Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԸ ԵՎ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐՆ

ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

 

 

ԱՂՈԹՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՂՈԹՔԻՆ

Բոլոր աստվածաբանները, որ եկել են կամ գալու են, եթե ի մի գալով կամենան խոսել աղոթքների մասին, չեն կարողանա բավականապես ճառել նրա զորությունից: Քանի որ աստվածաշնչյան բոլոր գրքերում՝ թե՛ հին և թե՛ նոր, որքան հրաշք ու մեծագործություն եղել է, տեսնում ենք, որ աղոթքների շնորհիվ է կատարվել, ինչպես հայտնի իսկ է:

«Աղոթքն Աստծո հետ հաղորդակցություն հաստատելու ամենաանմիջական ճանապարհն է և առավել հարազատ ու մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առաքինություն, քանզի բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ հանդիման խոսակցություն է Աստծո հետ» (սուրբ Գրիգոր Նարեկացի, 11-րդ դար):  

«Ինչպես տեսողությունն ամենապատվականն է բոլոր զգայարանների մեջ, այնպես էլ աղոթքը ամենաբարձրն է առաքինությունների մեջ» (սուրբ Նեղոս Սինայեցի, 5-րդ դար):  

Սա է անարյուն բանավոր պատարագը, քանզի յուրաքանչյուր մեկի աղոթք Աստծո պատարագ է: Եվ սատանան գիտենալով, թե աղոթքով մեծամեծ զորություններ և անբավ բարիքներ են կատարվում, գնում, մերձենում է նրան, ով աղոթել է ցանկանում: Եվ նախ և առաջ մահճի մեջ է պատերազմում նրա հետ` հեշտացնելով անկողինը, քաղցրացնելով քունը, ծանրացնելով մարմինը. այս ու այն կողմ է շուռ տալիս, հորանջեցնում և քորել տալիս: Եվ հետո, հազիվ վեր կենալով, բեկբեկվելով գնում է եկեղեցի և ներս մտնում, ու փոխանակ լալու և պաղատելու` մեծ աներկյուղությամբ և արհամարանքով, առանց պատկառանքի, ահ ու դողի կանգնում Աստծո առաջ:

Աղոթքի կանգնելուց առաջ հոգու բոլոր զորություններով պետք է զգուշանալ մեղքից, որպեսզի աղոթքն անպտուղ չլինի, և աղոթողը դատապարտության տակ չհայտնվի:

Աղոթականից նախ և առաջ պահանջվում է անհիշաչարություն և ներողամտություն թե´ մերձավորների, թե´ թշնամիների նկատմամբ:

«Երբ մարդ զգուշանա իր ընկերոջը զրկելուց, այնժամ կարող է համարձակվել իր մտքում համարել, թե իր աղոթքներն ընդունելի են Աստծո առջև: Իսկ եթե զրկի իր ընկերոջը, նրա աղոթքները գարշելի և անընդունելի կլինեն, քանզի զրկվածի հեծությունը թույլ չի տա, որ զրկողի աղոթքը մտնի Աստծո առաջ: Եվ եթե չշտապի հաշտվել ընկերոջ հետ, ազատ չի լինի իր մեղքերից հավիտյան» (սուրբ Մակար Մեծ, 4-րդ դար):

«Լսի´ր Տիրոջ խոսքը. «Երբ մատուցես քո պատարագը և այնտեղ հիշես, թե քո եղբոր հանդեպ ոխ ունես , թո´ղ պատարագը սեղանի առաջ, գնա հաշտվի´ր քո եղբոր հետ, և ապա արի մատուցի´ր քո պատարագը» (Մատթ. 5:23-24), որպեսզի աղոթքի ժամանակ չբարկացնես քո Տիրոջը. քանզի աղոթելիս եթե հիշես, թե ոխ ունես, ա´յս իմացիր դու քո մտքում, որ քո աղոթքները լքված կլինեն սեղանի առջև, չի կամենա նա, ով աղոթքն է մատուցում, վերցնել և երկրից վեր բարձրացնել: Քանզի քննում է քո պատարագը` աղտեղի է թե` ոչ: Եթե սուրբ է, հանում բարձրացնում է վեր` Աստծու առաջ: Ապա եթե նա քո աղոթքում գտնի, որ ասում ես. «Թո´ղ ինձ, և թողնում եմ ես», բարձրացնողի պատասխանն այսպես կլինի աղոթքին. «Նախ թող դու քո´ պարտապանին, և ապա կբարձրացնեմ ես աղոթքներդ քո Պարտատիրոջ առաջ: Ես պղծված, աղտեղված պատարագը սուրբ Աթոռի առաջ չեմ տանի, բայց ահա գալու ես դու այնտեղ` տալու քո պարտքերի հաշիվը, և քո պատարագը քեզ հետ պիտի բերես»: Եվ կթողնի քո պատարագն ու կգնա» (սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ, 4-րդ դար):


ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ԱՂՈԹԵԼ

Հետևելով սուրբ հայրերի` աղոթքի մասին գրվածքներին` կարելի է առանձնացնել աղոթական կյանքի որոշակի սկզբունքներ և օրենքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որ փորձում է ազատվել չարի կապանքներից և միավորվել Աստծուն:  

