Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


ԴՐՈՇՄ

  

Սուրբ Հոգու միանալով` մկրտվածը զորանում է դեպի նոր կյանք, զինվում է մեղքի իշխանությունը խորտակելու համար և ամրապնդվում քրիստոնեական ճշմարիտ վարքով աստվածային հաղորդակցության մեջ: Իսկ Սուրբ Հոգին իջնում է մարդու մեջ դրոշմի սուրբ խորհուրդով և այնուհետև առաջնորդում է նրան հավատքի միջոցով, ինչպես ասում է առաքյալը. «Զայս գրեցի ձեզ, զի մի՛ ոք զձեզ մոլորեցուցանիցէ, եւ դուք օծութիւնն, զոր ընկալարուք ի նմանէ, բնակեսցէ ի ձեզ. եւ չէ ինչ պիտոյ, եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ որպէս զի նորա օծութիւնն ուսուցանիցէ զձեզ վասն ամենայնի» (Ա Հովհ. 2:26, 27): Այսպես և Պողոս առաքյալն է գրում. «Որով եւ դուք իբրեւ լուարուք զբանն ճշմարտութեան, զԱւետարանն փրկութեան ձերոյ, որով հաւատացեալ կնքեցայք Հոգւոյն Սրբոյ աւետեաց, որ է առհաւատչեայ ժառանգութեան մերոյ ի փրկութիւն նուաճութեան, ի գովեստ փառաց նորա» (Եփես. 1:13, 14):     

Դրոշմը պարզապես Սուրբ Հոգու որդեգրության կնիքն է և հավատացյալի հոգեգալուստը, ուստիև «դրոշմել» բառի փոխարեն սովորաբար գործածվում «կնքել» բառը, ինչպես հիշվում է նաև առաքյալի խոսքերի մեջ: Սուրբ Հոգու ներգործությունը կամ դրոշմի սուրբ խորհուրդը գեղեցկապես նմանեցրած է հրո հատկության, որով տարբերվում է Քրիստոսի մկրտությունը ապաշխարական մկրտությունից (Մատթ. 3:11, Ղուկ. 3:14): Հուրը առհասարակ մաքրող ու փորձող է, ըստ որում, այրում է ժանգը և մաքրում, իսկ եթե այրվողի մեջ որևիցե իսկություն կամ զտություն չկա, ոչնչացնում է և նրան (Ա Կոր. 3:10, 11): Հետևաբար Սուրբ Հոգու ներգործության այդ համեմատությունը շատ արտահայտիչ է: Նա փորձում է իր հրային նմանողական զորությամբ իր ներգործության ենթարկվածին «իբրեւ զոսկի ընտիր, զի խոտանն տոչորեսցի», «զի զտեալ ընտիր կացուսցէ զմարդկային բնութիւնն», - ասում է սուրբ Եղիշեն (էջ 212). և մաքրելով իսպառ` ապա տալիս է իր մեծամեծ շնորհները վերածնյալին իր նորաստեղծ ու նորոգ կյանքի համար: Այնուհետև նորածնյալը մտնում է Սուրբ Հոգու հովանու տակ իր աճման ու հավատավոր զարգացման ընթացքում և վայելում է նրա բարիքները` ոտք դնելով Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու զինվորյալ որդիների հաղթական հանդիսարանը:

Սուրբ Հոգու շնորհների կնիքը տրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում սուրբ մյուռոնով. ձեթը և օծության յուղը առհասարակ թանկագին միջոց էր բժշկության, մանավանդ վերքերի ու բեկումների համար, այլև նշանակ էր արթնության, լուսո ու կենդանության և ընդհանրապես իբրև զորացուցիչ և մաքուր նյութ` եփվում էր սուրբ օծության համար (Մատթ. 25:3, 4, Ելք 30:25, Ա Թագ. 16:1): Ուստիև եփված անուշահոտ, մաքուր մյուռոնը ամենահատուկ նյութն է Սուրբ Հոգու խորհրդավոր իջման և բարերար ու սրբարար, շնորհագործող ու բարեզարդ ներգործության: Նա է մեզ հաստատում, կապում Քրիստոսի հետ և նրանով ենք ստանում Սուրբ Հոգու մեր մեջ բնակվելու առհավատչյան: Ըստ որում և առաքյալն ասում է. «Այլ որ հաստատեացն զմեզ ձեօք հանդերձ ի Քրիստոս եւ օծ զմեզ, Աստուած է, որ եւ կնքեաց զմեզ եւ ետ զառհաւատչեայ Հոգւոյն ի սիրտ մեր» (Բ Կոր. 1:21): Այսպիսով, ուրեմն պտղով մեղանչած և Աստծուց օտարացած մարդը վերստին պտղի յուղով ընդունում է Սուրբ Հոգուն: Որի համար և շարականում երգվում է, որ Սուրբ Հոգին «գգուէ սիրով աղաւնակերպ, զմարդիկ ծնանի աստուածակերպ» (էջ 385): Հասկանալի է, որ դրոշմը պետք է անմիջապես մկրտությունից հետո տրվի, ինչպես անում էին և առաքյալները` ձեռք դնելով. այդպես էին անում նրանք և ընտանիքներ մկրտելիս, որոնց մեջ լինում էին և մանուկներ (Ա Կոր. 1:14-16, Գործք 16:15, 19:3-6):

Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում դրոշմը դնում է քահանան, որ կնքում է ճակատը խաչով և ասում. «Իւղ անոյշ յանուն Յիսուսի Քրիստոսի հեղեալ ի վերայ քո, կնիք երկնաւոր պարգեւացն» (Հմմտ. Բ Կոր. 1:21-22, Եփես. 1:13-14, 4:30): Եվ այդ լրացնելու համար ինն անգամից կնքում է մանկան մարմնի վրա տասներկու տեղեր և մաղթում Աստծո օրհնությունը. («Եւ մի տրտմեցուցանէք զՀոգին Սուրբ Աստուծոյ, որով կնքեցարուք յաւուրն փրկութեան» - Եփես. 4:30) այդ տեղերն են ճակատից հետո` աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքն ու ոտները: Այդ տեղերը դրոշմվելով` մանուկն օրհնությամբ ստանում է մտքի արթնություն, աչքերի լուսավորություն դեպի փրկություն, ականջների լսելություն Աստծո պատվիրանների, հավիտենական կյանքի հոտառություն, բերանի պահպանություն, ձեռքի բարեգործություն, սրտի սրբություն, մեջքի ամրություն չարի դեմ և ոտքերի ուղիղ գնացք դեպի հավիտենական կյանք: Ապա հագցնում են նոր, սպիտակ հանդերձ, որը փրկության հանդերձն է և պատմուճանն ուրախության, այսինքն` լուսավոր վարք, պայծառ հավատք և անմեղություն. կապում են նարոտը իբրև «արիւն և ջուր կողին Քրիստոսի» (տե՛ս և սուրբ Գրիգոր Տաթ., Հարց., էջ 594, Մաշտոց ձեռաց., էջ 79), որ է «պսակ շնորհաց» և «զէն անվթար ընդդէմ հակառակամարտին», և երկու մոմ է հանձնում կնքահոր ձեռքը, որպեսզի լույսը լինի մանկան կյանքի առաջնորդը: Այնուհետև տանում են նրան սեղան, ուր և իբրև երկինքը ելնելուց և սրբություններին երկրպագելուց հետո մանուկը հաղորդվում է Քրիստոսի կենդանարար մարմնին և արյան: Այդ կարգը վերջացնելուց և աղոթքներ ասելուց հետո համբուրում են մկրտվածին, որով ընդունում են նրան եկեղեցու անդամակցության կամ եղբայրության մեջ

Արդ` Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում մկրտությունն ու դրոշմը կատարվում են միաժամանակ` ըստ Քրիստոսի օրինակին, որի մկրտվելուց անմիջապես հետո իջավ Նրա վրա Սուրբ Հոգին (Ղուկ. 3:20): Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ևս Հայոց ազգը մկրտելիս, միաժամանակ թափեց օծության յուղը բոլորի վրա միանգամայն. «Եւ իւղն օծութեան, զոր արկանէր Գրիգորիս ի վերայ մարդկանն, շրջան առեալ ի մէջ գետոյն` շուրջ զմարդկաւն խաղայր» (Ագաթ. ՃԺԸ): Իր քարոզության մեջ ամենքին հավատարմացնում է` ասելով, թե «որպէս էջ Հոգին Սուրբ ի վերայ փառակցին իւրոյ ի Յորդանան, նոյնպէս եւ ի վերայ ամենայն ուղղափառ հաւատով մկրտելոց իջցէ»:

Դրոշմն իբրև Սուրբ Հոգու շնորհների հաղորդող խորհուրդի միջոց այնքան մեծ նշանակություն ունի, որ Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է. «Զորօրինակ պատրոյգ թացեալ ի ճարպում, ոչ երեւեցուցանէ նշոյլ ինչ` մինչեւ հուրբ լուցեալ վառիցի, սոյնպէս եւ այս օծութիւն լուսոյ առ ի մեզ հեղեալ ի հանդերձեալսն ջահաւորի» (տե՛ս Նարեկ, բան ՂԳ (Աղաւթք թարգմանաւրէն վասն սրբալոյս Միւռոնի)): Բայց ոչ միայն հանդերձյալի, այլև ներկայի նկատմամբ ասում է նա. «Իբր անօթ փայտեղէն մինչեւ օծեալ իցէ, դիւրաբար հերձի եւ անօգուտ եղեալ անպատուի, նոյնպէս եւ մարդ, ոչ իւղ եալ սովաւ, հեշտեաւ խորտակի, եւ մեկուսի եղեալ առ ի քէն` ոչ լուսաւորի»: Ուստիև այդ սրբազան հայրը, դարձնելով իր հավատաբուղխ խոսքն առ Փրկիչն, ասում է. «Մատն սա քո` Յիսուս, որով զհրաշալիսն զարմանագրես» (տե՛ս Նարեկ, բան ՂԳ, ԺԲ):  

Մկրտության լրացուցիչ լինելով` դրոշմը անկրկնելի խորհուրդ է, սակայն եթե Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ծոցն են մտնում այնպիսի աղանդավորներ, որոնք դրոշմի խորհուրդը առաջ չէին ընդունում, ապա այժմ իրենց կամքով դրոշմ ստանալով արդեն ընդունվում են. նույնպես և նրանք, որոնք հառաջագույն մկրտվել են և հեռու մնացել Եկեղեցու ծոցից կամ ուրացել, բայց կամովին եկել են ու ապաշխարանքի տակ մտելԻսկ զայնոսիկ, որք յառաջագոյն մկրտեալք լինին, միայն զխոստովանութիւն առեալ եւ ապաշխարութիւն եդեալ եւ սուրբ միւռոնաւն ճակատն դրոշմեցէք եւ զգայարանսն, ասելով` «յանունն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ», եւ ապա խառնեցէք ի հօտն Քրիստոսի» - սուրբ Ներսես Շնորհալի, Ընդհ., էջ 314):

Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին ոչ մի կերպ չի շեղվում առաքելական ընթացքից այս խորհուրդի թե´ կարգի և թե´ կարգակատարի վերաբերմամբ: Սրա խորհրդակատարու­թյունը քահանայական պաշտոն է, և քանի որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին իր հովանու տակ է առնում իր նորածին ու վերածնյալ հավատացյալին` նույնիսկ նրա ծննդյան օրից տունը օրհնելով, ուստիև դրոշմն էլ մկրտությունից անմիջապես հետո տալիս է` ըստ առաքելական օրինակին և սուրբ լուսավորչյան կարգին, որպեսզի մանկան նոր կյանքն ևս սրբությամբ և Սուրբ Հոգով առաջնորդվի` ըստ ամենայնի: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին, գիտենալով, որ իր իսկ պարտքն է հոգալ մանկան կրթության համար, վերածնում և անմիջապես զինում է նրան Սուրբ Հոգով (տե´ս և Կոչումն Ընծայության, 9. «Զգրաւական Հոգւոյն Սրբոյ ստացարուք ի ձեռն հաւատոցդ, զի ընդունելի լինիլ մարթասջիք յօթեւանսն յաւիտենից: Մատիք ընկալարուք զհոգեւոր դրոշմն խորհրդական, զի ծանօթ մարթասջիք լինիլ Տեառն հօտիդ») մարդու հաստատությունը պայմանավորող 12 տեղերի դրոշմամբ, որ մանուկը կարողանա ապահովապես կատարել իր կենսական ընթացքը: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին ոչ մի խտրություն չի դնում մեծ ու փոքրի մեջ և ընդունում է մանուկներին հավատացյալների խմբի մեջ իբրև հավասար անդամների: Ըստ որում և քահանան աղոթքի մեջ ասում է. «Սուրբ արա զսա, Տէր, ճշմարտութեամբ քով եւ լուսով շնորհաց Սուրբ Հոգւոյդ, զի եղիցի տաճար եւ բնակարան Աստուածութեանդ քո, եւ կարասցէ գնալ յամենայն ճանապարհս արդարութեան. եւ կալ համարձակութեամբ առաջի ահաւոր բեմի Միածնի քո Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»:   

