահանջում։ Նաև սրանով առավել ևս ճանաչվում է սրա մեծախորհուրդ հանդեսը՝ ոչ թե դուրս վանել այս աննշան ընծան տկար մարմնից և բազմաթիվ նեղություններով պաշարված անձից, այլ մեզանից ընդունելով գովաբանության խոսքը, որի կարիքը երբեք չունի, փոխարենը հատուցում է գործերով, մանավանդ որոնց կարոտն ու պետքը շատ ենք զգում։

Ե՛կ այսուհետև, հատուցենք խոստման տոկոսները՝ հետագա խոսքի սկիզբը դնելով։ Բայց չգիտեմ, թե ո՞ր ուղղությունից մարդուն պիտի հիշատակենք։ Քաջության պայքա՞րը դաշտում, թե՞ ժուժկալությունը արյան հասնող զանազան տանջանքներով, նահատակության ընթա՞ցքը, թե՞ բազում տարիների համբերությունն անտանելի նեղություններին խորվիրապում, առաքելական քարոզությու՞նը, թե՞ մարգարեության շնորհը, հովվական վերակացությու՞նը, թե՞ անապատի մեջ անմարմին ճգնությունը։ Քանզի ամեն ինչում մարդը մեծախորհուրդ է, ամեն ինչում հաճո, ամեն ինչում առաքինի, ամեն ինչում ընտիր, ամեն ինչում համբերող, ինչպես անբեկանելի արձան, ինչպես անպարտելի աշտարակ՝ հակառակ սատանայի հնարներին։

Սակայն այստեղ սկզբից պետք է և արժանի է ձեռնարկել այս խոսքը. Իրոք, ինչի՞ց։ Իսկապես հայտնի է, թե Հոգու շնորհների կանչից՝ նրան առաջնորդելով այն մանկական տարիքից դեպի ճշմարիտ հավատք։ Քանզի ինձ թվում է, որ մեր երջանիկ հայրը նման է եղել այն մեծ նահապետ և աստվածահայր Աբրահամին, որովհետև ինչպես Աստծուց նրան հրաման եղավ՝ հայրենի երկրից և անհավատ ժողովրդից դուրս գալ, նույն օրինակով և այս երանելին, ինչպես Աստծու կանչով դուրս ելնելով խավարից՝ կռապաշտության երկրից, արդարև մտնում է ավետյաց երկիր, ուր հնչում էր Քրիստոսի մեծագույն պատվիրանների ձայնը, ուր Փրկիչը հայտնապես քարոզում էր Ավետարանը, որտեղ իսկապես կրթված էր լինում Քրիստոսի խորհուրդների տնօրինական դաստիարակությամբ՝ վերահասու լինելով կարճ ժամանակում։ Սրանից հետո դարձյալ տնտեսության խորհուրդը և դարձյալ այնտեղից կանչվելը, որտեղ պատրաստ էր ընթացքը շարունակելու և հավատքը պահելու՝ տեսակ-տեսակ չարչարանքներով ու ճգնությամբ, ըստ խոստացվածի՝ լինելով բազում ազգերի հայր։ Որովհետև «Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, որպեսզի լույս տա բոլորին» (հմմտ. Մատթ. Ե 14, 15)։ Նույնպես և նրա անունն ու գործը ավելի պայծառ են, քան արևը, որից ոչինչ մեզ չի թաքցնելու։

Նախ պարտ է հայտնի դարձնել այս երանելու անվանակոչությունը, որովհետև այդ կոչումից պիտի ճանաչենք նրա երկնային կենցաղավարությունը և առաքինի վարքով անմարմիններին նմանվելը։ Գրիգոր, նշանակում է առաքինությամբ հսկող արդարության օրինակ, Քրիստոսի արժանի պսակ, ճգնության ասպարեզում հռչակավոր, նույնի մեծ խոստովանող ու վկա, Աստծու Հոգու գեղեցիկ անոթ, քահանաների միտք, հովվապետների պատկեր, երկնային զորքի հետ բնակվող, մարտիրոսների պարծանք, առաքյալների լրում, մարմնավոր հրեշտակ երկրի վրա։ Գրիգորը մտքի ոտքերը հավատքի անշարժ վեմի վրա հաստատելով, շտապում էր երկինք բարձրանալ, որպեսզի այնտեղ տեսնի լույսն ամենապայծառ աչքերով, որ և միշտ տեսնում էր մաքուր մտքով Դավթի հետ փառքի Տիրոջ աջ կողմում, որով երկակի, այսինքն՝ բանականներից, օրինակ, մարդկանց, և դևերի պատճառած նեղությունների հեղհեղատներից չէր տարուբերվում։ Գրիգորը, որ խավարի մեջ էր մտնում հպված աստվածային շնորհներին, ինչպես այն Մովսեսը լեռան վրա, որտեղից ոչ թե ձեռքով, այլ աստվածային տեսիլքի հայտնությամբ Հոգու մատներով շինված, տախտակն էր ընդունում, և իր հարազատ ժողովրդին սրտի ընդունարանի մեջ հրաշքով օրինադրում։ Եվ խավարից դուրս հանեց բազմաստված կուռքերը, ոչ թե ժառանգելու երկիրը, ինչպես Նավեան Հեսուն, այլ դեպի երկինք առաջնորդելով տանում էր հաջողության։ Գրիգորը ճշմարիտ հավատքի բարեպաշտությունը համարձակությամբ քարոզում էր բռնավոր արքայի առաջ և վախենալով հանդերձ չէր զարհուրում նրանից։ Գրիգորը, որ այս աշխարհի վայելչությունը և առօրյա ցանկությունն ավելորդ համարելով ոտքի տակ էր գցում, և թոթափելով երկրային ծառայությունը լավագույններին ձեռք մեկնելով՝ հետևում էր Քրիստոսին։ Գրիգորը, որ արժանանալով նահապետ լինելու շնորհին, ապագան էր գուշակում մարգարեական հոգու լսողությամբ, և առաքյալների աստիճան ժառանգելով՝ անթիվ ընտրյալ անձանց բազմությունն Աստծուն էր ընծայում։ Ուստի Սուրբ Հոգու շնորհների աղբյուրը նրանից բխելով հայտնվեց այնտեղ։ Գրիգոր կոչվելով ընդունեց քահանայապետության օծումը, ըստ Պողոսի՝ «Ոչ մարդկանցից և ոչ մարդու ձեռքով, այլ վերին տնօրինությամբ և Սուրբ Հոգու հայտնությամբ»։ Գրիգորը հոգևոր պատերազմի ասպարեզում միանձնական վարքով ճգնում էր կռվասեր թշնամու դեմ՝ միշտ մեռնելով աշխարհի համար աղոթքով, պահքով և զանազան առաքինություններով հանուն Քրիստոսի սիրո։ Որի պատճառով սերովբեներին միանալով՝ Սուրբ Երրորդության օրհնությունը միշտ բարձրունքներում էր մատուցում։

Եվ ինչու՞ երկարացնենք խոսքը։ Քանզի երբ մտքով անցկացնում եմ սրբի անտանելի նեղությունները, դողն ու սարսափն ընկնում է իմ մեջ, ինչու՞ լինելով բնությամբ մահկանացու և ապականացու, այդչափ չարչարանքներ էր կրում մարմնի մեջ։ Բայց թեպետ առաջին սրբերից յուրաքանչյուրն ընդունեց չարչարանքները, սակայն՝ մի փոքր ժամանակով և պակաս։

Եսային սղոցվեց, բայց՝ մեկ վայրկյանում, Հովհաննեսը գլխատվեց, սակայն՝ մի ակնթարթում, Ստեփաննոսը քարկոծվեց բայց՝ նույն պահին, Պետրոսը խաչվեց, սակայն՝ արագ իրագործմամբ, Պողոսը սպանվեց և գլխատվեց, բայց՝ նույն ժամին։ Մարտիրոսները չարչարվեցին զանազան հնարներով, բայց ոչ բոլորը նույն ձևով, այլ տարբեր ձևով, ըստ ժամանակի պահի և բռնացողների հնարների։ Իսկ այս սքանչելին՝ վկան և հայրը, հրաշքով գերազանցում է մարդկային միտքն ու խորհուրդը, քանի որ բոլոր չարչարանքների ձևերը, որ ամենքն ընդունեցին, նա իր անձի մեջ քաջությամբ կրում էր իբրև օտար մի բան. ուրեմն անտեղյա՞կ էր բնության հատկություններին. այլ ցանկանում էր դուրս գալ մարմնից և լինել Քրիստոսի հետ։ Ո՜վ աստվածասեր անձ, անփոխարինելի բարությունների քաջ առաջամարտիկ, ո՜վ հավատքի ջերմեռանդ նվիրյալ և Քրիստոսով կատարյալ սեր։

Ուրեմն, սիրելիներ, հոժարակամ նմանվենք նրան, ըստ Պողոսի, թե՝ «Նմանվեցե՛ք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին» (Ա Կորնթ. ԺԱ 11)։ Սրան հետևենք, վերին օթևաններում համաձայն առաքինի ընթացքի նրա հետ անտեսելով կարծեցյալ պայծառությունը, անցողիկ վայելքը և ժամանակավոր փառքը, փափագենք անապական փառքին, անթառամ պսակին, անմահ արքայությանը, հրեշտակներին դասակից լինելուն, Սուրբ Երրորդությանը բնութենակից լինելուն՝ գիտակցելով, որ այս ապականացու կյանքն իր մեջ բնակված այսքան բարություններ չունի, այլ միայն՝ արտասուք, տառապանք, աղքատություն, վիշտ, ցավ, նեղություն, պակասություն, հիվանդություն, ծերություն, տարատեսակ մեղքեր և վերջում մահ։ Մեր երանելի հայրը, այսքան և այսպես քարոզեց կյանքն իբրև անցավոր բան, որի համար իր անձը ընծայեց Աստծուն որպես զոհ, ընթացավ Քրիստոսի խաչի չարչարանքներով։ Անշուշտ գիտեր ըստ մեծ Պողոսի թե՝ «Այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն բաղդատվելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեզ» (Հռոմ. Ը 18)։

Այլ գիտեմ, սիրելիներ, որ ձեզանից յուրաքանչյուրը ցանկանում է մասնակից լինել նրա չարչարանքներին, որպեսզի հաղորդակից լինի Տիրոջ պատրաստած պսակներին։ Բայց քանի որ մարտիրոսության ժամանակը չէ, և ոչ էլ նահատակության շրջանի ընթացքը, միթե՞ պիտի վհատվե՞ք։ Սակայն այս պատճառով մի տխրեք անհույս, քանի որ թեև նրանց համար այժմ այդ քայլն անձեռնարկելի է, սակայն ձեր անձերը կրթեցեք նահատակության ժամանակի համար։ Նա արհամարհեց ողջ կյանքը, արհամարհեցեք և դուք գոնե հատկապես նրա ուրախության համար։ Նա կրակին մատնեց իր անձը, մարեք և դուք ձեր անձերից ցանկության կրակը։ Նա արյուն թափեց, իսկ դուք արցունք թափեցեք Տիրոջ առաջ։ Նրա հետ, նաև կարողության ավելորդը տվեք աղքատներին։ Նա կայծակների բոցը գցեց ոտքի տակ, հանգցրեք և դուք ձեզանից զայրույթի բոցը։ Նա բազմաթիվ նեղություններից հետո համբերեց՝ ապրելով մահաշունչ գազանների հետ խորվիրապում, համբերեք և դուք աշխարհալեցուն կյանքի փորձանքներից խելահասությամբ։ Սովորեցնում է իմաստունը՝ «Մի անարգի՛ր Տիրոջ խրատը» (Առակ. Գ 11), իսկ Դավիթն ասում է, «Երանի է այն մարդուն, որին խրատում է Տերը» (Սաղմ. ՂԳ 12), սրա հետ և առաքելական խոսքը երանի է տալիս նրանց, ովքեր համբերում են փորձանքներին. «Եթե հաստատ լինի փորձության մեջ, -ասում է, -կստանա կյանքի պսակը Տիրոջ կողմից» (Հակոբ. Ա 12)։

Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքա՞ն էր նեղություններով դառնացած։ Բայց քանի որ հիշեցիք այն վտանգավոր տեղը, պետք է համառոտ խոսքով դեգերել այնտեղ, եթե հաճելի թվա, իսկ մտքով խորհել, թե ինչպիսին էր իրոք սրբի կյանքն՝ այդչափ մահաբեր գազանների մեջ բնակվելով։ Որքա՜ն խորհուրդ բարիներին, և ի՛նչ գործ։ Այսուհետև գնանք և հոգու աչքերով նայենք երանելուն, թերևս կարողանանք նրանից ինչ֊¬որ բան շահել, և փոքրիշատե իմանանք նրա պարկեշտության և անմարմին վարքի մասին, այլև անսահման առաքինության, անդադար աղոթքների, անհանգիստ տքնության, անմահ արթնության, անբեկանելի հավատքի, անխզելի հույսի, պաղատելի արցունքների, առողջ մաղթանքների, պահքով անմարմիններին նմանվող կյանքի, որովհետև արդարի կենցաղավարությունն իրապես անմարմին գոյի կենցաղավարություն էր ցույց տալիս, անաշխատ էր նրա սեղանը, անաշխատ կերակուրների նման նաև շատ էր ցանկալի ճգնավորական լռությունը, ինչպես միշտ երազում էր հետևել երկնային զորություններին, աղավնու թևեր ստանալ և գնալ անապատում հանգչելու։ Նրա տխրությունը այլ բան չէր, որ չլինի թե այնտեղ նահատակության ճգնական մարտի ասպարեզում թերի մնա։ Սակայն նրա ողջ կյանքը վկայության հանդես էր, միշտ պատերազմելով պետությունների և խավար աշխարհակալ իշխանությունների դեմ, նրա համար, անշուշտ, Խաչի վրա էր բարձրացված աշխարհը, իսկ նա աշխարհի վրա, ըստ Առաքյալի՝ «Աշխատանքների և հոգնությունների մեջ, քաղցի և ծարավի մեջ, պահքի և տքնության մեջ, ցրտի և մերկության մեջ» (հմմտ. Բ Կորնթ. ԺԱ 27)։

Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող, ոչ բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող, այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշերցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին։ Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն, լցված հոգու շնորհներով իմաստության գիտությամբ, մտքի պայծառ աչքերով, հոգով մաքրված, աշխարհական զբաղմունքներից հեռացած, աչքի առջև միայն հանդերձյալին ուներ, աչքերի առաջ ապագան էր տեսնում, Տիրոջ խրատներով էր խրախուսվում, հզորանում Աստծու խոսքով. «Աշխարհում, -ասում է, -նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33): Հիշում էր ուրեմն նաև առաքելական խոսքը, որ թեև՝ «Մեր այս արտաքին մարդն ապականվում է, -ասում է, -բայց օրեցօր նորոգվում է ներքինը, որովհետև այս հաճախակի նեղությունների մեջ մեզանում գործում է հավիտենական կյանքը»։ Սաղմոսում էր և Դավթի հետ. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և նա լսեց իմ աղոթքները, նա ինձ հանեց տառապանքների փոսից, ցեխից և տիղմից» (Սաղմ. ԼԹ 2-3), նաև թե՝ «Ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ» (Սաղմ. ԽԱ 3), «Քանի որ այրվում եմ ես խանդակաթ սիրով» (Երգ. Բ 5), «Ցույց տուր ինձ, -ասում է, -քո երեսը և լսելի դարձրու քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը, և գեղեցիկ է երեսը քո» (Երգ. Բ 14), «Կգանք քո օծման յուղերի հոտի ետևից» (Երգ. Ա 3)։ Այսպես, ուրեմն, միշտ բարբառում էր և աղոթքներով խնդրում երանելի Գրիգորը, այսպիսի մաղթանքների մեջ խոնարհեցնում էր ամենողորմ Աստծու գթությունը, մինչև որ քաջ հովիվն այցելության եկավ իր մոլորված հոտին, «Նա, ով կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարիտ գիտությանը» (Ա Տիմոթ. Բ 4)։ Այսպիսին էր այցելության օրինակը։

Հռիփսիմե անունով գեղեցկությամբ հռչակված մի կույս կար։ Նրա միջոցով արեգակը լուսավոր աստղերի հետ միասին ծագեց արևմուտքից դեպի արևելյան կողմը։ Նա կույսերի վայելչությունն էր, մարտիրոսների պարծանքը, հրեշտակներին ուրախացնողը, դևերին սարսափեցնողը, երկնավոր Փեսայի հարսնացուն, Աստծու ինքնանվեր ընծան, սրբություն սիրողը, մաքրամաքուր խորհուրդը, առաքինի հոգին, քաջ պայքարողը, հակառակորդին հաղթողը, լուսավոր ճառագայթը, ազնվացեղ ճյուղը, պտղատու ձիթենին, նախանձելի վարքը, պարկեշտության օրինակը, արևմուտքի նորատունկ ծաղիկը, արևելքի զարդարողը, գեղեցիկ կերպարանքը, աստվածանման միտքը, ադամանդե ամրությունը, որ հսկայացեղ բռնավորի անհամար զորությունը երիտասարդի նման պարտության էր մատնում, որի համար աստվածային Դավիթը երգում է. «Թագավորի դստեր ողջ փառքը ներսից և դրսից պատված է ոսկեհուռով»։ Ինչու՞ չխոսել նաև նրա խելամիտ դայակ Գայանեի՝ պարկեշտության մոր, աստվածահաճո դաստիարակի, իմաստուն ուսուցչի, անբեկանելի հոգու, անփոխարինելի խրատողի մասին, որ բռնավորի փաղաքշական պատրանքներից չէր պարտվում, այլ պահում էր իր շուրջը, խոսքերով խնդրում, սովորեցնում հաղթելու, քաջալերում էր զորանալու։ «Ո՜վ իմ գեղեցիկ, -ասում է, -թերի է կյանքը, քո խոստումները ստվեր են, իզուր են պատրանքները, զորացի՛ր Աստծու սիրո մեջ, գեղեցիկ է անմահ Փեսային հարսնանալը, լավ է իմաստուն կույսերի հետ մտնել երկնային առագաստը»։ Այսպիսի խանդաղատական խոսքերով է հորդորում կույսին՝ անխոնարհելի մտքի դիտավորությունն ունենալով Աստծու մոտ մինչև մահը։ Որով արի ճգնությամբ և հանդեսի վկայությամբ բոլորը դեպի Քրիստոսին էին ձգտում։

Եվ սրանից հետո ի՞նչ։ Բռնավորը զորքերի հետ միասին ծանր հարվածներով պատժվում էր։ Քանի որ փոխված մարդկային բնությունից խոզի կերպարանքի, ինչպես մի ժամանակ Ասորեստանի արքան՝ Դանիելի ձեռքով, ոչ թե օրինակով, այլ արդարությամբ, ոչ թե առասպելով, այլ՝ ճշմարտությամբ, գարշելի տեսքով, ողորմելի կերպարանքով, հանդուգն, աներես դևերի, խելագարների նմանված, իբրև վայրի խոզ՝ բնակված անտառում, ինչպես նրանք նրանց մեջ։ Արդարև պատվի մեջ էր, և չիմացավ, այլ հավասարվեց անմիտ անասուններին (Սղմ. ԽԸ 13, 21)։ Այսպես սպառնում է Աստված նրանց, ովքեր հանդգնում են Իրեն հակառակվել։ Այսպիսի հարվածներով խայտառակում է իր պատվիրաններին չհնազանդվողներին։

Այժմ ու՞ր է քո թագավորական վեհությունը, ու՞ր է հպարտությունը, ու՞ր է խրոխտ գոռոզամտությունը, ու՞ր է գերապատիվ աթոռը, ու՞ր է արքայական թագը, ու՞ր է ոսկեզարդ բազմականը, ու՞ր է սքանչելի զորությունը, ու՞ր է անհաղթելի քաջությունը, ու՞ր են հզոր զորավարները, ու՞ր են բռնավոր պետերը, ու՞ր են ատյանի նախարարները, ու՞ր են զվարճախոսներն ու ծաղրածուները, ու՞ր է մահապատժի բեմը, ու՞ր է տանջարանը, ու՞ր են եռանդուն դահիճները, ու՞ր են չարն առաջ բերող մեքենաները, ու՞ր են և ձեր չաստվածները, որոնց հանդեպ դուք հույսով էիք, արդ պիտի կանգնեին և ձեզ թիկունք լինեին։ Ինչու՞, ով հիմարներ, չեք լսում մարգարեին, որն ասաց Աստծու առաջ. «Տեսե՛ք, թե ես եմ, և բացի ինձանից ուրիշ Աստված չկա, որ սպանում և կյանք է տալիս, ծառայում և բժշկում է, թե որ առաջին խոսքով չխրատվեցիք, այժմ պիտի խրատվեք պատժիչ հարվածների ձեռքով»։ Բայց ինչն է առավել, քան այն, որ կատարվեց Նաբուգոդոնոսոր արքայի հետ, չէ՞ որ և նրան իսկապես առաջինն էր պատվիրում և խրատում Դանիել մարգարեն։ Բայց «Ինչպես իժ և քարբ, փակելով իր ականջները, չէր լսում ճարտար թովչի ձայնը, և չէր ընդունում դեղն իմաստուն բժշկից» (Սղմ. ԾԷ 5-6), մինչև հենց արդարությամբ ընդունեց նախօրոք ճառած պատժի խոսքը։ Նույնպես և այստեղ պատահեց նրանց հետ Աստծու մեծ վկայի ձեռքով, որովհետև նրանք, որ չտեսան արևը նրա աստվածային խոսքի խրատից, անպատիվ եղան, ինչպես ջուրը, որ թափվում է, և տկարացան հզորի աղեղի լարելու ժամանակ, որի համար ուրախացավ արդարը՝ տեսնելով հատուցումը։