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Աղոթքի ձեռնամուխ լինելու համար նախ և առաջ պետք է ուշադրություն ունենալ: Երբ դևերը տեսնում են, որ դու ճշմարտապես ցանկանում ես աղոթել, այնժամ առաջադրում են իբրև թե կարևոր ինչ-որ խորհուրդներ, որպեսզի կորստյան մատնեն պտղաբեր աղոթքը: Ուստի «ջանա´ աղոթքի մեջ անզբոս մնալ և միտքդ խուլ ու համր պահել» (սուրբ Նեղոս Սինայեցի, 5-րդ դար):

«Աղոթքի վայրում պետք չէ զրուցել, որովհետև սատանային է խոսակից նա, ով զրուցում է, քանի որ մեր խոսակիցն այստեղ Աստվածն է, իսկ Նրան թողնել և ուրիշ մեկի հետ զրուցել պատշաճ չէ» (սուրբ Գրիգոր Տաթևացի, 15-րդ դար): «Ինչպես որ երկրավոր թագավորին գարշելի է նա, ով, իր առջև կանգնած, երեսը ետ դարձնելով, խորհրդակցում է թագավորի թշնամիների հետ, այնպես էլ Տիրոջը գարշելի է նա, ով առաջանում է աղոթելու և սրտում պիղծ խորհուրդներ է գործում ու խորհում» (Հովհաննես Կղեմաքոս, 6-րդ դար):  

«Երբ վիրավորը մտնում է հիվանդանոց, այլևայլ խորհուրդների կարիք չունի, այլ՝ միայն դեղ որոնել վերքին և բժշկել ցավերը: Նույնպես և մեղքերով վիրավորին պաճուճանքներ և պիղծ խորհուրդներ պետք չեն, երբ եկեղեցի է մտնում, ոչ էլ` օծանվել և մազերը հյուսել՝ աղոթքի ժամին Աստծո առաջ պաղատելու համար, այլ պետք է խոնարհ անձով մտնել, կանգնել Աստծո առաջ և նեղված սրտով խոստովանել չարիքները, ամեն կերպ ձգտել հաշտեցնել Աստծուն մեզ հետ և մեղքերի թողություն ստանալ» (Հովհան Մանդակունի, 5-րդ դար): Եվ «պետք չէ շտապել. թե՝ ե՞րբ եմ ելնելու ժամատեղից: Որքան որ խնդրում են, այնքան էլ ստանում են» (սուրբ Գրիգոր Տաթևացի, 15-րդ դար):   

Երկյուղը և զղջումը ներքին ուշադրության ձեռքբերման ամենակարևոր գործոններն են: Աղոթականն ամեն պահ պետք է հիշի, թէ Ում առաջ է կանգնած, Ում հետ է խոսում: Սուրբ Անանիա Նարեկացին գրում է. «Եվ երբ աղոթում ես, թույլ  մի´ տուր  խորհուրդներիդ այս ու այն կողմ ելնել, այլ խորհի´ր, թե` Ում առաջ եմ կանգնած. Երկնավոր Թագավորի` Աստծո առաջ, որ ակնթարթում գոյացրեց երկինքն ու երկիրը: Երբ խորհում ես այս, միտքդ զարհուրում է, և երկյույով ես մատուցում աղոթքը»:

Քանի դեռ մեր մտքերը ցրված են, մեր սրտի խորհուրդները` անհստակ և պղտոր, իսկ զգայություններով կառչած ենք այս աշխարհի հաճույքներին, մենք հեռու ենք ճշմարիտ աղոթքի մատույցներից: Ուրեմն հարատև պաղատանքներով արթուն լինենք Նրա առջև, առօրյա հոգսերը թեթև համարելով հանուն մշտնջենավոր բարիքների վայելքի:

 

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ. Աղոթքը պահանջում է համբերություն. «Եթե լինես համբերող, հեզ և ներողամիտ, քո աղոթքը միշտ կպտղաբերի»,- ասում է սուրբ Նեղոսը:

Աղոթքի կանգնելով` մարդն հաճախ անմիջապես չի ստանում իր խնդրածը կամ ամենևին չի ստանում, քանզի Աստված ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք: «Խնդրածիդ հապաղման դեպքում չասես, թե` երկար ժամանակ աղոթքների մեջ եմ և ոչինչ չստացա, քանզի ահավասի´կ ստացել ես, քանի որ ի՞նչ կա ավելի բարի, քան Աստծո հետ կապվելն ու միավորվելը» (Հովհաննես Կղեմաքոս, 6-րդ դար):

Իսկապես Աստծո հետ աղոթքի մեջ լինելն արդեն ամենամեծ պարգևն է, այլևս կարիք չկա ավելորդ բաներ խնդրելու, հատկապես՝ մարմնավոր բաներ. «Չես կարող մաքուր աղոթել՝ պաղատելով մարմնավոր իրեր, քանզի աղոթքը հեռացում է այս աշխարհի նյութական ակնկալություններից: Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին կատարյալ անզգայություն ունի երկրի նկատմամբ, քանի որ աղոթքը մտքի համբարձվելն է երկրային իրողություններից առ Աստված» (սուրբ Նեղոս Սինայեցի, 5-րդ դար): Ուստի «աղոթել սկսելով` թո´ղ անձդ, կնոջդ ու որդիներիդ, թո´ղ երկիրը, բարձրացի´ր երկնքից էլ վեր, թո´ղ երևացող ու աներևույթ ամեն արարած և սկսի´ր փառաբանել ամենքի Արարչին» (սուրբ Բարսեղ Կեսարացի, 4-րդ դար): «Սիրտդ ուղղիր վե´ր և աչքերդ` վար, մտի´ր դու քո ներսը` քո ներքին մարդու մեջ, և ծածո´ւկ աղոթիր քո Հորը, որ երկնքում է» (սուրբ Հակոբ Մծբնա հայրապետ, 4-րդ դար):   