Այս սուրբ խորհուրդի էության համեմատ և քահանան ավետում է մանկան ժառանգավորության կատարումն` ասելով հանդիսապես. «Խաղաղութիւն ընդ քեզ փրկեալդ Աստուծոյ: Խաղաղութիւն ընդ քեզ օծեալդ Աստուծոյ»: Եվ մանկան համար խնդրում է Աստծուց. «Զտղայս զայս սնո՛ եւ ած ի չափ հասակի կատարմանն»: Նա Աստծո փրկյալն է և Աստծո օծյալն է և հետևաբար եկեղեցու որդին է ու սանիկը` հեռու խավարից և լուսո բնակիչ, ազատ մեղքի ցավերից և զավակ երկնավոր բերկրանքների, «տաճար Աստուծոյ կենդանւոյ» և ինքն իսկ նորաշեն եկեղեցի: Այդ պատճառով ինչպես որ մարմնավոր ծնողը մարմնավոր փառքով իր մանկան հանձնում է Եկեղեցու կենդանացման, այնպես էլ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին հոգևոր փառքով և սրբության բերկրանքի երգերով և ավետիքով բերում հանձնում է բնական սնուցող մոր պահպանության: Քանզի մանուկն էլ պետք է ճանաչի իր մարմնավոր ծնողին, որ իր մարմնապես կերակրողն է, և հոգևոր ծնողին, որ իր հոգեպես սնուցողն է ընդմիշտ և ըստ ամենայնի: Մարմնապես կերակրող մորն էլ հայտնվում է, թե` «Որ միանգամ յայսպիսի մանկտւոյ ընկալցի յանուն իմ, զիս ընդունի: Եւ որ զիս ընդունի, ոչ զիս ընդունի, այլ զայն, որ առաքեացն զիս» (Մարկ. 9:36): Մարմնավոր ծնողն ուրեմն այնուհետև պետք է հոգա իր մանկան համար ոչ միայն իբրև ծնող և ծնողական պարտավորությամբ կերակուր մատակարարելով, այլ մանավանդ պետք է իբրև Եկեղեցու հանձնակատար, իբրև Քրիստոսի պարտապան ուրախանա նրանով, ճանաչի նրա մեծությունն Աստծո առաջ և ձեռքով եկածը չխնայի նրա կրթության և աճման համար: Մարմնավոր ծնողը պետք է գիտենա, որ այդ ժամից հետո իր մանկան երաշխավորն ու հոգաբարձուն Քրիստոսն է, նա պետք է գիտենա, որ ինքը պատասխանատու է Քրիստոսի առաջ իր ամեն մի վերաբերմունքի համար, ըստ որում և պետք է հավատքով, հուսով ու սիրով բերկրի մանկան զարգացման վրա:

Այսպիսի խորհրդավոր կարգով է քահանան հանձնում մանկան իր մորը և, «Պահպանիչ» ասելով, ամենատես աչքի խնամքին թողնում (Մկրտության խորհրդաբանու­թյան մասին տե՛ս Филарет, նշվ. աշխ., т. II, с. 204-245, Մ. քհ. Արամեան, Մկրտութեան արարողութեան աստուածաբանութիւնը, «Գանձասար», Գ, էջ 57-88, Դ, էջ 72-94):

   

 

Արշակ Տեր-Միքելյան,

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։