Եվ այնուհետև նրանք զղջանալով Տիրոջն էին խնդրում, երբ նրանց էր սպանում, ետ էին դառնում և առավոտից Աստծու մոտ էին լինում։ Քանի որ ճանաչեցին, որ աստվածասաստ է պատուհասը, անբուժելի՝ հարվածը, անհուսալի՝ ապականությունը, որով տարակուսանքների խորքն ընկած այնժամ հիշում էին Աստծուն և նրա քաջ նահատակ Գրիգորին։ Ո՞ւմն արդյոք, եթե ոչ կալանավորին, բանտարկվածին, աղքատին, օտարին, տուն չունեցողին, բազում նեղություն կրածին, մահվան դատապարտվածին, կենդանի թաղվածին։ Նրան էին հավատքով խնդրում, նրա ձեռքով էին հույս տածում բուժվել անբուժելի հիվանդությունից։ Եվ սրբին որոնելով, ոչ թե մարդկայինի հույսով, այլ տեսիլքի հայտնությամբ, որ երևաց թագավորի քրոջը։ Եվ իրոք, այնքան ժամանակներից հետո ինչու էին հույսով, թե նա կենդանի է այդպիսի անտանելի վայրում։ Անակնկալ էր կատարվածը, անսպասելի զարմանք, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է։ Ինչպես որ Հովնանը կենդանի պահվեց կետի փորում, և փրկեց Պողոսին անդունդների խորքից, նաև այնտեղ խոր վիրապում մեծ Գրիգորին կենդանի պահեց։ Որ նախքան փնտրողների որոնելը Տերը հայտնեց նրան հանդերձյալ կյանքի մասին ոչ մրրկի միջից և ոչ էլ ամպի, այլ տեսիլքով երևում էր դեմ հանդիման, այն, որ միշտ նրա հետ էր, և նրանից երբեք չէր հեռանում, ըստ իր խոսքի թե՝ «Ով սիրում է ինձ, կպահի իմ խոսքը, և ես ու հայրը նրա մոտ կգանք և նրա հետ կօթևանենք» (Հովհ. ԺԴ 23), և թե՝ «Ես ու՞մ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին, և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից» (Եսայի ԿԶ 2)։ Որի համար բարեգութն ու մարդասերը ձայնում էր իր նահատակին՝ ասելով. «Վե՛ր կաց, որ ննջում ես, և կանգնի՛ր մեռելներից, և Քրիստոս քեզ լույս պիտի տա, վե՛ր կաց, իմ քաջ նահատակ, որ պարկեշտությամբդ թշնամի բանսարկուին տապալեցիր քո ոտքերի տակ, վե՛ր կաց, որ այս ասպարեզում մարտնչեցիր թշնամու դեմ, վե՛ր կաց, որ չարիքների գլուխ Բելիարին ոտքի տակ գցելով մեռցրիր, վե՛ր կաց, դու իմ եկեղեցու հաստատուն սյուն, և տիեզերքի պարծանք, վե՛ր կաց, դու ուղղափառության ուսուցիչ և աշխարհի գեղեցկություն, վե՛ր կաց, դու հավատքի խոսք և մարդկանց դեպի արքայության ճանապարհ առաջնորդող, վե՛ր կաց և զորացի՛ր, վե՛ր կաց և քաջությամբ պնդացրու քո մեջքը, չընկղմվեցիր բազմահոս ալիքների մեջ, արթնացի՛ր և սթափվի՛ր, որովհետև ահա քո մանկությունը, ինչպես արծիվ պիտի նորոգվի, վե՛ր կաց և քարոզի՛ր իմ Ավետարանը, որի համար բազմիցս կրեցիր չարչարանքների զրկանքներ։ Վե՛ր կաց և ուրախացի՛ր, քանի որ քեզ մեծ ազգ պիտի անեմ, ինչպես նախապես Աբրահամին, վե՛ր կաց և ընդունի՛ր քո վաստակած պտուղը, որի համար երկարեցրի քո բազմապատիկ տանջանքների նեղությունը։ «Որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ» (Ծննդ. ԺԷ 5), և «Պիտի բազմացնեմ քո սերունդը, երկնքի աստղերի և ծովեզերքի ավազի չափ» (Ծննդ. ԻԲ 17)։ Մի՛ կարծիր, թե մի օտար հայտնություն արեց քեզ համար, բայց այդ արեց միայն նրա համար, որ արդար երևաս, որ փառավորվես, որպեսզի հրեշտակների և մարդկանց մեջ նշանավոր լինես։ Կար հնար քեզ պսակելու միայն այս ասպարեզի ընթացքի մեջ, բայց դա շատերի վտանգման միջոց պիտի լիներ։ Այս պատճառով քո նեղությունների համար երկար սպասեցի, որպեսզի քեզ արժանացնեմ բարձր փառքի, որովհետև վերստին ավելի պատվի և փառքի պիտի բարձրացնեմ։ Ընդունեցիր նահատակության պսակը, և այժմ պիտի ընդունես հայրապետական աթոռը։ Բարձրացա՛ր Եղիայի հետ առաքինության կառքով, և այժմ ընդունի՛ր կանխատեսության շնորհը։ Ամենադաժան անապատում ճգնեցիր Հովհաննեսի հետ, նրա հետ և դու գոչի՛ր բարբառի ձայնն անապատում։ Բանտի կապանքներում տանջվեցիր Պողոսի հետ, ընդունի՛ր նրան նաև խոսքի անխափան քարոզությունը տիեզերքում։ Պետրոսն առավ արքայության բանալին Ինձանից, և դու ա՛ռ նույն իշխանությունը՝ կապելու և արձակելու երկնքում ու երկրի վրա։ Իմ տասներկու առաքյալներն իրենց մեջ առանձին վիճակների բաժանեցին ընդհանուր աշխարհը, մինչդեռ դու միայնակ լինելով համատարած պիտի քարոզես իմ Ավետարանը։ Որի համար ընդունելով իմ մարդեղության անունը՝ տիեզերքի արդարության արեգակ պիտի կոչվես։

Այնժամ կաղն իբրև եղջերու վազում էր, և ծանրախոսի լեզուն պարզվում էր։ Հետ չէր մնում և չէր երկմտում, այլ փութով գնում էր Տիրոջ կանչին ունկնդիր։ Քանի որ նախօրոք ճանաչում էր կանչողի զորությունը, հավատում էր Աստծուն և Նրան արդար էր համարում, ցնծությամբ ուրախանում էր, հոգեպես հրճվում, խորհրդավորապես պարում, աղաղակում էր ուրախալի ձայնով՝ առ Աստված ասելով. Այս այն օրն է, որ Տերն արեց, եկե՛ք ուրախանանք և ցնծանք սրանում։

Այն ժամանակ բռնավորը ևս, գազանների միջից դուրս գալով, վազում էր նրան ընդառաջ. որ ինչ-որ ժամանակ թագավոր այժմ անտառի խոզ էր՝ գարշելի տեսքով, զզվելի կերպարանքով, կատաղի չարությամբ, դիվահար բազմությամբ հանդերձ, փրփրելով և անձը կոծելով, սրբի ոտքերն էր ընկնում, աղերսագին խանդաղատանքով պտտվում էր նրա շուրջը, տեսքով կարծես ողորմություն էր խնդրում, կերպավորում հայցումը, մինչև որ Քրիստոսի նահատակն ընկավ իր երեսի վրա, երկրպագում էր Տեր Աստծուն, և աչքերից արտասուքի աղբյուրներ թափելով, գոհանում էր Տիրոջից, ուրախալի սրտով ասելով՝ «Ըստ իմ սրտի բազմաթիվ ցավերի քո մխիթարությունն ուրախացրեց իմ անձը, և ով պիտի խոսի քո զորության մասին, Տե՛ր, ով ժայռը դարձրեց ջրի վտակ և ապառաժն՝ աղբյուրի ակունք (Սաղմ. ՃԺԳ 8)։ Որովհետև ահա և այժմ այս ժողովրդի սրտի կարծրացումը քո բարկության կրակով կակղեցրիր մոմի նման, որ և նրանց դունչը ճմլելով սանձի և պախուրցի տակ, ենթարկեցիր քեզ, «Տե՛ր, կարող ես և քարերից Աբրահամի որդիներ դուրս բերել», որի համար խնդրում եմ քո անսահման մարդասիրությունը, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Միածին Որդի և Բան մշտնջենավոր Հոր, բոլորի Տեր և արարիչ ամենայնի, որ Խաչի վրա բարձրանալով կապեցիր հզորին, իսկ մեզ՝ կապվածներիս, շնորհեցիր հավիտենական ազատություն, այժմ գթա՛ և մեզ՝ քո ձեռքի ստեղծածներին, տո՛ւր քո բազկի զորությունը և ազատի՛ր այս ժողովրդին թշնամուն ծառայելուց, հայտնապես ցույց տալով, թե դու ես միայն կենդանի և մշտնջենավոր Աստվածը, և անմահ Թագավորը՝ հզոր ու հավիտենական։ Արդ, բժշկի՛ր սրանց, Տե՜ր, քո հարվածների բարկությունից՝ տեսնելով քո ծառայի խոնարհությունը, և ինձ շնորհիր իմաստության խոսքը, որպեսզի քո զորության միջոցով կարողանամ սրանց հեռացնել դևերին ծառայելուց և քեզ նվիրելու որպես Տեր Աստծու սեփական ժողովուրդ։

Եվ Տերը, նկատելով սրբի աղաչանքները, նույն պահին դիվական հիվանդությունից բոլորին բուժում շնորհեց, ինչպես նաև թագավորին՝ մարդու նման խելք և խոսք։

Եվ նրանց հետ շտապ գալով ուզում էր տեսնել Աստծու վկաների նշխարները։ Եվ տեսնելով՝ ուրախությամբ հավաքում և մեծ պատվով ամփոփում էր պատվական գանձերը հնձանի տեղում։ Ուր և ինքը վանք կառուցելով, բազմաթիվ ժողովրդի և թագավորի հետ միասին, սկսեց նրանց սովորեցնել արարչության սկզբից մինչև հավիտենական վախճանը, որ մենք մեկ առ մեկ չենք կարող պատմել, քանի որ այն այրը շատ իմաստուն էր հոգևոր գիտությամբ և լի աստվածային շնորհներով։ Բայց այս արեց թերևս ճանաչել տալու անեղ Աստծուն և բոլոր արարածների լինելիությունը, մարդու գոյանալը, շնորհի պարգևը, անձնիշխան կամքը, դրախտի փափկությունը, բոլորին, երկնքի ներքո եղած բոլոր բաներին թագավորելը, թշնամու նախանձը, կնոջ անհավատարմությունը, պատվիրազանցությունը, նախնյաց ցանկալի վայելչությունից հրաժարվելը, մահվան դատապարտվելը, ապա մեղքի մեջ շատանալը, Աստծուց օտարացումը, աստվածպաշտության նվազումը, կործանումը ջրհեղեղով, միայն Նոյին ընտրված գտնելը, աշտարակի կառուցումն ու կործանումը, դևերի բազմաստվածությունը, տիեզերքում կռապաշտության բազմացումը, Աբրահամի հավատքը, Իսրայելի ծառայությունը, հարվածներ Եգիպտոսին, փարավոնի խստասրտությունը, ծովի բացվելը, ժողովրդի անցումը, փարավոնի և զորքի խորտակումը, անապատի գեղեցկությունը, մովսիսական քարոզը, գրված օրենքը, Ավետյաց երկիր տեղափոխվելը, մարգարեների գուշակությունը, Քրիստոսի գալուստը, տնօրինական խորհուրդը, խաչվելը որ մեզ համար եղավ, փաստացի մահը, թաղվելը գերեզմանի մեջ, երրորդ օրում հարություն առնելը, մեզ սատանայից փրկելը, մահվան զորությանն հաղթելը, Հոր մոտ երկինք համբարձվելը, Սուրբ Հոգու էջքը վերնատան մեջ, աստվածպաշտության աճը, առաքյալների քարոզությունը, Իր երկրորդ գալուստը նախկին փառքով, ողջ տիեզերքի հարությունը և հավիտենական դատաստանի անաչառ վճիռը։ Այս ամենով՝ մեծ գիտությամբ և ճոխ վարդապետությամբ, ըստ ժամանակի պահանջների, Աստվածաշունչ գրքի վկայություններով և օրինակներով զորացնում էր նրանց։

Սրանից հետո վերստին հնչեցին մաղթանքի խնդրանքներ երանելի Գրիգորին հարվածողներին, և նրա սրտառուչ պաղատանքները Տիրոջը՝ նրանց բժշկության համար, որով առանց հապաղելու ընդունեցին հայցվածը։ Քանզի նրա աղոթքների միջոցով պատժիչ հարվածներն անհապաղ վերցվում էին բոլորի վրայից, և Աստծու խաչի նշանով մկրտելով այր թագավորին, նույն պահին թոթափեց խավարային զգեստը, ձերբազատվեց նա անասնակերպ տեսքից, որ կրեց մեղքին դատապարտված լինելով և հագավ առաջին վայելչական կերպարանքը, մանավանդ՝ ավելի ևս զարմանալի և հրաշալի։ Ինչպիսի՜ մեծ գործ, ինչպիսի՜ անըմբռնելի հրաշք։ Իրոք ո՞վ պիտի պատմի Քո զորության մասին, Տե՛ր, կամ թվարկի Քո հրաշքները։ Որովհետև ո՞վ է տեսել կամ լսել նույն վայրկյանում այնքան դաժան հարվածները բժշկել։ Իրոք Տերը կատարում է իր երկյուղածների կամքը և լսում նրանց աղոթքները։ Իսկ երանելին ոչ թե անձին, այլ Աստծուն էր ընծայում փառաբանությունը՝ ասելով. «Բարձրյալի աջի այս փոփոխումը», և թե՝ «Տիրոջ աջն ստեղծեց զորությունը»։

Ապա և այն ժամանակ Տրդատ թագավորը, քանի որ այս էր անունն արքայի, ջերմեռանդ հավատքով և բարձրագոչ ձայնով խոստովանում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպես ճշմարիտ Աստծու և Հոր Բանի, բոլոր տեսանելի և անտեսանելի արարածների Ստեղծչի։ Քարոզում էր խաչված Աստծուն, երկրպագում էր կենդանի աստվածակիր սուրբ Խաչին, հայտնի կերպով հրաժարվում էր դիվապաշտ անօրենությունից։ Այնուհետև այս հավատքին լինում էր մեծապես զորավիգ, օգնական և վրեժխնդիր ուղղափառության մեջ, ինչպես որ Պողոսը Դամասկոսի ճանապարհին Քրիստոսի երևումից և աչքերի կուրացումից հետո։ Այլև գործերով իր անձի մեջ ցույց էր տալիս, Պողոսի կողմից ասվածը, թե՝ «Ուր մեղքը շատացավ, այնտեղ առավել ևս շատացավ Քրիստոսի բարեպաշտության շնորհները» (Հռոմ. Ե 20)։ Նաև ժողովրդի զորքի բազմությունը քայլեց Սուրբ Հոգու շնորհներով, միաձայն լինելով արքայի հետ՝ բարձրաձայն գոչում էին՝ «Մեծ ես դու, Տեր» (Սաղմ. ՁԵ 10), և «Հզոր և սքանչելի են գործերը քո» (Սաղմ. ՃԼԸ 14)։ Այս պատճառով հավատում ենք քո Ամենասուրբ Երրորդությանն ու մեկ Աստվածությանը, ինչպես լսեցինք և սովորեցինք մեր Լուսավորչի վարդապետությունից, որից ընդունեցինք նաև մարմնի և հոգու բժշկությունը, հեռացանք բազմաստվածության մոլորությունից։

