Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՍՐԲԱՊԱՏԿԵՐ

 

   ՍՐԲԱՊԱՏԿԵՐ (հուն.՝ εικων – պատկեր, կերպար), լայն առումով՝ Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, Մանկան հետ Աստվածամոր, սրբերի, Ս. Գրքի դրվագների և վարքերի պատկերներ, որոնց սրբազան (երբեմն՝ հրաշագործ) նշանակություն են տալիս հատկապես ուղղափառ եկեղեցիները: Նեղ իմաստով՝ միջնադարյան պաշտամունք, նկարչության տեսակ: Ծնունդ է առել II դ. և ծաղկում ապրել IV դ.: Ի տարբերություն կուռքերի (որոնք մարմնավորում էին հեթանոսների աստվածությունները)՝ քրիստոնեական եկեղեցին սրբապատկերները չի նույնացնում ո՛չ աստվածության, ո՛չ պատկերված անձի հետ:

Ըստ քրիստտոնեկան գաղափարախոսության՝ սրբապատկերը աստվածության որևէ մաս չի պարունակում (ինչպես կարծում էր նորպլատոնական Յամբլիխոսը), այլ նյութ է, որը հնարավորություն է տալիս «օրինակ» վերցնելու «նախատիպից» (Հիսուսից, Աստվածամորից կամ պատկերված որևէ սրբից) կամ հաղորդակցվելու նրա հետ: Ի տարբերություն որմնանկարչության և մանրանկարչության՝ սրբանկարչությունը գեղանկարչության առանձին ստեղծագործություն է փայտե տախտակների, հետագայում՝ կտավի և այլ նյութերի վրա՝ սկզբնական շրջանում մոմաներկերով, ավելի ուշ՝ խճանկարով և տեմպերայով, իսկ XVII–XVIII դդ-ից՝ նաև յուղաներկերով: Բյուզանդիայում և սլավոնական ուղղափառ երկրներում (հատկապես՝ Ռուսաստանում) սրբապատկերները հաճախ կազմում են համալիր՝ իկոնոստաս, սրբապատկերների ճարտարապետորեն ձևավորված խումբ, որը եկեղեցու ինտերիերի ձևավորման կարևոր մաս է:

Սրբապատկերներների հնագույն պահպանված օրինակները VI դ-ից են (Եգիպտոս, Սինա, Առաջավոր Ասիա): Ֆայումյան դիմանկարների (Եգիպտոս) նմանությամբ սկզբնական շրջանում ստեղծվել են սրբերի, նահատակների, ապա նաև Քրիստոսի ու առաքյալների և Մարիամ Աստվածածնի նկարներ: Լինելով հոգևոր ապրումների արտահայտիչ և հետևելով պատկերագրական որոշակի կանոնների՝ սրբանկարչությունը Վերածնության ազդեցությամբ աստիճանաբար վերածվել է կաղապարված ձևերի՝ հաճախ մեխանիկական մեկնաբանմամբ, իսկ ռոմանական և Եվրոպայի հյուսիսս-արևմտյան երկրներում ստացել տաnբեր բովանդակություն և գեղագիտական հիմնավորում: Սրբանկարչությունը դիմել է փոխզիջման՝ իրականությունը քիչ թե շատ հավաստի վերարտադրող նոր արվեստի հետ:

Մեզ հասած հայկական սրբապատկերները հենց այդ փոխզիջումնային շրջանից (XVII–XVIII դդ.) են, որոնք, ի տարբերություն հունակսն և ռուսական սրբապատկերների, զերծ են մնացել եկեղեցու խիստ հսկողությունից. այդ սրբապատկերները հաճախ նկարել են այս կամ այն չափով օժտված կամ գեղանկարչական կրթություն ունեցող աշխարհիկ մարդիկ, ինչը բացառվում էր միջնադարյան մանրանկարիչների դեպքում: Հայ մատենագրության մեջ սրբապատկերների մասին առաջին տեղեկությունները հանդիպում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»ում: Մեզ հայտնի առաջին վկայությունը վերաբերում է Հիսուսի նկարին՝ ուղարկված Եդեսիայի Աբգար թագավորին: Տարբեր աղբյուրներում (հայկ., հուն., ասոր.) այդ հրաշագործ պատկերի հեղինակ են համարվում Աբգարի սուրհանդակ Անանը, Հովհաննես ավետարանիչը և ինքը՝ Հիսուսը: Ըստ ավանդությ ան՝ այդ նկարն էլ հիմք է դարձել Հիսուսի, որպես Նազովրեցու, պատկերման (ի տարբերություն Արևմուտքում տարածված անտիկ աստվածների տեսքով Հիսուսի պատկերների):