Թեպետև ասված է. «Ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ» (Հովհ. 14:13), այնուամենայնիվ պետք է պատվական բաներ խնդրել, այսինքն` հոգևոր պարգևներ: «Ով աղոթելիս մարնավոր փառք, մեծություն կամ հարստություն է խնդրում Աստծուց, այնպիսին բարկացնոմ է Աստծուն և չի հաշտեցնում: Նա նման է այն ապուշ կտրած խելագարին, որը գնաց ողորմած թագավորի մոտ և, արհամարելով պայծառ ոսկին ու լուսավոր մարգարիտը, ժահահոտ աղբ խնդրեց նրանից: Այս պատճառով էլ Տերն ասաց. «Աղոթելիս հեթանոսների պես շատախոս մի´ եղեք» (Մատթ. 6:7): Քանզի նրանք հարության հույս չունեն և այս կյանքի մասին են միայն հոգում ու խնդրում: Իսկ դուք Արքայությունը փնտրեք, որովհետև երկնավոր Հայրը գիտի ձեր մարմնավոր պետքերը և ձեզ համար կպատրաստի կերակուր, զգեստ և անհրաժեշտ ամեն բան» (Վարդան Այգեկցի, 13-րդ դար):

 

ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ. Քրիստոս ասում է . «Արթո´ւն եղեք և ամեն ժամ աղոթեցեք» (Ղուկ. 21:36): Նույնն է ասում նաև Պողոս առաքյալը. «Անդադար աղոթեցե´ք» (Ա Թես. 5:17): Աղոթքի հարատևությունը կամ անընդհատ աղոթքը հոգևոր կյանքի ամենակարևոր սկզբունքներից է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (4-րդ դար) գրում է. «Եվ ամենուր հոգևորապես, անխափան կատարի´ր աղոթքի ծառայությունդ` թե´ տանը նստած, թե´ ճանապարհ գնալիս, թե´ աշխատելիս, թե´ ննջելիս և թե´ արթնանալիս»:  

Ամեն ժամ աղոթելը ամեն ժամ հավիտենական կյանք ցանկանալն է: Հարաժամ աղոթելուց չենք դադարում այն ժամանակ, երբ չենք դադարում բարիք գործելուց: Քանզի ողորմություն անելով աղքատներին եւ Եկեղեցու կարիքավորներին` նրանց աղոթքից մաս ենք ունենում եւ երբ դադարում ենք աղոթել, նրանք են աղոթում մեզ համար. այսպիսով անդադար աղոթքի մեջ ենք լինում:

«Ուսուցանելիս Տերն ասաց. «Մի´ եղեք շատախոս հեթանոսների պես» (Մատթ. 6:7), և որպեսզի չկարծեն, թե երկար աղոթելն անշնորհ բան է, տե՛ս, որ նույնիսկ Ինքը, որ աղոթքի կարիք չուներ, ողջ գիշեր աղոթում էր Աստծուն, որպեսզի սովորենք, թե շատախոսություն է ոչ թե բազում աղերսները, այլ դատարկ ու տհաճ բարբառելը» (Իգնատիոս վարդապետ, 12-րդ դար):

«Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին» (սուրբ Գրիգոր Տաթևացի, 15-րդ դար):

Աղոթել պետք է ամենուրեք, բայց այնպիսի կամքով, ինչպիսին Աստված պահանջում է մտքի համար: «Մեր Փրկիչը սովորեցրեց խիստ ծածուկ աղոթել. ահա´ Ամենատեսն ասում է. «Մտի´ր քո սենյակը և, դռները փակելով, ծածո´ւկ աղոթիր քո հորը» (Մատթ. 6:6): Սակայն «սենյակ մտնելով և դռները փակելով ևս, կարելի է աղոթել ի ցույց մարդկանց, և դռներ փակելը ոչ մի օգուտ չի կարող տալ» (սուրբ Հովհան Ոսկեբերան, 5-րդ դար):  

Պետք է մտնես սրտիդ սենյակը, սիրտդ հեռացնես աշխարհիկ բոլոր հոգսերից, փակես դռներդ, այսինքն` հինգ զգայություններդ, որոնք մեղքերի մուտքն են, քանզի նրանցով են մտնում մեղքերի բազմությունները:

Իսկ սուրբ Հակոբ Մծբնա հայրապետն ասում է. «մեր Տիրոջ խոսքը, թե. «Աղոթի´ր Հորը փակ դռներով», ցույց է տալիս հետևյալը` ծածո´ւկ աղոթիր քո սրտում և փակի´ր սրտիդ դռները: Եվ ի՞նչ է դուռը, եթե ոչ` քո բերանը, քանզի մարմինը Տիրոջ տաճարն է, որում բնակվում է Քրիստոս, ինչպես առաքյալն է ասում. «Դուք Աստծո տաճար եք» (Ա Կոր. 3:16): Եվ քո ներքին մարդը, փակելով դռները, որ քո բերանն է, թող մտնի այս տաճարը և սրբի այն բոլոր պղծություններից: Տե՛ս, թե ինչպես էր Մովսեսն փղձկում իր սրտում և ոչինչ դուրս չէր հանում, սակայն նրա լուռ աղոթքներն լսվեցին: Քանզի Աստված իսկ ասում էր. «Ինչո՞ւ ես աղաղակում Ինձ» (Ելք. 14:15):