Սրանից հետո արքայն՝ զինված սուրբ նահատակներով և հավատացյալների զորքով հանդերձ, հակառակ գարշելի կուռքերի, կործանելով բոլոր ոսկեզարդ կուռքերը բաշխում էին աղքատներին։ Եվ նրանց դևերով բնակված մեհյանները հիմնովին տապալելով Քրիստոսի խաչի նշանով հողին էին հավասարեցնում, և նրանց տեղերում հիմնում Աստծու գեղեցիկ տաճարներ, նույնպես և՝ սուրբ մարտիրոսների՝ գեղեցիկ կույս Հռիփսիմեի, Գայանե մեծ վկայուհու և ընկերների նահատակության վայրում։ Բազմաթիվ վկայարաններ էին կանգնեցնում, ըստ Տեր Աստծու ցույց տված տեսիլքի։ Մաքրվում էր երկիրն այս պղծություններից, շղթայակիր Գրիգորից հալածվելով դևերն հայտնապես աղաղակում էին մեծաձայն վայնասունով։

Արդ, սրանից հետո ի՞նչ էր անհրաժեշտ. մյուս անգամ ծննդյան վերստին նորոգում, որովհետև եթե՝ «Մեկը ջրից ու հոգուց չծնվի, ¬ասաց Փրկիչը, ¬չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհ. Գ 5)։ Իսկապես ինչո՞ւ ես հապաղում դու՛ Աստծու մարդ։ Մոտեցի՛ր և գործելով Քրիստոսի միջոցով քո հավատացյալներին քեզ համար հոտ պատրաստի՛ր։ Նրանց տուր փրկութան դրոշմը, Տիրոջ ժողովրդին հաստատի՛ր Տերունի նշանի մեջ մկրտության ձեռքովդրանց զգեստավորիր Քրիստոսով, պատրաստի՛ր նրանց, որպես Տիրոջ սեփական ժողովուրդ։ Որովհետև ահա ավանդվեց Ավետարանի խոսքը, հաստատվեց ճշմարտությունը, փառավորվեց Աստված, թշնամին ամոթով եղավ, սատանան կործանվեց, Բելիարը պարտվեց, դևերի հարվածներից բժշկվեց քո ժողովուրդը, ամենքն ընթացան Քրիստոսի օրենքով։ Արդ, ինչու՞ ես վերստին հապաղում, ինչու՞ ես տակավին երկմտում, ինչու՞ ես արդյոք դանդաղում։ Մկըրտի՛ր բոլորին, լուսավորի՛ր ճշմարիտ լույսով, նորոգի՛ր վերստին ծննդյամբ։

Արդ, այսպես էր խնդրում թագավորը, Սրբի ոտքերն էր ընկնում, պաղատում էր։ Իսկ երանելին չէր ախորժում և չէր համաձայնում աղերսական մաղթանքներին։ Չեմ համարձակվում, -ասում է, -հանդըգնել այն աստիճանին, որն առավել է, քան ես։ Ես բավական չեմ կրելու տերունական լուծը, չեմ կարող բանավոր հոտի վերաբերյալ հաշիվ տալ Քրիստոս հովվապետին, որի համար խոնարհվեց երկնքից դեպ երկիր, որի պատճառով մեռավ, թաղվեց և իր արյամբ ազատեց ամենքին մեղքերի ծառայությունից։ Տեղյակ եմ Իր ոչխարների վրա ունեցած սիրո մասին, տեղյակ եմ նաև հարությունից առաջ Պետրոսին տված պատվերի մասին՝ «Պետրո՛ս, -ասում է, -թե սիրում ես ինձ, արածեցրու՛ իմ ոչխարներին» (հմմտ. Հովհ. ԻԱ 16, 17)։ Որովհետև մեծագույն է պատիվը, սակայն դժվարակիր է բեռը։ Իրազեկ եմ նաև այնտեղ կանչվելուց Մովսեսի հրաժարվելու մասին։ Այս պատճառով արժանի չեմ այդ աստիճանին, և պիտի չլինեմ հոտի վերակացուն, որոնց արյունը պահանջելու եմ հանդերձյալ հավիտենականության մեջ։ Այսպես ասելով երանելին առանց թաքցնելու հրաժարվում էր։

Ո՜վ դու քաջ, ինչ՞ ես անում, ինչո՞ւ ես վեհերոտ գտնվում Բարձրագույն պատվի հանդեպ։ Համբերող եղար նեղություններին, անտանելի տանջանքներ կրեցիր, դիմացար այրվող կապարին, տոկացիր անտանելի չարչարանքներին, բնակվեցիր ամենադաժան գազանների հետ, քաղցով զրկանքներ կրեցիր, բազում տարիների կոշտությունը երկրագործելով փխրեցրիր, փուշն արմատախիլ արեցիր, նորատունկ այգին պըտղաբերության հասցրիր. այժմ դանդաղում և հրաժարվո՞ւմ ես։ Այո՛, ասում է, քանզի դողում եմ Տիրոջ սարսափելի հրամանից՝ մարգարեի միջոցով ասված. «Մարդու որդի, քեզ դետ կարգեցի իսրայելի այդ տանը, որովհետև եթե չզգուշացնես, -ասում է, -նրանց արյունը քեզնից եմ պահանջելու» (Եզեկ. Գ 17, 20)։ Գիտեմ նաև, որ եթե մեկը փափագում է Աստծու և մարդկանց միջև միջնորդ լինել, պարտավոր է նմանվել հովվապետ Քրիստոսին, ըստ Պողոսի խոսքի, թե՝ «Նմանվեցե՛ք ինձ, ինչպես որ ես՝ Քրիստոսին»։ Արդյոք ինչպիսի՞ նմանությամբ։ Որովհետև ասում է. «Ամենքին օգտակար եղա, որովհետև չեմ փընտրում միայն իմ օգուտը, այլև՝ շատերինը, որպեսզի փրկվեն» (հմմտ. Ա Կորնթ. Ժ 33)։ Նույնպես նաև՝ «Իմ կյանքը կտամ ոչխարների համար» (Հովհ. Ժ 10)։ Ով աստվածասեր հոգի, ով մեծագույն խոնարհություն, ով մեծ առաքինություն։ Այստեղ կատարում էր Տիրոջ հրամանը. «Երբ կատարեք բոլորը, ասացեք, թե՝ անպիտան ծառաներ ենք» (Ղուկ. ԺԷ 10)։ Նաև Պողոսի նման բարբառում էր. «Ինքս իմ մասին բան չգիտեմ, բայց սրանով չեմ արդարանում, որովհետև նա, որ դատում է ինձ, Տերն է» (Ա Կորնթ. Դ 4)։ Եվ սրանից հետո ի՞նչ պիտի լիներ, կամ ինչպիսի տարակուսելի գործ պիտի ցույց տրվեր Տիրոջ կողմից։ Գիշերը տեսիլքով հայտնվեց նրան և ասաց. «Վե՛ր կաց, իմ քաջ նահատակ, բարձունքներից հագի՛ր զորությունը, զորավիգ եղի՛ր և ընդունիր քահանայապետության աստիճանը։ Դու անպիտան ես համարում քեզ, ես քեզ իբրև շատ պիտանի մեկը պսակի պիտի արժանացնեմ։ Դու իջնելով խոնարհվում ես, մեծ փառքով ես պիտի բարձրացնեմ քեզ։ Չեմ խափանելու վճիռն ըստ քո կարծիքի։ Վե՛ր կաց, հագի՛ր քահանայի արդարությունը և մկրտի՛ր իմ ժողովրդին։ Դու իմ ավետարանի կարապետ, դու մկրտող, դու բարձրյալի մանուկ մարգարե պիտի կոչվես, պիտի գնաս իմ առջևից՝ պատրաստելու Տիրոջ ճանապարհը, տալու իմ ժողովրդին ճշմարիտ գիտություն և նրանց բոլոր մեղքերին թողություն։ Եվ ահա, «Ես ուղարկում եմ իմ հրեշտակին քո առջևից, որ քո առջև բացի քո ճանապարհը» (Ղուկ. Է 27)։ Այսուհետև էլ ի՞նչ պիտի ասես, ով դու երանելի, կա՞ ուրիշ որևէ արդարացի պատասխան։ Եթե քո խոսքերը պիտի հավանես, նայիր դեպ կանչողի մեծությունը։ Ինչու՞ ես իրոք հապաղում. Աստված է, որ արդարացնում է, իսկ ո՞վ է, որ պիտի դատապարտի արդարին։ Ո՛չ, ասում է, հակառակվելու այլ պատճառ չունեմ։ Ընդամենը մեկ անգամ խոսեցի, երկրորդը պիտի չավելացնեմ։ Ահավասիկ պատրաստ եմ հնազանդվելու Տիրոջ հրամանին՝ վստահ լինելով Նրա զորությանը։ Ես տկար եմ և ունայն, Նա հզոր է։ Ես ծույլ եմ, իսկ Նա արագ օգնելու մեջ։ Գիտեմ պատրաստ է վերցնելու իմ տկարությունը, գիտեմ, որ լցնում է իմ պակասության թերին։

Այսպես եմ ես գովում հովվին, այսպես վերակացուին, ողջունում եմ նրա տկարությունը, ընդունում եմ նրա թուլությունը։ Որովհետև ոչ թե նա պատվի հետ, այլ պատիվն է նրա հետ քայլում։ Որովհետև փառք չէր փնտրում, այլ՝ փառքից փնտրվում։ Այսպես վայել է քահանայապետին, ըստ Պողոսի. «Սուրբ, անբիծ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքները» (Եբր. Է 26)։ Որովհետև ով այդպիսին չլինի, չի կոչվելու հովիվ, այլ՝ գող, ավազակ և ապականող գայլ՝ հոշոտելով Քրիտոսի հոտը։ Ընդ որում և մեզ երևացին այս ճշմարտության հակառակորդները, ոչ միայն գայլերը, այլ նաև չարերն ու ամբարիշտները, թշնամիներն ու դավաճանները, հայհոյողներն ու կեղծավորները, պիղծերն ու սուտ վարդապետները, կույր առաջնորդներն ու մոլորեցնողները, նեռերն ու հոգու դեմ մարտնչողները, որոնք թշնամացնում են Հոգու շնորհների հետ։ Որոնց թույլ չի տա թե՛ այժմ, այս ժամանակի հավիտենականության մեջ, թե՛ հանդերձյալ կյանքում։ Դրանց միշտ հայհոյում է ճշմարտության ճանապարհը։ Ուստի եթե հաճելի է, պետք է և արժան է նախ և առաջ խոսել այսպիսի խոսքով, իսկ ապա ավարտել մեր երանելի հոր ներբողական ճառը։

