Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

Հավատացողի ճշմարիտ միավորությունը Քրիստոսի հետ վերջնականապես իրագործվում է Քրիստոսի կենդանարար մարմնի և արյան հաղորդությամբ: Այդ պանծալի միավորության իրական հնարավորություն տալու համար էր, որ Քրիստոս սահմանեց Եկեղեցու այդ սուրբ խորհուրդը: Ըստ որում, հաղորդությունն է այն սուրբ խորհուրդն, որով հացի ու գինու տեսակի տակ իսկ և իսկ հաղորդվում ենք Քրիստոսի մարմնին և արյան` հիշելով Քրիստոսի փրկագործությունն ու գոհանալով մեր փրկության ու նրա աննման շնորհների համար:

Աստված անչափ ավելի է սիրում իր որդիներին, քան թե մայրը իր մանկան (Ես. 49:15): Մենք տեսնում ենք, որ մայրը իր մանկան աճումն և ամրությունը զորացնելու համար կաթով սնունդ է տալիս նրան իր մարմնից և արյունից: Առավել ևս Փրկիչը իր հավատացյալներին` իբրև իր Հոգուց ծնված մանուկների սնուցում է իր մարմնով և արյունով, որպեսզի նրանք ամենքն էլ հասնեն «յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի» և միանան իր հետ (Եփ. 4:13): Այս է, որ ասում է առաքյալը. «Իբրեւ զարդի ծնեալ մանկունս խօսուն եւ անխարդախ կաթինն փափագիցէք, զի նովաւ աճիցէք ի փրկութիւն, եթէ ճաշակիցէք, զի քաղցր է Տէր...» (Ա Պետր. 2:2-3):

Մարդ, ընկնելով իր բարձրությունից, ապականվեց և կարոտ էր աստվածային փրկագործության: Քրիստոս առավ մեր ապականված մարմինը և արյունը, ամեն կերպ մեզ նմանվեց, բայց սրբագործեց ու բարձրացրեց վերստին, ուստիև մենք պետք է նրան նմանվելու և նրա հետ բարձրանալու համար ընդունենք նրա մարմինը և արյունը (Ա Կոր. 10:17, 11:26): Քրիստոսի տված այդ կենդանարար սնունդը գերբնական կերակուր է, որ մեր բնական գոյությանը նոր կյանք ու զորություն է պարգևում: Եվ որպեսզի մենք մեր զգայական բնությամբ կարողանանք ընդունել այդ գերբնական բարձր բարիքները և բնականորեն համոզվենք, թե վայելում ենք, Քրիստոս ողորմածությամբ տալիս է մեզ երկնավոր կյանքի զորությունը հացի ու գինու տեսակով (իրողությունը լավագույնս բնութագրում է սուրբ Եղիշեի հետևյալ արտահայտությունը. Քրիստոսը «մի օր հացացաւ ի վերնատունն, եւ հանապազ հացանայ յԵկեղեցիս ի վերայ սուրբ սեղանոյն» (Մատենագրութիւնք, էջ 204, Հմմտ. Մանդակունի, էջ 168)), որոնք երկնավոր կյանք սնուցող ու կազդուրող զորության միջոցներ ու բարիքներն են. երկրավոր կյանքի սնունդի տեսակով ստանում ենք մենք երկնավոր կյանքի սնունդ Քրիստոսի ճշմարիտ հավատքի շնորհիվ: «Զի ամենայն, որք հաւատովք եւ երկիւղիւն մերձենան ի Քրիստոս, Սուրբ Հոգւովն լուսաւորին, եւ օր ըստ օրէ գործովք առաքինութեամբ ի վեր ելանեն», - ասում է սուրբ Հովհան Մանդակունին: Փրկչի այդ երկնավոր ու գերահրաշ պարգևների երկրավորապես մատուցվելը իր կաթնակեր մանուկներին պատկերված է սուրբ Ներսես Շնորհալու հետևյալ գեղեցիկ շարականի մեջ` պերճաձայն համեմատությամբ.

«Ընդ բաղարջին հաց անխմոր

Ետ զմարմինն իւր զերկնաւոր.

Զկուսածին անսերմնաւոր

Զանապական եւ զհոգեւոր.

Ընդ ոչխարին արեան ուխտին

Ետ մեզ զարիւն իւր Ուխտ կրկին.

Եւ եղեգան դառնագունին

Փոխան զվարս աստուածային:

Թագաւորն արարածոց

Զհացն կենաց ետ քաղցելոց.

Եւ զբաժակն ուրախարար,

Որք յԱդամայ տրտմեցելոց.

