Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

 

    Սուրբ Գրիգոր Նարեկացին (հավանաբար՝ 947–1003-ից հետո), բանաստեղծ է, երաժիշտ, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Խոսրով Անձևացու կրտսեր որդին: Ենթադրվում է, որ ծնունդով եղել է Վասպուրական աշխարհի Ռշտունյաց գավառի Նարեկ գյուղից կամ Անձևացյաց գավառից: Հիշատակարաններում իրեն կոչել է «Նարեկավանից վանական» (այստեղից էլ՝ Նարեկացի անվանումը): Կրթությունն ստացել և իբրև կուսակրոն հոգևորական դաստիարակվել է Նարեկավանքի բարձր տիպի դպրոցում՝ վանահայր և ուսուցչապետ Անանիա Նարեկացու (հավանաբար մոր հորեղբոր որդու) խնամակալությամբ: Ուսումնառության ընթացքում ի հայտ է բերել բացառիկ ընդունակություններ, յուրացրել ոչ միայն հայ մատենագրության արժեքները, սուրբ Գիրքն ու թարգման. մեծահարուստ գրականությունը, այլև, քաջ տիրապետելով հունարենին, հաղորդակցվել բյուզանդական մշակույթի հետ:

Բանաստեղծի հիշատակարաններից կարելի է եզրակացնել, որ նրա կյանքն անցել է վանական միջավայրում, բայց չի մեկուսացել եկեղեցաքաղաքական իրադարձություններից: 977-ին Անձևացյաց Գուրգեն թագավորազն իշխանի (990–1003-ին՝ Արծրունյաց թագավոր) պատվերով գրել է Երգ երգոցի մեկնությունը, իսկ 983-ին Մոկաց աշխարհի Ապարանից Ս. Խաչ վանքի նավակատիքի առիթով տեղի Ստեփանոս եպիսկոպոսի պատվերով՝ վանքի հիմնադրման ու կառուցման պատմությունը: Հավանաբար 990-ական թթ. կեսին գրել է Մոկաց աշխարհի Կճավավանքի վանահորն ուղղած դավանական թուղթը (ընդգրկվել է «Գիրք թղթոց» ժողովածուում), մերժել ու հերքել թոնդրակեցիների աղանդը, բացառել հանդուրժող վերաբերմունքն այդ հերձվածի հետևորդների նկատմամբ: Գրիգոր Նարեկացին եղել է իր դարաշրջանի համահայկ-եկեղեցական խնդիրներով շահագրգիռ գործիչ: Միաբանության պարտականություններից ազատ ժամանակ առանձնացել է Վանա լճից հարավ, Նարեկավանքից հյուսիս գտնվող լեռան ճգնարան-քարայրում և բանաստեղծի իր ներանձնացումն ապրել: Դժվարամատչելի այդ ճգնարանը դարեր շարունակ եղել է ուխտատեղի:

Ըստ հիշատակարանի, մահացել է «Մատյան ողբերգության» պոեմն ավարտելուց հետո: Գերեզմանը գտնվել է Նարեկա Ս. Աստվածածին և Ս. Սանդուխտ եկեղեցիների հարևանությամբ նրա հիշատակին կառուցված մատուռ-եկեղեցում, որը 1915-ից հետո վանքի ողջ համալիրի հետ իսպառ ավերվել է: Գրիգոր Նարեկացին XII դ. կեսից ոչ ուշ դասվել է սրբերի շարքը. նրա ստեղծագործությունը ողջ միջնադարում արժանացել է մեծագույն փայփայանքի, պահպանվել գրեթե անկորուստ: Մեզ են հասել նրա երկերի բազմաթիվ ընդօրինակություններ: Միայն «Մատյան ողբերգության» երկի գրչագիր ընդօրինակությունները (առանց հատվածական ձեռագրերի) անցնում են 150-ից:

Այն հրատարակվել է գրաբար (ավելի քան 60 անգամ), աշխարհաբար (արևմտահայերեն և արևելահայերեն), թարգմանվել ու տպագրվել բազմաթիվ լեզուներով (ֆրանս., անգլ., պարսկ., իտալ., գերմ., իսպ., ուկր., լիտվ. և այլն), XIII դ. 2-րդ կեսից սկսած՝ բազմիցս մեկնաբանվել: Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է դրանց համամարդկային հնչեղությամբ և բացառիկ գեղարվեստականությամբ: Նրա լավագույն տաղերն ու մեղեդիները և «Մատյան ողբերգության» պոեմը (XVIII դարից ժողովուրդն այն անվանել է «Նարեկ») հայ միջնադարյան քնարերգության զարգացման նոր փուլ են նշանավորել՝ արտացոլելով մարդու հոգևոր-իմացական և զգացմունքային աշխարհը, բարձր անհատի փիլիսոփայական ներթափանցումները կյանքի գաղտնիքների մեջ: Յուրովի հաստատելով սուրբ Գրքի աշխարհընկալման պատվիրանները՝ Գրիգոր Նարեկացին, ի հավելումն դրանց, առաջնորդվել է գեղագիտական նոր սկզբունքներով և դրանք լավագույնս իրացրել իր բարձրարվեստ գործերում: Տեսական այդ սկզբունքներն ամենից առաջ արտահայտվել են Երգ երգոցի մեկնության մեջ: Դրանցից կարևորագույնը այլաբանության նրա ըմբռնումն է: Մարդկությունը, սկսած Ադամ-Եվայից, ընկել է մեղսագործության մեջ, հետևաբար և զրկվել Աստծո հետ անմիջականորեն հաղորդակցվելու և աստվածային ճշմարտությունն ուղղակիորեն ճանաչելու շնորհից: Սակայն մարդն առարկայական աշխարհը, շոշափելի ու տեսանելի ամեն բան՝ կենդանի բնությունն ու իրականությունը ճանաչելու ճանապարհով հնարավորություն ունի հասնելու աստվածային ճշմարտության ըմբռնմանը՝ «Ի ձեռն մարմնաւորացս տեսցուք զհոգևորսն»: Դրանով իսկ քերթողական արվեստի համար նա կարևորել է բնության, լայն իմաստով՝ իրականության ընկալումն ու գեղարվեստական դրսևորումը՝ բանաստեղծության մեջ տեսնելով երկու շերտ՝ արտաքին և ներքին. առաջինը՝ որպես բնության պատկեր, այլաբանություն, երկրորդը՝ որպես գաղտնի գաղափար և ճշմարտություն, որոնցով իմաստավորվում է այլաբանությունը. նրա միջոցով են հոգևոր-վերացական գաղափարները ձեռք բերում իրենց բանաստեղծական առարկայացումը, հեշտընկալ դառնում, հրճվանք պատճառում ընթերցողին և ունկնդրին:

Գեղարվեստական մտածողությունն այլաբանությամբ շփման մեջ է մտնում իրականության հետ, թոթափում խոսքի գրքային ձևերն ու կաղապարները, հակվում բնականությանն ու բազմերանգությանը: Գրիգոր Նարեկացու տաղարանն արտացոլում է մարդ-քրիստոնյա հավատ-բնություն (իր ականություն) հարաբերությունը: Մյուս սկզբունոը բանաստեղծության մեջ գեղարվեստական համեմատության ու պատկերի հետզհետե զարգացման պահանջն է, ինչպես ինքն է նկատել՝ աստիճան առ աստիճան դրանց հարստացումը, որն իրապես վերաբերում է բանաստեղծական երկի բովանդակության շարժունությանը և այնքան ցայտուն կիրառվել է նրա բարձրարվեստ տաղերում («Տաղ Յարութեան», «Տաղ յօրհն ել ջրոյն», «Տաղ ի Յարութիւն Ղազարու» և այլն) և «Մատյան ողբերգության» պոեմում: Գրիգոր Նարեկացին սիրո երգեր չի գրել (այդպիսիք մեզ չեն հասել), բայց Երգ երգոցի առիթով իր վերաբերմունքն է արտահայտել սիրո մասին: Նա սերը համարել է մարդկային ամենազորեղ զգացմունքը՝ հանուն որի սիրահար հոգիները երբեմն քամահրել են հավատի արգելառիթ խոչընդոտները՝ «Արդ, չիք յերկրի պատուականագոյն, քան զսէր առն և կնոջ»:

Երկրպագելի ս. Տիրամոր քնարական կերպարը պատկերելիս ընդգծել է նրա կանացիությունն ու գեղեցկությունը («Մեղեդի Ծննդեան»): Նարեկացի բանաստեղծն օժտված է անսովոր վառ երևակայությամբ, իրերն ու երևույթները ճոխ ներկայացնելու արտակարգ ձիրքով: Ըստ հարկի ստեղծել է բանաստեղծական երանգապնակի հարստություններն ու անսպառ հնարավորությունները վկայող քնարական հատվածների բազմաքանակ խտացումներ: Նարեկացի գեղագետն իր ստեղծագործությունը դիտել է ոչ միայն որպես անձնականության դրսևորում, այլ նաև համայն քրիստոնյա մարդկության սեփականություն. «Ե՛ս ամենայնն, և յի՛ս ամենեցունն»: Նա իր անձի ու անհատականության միջոցով արտահայտում է ընդհանուրի հոգին ու ցանկությունները՝ «նշաւակեալ յիւրում պատկերին», ինչը նրա ստեղծագործությանը տալիս է համամարդկային հնչեղություն: Գրիգոր Նարեկաց. X դ. 2-րդ կեսին հայ հոգևոր երգի նոր ժողովածուի՝ Գանձարանի կամ հոգևոր Տաղարանի սկզբնավորողն է:

Պահպանված 36 բանաստեղծությունները (5-ի հեղինակային պատկանելությունը երկբայելի է) ցույց են տալիս, որ նա է ստեղծել հիշյալ ժողովածուի համակարգը՝ գանձարանային շարքերով, որոնցից յուրաքանչյուրը՝ գանձ-տաղ-մեղեդի և հորդորակ, միավորներով համապատասխանում է եկեղեցական տոնակարգին: Ամեն շարք (կարգ) խոսքի և երաժշտության մի ցիկլ է: Իր բանաստեղծությունների համար Գրիգոր Նարեկացին ինքն է հորինել երաժշտությունը. բանավոր ավանդվելով՝ պահպանվել են նրանցից միայն վեցի մեղեդիները և ձայնագրվել նոր ժամանակներում (մյուսների երաժշտությունը անհայտ է՝ խազերի վերծանված չլինելու պատճառով): Բանաստեղծություններում, առավելապես տաղերում ու մեղեդիներում, Գրիգոր Նարեկացու նպատակը մարդու ներքին բնության՝ հուզական աշխարհի պատկերումն է՝ կապված քրիստոնեական հավատի ու պաշտամունքի հետ: Գրիգոր Նարեկացին հայ քնարերգության մեջ բնության հայտնաբերողն է: Բնությունը դիտում է հարափոփոխ շարժման ու արարումի մեջ: Դրա լավագույն օրինակը «Տաղ Վարդավառին» բանաստեղծությունն է, որն արտահայտում է բանաստեղծի հրճվանքը արթնացող ու փթթող բնության հազարերանգ գեղեցկության հանդեպ: Հեթանոսական ժամանակների Վարդավառը վերաիմաստավորվել, վերածվել է Քրիստոսի Պայծառակերպության հանդեսի՝ նորանշանակ Վարդավառի, երբ խուռներամ վարդերը գույնզգույն ծաղկաթերթեր են արձակում, շուշանն է շողում հովտում և հովհարվում հովից: «Ջրօրհնեաց տաղը» ուրախարար ավետիսի երգ է՝ նվիրված Աստծո Որդու հայտնությանը, ծնունդին ու մկրտությանը:

Դա աշխարհի ու մարդկության նորոգման հրավերն է՝ նման ամեն նոր գարնանը բնության վերածննդին: Քրիստոսի Մարդեղության տոնը հարսանիք է, և հարսանյաց կոչնատերը Հովհաննես Մկրտիչն է: Նա հրավեր է հղում ո՛չ միայն Ադամի տան որդիներին, Տիրամորը, մարգարեներին ու նահապետներին, այլև «բողբոջախիտ, խիտասաղարթ» ծառերին, հորդ աղբմուրներին ու հույլ վտակներին: Բնության շարժուն ներկայությունը բանաստեղծության մեջ՝ իբրև խորհրդանիշ ու այլաբանություն, գունագեղ ու հուզական է դարձնում երգը: Ինքնատիպ է Քրիստոսի հրաշալի Հարության նարեկացիական ընկալումը («Տաղ Յարութեան»): Նա չի կրկնել ավետարանական պատումը, այլ թեմային հաղորդել է հայկական-տեղական տարազավորում՝ սրբազան գործողությունը կապելով հայ բնաշխարհի հետ: Շքեղ սայլի վրա բեհեզապատ աթոռակին բազմած է Արքայի Որդին՝ Հիսուս Քրիստոսը: Սայլապանն էլ «ճոճ ու ճապուկ» ճորտ է՝ Հովհաննես Կարապետը, իսկապես մի կտրիճ, որ կոչված է առաջնորդելու սայլն «Ի Մասեաց յաջ կողմանէն»: «Եւ ահա չշարժէր սայլիկն այն, Եւ ահա չխաղայր անիւն այն»: Նարեկացին դրամատիկ է դարձրել պահը և անհանգիստ, բայց ահա «լայնաթիկունք, խարտիշ ագէղ, ահեղագոչ» ճորտը ձայնում է եզնամոլին, և սայլն «անուշահոտ բուրմամբ» ընթանում, ճռնչալով մտնում է Երուսաղեմ: Տիրամայրը Գրիգոր Նարեկաց-ու ընկալմամբ երգ է՝ զարմանալի և «շարժվարժենի» («Մեղեդի Ծննդեան»): Բարձրաճաշակ բանաստեղծական բնութագրումների ու համեմատությունների առատությունը երգում տեսանելի ու առարկայորեն շոշափելի է դարձնում Աստվածամոր քնարական պատկերը: Տաղերում ու մեղեդիներում Գրիգոր Նարեկացին շռայլորեն օգտագործել է խոսքի պատկերավորման արտահայտչամիջոցները, բազմազան ձևերով հարստացրել հայոց տաղաչափական արվեստը, ընդլայնել բանաստեղծության կառուցման հնարավորությունները, կարևորել չափածոյի երաժշտայնությունը՝ ստեղծելով բաղաձայն հնչյունների հանգիտության չգերազանցված օրինակներ: Դա բանարվեստի հարուստ մի համակարգ է, որն ուղեցույց է դարձել հայ քնարերգության հետագա զարգացման համար:

 

ՆԱՐԵԿ

 