Հովվապետին է դատաստանը, քահանայապետին՝ տոնախմբությունը, պետք է առանձնացնել գայլերին հովիվներից նրա հետ և փառքի պատիվը՝ մի փոքր հիշատակելով նաև մեր ցավը։ Քանզի արդեն հասել է այս հավիտյանների վախճանը։ Շատացավ անօրենությունը, նվազեց սերը, մոլորեցնողները շատ են և առավել ևս մոլորվածները։ Ուրեմն, այստեղ բեր բացենք աստվածային գիրը, ուր պիտի գտնենք ճշմարտության ճանապարհը։ Քանի որ մեր երանելի հորը տեղ տալը, մեզ պիտի տանի խոսքերի խորքերը։ Այսուհետև քայլենք սուրբ լեռների վրայով, ասում եմ մարգարեների և առաքյալների միջոցով, և պիտի զգուշանանք, որպեսզի չմոլորվենք վարդապետության ամեն մի հողմից, և չմնանք ներքևում, այլ Բանի Տիրոջ աշակերտների հետևից պիտի բարձրանանք լեռան վրա, և լսենք, թե ինչ է խոսում մեր քաջ հովվապետ Քրիստոսը. «Զգո՛ւյշ կացեք,- ասում է,- թո՛ղ որևէ մեկը ձեզ չխաբի»։ Ըստ Պողոսի՝ «Զգո՛ւյշ եղեք խոսքերից, զգուշացե՛ք չար մշակներից», և ապա՝ «Տեսե՛ք, թե ուր եք գնում», և վերստին ասում է. «Զգուշացե՛ք ոչ միայն անձերից, այլև՝ ամբողջ հոտից»։ Եվ արդ, ես փոքրինչ ավելացնեմ Տիրոջ, առաքյալների և մարգարեների խոսքին։ Եվ սկսեմ այտեղից, որ ասում է. «Ես եմ սկիզբն ու վախճանը։ Այլ մի կողմ թողնելով կենցաղական հոգսերը՝ ուղղեք ձեր միտքը դեպ ինձ։ Աստվածային բերանով մեր Տերն ասաց. «Զգույշացե՛ք, որպեսզի չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն՝ ես եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն» (Մարկ. ԺԳ 5, 6), նաև՝ «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են, իրենց գործերից պիտի ճանաչեք նրանց» (Մատթ. Է 15, 16), այսինքն՝ սուտ մարգարեությունից, կեղծավորությունից, ագահությունից և հայհոյությունից։ Արդ՝ թող ձեզանից ոչ մեկը չերկմտի կամ անտեղի լսի խոսքը, քանի որ Աստված է, որ խոսում է։ Ուրեմն, հովիվներ, լսեցե՛ք հովվապետի ձայնը, լսեցեք և զգուշացեք ձեր հոտից, «Որովհետև ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, նա գող է և ավազակ» (Հովհ. Ժ 1), և դարձյալ՝ «Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ» (Ղուկ. ԺԱ 23), ուրիշ տեղում՝ «Դուք իմ այն ոչխարներից չեք» (Հովհ. Ժ 26)։ Տեսնում ես, թե ինչպես է ամենուր հաստատում խրատները, որպեսզի մենք չմոլորվենք։ Ո՜վ անճառելի մարդասիրություն, ո՜վ անտանելի խոնարհություն։ Այս ամենի համար, որպես տուրք, ի՞նչ պիտի տանք Տիրոջը, կամ ի՞նչ պիտի պատասխանենք մեր հովվապետին։ Ո՜վ հովիվներ և հովակիցներ, նա քանի՞ անգամ մեզ պատվիրեց զգուշանալ գողերից և ավազակներից, և ոչ միայն ավետարանով, այլ մարգարեների և աստվածախոս աշակերտների միջոցով ևս ասաց։ Ամենքի հետ խոսում է այնպես, ինչպես որ կամենում է։ Եվ վկայում է ինձ Պողոսն՝ ասելով, թե «Ինչու՞ եք կամենում փորձել Քրիստոսին, որ ինձնով խոսում է ձեզ հետ»։ Եվ արդ, այսուհետև ձեզ համար պիտի մեջբերում անեմ աստվածաբանների խոսքերը։ Լսենք նրանց, թե ի՞նչ են, իրոք, պատվիրում մեզ։

Խոսի՛ր, ո՜վ դու երանելի Պետրոս, խոսի՛ր պանծալի գլուխ, որին ընտրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ասա՛ մեզ նրանց մասին, ովքեր պատրաստ են շեղելու Քրիստոսի հոտը, որն ավանդեց քեզ մեր անձերի հովվապետն ու տեսուչը և շնորհեց Սուրբ Հոգին։ Պետրոսն ասում է. «Նախ այս իմացեք, որ այս վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների» (Բ Պետ. Գ 3)։ Եվ ապա՝ «Ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք կորստաբեր հերձվածներ են ներմուծելու, և շատերը պիտի գնան նրանց անառակությունների ետևից, որոնց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը պիտի չուշանա։ Անեծքի՜ որդիները, թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորվեցին» (հմմտ. Բ Պետ. Բ 1-4, 15)։ Այս է ասում երանելի Պետրոսը՝ հավատքի ճշմարիտ վեմը, այն ամրությունը, որի վրա Քրիստոս կառուցեց իր եկեղեցին։ Պետրոսը, որ ընդունեց երկնքի բանալիները, որ մեծ զորությամբ այն Սիմոնին գետնին տապալելով կործանեց, բոլոր Քրիստոսին հավատացյալների ավագն ու վերակացուն է։ Իսկ ի՞նչ է ասում Տիրոջ սիրելի Հովհաննեսը. «Բազում մոլորեցնողներ են եկել աշխարհ, մի՛ հավատացեք ամեն մի հոգու»։ Եվ դարձյալ. «Ամեն մի հոգի, որ չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն (Բ Հովհ. Ա 9)»։ Այսպես, Որոտման որդի Հովհաննեսը, որ սիրելին էր սրբերի մեջ, ողջ աշխարհում հնչեցրեց Ավետարանի խոսքը։ Նրա հետ և Հակոբոս առաքյալն ասում է. «Ով կամենում է նրանց բարեկամ լինել, Աստծուն իրեն թշնամի կդարձնի» (Հակոբ. Դ 4)։ Իսկ Հուդան ասում է. «Վերջին ժամանակներում պիտի գան ծաղրողներ, որոնք պիտի շարժվեն իրենց ցանկություններով, սրանք հողմակոծ անջուր ամպեր են, ծովի կատաղի ալիքներ, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարը» (Հուդա, Ա 12, 13)։ Այս և սրանից ավելին է պատվիրում Հուդան։ Ե՛կ սրանից հետո, ո՜վ ընտրյալ անօթ, և դու մեզ ասա այս չար հավիտյանների մասին։ Պողոսն ասում է. «Ես գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին» (Գործ, Ի 28)։ Տեսնու՞մ ես թե առաքյալների և թե մարգարեների, տեսնու՞մ ես ամեն տեղ աստվածաբանների խոսքերը միաբանված են վարդապետի հետ։ Քանի որ կրկին ասում է. «Զգույ՛շ եղեք, այս օրերը չար են», և թե՝ «Չար և խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմոթ. Գ 14), նաև՝ «Նրանց աստվածը իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը» (Փիլիպ. Գ 19)։ Այսպես էր պատվիրում Պողոսը, նա, որ եկեղեցու երգարանն է, աստվածախոս նվագարանը, Քրիստոսի խոսքը, աստվածային խոսքի փողը, ճշմարիտ ճարտասանը, հեթանոսների որսորդը։ Արդ, պիտի համոզենք ձեզ այս խոսքերով, թե՞ իզուր ենք ջանք թափում։ Բայց թեկուզ ոչ բոլորը, սակայն ջերմեռանդների բարության համար չեմ խափանելու այս գործը։ Քանի որ սուրբ մարգարեները նախօրոք գուշակեցին սուտ ուսուցիչների և ավելորդ հետաքըրքրասեր հովիվների մասին, այս պատճառով Դավիթն ասում է. «Ճշմարտություն չկա նրանց բերաններում, և իրենց սրտերն ունայնացած են» (Սաղմ. Ե 10), և ապա Աստված ասում է մեղավորին. «Իսկ դու ինչու՞ ես պատմում իմ արդարության մասին, կամ բերանդ չես առնում իմ ուխտը» (Սաղմ. ԽԹ 16), նաև՝ «Գողերի հետ էիր ընթանում և ընկերանում շնացողներին» (Սաղմ. ԽԹ 18)։

Արդ, արդյոք ու՞մ համար է քարոզում մարգարեն հովիվների և վերակացուների հետ, եթե ոչ քո, որովհետև Աստծու պատգամը հենց մենք ենք քարոզում՝ ունենալով քահանայության աստիճան։ Եվ ինչու՞ շուն չկոչվի այն, որ Աստծու իրավունքներին հակառակ շարժեց իր լեզուն և շնացավ՝ ոչ թե մարմով, այլ՝ հոգով, որովհետև իմ կենդանության օրոք տիրացավ աթոռիս։ Բայց մենք առաջ գնանք։ Դավիթը կրկին նույն բաների մասին ասում է. «Նրանք, ովքեր ընտրվել են արծաթով, պիտի անարգվեն»։ Իսկ Սողոմոնը խրատում է՝ ասելով. «Որդյա՛կ, թող չխաբեն քեզ ամբարիշտ մարդիկ՝ արդարի արյունը խառնելու նրանց հետ» (հմմտ. Առակ Ա 10, 11)։ Աստված Եսայու ձեռքով, երկինքն ու երկիրը որպես վկայություն դատաստանով կնքեց Իսրայելի հետ, թե՝ «Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, որովհետև Տերը խոսեց» (Եսայ. Ա 2)։ Եվ ըստ կարգի մեկ առ մեկ հայտնելով նրանց խստասրտությունը՝ բարկության վերջում ասում է. «Ամեն գլուխ ցավի մեջ է և ամեն սիրտ՝ տրտմության։ Ոտքերից մինչև գլուխ առողջ տեղ չկա, վերքերի, այտուցների և շարավոտ խոցերի վրա» (Եսայ. Ա 5)։ Ինչո՞ւ. քանի որ այն ժամանակ է կոչվում վերք, երբ մարմնի այլ մասը առողջ է լինում, և մի մասով անզգայանանում է վերքի հանդեպ։ Իսկ եթե բոլոր անդամներով վիրավորվի, դրանից հետո օգտակար չեն լինի ոչ ձեթը, ոչ վիրակապը, և ոչ էլ սպեղանին՝ վրան դնելու համար։

Եվ արդ, լսե՛ք, հովիվներ, և զարհուրե՛ք, մի՛ լռեք խոսքից, այլ քարոզե՛ք համարձակությամբ։ Սատանային տեղի մի՛ տվեք։ Նմանվե՛ք մեծ Պետրոսին, թե ինչպես մեծ բարկությամբ սաստեց գարշելի Սիմեոնին, երբ փորձում էր Աստծու շնորհները արծաթով ստանալ։ Որ կաշառքով հանդերձ նզովված՝ կորստյան մատնեց։ Ընդունե՛ք և աստվածագիր Պողոսի խրատը Տիմոթեոսին. «Ձեռքդ շտապով որևէ մեկի վրա մի՛ դիր, -ասում է, -որպեսզի ուրիշների մեղքերին մասնակից չլինես» (Ա Տիմոթ. Ե 22)։ Լսեք նաև Տիրոջ խոսքը. «Մի՛ տվեք սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որն Աստծու խոսքի մաքրությունն է» (Մատթ. Է, 6)։ Դարձյալ, թե՝ «Նմա՛ն եղեք քաջ հովիվներին, քաջ պատերազմողների առաքինությանը և եկեղեցու առաջին վերակացուներին»։ Թեպետև շատ տարբերություն եմ տեսնում այն երանելի այրերի և այս ժամանակում կոչված հովիվների ու վերակացուների միջև։ Նրանք քաջ պատերազմող են, իսկ սրանք փախչում են հոգևոր պատերազմից։ Նրանք աստվածային գրքի ընթերցման, գիտության և կրոնի նախանձավոր են, իսկ սրանք՝ հագուստներով պճնազարդված և արծաթասեր ու միայն դրանցով ընկերներին գերազանցել փութացող մարդիկ։ Նրանք իրենց անձերը դրեցին ոչխարների վրա՝ նմանվելով քաջ հովվապետին և Փրկչին, իսկ սրանք վարձկանների պես թողեցին ոչխարներին և փախան։ Ո՜վ երանելի և աստվածային անձեր, որոնց հիշատակը գրված է կյանքի գրքում։