Հեծի´ր և դու, հոգո´ց հանիր, ինչպես սուրբերը, պատառի՛ր, ինչպես մարգարեն ասաց, ո՛չ թե պատմուճանդ, այլ՝ սիրտդ: Ըստ այնմ ինչպես սաղմոսերգուն է ասում՝ «Խորքերից կանչեցի Քեզ, Տե´ր» (Սաղմ. 129:1). սրտի՛ խորքերից էր խոսք արձակում»:

«Ինչպես խունկը, հրի չհպվելով, անուշ հոտ չի բուրում, այնպես էլ աղոթքի խունկը, սրտի սիրո ջերմությանը չհպվելով, հաճելի չէ Աստծուն: Եվ ինչպես խնկի ծուխը դրսից երևում է, իսկ անուշ հոտը՝ ո՛չ, այնպես էլ աղոթքի խոսքերը, առանց սրտի բաղձանքի, ծխի կուտակում են միայն և ընդունելի չեն» (սուրբ Գրիգոր Տաթևացի, 15-րդ դար):

Եթե ոչ գիտուն մեկը սուրբ սրտով ու հավատով աղոթում է կամ լսում քահանայի աղոթքը, այդպիսի աղոթքն անօգուտ չէ: Ինչպես երբ թանկարժեք քար է ընկնում մի գյուղացու ձեռքը, որ չգիտի դրա արժեքը եւ տալիս է իշխանին, որ դրա արժեքը գիտի. որքան այն արժե իշխանի ձեռքում, նույնքան էլ արժե գյուղացու ձեռքում, թեեւ նա դրա արժեքը չգիտի: Այդպես էլ սուրբ սրտից բխող աղոթքը իմաստունի բերանում, որ հասկանում է, եւ գյուղացու բերանում, որ չի հասկանում, ընդունելի է, եւ նրանք միապես են վարձք ստանում: Եվ Ինքը` Քրիստոս, նրանց սրտում եւ հոգում կծագեցնի Իր փառքի ճառագայթը, կլուսավորի եւ կկատարի նրանց խնդրվածքները

           

 ՉԵՐԵՎԱԿԱՅԵ՛Լ. Սուրբ հայրերը խստորեն զգուշացնում են` աղոթքի ժամանակ երևակայական խաղերից զերծ մնալու մասին: Սուրբ Նեղոսն ուսուցանում է. «Մի´ ցանկացիր որևէ կերպարանք կամ ձև կամ գույն աղոթքի ժամանակ»: Երևակայության աշխատելը ձեռնատու է չար դևերին. այդ դեպքում նրանք արագորեն շեղում են մեր միտքը աղոթքի էությունից և գերում դիվային պատկերներով կամ ձայներով կամ գույներով: Պետք է հավատալ, որ Աստված ներկա է, և ոչ թե երևակայել. «Աղոթքի ժամանակ քո ներսում Աստվածությանը տեսք մի´ տուր և մի´ թույլ տուր մտքիդ` տպավորվելու կերպարանքներով, այլ Աննյութին աննյութապե´ս մոտեցիր»: Նմանապես վտանգավոր է սուրբ խաչ, Աստվածամոր պատկեր կամ այլ սրբազան նշաններ կամ պատկերներ երևակայելը, քանզի նման հոգևիճակում դևերն անմիջապես գերում են միտքը իրենց կողմից առաջադրվող պատկերներով և շեղում աղոթքի էությունից:

Մեզ մոլորեցնելու համար չարն էլ երբեմն կարող է հայտնվել լուսե հրեշտակների կերպարանքով, ուստի սրբերն զգուշացնում են. «Մի՛ ցանկացիր զգայապես տեսնել հրեշտակների կամ զորություններ կամ Քրիստոսին, որպեսզի ամբողջովին չխելագարվես՝ Հովվի փոխարեն տեսնելով գայլին և երկրպագելով թշնամի դևերին»: Նույնն ասում է Սուրբ Եղիշեն. «Չշտապենք մարմնավոր աչքով տեսնել Աստծուն, որպեսզի տարաժամ չկործանվենք»: Դրա համար հայրերն ուսուցանում էին, թե՝ «Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին ստացել է կատարյալ և մաքուր անտեսքություն» (սուրբ Նեղոս Սինայեցի, 5-րդ դար):

 

ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԻՈՒԹՅՈՒՆ. Հոգևոր կյանքը անտեսանելի պայքար է դիվային ուժերի դեմ: Չարն ամեն կերպ փորձում է խափանել ճշմարիտ աղոթքի փույթը: Այս մասին կարևոր զգուշացումներ է անում սուրբ Նեղոսը: Նախ և առաջ դևերը փորձում են մեզ ներշնչել պիղծ խորհուրդներ` պոռնկություն, արծաթասիրություն, բարկություն, ոխակալություն և այլն. այսպիսի հարձակումները կոչվում են ձախակողմյան փորձություններ: Երբ հոգին խոհեմաբար մերժում է այս դիվային ներգործությունները, այնժամ դևերը դիմում են հակառակ միջոցների: Նրանք փորձում են աղոթականին ներշնչել իբրև թէ իրավացի և կարևոր խորհուրդներ, որպեսզի միտքը գցեն անպտուղ որոնումների մեջ: Այսպիսի հարձակումները կոչվում են աջակողմյան փորձություններ: Երբ հոգին մերժում է նաև այսպիսի խաբեությոևնները, չարանախանձ դևերն անցնում են այլ մարտավարության. նրանք առաջդրում են ինչ-որ չար խորհուրդներ, և աղոթքի դիմելիս, անմիջապես նահանջում են, որպեսզի աղոթականն ընկնի հպարտության ծուղակը` կարծելով, թե սարսափեցնում է դևերին սուրբ աղոթքով: Երբեմն նաև իրենք են հայտնվում լուսե հրեշտակների կերպարանքով և վանում նախորդներին, որպեսզի աղոթողը կարծի, թե լուսո հրեշտակներ են:

Դևերը հաճախ փորձում են աղոթողին զարհուրեցնել զանազան սարսափազդու տեսիլքներով կամ ձայներով, որպեսզի խոչընդոտեն մաքուր աղոթքի վերընթացը: Սակայն պետք չէ սարսափել նրանցից և ուշադրություն դարձնել նրանց սպառնալիքներին, քանզի փորձելով վախեցնում են քեզ, թե արդյոք ուշադրության կարժանացնե՞ս նրանց, թե՞ ամենևին արհամարել ես նրանց»:

«Որ չափ կարող ես, բազում աղոթքներով մարտնչի´ր ընդդեմ սովորական դարձած քո մեղքերի և անդադար աղաղակի´ր առ Հայր, որպեսզի ողորմի քեզ և Սուրբ Հոգու միջոցով կարողություն տա քեզ` ընդդիմանալու մեղքերին:

Եվ եթե պատահի, որ հաղթվես որպես տկար մարդ, դու դարձյա´լ կանգնիր նույնի մեջ: Եվ որչափ որ ընկնես, այնչափ արագ փութա´ կանգնել, և Աստված քեզ այնպես կընդունի, իբրև թե բնավ ընկած չլինեիր: Քանի որ եթե մի հանդերձ, ցեխն ընկնելով, աղտոտվում է և ապա օճառով մաքրվում, հագնողի հագին խոտան չի թվում, որչա´փ առավել ևս հոգին, որ ընկել է մեղքերի մեջ ու վերստին բարձրացել, խոտան չի երևում Աստծո առջև. քանի որ Նա մարդկանց սիրում է շատ ավելի, քան մարդն իր հանդերձը» (սուրբ Եփրեմ Ասորի, 4-րդ դար):

 

 ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ. Յուրաքանչյուր առաքինություն գործելիս և հատկապես աղոթելիս անհրաժեշտ է խոնարհություն: Աղոթելիս մարդը զանազան փորձություններ է հաղթահարում և շնորհների արժանանում: Իսկ դևերը, երբ տեսնում են մեր հոգու առաջընթացը, փորձում են հպարտություն ներշնչել, որպեսզի դրանով կործանեն մեզ: Պետք է հեռու մնալ հպարտության դևից, ինչպես աղոթքի ամենավտանգավոր թշնամուց. «Թեպետև արտասուքների աղբյուրներ ունենաս աղոթքի ժամանակ, մի՛ հպարտացիր քո անձի մեջ, որպես թե առավել ես շատերից, քանզի առավել աղոթքի օգնականության շնորհը Տիրոջից է …» (սուրբ Նեղոս Սինայեցի, 5-րդ դար): Երբ աղոթողն առաքինությունները և աստվածային շնորհները սկսում է սեփական անձին վերագրել, նա արդեն որսված է դևերի կողմից: Խոնարհ մարդը զերծ է նման գայթակղություններց: Դրա համար սուրբ Նեղոսն ասում է. «Երանելի է այն միայնակյացը, ով հոգևորի մեջ իր անձը բոլորից նվաստ է համարում: Միայնակյացը նա է, ով իր անձը բոլորից անարգ է համարում…»:

 

ԱՂՈԹՔԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Ճշմարիտ աղոթքը հոգու համար բացահայտում է էապես նոր և զարմանալի հոգևիճակներ` հեզություն, անբարկություն, անհիշաչարություն, սեր, խնդություն, խաղաղություն, գոհություն և այլն: Աղոթքն մարդուն դարձնում է Աստծո անճառելի խորհուրդների հաղորդակից: Մարդկային հոգին հայտնվում է գերբնական վիճակում, որ կոչվում է հափշտակություն կամ հիացում: Հայրերը նշում են որ աստվածտեսության այս վիճակները աննկարագրելի են մտքի և խոսքի համար. արարչական արտահայտակերպերը խիստ տկար են այսպիսի վերբնութենական իրողությունների նկարագրման համար: Ահա թե ինչ է վկայում Պողոս առաքյալն այս մասին. «Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ ավելի քան տասնչորս տարի առաջ (թե մարմնով էր՝ չգիտեմ, և թե առանց մարմնի՝ չգիտեմ. Աստված գիտե) հափշտակվեց մինչև երրորդ երկինք: Եվ գիտեմ այդպիսի մարդու (թե մարմնով էր կամ առանց մարմնի՝ չգիտեմ. Աստված գիտե), որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատում խոսքեր, որ մարդս չի կարող խոսել» (Բ Կոր. 12:2-4): Երբեմն հայրերը խոսում են նաև աղոթքի շատ բարձր աստիճանների մասին, որոնց հասել են սակավաթիվ Աստծո ընտրյալներ: Ըստ էության, աստվածտեսությունը աղոթքի վերին սահմանն է, քանզի այդ սահմանից այն կողմ այլևս դադարում է հոգու ամեն տեսակ ներգործություն, մարդը հայտնվում է Աստծո գերբնական հայեցողության մեջ:

 

ԱՂՈԹԱԿԱՆ ՆԵՐԱՐՎԵՍՏ

Արդեն նշեցինք, որ աղոթքը, լինելով նախ և առաջ ներքին իրողություն, պահանջում է հոգու բոլոր զորությունների համադիր կարգավորության: Այս ներքին կարգավորությունը հայերեն անվանում են գիտությունների գիտություն, արվեստների արվեստ և այլն: Ճշմարիտ աղոթքի համար պետք է հեռանալ այս աշխարհից կամ մեռնել այս աշխարհի համար: Ի՞նչ է նշանակում մեռնել այս աշխարհի համար: Նախ և առաջ նշանակում է կնքել զգայարանները այս աշխարհի դիվային հարձակումների դիմաց, ձեռք բերել զգայական մեռելություն մեղքի ոլորտի նկատմամբ: Այլ կերպ ասած` պետք է փակել հոգու դռները օտար ուժերի առաջ: Այսպիսի վիճակում աղոթականը մեկ պատերազմ ունի. դա մտքերի և խորհուրդների պայքարն է:  

Աղոթքի բուն արվեստը մտքերի և խորհուրդների մեջ է: Պետք է մտքի ծայրագույն ուշադրությամբ և խորհուրդների հսկումով սպասել Տիրոջ շնորհի այցելությանը, իսկ երբ հայտնվում է շնորհը, այնժամ ինքն է ուսուցանում, թե ինչպես ճշմարտապես աղոթել: Ահա թե ինչպես է գրում սուրբ Մակար Մեծը. «Տիրոջը հաճո լինելու ողջ խնդիրը խորհուրդների մեջ է: Ուստի փութա´ ներքնապես խորհուրդներովդ հաճո լինել Նրան և ամեն ժամ ներսում ակնկալել Տիրոջը: Միշտ և հանապազ փութա՛ ներսումդ խորհուրդներով փնտրել Նրան և բռնաբա՛ր իսկ հարկադրիր քո կամքը` բարեհոժարությամբ մտքիդ ախորժումն առ Տեր պահելուԵվ ապա կտեսնես, թե ինչպես Ինքն Իր կամքով կգա և օթևան կգտնի քեզ մոտ: Եվ որչափ որ միտքդ կամքով բռնադատես` ամբողջ սրտով փնտրելով Նրան, նույնքան և առավել Նա´ կհարկադրվի Իր գթությամբ և ըստ Իր բարերար քաղցրության գալ քեզ մոտ և հոգեպես հանգստացնել քեզ: Իմացիր որ ամենևին էլ չի լքել քեզ, այլ անտեսանելի կերպով կանգնած է քեզ մոտ, տեսնում է քո միտքը և խորհուրդները, նայում քո մտածություններին, տեսնում թե ինչպես ես աղոթում Իրեն` ամբողջ անձո՞վ, թե՞ ծուլությամբ, մինչև իսկ` ծուլանալով և կամ թույլ մտքո՞վ և ո՞չ արդյոք` ինչ-ինչ մեղքերի գործառնությամբ ախտավորված:

Արդ, երբ դու տեսնես, որ ամեն ժամ գործառնությամբ հանդերձ սփռում ես քո խորհուրդները Տեր Աստծո և միայն Նրա հայացքի առաջ, այնժամ Ինքը Տերը կհայտնվի քեզ, Իրեն անճառապես ցույց կտա, Իր ցանկալի գեղեցկությամբ կպայծառացնի, Իր օգնականությամբ առլեցուն կդարձնի, Իր ողջ հաղթությունը կտա և կազատի քեզ քո աներևույթ թշնամիներից` հայելով քո` նախապես Իրեն ուղղված անզբաղ խնդրվածքներին` մտքիդ անսխալ ակնկալությանը, և սրտիդ` Իր հանդեպ միշտ աննվազ տածվող սիրուն: Ահա այսպես կուսուցանի և կտա քեզ ճշմարիտ աղոթք, հավատքի և ճշմարտության սերը, երկնային և ճշմարիտ խնդությունը, որն Ինքն իսկ Քրիստոսն է, որ ամենուրեք քեզ հետ է»:

 

 

ԱՂՈԹՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

«Աղոթքի տեսակները երկուսն են՝ հասարակական և առանձնական: Հասարակական աղոթքը նման է մեր հասարակական պարտքի վճարմանը, որ ամենքս հասարակապես պարտք ենք Աստծուն: Քանի որ ստեղծեց մեզ ոչնչից, դարձրեց մեզ բանական, վերստին մեզ փրկեց սատանայի գերությունից և հարություն տվեց մեղքերի մեռելությունից, հանապազ պահպանում է մեզ և բավարարում մեր հոգիների ու մարմինների կարիքները: Այս բոլորն իբրև պարտքեր են մեզ վրա, և այս պարտքերն այն հասարակական աղոթքներով ենք ասես վճարում, երբ ամենքս, կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք: Իսկ առանձնական աղոթքն այն է, որ բացի հասարակական աղոթքներից, երբ և ուր էլ ժողովված լինենք, դիմենք Աստծուն:

Ուրեմն իմացի՛ր, որ թեպետ հասարակական աղոթքներով ասես վճարում ենք մեր պարտքերը, ինչպես ասացինք, սակայն դա այդքան էլ շնորհ ու հավատարմություն չէ, քանի որ լոկ մեր պարտքերը վճարեցինք: Որպես թե մեկը մյուսից փոխ առնի հինգ դահեկան և հետո էլ վճարի նրան նույն հինգ դահեկանը. արդ ի՞նչ շնորհ արեց նա տվողին, քանի որ վճարեց այն, ինչ ստացել էր: Այլ ստացողի մեծ շնորհն ու հավատարմությունն այն է, որ պարտքը վճարելիս մի բան ավել դնելով ընծայի տվողին. այնժամ կքաղցրանա տվողը ու իրենից խնդրողին առավել ևս կտա» (Սիմեոն Երևանցի, 18-րդ դար):  

Իսկ եթե որևէ մեկը ծուլության պատճառով չգնա եկեղեցի և համարի, որ առանձնական աղոթքով ազատվում է պարտքերից, մեծապես խաբվում է, քանզի եթե կա եկեղեցին, և ինքը կարող է գնալ այնտեղ, ապա զանց առնելով մեղանչում է (Պողոս Արքեպիսկոպոս Անդրիանուպոլսեցի, 19-րդ դար):

 

ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՌԱՆՁՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ

Ինչպես ասացինք ցանկալի է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հնարավորության դեպքում մասնակցի եկեղեցական կամ հավաքական աստվածպաշտությանը: Սակայն բացի ընդհանրական աղոթքից յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ունենա առանձնական աղոթքի ժամեր: Առանձնական աղոթքի չորս ժամերն են` ա) առավոտյան, բ) կեսօրյա, գ) երեկոյան, դ) հանգստյան կամ գիշերային:

Քրիստոնյայի համար շատ կարևոր է օրը սկսել աղոթքով, որպեսզի Աստծո օրհնությունը, օգնականությունը և պահպանությունը նրա հետ լինեն օրվա ընթացքում: Ինչպես մարմնական մարզանքը ամբողջ օրվա ընթացքում առույգ և առողջ է պահում մարմինը, այնպես էլ առավոտյան աղոթքը արթուն ու զվարթ է պահում հոգին: Շատ հաճախ առավոտվա ջերմեռանդ աղոթքն ամբողջ օրվա ընթացքում պահպանում է հոգին զանազան դիվային ներգործություններից և փորձանքներից:

Կեսօրին, երբ մարդ  ընդմիջում է իր մարմնավոր աշխատանքը` հանգստանալու և մարմնավոր կարիքները հոգալու համար, կարևոր է, որ նախ թարմացնի և զորացնի իր հոգին: Կեսօրին հոգին թուլացած է լինում աշխարհիկ հոգսերից և դիվային փորձություններից, և անհրաժեշտ է, որ մարդը դիմի Աստծո օգնությանը, որպեսզի զերծ մնա չարի որոգայթներից և պահպանի հոգու արթնությունն ու զգոնությունը:

Երեկոյան, երբ մարդ հեռանում է աշխարհիկ գործերից, պետք է նախ և առաջ խաղախեցնի իր հոգին և ոչ թե տրվի սոսկ մարմնավոր հանգստի: Օրվա ընթացքում մարդու հոգին լցվում է զանազան մեղսահակ տպավորություններով և հիշողություններով, որոնցից պետք է արագ թոթափվել աղոթքով: Երեկոյան կարևոր է նորոգել հոգևոր գիտակցությունը և զերծ մնալ ոչ քրիստոնեավայել անհոգությունից, կեղծ հանգստից, և հաճույքներից, որովհետև չարը քնած չէ: Հատկապես երբ մարդը թուլացած վիճակում է գտնվում, դյուրությամբ որսվում է դևերի կողմից:

«Աղոթքը հատկապես կարևոր է քնելուց առաջ: Արդյոք ինչո՞ւ Քրիստոս լեռան վրա առանձին, ամբողջ գիշերն Աստծուն աղոթելով էր անցկացնում. որպեսզի մեզ օրինակ լիներ: Ինչ խորհուրդով մարդը ննջում է, նույն խորհուրդով էլ արթնանում է: Ինչպես որ բույսերն ու պտղաբեր տունկերը, ցերեկն արևի տաքությունից այրվելով, գիշերային ցողով դարձյալ թարմանում են, նույնպես ձեր հոգիներն ու մտքերը, որոնց ցերեկը մեղքի ջերմությամբ և բազմատեսակ մեղքերով տոչորում եք կամա թե ակամա, դարձյալ գիշերային աղոթքի արցունքներով զովացրե՛ք, որպեսզի կրկին դալարեն. իսկ եթե այդ ցողը չստանան, ցերեկը կայրվեն» (Բարսեղ Մաշկևորցի, 14-րդ դար): Պետք է զղջալ օրվա ընթացքում գործած մեղքերի համար, հստակեցնել խորհուրդները, նորոգել հավատքը և փրկության հույսով անկողին մտնել: Թեև ցերեկն էլ ենք հիշում Աստծուն, սակայն այլ հոգսեր, մեր մեջ մտնելով, ջնջում են Նրա հիշատակը, ուրեմն գեթ քնելու ժամանակ հիշենք Աստծուն, որպեսզի առավոտյան դեմ էլ Նրան մտաբերենք: Գիշերը, երբ միտքը բաժանվում է զգայություններից, դյուրին է Նրա մասին մտածելը, ինչպես որ ասում է Դավիթ մարգարեն. «Ինչ որ ասեք ձեր սրտերում, գիշերն անկողնում զղջացե՛ք» (Սաղմ. 4:5), «Գիշերը վեր էի կենում խոստովանելու համար» (Սաղմ. 118:62):   