    Գրիգոր Նարեկացու մեծագույն ստեղծագործական սխրանքը «Մատյան ողբերգության» պոեմն է (1001–03). «... այստեղ արդեն հայի լեզուն չի, որ խոսում է, բերանը չի, որ պատմում է. կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին է, որ մռնչում է մինչև երկինք »: 95 գլխից բաղկացած երկնաղոթքի ձևով արտահայտված խոսք է՝ ուղղված Աստծուն («Ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ»), անկեղծ ու անմիջական խոստովանանք, աղաչանք ու աղերսանք, նաև փառաբանության երգ, մաղթանք ու տենչանք՝ իշխող ողբերգական տրամադրությամբ: Իր ցավատանջ ներաշխարհը, մարդկության ու իր փրկության համար տառապագին ապրումները դրսևորելու համար նա գտել է գեղարվեստական բազմազան հնարքներ: Երկում իշխող ողբերգական շունչն արտահայտվում ու պատկերվում է միշտ նորանոր միջոցներով՝ «փոխեալ զեղանակ բանիս, այլ ոչ զեղկութիւն աղէտիս»: Իր հավատի ու խոստովանության գրքում նա փիլիսոփա-բանաստեղծ է, ընդհանուր քրիստոնյա մարդկության մեղքերն ու արատները կամովին ստանձնած և բոլորի փոխարեն քավող անհատ, որ շարունակ բանաստեղծության թարմաշունչ եղանակներ է որոնում, պատկերավոր խոսքի հոսքեր շատրվանում՝ առանց դույզն-ինչ ինքնակրկնման: Գրիգոր Նարեկացին մնացել է բանաստեղծի իր անհաս բարձունքի վրա, նա իր եսի ու համաշխարհի արտահայտիչն է, և «Մատյան ողբերգության»-ը որքան ինքնապատում է, նույնքան էլ համապատում է՝ մեղքից ու արատից տառապող մարդկության փրկության ճիգերի մասին: Ինքնամաքրման ճանապարհը անկեղծ խոստովանությունն է, մեղքերի զղջումը, որը և ընտրել է բանաստեղծը՝ ձգտելով իր մահացու վերքի ամբարված շարավը խոսքի խարանով հեռացնել, սրտի հոգեկան ցավերից կուտակված դառնությունից ազատվել: Բայց արատներն ու մեղքերը անքանակ են, անկշռելի ու անսահման: Նրանք ավելի են, քան ծովերի բազմակուտակ ավազուտների մանրահատիկները: Ու մինչդեռ ավազահատիկները զուրկ են աճելու ունակությունից, իր մեղքերից ու հանցանքներից ամեն մեկը, ճիշտ հակառակը, նորաժառանգ արատների անվերջ հավելում է պայմանավորում: Իր հանցանքները ծանրությամբ հակակշռում են Արարատ լեռանը: Նրա հոգին բզկտվում է հուսահատությունից ու կասկածից, նա ընկնում է խոր երկվության մեջ: Աշխարհից անբավական՝ խորհրդապաշտ Գրիգոր Նարեկացին մերկացնում ու մերժում է արատավոր իրականությունը, անխտիր քննադատում հասարակության բոլոր խավերին: Մարդուն կործանումից ազատողն ու նրա փրկիչը միայն Աստված է, որը որքան հեռու է և անմատչելի, նույնքան էլ մոտ է ու անբաժանելի՝ «Անմատչելի հեռաւոր և անընդմիջելի մերձաւոր»: Եթե Աստված արդարացնում է որևէ մեկին, ապա «ոչ ոք զօր է դատապարտ առնել»: Քավությունն ու ինքնամաքրումը տանում են դեպի Աստված, հնարավորություն ընձեռում անբաժանելիորեն նրան միանալ, հասնել նրա լույսին, «Աստուած իսկ լինել»: Միջնադարում ժողովուրդը «Մատյան ողբերգությանը»՝ «Նարեկը», համարել է «Դեղ կենաց», որի օգնությամբ ձգտել է մաքրվել հոգով, ազատվել մեղքերից և հասնել կատարելության: Գրքին վերագրվել է բուժիչ զորություն, իսկ հեղինակի անունը սրբացվել է ու միջնորդ-բարեխոս համարվել Աստծո մոտ՝ «մեղավոր հոգիների» փրկության համար: Երկի առանձին գլուխներ ու հատվածներ ընդգրկվել են ոչ միայն եկեղեցարարողական գրքերում (Ժամագիրք, Պատարագամատույց, Մաշտոց), այլև ախտարական բնույթի ժողովածուներում (Ուրբաթագիրք, Հմայիլ, Կիպրիանոս): Հավատացել են, որ դրանց ընթերցումով կարելի է փրկվել չար ոգիներից, փարատվել «ջերմատագնապ» ախտերից: Ընդ որում ախտարական ժողովածուներում կան ցանկեր՝ «Զանազանութիւն Նարեկայ գրքոյն..., թէ ամէն մէկ գլուխ ի՛նչ գործոյ ասել օգտակար է» բովանդակությամբ: Գրքի բոլոր գլուխներին տրվել է կիրառական նշանակություն՝ այս կամ այն ցավի, պատահարի ու աղետի դեպքում կարդալու համար: Նման ցանկեր երևան են եկել նաև երկի միջնադարյան ընդօրինակություններում և վաղ շրջանի հրատարակություններում: «Մատյան ողբերգության» երկի մի շարք գլուխներ և տարբեր գլուխների առանձին հատվածներ շոշափում են հոգևոր, աստվածաբանական, դավանական, եկեղեցական  խնդիրներ: 34 և 75-րդ գլուխներն աղերսվում են Նիկիական հանգանակի հետ և ներկայացնում Գրիգոր Նարեկացու ըմբռնումները Ս. Երրորդության և եկեղեցու մասին: 92-րդ գլուխը եկեղեցու կոչնակի ներբողն է, 93-րդը՝ սրբազան Մյուռոնի փառաբանությունն ու պանծացումը: Երկուսն էլ հորինված են «թարգմանօրեն», այսինքն՝ մեկնաբանական եղանակով: 33-րդ գլխի երկու հատվածներ աղոթքի ժանրի ընտիր դրսևորումներ են և ներառվել են (XII դ. վերջին քառորդից առաջ) հայոց Պատարագի արարողության մեջ, կատարվել իբրև «աղօթք, որ նախ քան զպատարագն մատուցանի»: Որոշ գլուխների տարբեր հատվածներ դիտվել են որպես առանձին աղոթքներ և կատարվել ժամակարգության ընթացքում: Մի քանի գլուխներ հարում են ներբողի ժանրին, թեպետև նրանց կապը երկի ներքին հյուսվածքին մնում է ամուր: 80-րդ գլխում Գրիգոր Նարեկացին ներբողում է Աստվածամորը, 81-ում՝ հրեշտակներին, 82-ում՝ առաքյալներին: Ներբողների շարքը լրացվում է բոլոր առաքյալներին և Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված ստեղծագործություններով, որոնք գրված են մինչև «Մատյան ողբերգությանը»: Գրիգոր Նարեկացին նաև երաժշտության խոշոր երևույթներից ու նվիրական անուններից է, որի ստեղծագործությունը սերտորեն կապված է եղել հայկական մասնագիտացված երգարվեստի պատմական զարգացման նախորդ (V–IX դդ.) և հաջորդ (XI–XV դդ.) փուլերի, ուստի և հազարամյա վերելքի ողջ շրջանի հետ: Նա իր ստեղծագործության հզոր շերտերով նշանակալի հեղաբեկում է առաջ բերել հայոց միջնադարյան մասն ագիտացված երգարվեստում՝ հատկապես իր տաղերով, որոնց երաժշտական բաղադրիչներում վճռականորեն ու տաղանդով կիրառված է ութձայնի հին եղանակների համեմատությամբ մեղեդիական ազատ, ավելի բարձր ոճը: Նրա բազմաթիվ տաղերից համեմատաբար անաղարտ մեզ են հասել միայն հինգը (մեկը Ն. Թաշճյանի, չորսը՝ Կոմիտասի մեծարժեք ձայնագրությունների միջոցով): Դրանք են. քնարադրամատիկ. «Աչքըն ծովը», լայնաշունչ վիպական «Հաւիկը », ոգեշունչ հռետորական «Ահեղ ձայնս», հեզասահ պատմողական «Սայլն այն իջանէր» և խոհաքնարական «Հաւուն-հաւունը»: Հորինվածքային առանձնահատկությունների առումով այդ տաղերում ակնառու են ձայնաելևէջային ու կշռութային հարստությունը, համաձայնութային անցումների շքեղ երանգապնակը և ճարտարակերտության ավարտվածությունը: Տաղերը զարգացման մեծ ուղի են անցել հոգևոր արվեստի շրջանակներում: Սակայն նախատեսված չլինելով պարտադիր կիրառական նպատակների համար՝ ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ հարստացել ժողովրդագուսանական աշխարհիկ արվեստից եկող կենսունակ տարրերով՝ կազմելով հայ միջնադարյան արվեստի կանոնացումից դուրս մնացած բաժնի կարկառուն հատվածներից մեկը: Ն. Թաշճյանը Ժամագրքում, Շարակնոցում  և Պատարագամատույցում տեղադրել է, համապատասխանաբար՝ «Ընկալ քաղցրութեամբ» աղոթքը, «Փառք Քրիստոսի ամենազօր Յարութեան» շարականը և «Աչքըն ծով» ու «Հաւուն-հաւուն» տաղերը: Հայ եկեղեցին ս. Գրիգոր Նարեկացու հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների հետ:

 

 

Մատյան Ողբերգության - ՆԱՐԵԿ

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։