Երբեմն ողբում էր Դավիթը՝ մտաբերելով Աստծու գթությունը. «Ու՞ր են քո նախկին ողորմությունները, Տե՛ր» (Սաղմ. ՁԸ 50)։ Նմանապես և ես պիտի ողբամ Դավթի հետ և պիտի ասեմ արտասուքով. «Ո՞ւր է առաջին եպիսկոպոսների և վարդապետների բազմությունը, որ հայտնվեց ինչպես փայլակն աշխարհում՝ իր մեջ ունենալով կենդանի խոսքեր»։ Դրանցից մեկն է և մեր պանծալին ու վկան, մանավանդ շատերի մեջ առաջինը, որի տոնախմբության պատմությունը մեր առջևում է։ Նրանք ճշմարիտ հովիվներն են, իսկ սրանք՝ ապականող գայլեր։ Նրանք զորավոր են աստվածային գործի և խոսքի մեջ, իսկ սրանք՝ ընկղմված մարմնավոր ունեցվածքի և ժառանգության մեջ։ Քանի որ սրանց մեջ միշտ նկատվում է բազում ջանք ու խոսակցություն արծաթի և խենեշ հանդերձների, երիվարների և ջորիների, արոր քաշող եզների, հոտերի և ոչխարների բազմանալու, և զանազան ագահությունների մասին։ Իսկ բանավոր հոտի փրկության և բարի նախանձի մասին, ոչ մի խոսք և ոչ մի հոգատարություն։ Ո՜վ անմտություն, ով չարարմատ արծաթասիրություն, ինչպե՞ս պիտի սրանք կարողանան սովորեցնել Քրիստոսի գեղեցիկ աղքատությունը, որ մեզ համար աղքատացավ, և իր աշակերտներին պատվիրում էր գոտիներում պղինձ չունենալ։ Իրո՛ք մոլորված են, որովհետև չգիտեն գրվածը և ոչ էլ Աստծու խոսքի զորությունը։ Արդ՝ լսեցե՛ք հովիվներ և ձեզ հետ մի՛ վերցրեք երկրի գանձերը։ Ձեր արծաթը շատացավ, իսկ խոսքը պակասեց։ Ձեր ունեցվածքը մեծացավ, իսկ համարձակությունը լռեց։ Անբանների բազմությունը շատացավ, իսկ ձեր բանավոր հոտը հափշտակվեց, որի համար Քրիստոս հովվապետին հաշիվ եք տալու։ Երբեք պիտի չանգիտանաք, թե յուրաքանչյուրը միայն իր անձի համար պիտի պատասխան տա Աստծուն, իսկ դուք՝ քահանայապետներ, քահանաներ և սարկավագներ՝ անհատների և ժողովուրդների հետ, որովհետև հավատ ընծայվեց ձեզ Տիրոջից։ Տեսե՛ք, որ ձեր մասին չի անգիտանում տաղանդների առակը։ Զգո՛ւյշ եղեք անհատներից և ողջ հոտից, թո՛ղ ձեր ոչխարներից ոչ մեկը չկորչի, որովհետև նրա արյունը ձեր ձեռքից պիտի պահանջի դատավորը։ Այսուհետև արթո՛ւն կացեք և քարոզեցե՛ք կյանքի խոսքը, հեռո՛ւ վանեցեք բոլոր կենցաղային հոգսերը և պատրա՛ստ եղեք Տիրոջ գալստյանը, որովհետև երբ գալու լինի, ձեզ վստահված արծաթի տաղանդը տոկոսներով պիտի պահանջի։

Այս ամենը մտածելով, սիրելինե՛ր, ագահության պատճառով մի՛ հափշտակեք վերակացության աթոռը հանդուգն ձևով։ Ձեզ օրինակ պիտի ունենաք երանելի հորը, որի հիշատակն այստեղ հավաքված կատարում ենք, թե ինչպես էր այն երկար տարիների տանջանքներին դիմանում, և թե ինչպես գործի ավարտին հրաժարվում էր տեսչի պաշտոնից՝ հասկանալով, թե դժվար է կրել Տիրոջ լուծը։ Նույնպես և դուք, որ ստացաք հովվության աստիճան, ողջամտությամբ հովվեք, որովհետև ձեր ձեռքում է Տիրոջ հոտը, ինչպես ասում է առաքյալը. «Ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե տիրանալով նրանց ժառանգությանը, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի երբ Քրիստոս հովվապետը երևա, ընդունեք փառքի անթառամ պսակը (հմմտ. Ա Պետ. Ե 2, 4)։ Նույնը Պողոսն է գրում՝ ասելով. «Եպիսկոպոսը պետք է անարատ լինի, ինչպես Աստծու տնտեսը։ Ոչ անպարկեշտ, ոչ բամբասող, ոչ թշնամացող, ոչ բռնասեր, այլ՝ հյուրասեր, խոհեմ, բարեսեր, խոնարհ, արդար, սուրբ, պարկեշտ, հավատարիմ վերակացու լինելու վարդապետության խոսքին, որպեսզի կարողանա մխիթարել հավատացյալներին, իսկ հակառակորդներին նախատել (Ա Տիմ. Գ 2, 5)։ Տեսնու՞մ ես, թե աստվածային առաքյալն ինչպիսի՜ ջանքի է հանձնառու լինում, եպիսկոպոսներին զգուշացնում է բարի գործերում նախանձախնդիր լինել, որպեսզի իր օրինակով կարողանա ուրիշներին օգուտ տալ։ Բայց ոչ միայն քահանաներին է զգուշացնում՝ միշտ Աստծու օրենքի և բարի գործերի մեջ թևակոխել, այլ բոլոր մարդկանց՝ ըստ յուրաքանչյուր աստիճանի, ամենամեծերին և փոքրերին, թագավորներին և դատավորներին, իշխանավորներին և նրանց, ովքեր իշխանության տակ են, հարուստներին և աղքատներին, երիտասարդներին և կույսերին, տղամարդկանց և կանանց, ծերերին և դեռահասներին, որոնք մեկ անգամ Քրիստոսի համար մկրտվել են և կոչվում են քրիստոնյաներ՝ հանուն Քրիստոսի։ Նրան հավատացողները պետք է հիշեն Աստծու ուխտը, որ դուք պիտի հաստատեք Քրիստոսի խորանի առջև, իսկ խոսքով նրան Տեր և Աստված պիտի խոստովանեք՝ հրաժարվելով սատանայից և նրա բոլոր գործերից։ Տեսե՛ք, թե իրոք ու՞մ պիտի նվիրեք ձեր անձը. ո՛չ հրեշտակներին և ո՛չ էլ հողեղեն թագավորներին, այլ՝ թագավորների Թագավորին և տերերի Տիրոջը։ Բազմաթիվ վկաների առաջ նրա՛ն դավանեցիք, և նրա՛ն պիտի խոստովանեք։ Որ և այսուհետև պիտի ակընկալեք նրա գալուստը երկնքից։ Որովհետև գալով պիտի բերի ձեր ուխտադրոշմ խոստովանության ձեռագիրը և այն պիտի ընթերցվի հրեշտակների և մարդկանց առաջ։ Արդ, այսուհետև հեռո՛ւ մնացեք անաստված գործերից։ Լսե՛ք առաքյալին, որն ասում է. «Այս եմ ասում և ուխտ հաստատում Տիրոջ հետ, թե մի շարժվե՛ք այնպես, ինչպես այլ թերահավատներ իրենց խավար հոգիներով և մտքի դատարկությամբ»։ Որի համար, սիրելինե՛ր, ինչպես ընդունեցիք պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսից և իր սուրբ աշակերտներից, նույնի մեջ ամուր կերպով պիտի հաստատվեք։ Եղե՛ք հնազանդ ձեր ճշմարիտ առաջնորդներին և զգուշացե՛ք պղծություններից, որովհետև այս օրերը չար են, և հովիվների փոխարեն գայլերն են հովվապետ դառնում, որոնք արտաքինից հրեշտակի կերպարանք են ստանում, բայց ներսից սատանայի բնակարան են, խոսքով բարեպաշտ են ձևանում, իսկ իրենց գործերում ուրացող։ Բայց մի՛ խաբվեք նրանցից, այլ ինչպես ընդունեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նույնի մեջ քայլեք մինչև վերջ, որպեսզի և նրա հետ թագավորելով վայելեք հավիտենական կյանքը։

Եվ արդ, սրա վերաբերյալ պիտի ավարտենք խոսքն այստեղ, բայց վերստին պիտի ձեռնամուխ լինենք մեր երջանիկ հոր և մեծ նահատակին ուղղված ներբողական խոսքերին։ Քանզի նրա անչափ խոնարհությունը մեզ մղեց այսքան երկարեցնել խոսքն այնպես, ինչպես այն պետք է նրանց համար, ովքեր ցանկանում են հասնել այս աստիճանին և տենչում են վերակացու լինել բանավոր հոտին՝ օրինակ վերցնելով այս երանելուն։ Նրա նման նախ և առաջ պարտ է սրբել անձն ամեն կեղտից և ապա մոտենալ այս աստվածային սրբությանը, ըստ Տիրոջ հրամանի. «Թող փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն երկնավոր Հորը» (Մատթ. Ե 16), նաև՝ «Եթե հանդիպեք մարմնավոր փորձություններին, մի՛ հուսահատվեք չհամբերելով, այլ մեծ հույսով սպասեք»։ Տեսեք Աստծու միջոցով զգեստավորված հայրերին, թե ինչպես Քրիստոսի հոտի համար համբերեցին այնքան նեղություններին և չարչարանքներին, համբերությամբ ընկան նեղության, չարչարանքի, հարվածի, բանտի, խռովության, հսկման, պահքի, սրբության սիրո, ճշմարիտ խոսքի և Աստծու զորության մեջ, փառքով և անարգությամբ, օրհնությամբ և նախատինքով, իբրև մահկանացուներ և ճշմարիտ կենդանիներ, իբրև սգացողներ և միշտ զվարճացողներ, իբրև աղքատներ, և շատերին հարստացնողներ։ Այս բոլորը գրվեց որպես մեզ օրինակ նրանց մասին, որպեսզի մենք ևս գնանք նրանց ճանապարհով։

Նաև սուրբ մարգարեներն ու նահապետների դասը տարբեր փորձություններով անցկացրին իրենց կյանքը։ Լսի՛ր իսկ Դավթին, որ թվարկում է իր վշտերի բազմությունը «Տեր Աստված իմ հույսս քեզ վրա է, հալածողներից փրկիր ինձ», ապա՝ «Տեր մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ ամբողջովին», և թե՝ «Ես պատրաստ եմ տանջանքի մեջ ընկնելու, բայց հեռացրո՛ւ այն ինձանից», դարձյալ՝ «Ամեն օր կոխոտում են ինձ իմ թշնամիները և ուտում եմ մոխիրն ինչպես հաց, ես պանդուխտ եմ և օտարական, ինչպես իմ բոլոր հայրերը»։ Տեսնու՞մ ես, ոչ միայն իր նեղություններն է հայտնի դարձնում, այլև՝ նախնիներինը, և ոչ միայն մեկին կամ երկուսին, այլ բոլորին, «ինչպես իմ բոլոր հայրերը» (Ա Մնաց. ԻԹ 15) ասում է, ցույց տալով, թե նրանցից ոչ ոք այս աշխարհում հանգիստ չմնաց։ Եթե փափագում եք, գնացեք բազմավիշտ նահատակի մոտ, երանելի Հոբի մասին եմ ասում, և չափավոր կերպով նրանից լսեք բարեկամներին պատմած չարչարանքները, որպեսզի թերևս կարողանանք նրա խնդրանքն ու մեր թեթև նեղությունը համբերությամբ տանել. «Միթե՞ փորձություն չէ երկրի վրա մարդու կյանքը, վարձկանի օրական վարձը չէ՞ իր կյանքը» (Հոբ Է 1), նաև՝ «Ցավոտ գիշերներ են բաժին ընկել ինձ, ցավով եմ լցված երեկոյից մինչև առավոտ» (Հոբ Է 3, 4), «Արդարներն էլ ծաղրի են ենթարկվում, քանի որ մատնվում են ամբարշտի ձեռքը» (Հոբ Թ 23)։ Իսկ Աստծու մոտ ասում է. «Գիշերվա տեսիլքով վախեցնում ես ինձ, մատնեցիր ինձ անօրենի ձեռը, ազգերին ինձ բամբասանք դարձրի՛ր, պաշարված եմ ես բոլորից» (հմմտ. Հոբ Է 14)։ Տեսնո՞ւմ ես ցավոտ պատմությունը, տեսնո՞ւմ ես ծանր վշտերը։ Սրա նման Երեմիան ևս խոսում է. «Ո՜վ մայր իմ, ինչու՞ ծնեցիր ինձ, դատված և դատապարտված մարդ եմ, տեսնում եմ մարդկանց թշվառությունները» (հմմտ. Երեմ. ԺԵ 10)։ Այսպես, բոլոր արդարների դասերը իրենց կյանքն անցկացրին ցավերի և չարչարանքների մեջ։ Որի համար աղաչում և փոխարենն ասում եմ. «Միշտ մի՛ խնդրեք հանգըստությունն ու ընդարձակությունը հետագա ճանապարհին»։ Քանզի զինվորը, որ պայքարում է այս կյանքում և զորավարի հրամանով չի պայքարում, նրա կողմից չի պսակվելու։ Նույնպես և դուք, մի՛ եղեք անպիտան և ծույլ պայքարի ասպարեզում, այլ նմանվելով երանելի մարդկանց, դիմացեք գալիք նեղություններին, որը բարեպաշտության համար է։ Գիտեք նաև՝ «Որ նեղությունները,- ըստ Պողոսի,- համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս բարիների համար, հույսը երբեք չի ամաչեցնում նրա մեջ հաստատվածներին» (Հռոմ. Ե 4)։ Եվ արդ, միայն նեղությանը մի՛ նայեք, այլև՝ պսակին, ոչ միայն ապականությանը, այլև ի տրիտուր հատուցմանը, ոչ տանջանքին, այլ արքայության խոստմանը։ Քանզի և այս հուսո լրումը մեծ է երևում՝ հանուն հանդերձյալ բարիքների անտեսել ներկայիս չարչարանքները։