Խավարի ուժերը, որոնք մշտապես պայքարում են մեր դեմ, հատկապես փորձում են տկարեցնել հոգևոր գիտակցությունը գիշերային հանգստի ժամանակ: Սակայն երբ մարդ հոգևոր խորհրդով է ննջում, այնժամ ողջ գիշեր նա լինում է Տիրոջ ամենազոր պահպանության ներքո, և չարը չի կարող մերձենալ նրան:

 

 

ՎԵՐՋԱԲԱՆ

«Պարտավո՛ր ենք նաև միմյանց համար աղոթել, միմյանց օգնել ու փրկել մարմնի և հոգու վտանգներից: Քանի որ եթե մարտընկերներն զգուշանում են ոչ միայն սեփական անձի, այլև` ընկերոջ համար և մեռնում նաև ուրիշների համար, որչա՛փ առավել ևս  մենք ենք պարտավոր միմյանց համար նույնն անել հոգևոր պատերազմում:

Քանզի Նա, Ով աղոթքների վարդապետն է և ընդունիչը, հրամայում է ամենքի Հորն աղոթել ո´չ հատուկ անձի համար, այլ բոլորի` «Հայր մեր» ասելով: Եվ այսպես կարգավ հայցում է բոլոր եղբայրների համար` մեր և մեզ» և ո՛չ երբեք`«իմ և ինձ» ասելով» (Խոսրով Անձևացի, 10-րդ դար):  

«Աղոթքների մեջ Տերունական աղոթքից ավելի մեծը չկա, այսինքն՝ «Հայր մեր»-ից, որ նույն Ինքը Քրիստոս՝ մեր Տերը, ուսուցանեց. որից հետո՝ սաղմոսները, որ Դավիթ մարգարեն գրեց Սուրբ Հոգու ազդմամբ, ապա՝ եկեղեցական աղոթքներն ու երգերը, որ սուրբ հայրերը Սուրբ Հոգու շնորհով խորհրդաբար կարգեցին:

Աղոթքի մեջ կարևոր է և օգտակար դիմել Աստծո սուրբերին՝ բարեխոսելու առ Աստված, մանավանդ՝ սուրբ Աստվածածնին. ուստի և Եկեղեցին իր բոլոր պաշտամունքներում կարգել է արժանավոր մաղթանքներ սուրբ Աստվածածնին՝ ապավինելով նրա անդառնալի բարեխո-սությանը» (Պողոս Արքեպիսկոպոս Անդրիանուպոլսեցի, 19-րդ դար)

«Աղոթքը մյուս առաքինությունների պես սահմանափակ չէ, այլ կարող ենք անսահմանաբար գործել ամեն ժամ: Պահքի համար կարող ես պատճառաբանել, թե՝ տկար եմ և այլն: Ողորմության համար ասել, թե՝ աղքատ եմ, ի՞նչ տամ: Ճգնությունների, հալածանքների, չարչարանքների, հավատքի գործերի համար կարող ես պատճառաբանել, թե՝ դժվար են, չեմ կարող տանել: Իսկ աղոթքի համար առարկելու պատճառ բնավ չունես: Քանզի ո՛ր հասակում, ո՛ր կացությունում, ո՛ր ժամանակում և ո՛ր տեղում էլ մեկը լինի, թե՛ ծեր, թե՛ տղա, թե՛ հարուստ, թե՛ աղքատ, թե՛ առողջ, թե՛ հիվանդ, կարող է աղոթել, եթե կամենա» (Սիմեոն Երևանցի, 18-րդ դար): Ուրեմն տե՛ս, թե որքա՛ն նախատելի է աղոթքի մեջ ծույլ մարդը և հաճա´խ աղոթիր, քանզի «աղոթքներն են, որ բարձրացնում են մարդկանց առ Աստված և Աստծուն խոնարհեցնում դեպի մարդիկ» (սուրբ Ներսես Շնորհալի, 12-րդ դար):   

Իսկ ով ընդհանրապես չի աղոթում Աստծուն, անբաններից էլ անբան է, անարժան՝ Աստծո խնամքին, ապերախտ և ապաշնորհ՝ իր Բարերարի հանդեպ, քանզի ստանում է բարիքներն ու վայելում և չի ճանաչում բարիքները Տվողին ու չի փառավորում:

«Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծուն, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծո պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված» (Պողոս Արքեպիսկոպոս Անդրիանուպոլսեցի, 19-րդ դար):

Ցավոք շատերը չեն գիտակցում, որ «աղոթքն շարժումն է այն շնչի, որի ծայրը երկնքի մեջ զանգակ ունի կախված» (Լամբրոնացի Վարդապետ), բայց դո´ւ, ո´վ ընթերցող, աղոթիր նաև նրանց համար, որպեսզի ի վերջո հասկանան այն, ինչ դու հասկացար` ընթերցելով սրբերի հոգենորոգ խորհուրդները: Եվ «երբ, կանգնելով աղոթքի, զգաս ուրախություն, որը վեր է այս աշխարի բոլոր ուրախություններից, ուրեմն այնժամ իսկապես ձեռք ես բերել սուրբ աղոթքը, որը կատարվում է ի փառս Ամենասուրբ Երրորդության այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ԱՄԵՆ» (Նեղոս Սինայեցի, 5-րդ դար):

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։