Մյուս պատկերը Վասպուրականի Անձևացյաց գավառի Հոգեաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու Աստվածամոր նկարն էր, որը, ըստ Մովսես Խորենացու, նկարել է Հովհաննես ավետարանիչը և նվիրել Բարդուղիմեոս առաքյալին: Առաքյալը պատկերը բերել է Վասպուր ական և Դարբնաց քար կոչված վայրում (Անձևացյաց գավառում) հիմնել Ս. Աստվածածին եկեղեցին՝ այդտեղ պահելով Տիրամոր պատկերը («Պատմութիւն սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա», 1994): Միջնադարից հայկական սրբապատկերների ոչ մի նմուշ առայժմ մեզ չի հասել, թեև Մովսես Խորենացին, Վրթանես Քերթողը, Մովսես Կաղանկատվացին, Ներսես Շնորհալին, Անանիա Սանահնեցին և ուրիշներ գրել են սրբապատկերային արվեստի մասին: Ի տաnբերություն Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիների, Հայ եկեղեցին առավել չափավոր դիրքորոշում է ունեցել սրբապատկերների հանդեպ: Հայոց մեջ պատկերների փոխարեն առավել տարածված է եղել խաչի պաշտամունքը՝ խաչապաշտությունը: XVII–XVIII դդ-ից մեզ հասած հայկական սրբապատկերների վրա իրենց անդրադարձն են ունեցել մի կողմից դրանց նկատմամբ Հայ եկեղեցու թույլ հսկողությունը (հետևելով չափավորությանը՝ Հայ եկեղեցին այդ հարցում զգալի տեղ է թողել ժողովրդական բարեպաշտությանը, տեղական սովորությանը), մյուս կողմից՝ տպագիր գրքի տարածումը, երբ հայատառ գրքերում տպվել են եվրոպական նկարիչների փորագրություններ:

Այդ սրբանկարները (մեծ մասամբ յուղաներկերով արված կտավի վրա) հաճախ գտնվել են բարոկկոյի արվեստի ազդեցությունների տակ: Նաղաշ Հովնաթանի որդիներ Հակոբի և Հարությունի, ինչպես և վերջինիս թոռան՝ Հովնաթանի նկարները, որոնք ներկայացնում են Տիրամոր փառաբանումը, Տրդատ Գ Մեծ թագավորին, Վրթանես Ա Պարթևին, Հովհաննես Գ Օձնեցուն և այլոց, քիչ են նման սրբապատկերների: Դրանք ցուցադրական նկարներ են, որոնցում դժվար է ասել, թե նկարիչն զգեստների ճոխությունն է ավելի մեծ սիրով նկարել, թե՞ դեմքերը: Նման ցուցադրական նկարը գեղարվեստական մեծ արժեք է ստանում, երբ ներկայացնում է տվյալ մարդուն այնպես, ինչպես նա կա և ինչպես նա ցուցադրում է իրեն և իր զարդերը (Հակոբ Հովնաթանյան):

Կրոնական անկեղծ զգացումն ավելի ուժեղ է անհայտ նկարիչների գործերում, որոնք մեծ մասամբ պատկերում են Աստվածամորը Մանկան հետ՝ կա՛մ մանրանկարչության համար անսովոր մանրամասներով (խաչը մանուկ Հիսուսի ձեռքին, գավաթը Աստվածամոր ձեռքին) կա՛մ պատկերագրությամբ (նստած Աստվածամորը Մանկան հետ շրջապատում են Գրիգոր Լուսավորիչը և Հովհաննես Մկրտիչը, վերջինս երբեմն պատկերվում է գառան հետ, եnբեմն առկա են առաքյալների կիսանդրիների պատկերները՝ իբրև շրջանակ): Սրանք, ինչպես նաև մի քանի պատկերազարդ վարագույրներ, խաչվառներ և մի քանի թեմատիկ նկարներ, լինելով շատ գծերով պարզունակ, անկեղծ հավատքի զգացում են արտահայտում և եկեղեցիներում (Սևանի, Էջմիածնի, Ագուլիսի և այլն) ծառայել են իբրև սրբապատկերներ:

Հայ եկեղեցում սրբապատկերները տեղադրվում են որոշ կարգով ու Ավագ սեղանի վրա՝ Աստվածամայրը Մանկան հետ (տոների ժամանակ այն կարող է փոխարինվել տոնը ներկայացնող սրբապատկերներով), խորանի ներսում 12 առաքյալների պատկերներն են, խորաններում և մատուռներում կարող են դրվել ս. Հովհաննես Մկրտչի և ս. Ստեփանոս Նախավկայի պատկերները, մկրտարանում՝ Մկրտության պատկերները: Գավթում ևս, մուտքի կողքերին, կարող է երկու սրբապատկեր կախվել: Նկարների թիվը կարող է ավելի մեծ լինել (առաքյալների, մարգարեների, 4 մեծ վկաներ ս. Սարգսի, ս. Գևորգի, ս. Թեոդորոսի, ս. Մերկուրիոսի, ազգային սրբերի): Պատկերները, անկախ ծագումից, հայկական եկեղեցիներում դրվում են հայոց եկեղեցական ծեսով օրհնված և օծված լինելուց հետո: 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։