Եվ այժմ բավական ենք համարում այն, որ այս նպատակով խոսեցինք։ Ե՛կ այնուհետ ասենք հետևյալը՝ հանգելով այն խոսքին, որից սկսեցինք։ Քանզի մեր երանելի հայրն ու մեծ խոստովանող Գրիգորը վերևում երևացող լուսավոր հայտնությունից հետո անսաց տերունական հրամանին. «Այնուհետև գնում էր ընդունելու քահանայապետության ձեռնադրությունը»։ Եվ այնտեղ մեծագույն նշան կար. թե ով էր Գրիգորը, Աստված ցույց էր տալիս, ինչպես որ Սուրբ Հոգին աղավնակերպ տեսիլքով հայտնվում էր՝ նրա վրա հանգչելով։ Եվ այդքան մեծ պատվով ետ էր վերադառնում Աստծու սքանչելի քահանայապետը՝ այցելելով իր նորահավատ ժողովրդին։ Նրան պատվելու համար ընդառաջ էր գնում մեծ արքա Տրդատը՝ բոլոր զորքերով հանդերձ, և նրանք միմյանց հանդիպեցին Եփրատ գետի մոտ՝ ուրախությամբ ընդունելով բոլորին։ Քանզի նրանց մկրտում էր Սուրբ Երրորդության անունով։ Ուր երկնքից անճառելի լույսն էր ծագում՝ որպես սքանչելի հրաշք տեսնողների համար։ Եվ ապա Տիրոջ համար հարազատ ժողովուրդ էր պատրաստում։ Հայաստան երկրում հիմնում էր բազմաթիվ հրաշալի Աստծու տաճարներ։ Կարգում էր եպիսկոպոսներ, երեցներ և սարկավագներ, դասեր հոգևորականներից և վանականներից, ճոխ վարդապետությամբ սովորեցնում էր նրանց աստվածային տառերի զորությունը, հաստատում հավատքի մեջ, ամրացնում առաքելական ավանդությունների հիմքի վրա։ Եվ մինչև այժմ օրեցօր շատանում են լավագույնները՝ նրա ընտրյալ ժողովրդից և երկրից։

Իսկ երանելին կարճ ժամանակ անց հրաժարվում է վերակացությունից. նրա ցանկությունն էր՝ գնալ համբուրել լռությունը։ Քանզի նրան շատ ցանկալի էր մեծ Եղիայի և Հովհաննես Մկրտչի հետ բնակվել անապատում, որի համար փափագում էր թաքցնել իր անձն այս մարդկային կյանքից, որպեսզի այնտեղ սրբությամբ և անմարմին կերպով հանդիպեր անմարմին Աստծուն դեմ հանդիման։

Այսպիսին են մեր սրբազան հոր ճանապարհները, և նրա այս քաջության պատմությունը։ Այսպիսի լավագույն առաքինությամբ ապրեց կյանքում, ոչ թե կյանքի ցանկությունների մեջ, այլ՝ զրկանքների և նեղության, քաղցի և ծարավի, ցրտի և մերկության, բանտի և կապանքների մեջ, լեռներում և անապատում։ Սիրեց Աստծուն և նրանից սիրվեց, փառավորեց և փառավորվեց։ Իմ Պանծալուն, ասում է, պիտի մեծարեմ։ Երրորդություն քարոզող Գրիգորը, ուղղափառություն հաստատողը, Քրիստոսի հոտի տեսուչը, հոգու իմաստության տաճարը, երկնքի կառավարողը, օդում ճախրող թռչունը, տիեզերքի անմար լույսը, լուսավոր արուսյակը, մոլորվածների առաջնորդը, ընտիր անոթը, սուրբ բնակարանը, Աստծու ընծան, Սուրբ Հոգին ընդունողը, միասնական Երրորդության բնակարանը, օրինակն առաքինության, Աստծու պատվիրանների շտեմարանը, հայրապետների գեղեցկությունը, վանականների լուսավորությունը, սրբության ուղղիչը, հավատքի հաստատողը, եկեղեցու հիմքը։ Գրիգորն է Քրիստոսական օրենքների վարդապետը, դևերին հալածողը, օրինակը դժվարությունների, խաղաղության կերպը, պատկերը խոնարհության, ճգնավորների նկարագիրը, անապատաբնակ տատրակը, լուսափայլ արեգակը, արագահաս միտքը, անքուն աչքերը, ապաշխարության ուսուցիչը, դարձի եկածների միջնորդը, մոլորվածների առաջնորդը, հիվանդների բժիշկը, հիվանդությունների կործանողը, քաջ հովիվը, անքուն պահապանը, համբերության խարիսխը, անտեսանելիների գուշակողը, ստորին բաներն արհամարհողը, երկնասլաց արծիվը, հրեշտակների դասակիցը, առաքյալներին հաղորդակիցը, մարտիրոսներին չարչարակիցը, արքայության բնակիչը, Հայր Աստծու ժառանգը, Քրիստոսի ժառանգակիցը, որ Երրորդության առջև, հրեշտակների հետ պիտի բարեխոսի միշտ բովանդակ աշխարհի համար։

Եվ դու, աստվածային և պատվելի մարդ, որ բոլորին Քրիստոսի անձին մոտեցնելով, որպես լույս երևացիր տիեզերքից, ով աստվածունակ և երջանիկ հայր, որ գեղեցկապես ապրելով կյանքում իրագործեցիր ճանապարհը, պահեցիր հավատքը՝ հասնելով պսակադիր նպատակին, և քո առաջնորդ մտքի մաքրությամբ, որքան հնարավոր է մարդկանց, աստվածատես լինելով բարձրացար քո անհասանելի բարձրությանը։ Դու ուսերիդ վրա առնելով չարչարանքների Խաչը, համերաշխությամբ քայլեցիր Քրիստոսի հետ, որով անկողոպտելի գանձ գանձեցիր երկնքում քեզ համար պահված։ Դու ամեն ինչ վաճառեցիր և թանկարժեք քարի փոխարեն ստացար մարգարիտ Քրիստոսին։ Դու ավազի վրա ծուլորեն չկառուցեցիր տունը, այլ Քրիստոսի հավատքի վրա հաստատված վեմով զորացրիր հիմքը, ուստի և անսասան մնացիր օդաբնակ չարքերի դառնաբեր հողմերից՝ հեռանալով կռապաշտության հորձանուտից։ Դու ամբողջովին կրեցիր այս կյանքի բովանդակ ցերեկային ծանրությունը և միջօրեի այրող շոգը, որով Տիրոջից փոխարենը տոկոսով ընդունեցիր։ Դու Աստծու շնորհներից քեզ տրված տաղանդը բաշխելով առատապես բազմացրիր, որի միջոցով լսեց երանելին Տիրոջ ձայնը. «Բարի՛ և հավատարի՛մ ծառա, մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. ԻԵ 21, 23)։ Դու քո հոգու ողորմածության լապտերը յուղով անմարելի պահեցիր՝ պատրաստ լինելով մտնել Քրիստոսի երկնային առագաստը։ Դու, անցնելով նեղ և անձուկ արքայության շավղով, այժմ վայելում ես վերին գերաշխարհիկ կայանում։ Դու անցկացնելով քո կյանքը մահվան խոկումով, մարմնական ախտերը աստվածասիրության օրինակով հնազանդեցրիր հոգուդ։ Դու հասնելով անմերձենալի անարատության դղյակին՝ սիրո հավատքի և հույսի գերազանց առաքինությամբ վերացար աննյութականի մեջ, Եղիայի նման կառք վարելով երկնքում, ամբողջովին միանալով Աստծուն աստվածային սրբությամբ։ Եվ քանի որ համառոտ ասվեց, դու խելահասությամբ հավաքիր բոլոր հավիտենական սրբերի առաքինությունները՝ մեղուների օրինակի պես, քեզ նմանեցրիր յուրաքանչյուրից ընտրելով առաքինի վարքեր, որոնց նախ պիտի ներկայացնեք մեկ առ մեկ՝ հիշատակելով ընտրյալների անունները։

Աբելը հաճելի գտնվեց մաքուր, անարատ պատարագով։ Իսկ դու՝ բազմերջանիկ հայր, որպես կենդանի ընծա Աստծուն նվիրեցիր քո ողջ կյանքը՝ հպվելով նույնին քո հանապազորյա մաղթանքներով։ Ենովսն անտեսանելի հույսով ապավինեց Տիրոջը։ Իսկ դու արդեն իսկ ապագա հույսի օրինակն ես ցույց տալիս։ Ենովքը, Աստծուն հաճելի լինելով, վերացավ երկինք։ Իսկ դու քո հոգու աչքերն ամբողջովին երկրից երկինք փոխադրեցիր։ Նոյն արդար լինելով և հաճելի գտնվելով զոհերի վրա՝ փայտյա տապանով կենդանի ազգերին ազատեց ջրհեղեղի կործանումից։ Բայց դու մի նոր տապան հաստատեցիր՝ Քրիստոսի Եկեղեցին, և բազում մարդկանց ազատեցիր կռապաշտության ջրհեղեղից։ Աբրահամը սքանչելի գըտնվեց աստվածպաշտությամբ և հյուրասիրությամբ, մեկ անգամ որպես ընդունված զոհ առանց մորթելու Աստծուն էր ընծայում որդուն, որ խոստացված էր։ Բայց դու ոչ թե մեկ անգամ, այլ միշտ հյուրասիրությամբ ընդունեցիր Քրիստոսին տառապանքների գբի մեջ, և մորթեցիր՝ Իսահակի փոխարեն ոչ թե ոչխար ընծայելով, այլ՝ ինքդ քեզ, որպես բանավոր նվիրական պտղով ողջակեզ, ընծայվեց կենդանի Աստծուն։ Իսահակն իր արդարությամբ օրինակ լինելով փառավորվում է, իսկ դու իբրև արդարության և ամեն տեսակ առաքինության ճանապարհ, քո անձի մեջ սրբորեն մարմնավորում ես ամեն տեսակ առաքինություն և բարության օրինակ։ Հակոբը պարզ հոգով և բազում որդիներով սքանչելի դարձավ, որ և տեսնում էր երկրից դեպի երկինք ձգվող սանդուղքները՝ մեզ մի մեծ խորհրդի օրինակ ցույց տալով։ Բայց դու ծնեցիր Քրիստոսի համար հովիվներ, հովվապետներ և բազմաթիվ հոտեր։ Եվ քո մտքում դնելով վերելքը, համաձայն իմանալի սանդուխքի վերընթաց աստիճանների՝ փառքից փառք փոխադրվեցիր և երկրից երկինք վեր կանչվեցիր։ Այս պատճառով ոչ թե խայտախարիվ նշան ունեցող ոչխարներ, այլ Սուրբ Հոգու շնորհների նշանով լույսի բազում որդիներ բերեց դեպի փառք։ Հոբն անարատության և ժուժկալ համբերության պատճառով մեծ երանելի կոչվեց, բայց քո չարչարանքների սխրանքը ավելի պակաս չերևաց, քան նրանը։ Որովհետև ոչ թե արտաքին քաղաքի աղբերում, այլ բազմավիշտ դժոխքի խոր անապատում, և որդերի փոխարեն դիմանում էր, դաժան թունավոր իժերին և քարբերին։ Հովսեփն ողջախոհությամբ ու անաչառությամբ անվանի եղավ, իսկ դու, որպես համեստության օրինակ, բոլորին սարսափեցրիր, և իմանալի եգիպտուհուց՝ բնական հիվանդությունից մաքրելով միտքը, մերկանալով պատմուճանի մեղքերից, ամոթից փախար։ Եվ դու անհիշաչարությամբ եղբայրադավ բռնավորներին առատապես կերակրեցիր աստվածային խոսքի սովի ժամանակ երկընքից իջած հոգևոր հացի ճշմարիտ գիտությամբ։