«Այս Նոր Ուխտ է իմոյ արեան

Փոխան Հնոյ Ուխտին արեանց.

Զոր յիշատակ իմ առնիցէք

Մինչեւ եկից ես միւս անգամ»»:

Քրիստոս սահմանեց այս սուրբ խորհուրդը վերջին ընթրիքի ժամանակ, «յառաջնում աւուր բաղարջակերացն, յորժամ զզատիկ զենուին» (Մատթ. 26:17, Մարկ. 14:12, Ղուկ. 22:19, Հովհ. 6:33, Ա Կոր. 11:29): Այդ տոներին բաղարջ պետք է ուտեին, ինչպես օրինադրված էր. «Ի սկսանել չորեքտասաներորդի աւուր ամսոյն առաջնոյ` յերեկորեայ բաղարջ ուտիցէք» (Ելք. 12:18, Շար. 260, Ընդհանր., էջ 177-184), ի նշան եգիպտական ծառայությունից ազատվելուն և իբրև նախատիպ մեղանչական մարդկության փրկագործվելուն, որ պետք է կատարվեր Քրիստոսով: Արդ` Քրիստոս առավ բաղարջը, օրհնեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առէք կերայք, այս է մարմին իմ»: Ապա առնելով անապակ գինու բաժակը` գոհացավ, տվեց աշակերտներին և ասաց. «Արբէք ի դմանէ ամենեքին, զի այդ է արիւն իմ Նորոյ Ուխտի, որ ի վերայ բազմաց հեղանի ի թողութիւն մեղաց» (Մատթ. 26:26-28, Մարկ. 14:22-25, Ղուկ. 24:30, Հարց., էջ 547): Ըստ որում, բաղարջն և անապական գինին շնորհվեցին «ի խորհուրդ անապականութեան մարմնոյ եւ արեան Քրիստոսի»:

Այդ պատվերով Քրիստոս պարզապես հասկացրեց, որ իր հավատացյալներն, միմիայն ճաշակելով իր անմեղ և անապական մարմինն և արյունը, կարող կլինեն հաղորդակից լինել իր հետ ու միանալ, այնպես որ այդ հաղորդակցությամբ ու միությամբ նրանք կմեռնեն մեղքերի համար և նրա մարմնի և արյան անմեղությունն ու անապականությունն ընդունելով` կմտնեն հավիտենական կյանքի երջանկության և առաքինության ճանապարհը: Քրիստոսի մարմնի անմեղությունը կսրբի հավատացյալի մարմնի մեղանչականությունը: Իսկ արյան անապականությունը, թողություն ու քավություն պարգևելով, կարժանացնի նրան աստվածատուր անապական կյանքին: Հետևաբար սուրբ հաղորդությամբ է քրիստոնեական ճշմարիտ փրկության իրականացումն յուրաքանչյուր անհատի մեջ, առանց որի քրիստոնյան Քրիստոսի հետ լինել չի կարող և փրկված չի լինի: Այսպիսով, կատարվում է նաև մարգարեությունն ու փոխանակ իսրայելացիների մասնավոր ազատության զոհին` մարդկության փրկության ճշմարիտ պատարագն է մատուցվում հավատացյալի համար (Ել. 12:13, Եբր. 10:12, 5): Առաքյալներն ևս, այս լավ հասկանալով, հավատարմությամբ հետևում էին Քրիստոսի պատվիրանին` միշտ կատարելով այդ սուրբ հիշատակը և հաղորդվելով Քրիստոսի կենդանարար մարմնին և արյան (Գործք 2:42, 46, Ագաթ., էջ 400): Նրանք այնքան բարձր էին ճանաչում այդ վեհ և աստվածային խորհուրդի նշանակությունն, որ բացեիբաց արգելում են անարժանությամբ վայելել. «Այսուհետեւ որ ուտիցէ զհացս կամ ըմպիցէ զբաժակս Տեառն անարժանութեամբ, պարտական եղիցի մարմնոյ եւ արեան Տեառն: Փորձեսցէ մարդ զանձն իւր, եւ ապա ի հացէ անտի կերիցէ եւ ի բաժակէն արբցէ: Զի որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ, դատաստան անձին իւրում ուտէ եւ ըմպէ, զի ոչ խտրէ զմարմին Տեառն» (Ա Կոր. 11:27):

Սուրբ առաքյալը ճշտիվ որոշում է, թե ո՞րն է արժանավորապես հաղորդվելու ճանապարհը, այն է` նախ` փորձել անձը, այսինքն` ունենալ հավատք դեպի Քրիստոսի փրկագործությունն ու փրկագործական տնօրինությունը, և երկրորդ` նախապես զղջալ և ապաշխարել մեղքերը, մտնել Աստծո ճշմարիտ ճանապարհն («Որ ի մարմինն Տեառն մերձենայ եւ թշնամութիւն ընդ ընկերին ունիցի, ոչ մարմին կենարար է նմա, այլ հուր կիզանող, զի դատաստան անձին իւրում ուտէ եւ ըմպէ» - սուրբ Հովհան Մանդակունի, էջ 105), և ապա համարձակություն ստանալ` մոտենալու առ քավիչ սրբությունը:

            Առաջին պահանջն այս է, որ հաղորդվել կամեցողը լինի մկրտված, դավանի Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու հավատալիքն և հաստատապես ընդունի, որ մոտենում է առ Քրիստոսի մարմինն և արյունը. «Զի ոչ տեսանելւոյն, այլ իմանալւոյն է հաւատալն, զի տեսանի հաց եւ գինի, եւ իմանի մարմին եւ արիւն Որդւոյն Աստուծոյ եւ փրկական կոչի, վասն զի փրկեցաք նովաւ եւ փրկեմք ի կեալ եւ ի մեռանիլ» (Մեկն. Ժամ., էջ 36): Հարկավ, եթե մարդ չհավատա, այսինքն` չունենա ճշմարիտ հավատք թե´ առ Քրիստոս և թե´ առ նրա տնօրինությունն ու կեղծավորաբար մարդկանց մոտ բարեպաշտ երևալու համար մոտենա ու հաղորդվի, նա կդառնա ոչ թե Աստծո պաշտող, այլ թշնամանող և անարգող, քանզի Քրիստոսի մարմինն և արյունը չի կարող հաշտվել մարդու պղծության ու մեղքերի հետ: Ուստիև ժամանակավորապես, այսինքն` մինչև դառնալը զրկվում են հաղորդությունից չմկրտվածները, թերահավատները, հավատացյալներին հանդգնաբար գայթակղեցնողները, խելագարները, հերձվածողներն և ապաշխարողները: Այդպիսի անձինք դեռևս պետք է դիմեն ապաշխարության սուրբ խորհուրդին և մաքրվելով համարձակություն ստանան` կենդանարար մարմնին և արյան մոտենալու:

Հետևաբար երկրորդ պահանջն էլ այն է, որ հաղորդվել փափագողը նախապես զղջա իր մեղքերը, դիմի ապաշխարական միջոցների, աշխատի ճանաչել աստվածային ճշմարտության ճանապարհն և, ընթանալով այդ իսկ ճանապարհը, կարողություն ձեռք բերի ընդունելու իր մեջ ճշմարտության առաջնորդող և զորացնող Փրկչին: Եվ որովհետև այս սուրբ խորհուրդին արժանանալու համար մենք խնդրում ենք Աստծուց նախ` գթությամբ նայել մեր մեղանչականության վրա և երկրորդ` ողորմածությամբ սեղանակից անել մեզ իր Որդու պատարագին, ուստի մենք էլ մեր աղոթքը զորավոր դարձնելու համար նախ` ցույց ենք տալիս մեր գթությունը դեպի մեր շրջապատողներն ու մանավանդ դեպի աղքատները, մեր արդար վաստակներից և հաջողությունից նրանց նպաստելով («Մի խորհիր զյափշտակութիւն ժողովել եւ ապա առնել ողորմութիւնս վասն մեղաց թողութեան, զի ոչ երբէք հրով հուր շիջանի, եւ ոչ վիրօք վէրք բժշկին, եւ ոչ մեղօք մեղք սրբին, եւ կամ անօրէնութեամբ անօրէնութիւնք քաւին» - սուրբ Հովհ. Մանդ., էջ 64), և երկրորդ` սեղանակից ենք անում մեզ թե´ կարոտյալներին և թե´ Եկեղեցու սպասավորներին` ի հաճույս Աստծո (Մատթ. 14:14-21, 25:31-46): «Այլ յորժամ առնիցես ընդունելութիւն, կոչեա´ զաղքատս եւ զխեղս եւ զկաղս եւ զկոյրս. Եւ երանելի լինիցիս, զի ոչ ունին փոխարէն հատուցանելոյ քեզ, եւ հատուսցի քեզ փոխարէն ի յարութեան արդարոց», - ասում է Քրիստոս: Ըստ որում և սուրբ Հովհան Մանդակունին գրում է. «Զի որ զաղքատսն եւ զկարօտեալսն կերակրէ, զօտարսն եւ զհիւանդսն, ոչ զմարդ, այլ զՔրիստոս ընդունի, զՔրիստոս կերակրէ, զՔրիստոս զգեցուցանէ, զՔրիստոս սփոփէ, զՔրիստոս մխիթարէ, զՔրիստոս հանգուցանէ եւ Քրիստոսի սպասաւորէ, զի անսուտ է բանն տէրունական» (սուրբ Հովհան Մանդակունի, էջ 61):