Մովսեսը հեզությամբ և օրենքի հաստատմամբ փարավոնից աստված կոչվեց և իսրայելի ժողովրդի առաջնորդ։ Բայց դու, ո՜վ աստվածունակ հայր, խոնարհ բոլորի նկատմամբ, մանավանդ բռնավորների պատճառով հանձնվեցիր տանջանքի մեջ։ Եվ մտնելով նահատակության մշուշի մեջ, ընդունեցիր աստվածային օրենքների տախտակները, ուր ոչ միայն Իսրայելին, այլև ողջ տիեզերքին ավանդեցիր հոգևոր պատվիրաններ։ Եվ ի պատիվ չաստվածների ձուլված պատկերների մեհյաններն, իբրև փարավոնի կառքեր փոսի մեջ խորտակեցիր քո քաջությամբ։ Սամվելը նախքան որովայնում հղանալը նվիրվեց Աստծուն, որ և ընդունելով մարգարեության շնորհները՝ գուշակում էր ապագան։ Իսկ դու նախքան ծնվելը Հոգու նախախնամությամբ որպես նվեր ընծայվեցիր Աստծուն և մարգարեական աչքերի անճառելի տեսիլքով տեսար ապագայում կատարվելիքը։ Քաջ Դավիթը, հոգու զորությամբ պատերազմելով ամբարտավան Գողիաթի դեմ, կործանում էր պարսատիքով։ Իսկ դու անմարմին Գողիաթին, այսինքն՝ սատանայի պետությանն ու իշխանությանը, Քրիստոսի խաչի զորությամբ ընկճելով գետին տապալեցին, և ազատելով բանավոր գառներին առյուծի բերանից՝ բոլոր մտքերը գերեվարելով դրեցիր Քրիստոսի հնազանդության ներքո։ Եղիան գովելի եղավ Աստծու նախանձախնդրության մեջ, որովհետև մարգարեներին ամոթի մատնելով համարձակորեն կործանում էր։ Իսկ դու բռնավոր արքային՝ ամոթալի ախտերի սպասավորին զազրալի անասունի կերպարանքի փոխարկեցիր, ոչ թե կործանման մատնելով, այլ վերստին առաջնորդեցիր կյանքի մեջ։ Հովհաննեսը՝ կանանց ծնունդների մեջ մեծը, Արարչից ձայն բարբառի անապատում, Քրիստոսի կարապետ ու մկրտիչ, բարեբանվեց իբրև։ Եվ ինչպես ինձ է թվում, դու ոչ պակաս երևացիր, քան նա։ Քանզի հայրապետների դասերի մեջ նախամեծար եղար, նահատակվեցիր վկաների հետ, գնացիր մարտի դաշտ, ճգնեցիր անապատում, նրա հետ ձայն բարբառո գոչեցիր, Աստծու խոսքը առաջնորդեցիր, մկրտեցիր Քրիստոսի բանավոր հոտերի անթիվ բազմությունը, որպես պայծառ լույս ծագեցիր արդար Արեգակի հետ։

Այսպես առաքինի գործերով տակավին բոլոր արդարներին և մարգարեներին ես քո մեջ մարմնավորում՝ ոմանց նախանձախնդրությունը, մյուսների համբերությունը, ոմանց նեղությունը, ուրիշների մտքի վեհությունը։ Եվ ոչ միայն սրանց ես մարմնավորում, այլև՝ Քրիստոսի աշակերտներին. նա Հոգու շնորհները ստվերոտ օրենքներից բաժանելով ճշմարտության հաստատագույն պաշտամունքի մեջ մեզ Աստծու խորհուրդն էր ցույց տալիս։ Պետրոսն ու Պողոսն, ըստ հոգու միաշունչ եղբայրներ լինելով, Քրիստոսի լծակիցներն են, ընտրյալներն ու առաքյալներից առաջինները, որոնք համայն տիեզերքն ընդունեցին տարածքով, և հռոմեացիների հռչակված քաղաքում քարոզում էին Տիրոջ Ավետարանը։ Որոնք և սատանայի անոթ, Սիմոն կախարդին գոռոզության բարձունքից Քրիստոսի նշանով գետին տապալելով ճեղքեցին։ Իսկ դու, ո՜վ աստվածազգյաց հայր, ոչ թե մեկ մասում կամ ինչ-որ մի անկյունում, այլ արևելքից արևմուտք, երկրի մի ծայրից մինչև նույնի մյուս ծայրը լցրիր Քրիստոսի Ավետարանը։ Նա մինչև իսկ Հռոմի մայրաքաղաք հասավ, առաքելաշնորհ հայրապետի և աստվածասեր արքայի հետ միաբանելով, միմյանց ընդունեցին առաքելական սիրով՝ մեկն արևմտյան մի երկրից ծագեցնելով աստվածիմացության ճշմարիտ լույսը, իսկ մյուսը՝ որտեղից դուրս է գալիս արեգակը, նույնպես լուսավորող, և երկուսի խոսքերը ծավալվելով լցրին ողջ տիեզերքը։ Մարգարեների հետ Հոգով մարգարեացար, քարոզեցիր Քրիստոսին առաքյալների հետ, ավետարանիչների հետ ավետարանեցիր Աստծու Որդուն, հայրապետների հետ վարդապետեցիր կենաց խոսքը, ճգնեցիր անապատականների հետ, նահատակվեցիր մարտիրոսների հետ, հովիվների հետ հովվեցիր քո բանավոր հոտը, խարդախ թշնամուց փորձվեցիր, հաղթեցիր Քրիստոսի հետ։

Այսուհետև քեզ ի՞նչ պիտի կոչեմ. երկրագո՞րծ. իրոք ճշմարիտ երկրագործ, որովհետև արևելյան աշխարհի բանական հոգևոր հողը փափկեցրիր երկրագործությամբ, որից անհավատության փուշն արմատախիլ արվեց, փոխարենը սերմանեցիր բարեպաշտության խոսքը, և կտրելով նորատունկ հոգևոր այգին՝ բազմապտուղ դարձրիր այն, որից երկրագործության պտուղները հավաքեցիր հոգևոր շտեմարանում։ Արդյոք ճարտարապե՞տ անվանենք քեզ. անշուշտ իրավացի կլինի, քանզի դևերով ձուլված մեհյանները քո քաջ արիությամբ տապալելով ոչնչացրիր երկրում, և սատանայի բնակավայրերի փոխարեն, այս ողջ երկրում հաստատեցիր գեղեցիկ և հրաշալի տաճարներ հանուն Քրիստոսի։ Դու իբրև իմաստուն ճարտարապետ հոգու իմաստությամբ վերականգնեցիր հավատացյալների նորակերտ եկեղեցիներն առաքելական վեմի հիմքերի վրա։ Ուրիշ ի՞նչ անվանենք քեզ, զինվո՞ր. այո, քանզի որպես քաջ զորավար, զինված հակառակ աներևույթ թշնամու քո մարմնի բազում վերքերով մարտնչեցիր հին օրենքների դեմ և հաղթեցիր, ու փրկության վահանով ամրացրիր հավատքի գլուխը՝ որպես անսասանելի և անշարժ վեմ, ամուր պահեցիր, պատերազմներից առաջ եկող բազում հիվանդություններից։ Եվ հույսով հակառակորդին դեմ կանգնելով՝ քաջությամբ պատերազմով թշնամուն ամոթի մատնելով ետ դարձրիր՝ հալածելով քո նորասնունդ ոչխարների փարախից։ Ուրեմն քեզ հրեշտա՞կ անվանենք։ Քանզի դու հրեշտակների անկարոտ բնությունից հեռու չլինելով, մարմնի մեջ ապրելով անմարմնապես, ինչպես երկնային մի մարդ, տեսանելիներիս հրեշտականման վարքի օրինակ ես ցույց տալիս։ Որովհետև հրեշտակի ձեռքով սկզբից ի՞նչն էր, որ առավելությամբ եղավ՝ Ամբակումին Սիոնից Բաբելոն հասցնելը, թե՞ առյուծների գբում Դանիելին ճաշ մատուցելը։ Քանզի դու ավելի ևս հրաշափառ ես, որովհետև ինչպես ինձ է թվում հավաստիորեն, հրեշտակի ձեռքով էիր կերակրվում բանտում։ Նավավա՞ր վերակոչենք քեզ. և անշուշտ իրավացի կլինի, քանզի այս մեծ և արձակ աշխարհում, դիվական անհավատության ծովն ալեկոծված ծփում էր, բայց քո առ Աստված սրբազնագույն հայցվածքով, մոլորության հողմի կուտակումը դարձրեցիր մեղմ քամի՝ շատ զգուշորեն առաջ տանելով ալեկոծված նավը հասցրիր ճշմարիտ խաղաղության նավահանգիստ։

Արդ՝ ով սուրբ հայր և բոլոր հավատացյալների փրկության առաջնորդ, չթերացար քո սիրելիներին փոխադրել աշխարհից։ Բայց թեպետև բոլորի պես պարտքը հատուցեցիր, ըստ բնության օրենքների, սակայն քո քաջության հիշատակը պիտի մնա մեզ հետ հավիտյան։ Այսուհետև նույնպես խնդրում եմ հոգևոր այցելությամբ չմեկուսանալ մեզանից, այլ հիշել մեզ առանց մոռանալու, խնդրելով բոլորիս հույսի փրկությունից, որպեսզի մենք ևս քիչ նեղությունները համբերությամբ տանենք։ Քանի որ ըստ առաքյալի. «Նա, ով փորձառու է, կարող է օգտակար լինել նրանց, ովքեր փորձանքի մեջ են» (Եբր. Բ 18)։ Եվ այս փոքրիկ ներբողական խոսքը բարեմիտ ձևով ընդունիր մեզանից, որովհետև թեպետևայն թերի է քո արժանիքը տարփողելու համար, սակայն ավելի ջերմ հավատով և կատարյալ սիրով մատուցեցինք, և քո վշտաբեր նեղությունների հիշատակով մեր մեջ մխիթարվելով սփոփվեցինք։ Իսկ դու պիտի ընդունես այս խոսքը, ինչպես Քրիստոս՝ այրի կնոջ լուման։ Որովհետև ես նույնպես տկարացած նրանով նույն անդամների զորությունից, մարմնով լինելով տկար և վշտահար՝ անձկությամբ, մանավանդ քո տարածքի ազգակիցների սիրուց մղված ջերմագին սրտով որպես ընծա սիրո օրինակ պիտի մատուցեմ սա քեզ։ Ահավասիկ ես նույնպես ուխտավոր եմ այսուհետև լքելու այս տաղտկալի կյանքը և լինելու Քրիստոսի հետ։ Թերևս այնտեղ հանդիպենք միմյանց գեղեցիկ և ուրախալի հանդիպումով, մշտնջենապես միասին բնակվելով, արժանավոր լինել երանավետ խոստումներին, որոնցով բոլորը պիտի հասնեն մեր Տեր՝ Հիսուս Քրիստոսին։ Նրան, Հոր և Ամենասուրբ Հոգու հետ միասին փառք և զորություն հավիտյանս հավիտենից. Ամեն։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։