            Ահա այս է պատճառն, որ մտադրելով սուրբ պատարագին արժանանալ, պահքով և աղոթքով ապաշխարում ենք մեր մեղքերը և այդ ընթացքում աշխատում ենք, ըստ կարողության, ողորմություն անել կարոտյալներին և մեր ընկերսիրությունը գործով իրականացնել: Իսկ երբ սուրբ Հաղորդության ենք արժանանում, նույն օրն էլ սեղան ենք պատրաստում չքավորների, աղքատների և Եկեղեցու սպասավորների համար, հարկավ, մեր ամենամոտիկ ազգականների հետ միասին: Սխալ կերպարանափոխություն է իհարկե, երբ այդպիսի ժամահացին հրավիրում ենք կարող, կշտափոր և ապահովված բարեկամներին ու ծանոթներին. այդպիսի հրավերը ոչ մի նշանակություն չունի մեր ու մեր ննջեցյալների հոգու փրկության համար, քանի որ փոխարենն արդեն այստեղ ստանում պրծնում ենք: Կանչել կշտափորներին, ուտեցնել ու խմեցնել փոխարինաբար, կեղծավորելով, որ իբր թե այդ արվում է հոգու փրկության համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ` Աստծուն խաբել և գիտակցաբար ավելի ծանր մեղքերի մեջ ընկնել, առավել պատվելով և աչառելով փոխահատույց բարեկամներին, քան թե աղքատներին կերակրելով («Զգոյշ լեր յախտէն մարդահաճութեան եւ ի դիւէն սնափառութեան, զի մի´ դարձուց անիցեն զբարիքն քո ի չար, եւ մի զլոյսն քո ի խաւար, զի լոյսդ, որ ի քեզ, ասի` խաւար իցէ, իսկ խաւարն որչափ եւս իցէ, զի եթէ ողորմութիւնդ քո չարիք եղեն, չարիքն որչափ եւս ինչ լինիցին» - սուրբ Հովհան Մանդակունի, էջ 62): «Այլ եթէ կամիցիս մեղաց քոց թողութիւն խնդրել, կոչեա´ զորբս եւ զայրիս, զնեղեալս եւ զտառապեալս, զխեղս եւ զկոյրս եւ զկաղս, զկարօտեալսն եւ զգերիսն, եւ զամենայն քաղցեալս եւ զանմխիթարսն. զնոսա մխիթարեա´, զնոսա սփոփեա´, զնոսա կերակրեա´, նոցա միայն սպասաւորեա´, զնոքօք շրջեա´, զնոսա յարմարեա´ եւ քաղցր բանիւք պաշտեա´, զի թողութիւն մեղաց եւ փրկութիւն տան քո եղիցի՚ (սուրբ Հովհան Մանդակունի, էջ 59):

Մատա՞ղ ես անում, աղքատների համար արա ի նշան, որ ինչպես Քրիստոս զոհվում պատարագվում է քո հոգևոր հագեցման համար, դու ևս զոհում ես քո ունեցվածքից աղքատների մարմնավոր հագեցման համար: Ուրեմն ի՞նչ օգուտ քո զոհից կամ մատաղից, երբ առավելապես կուշտերն են կերակրվում, իսկ դու հոգով քաղցած և աղքատ ես ու դիմում ես դեպի Քրիստոսի ամենաողորմ պատարագի սեղանը («Զի ինքն Տէրն սիրեաց զմեզ եւ առաքեաց զՀոգին ճշմարտութեան բնակել ի մեզ: Զի իմանալի հոգիս մեր ընդ անիմանալի Հոգւոյն Աստուծոյ սիրով կապակցի, եւ որպէս նա սիրեաց զմեզ, նոյնպէս եւ ի մէնջ կամի սիրել զմիմեանս: Բայց արդ ամենայն, որ սիրէ, ճանաչի յԱստուծոյ, եւ ինքն ճանաչէ զԱստուած. եւ ամենայն, որ ոչ սիրէ զեղբայր իւր ցաւակցաբար, օտար է յԱստուծոյ, եւ զշնորհս աստուածային ոչ կարէ ընդունել» - սուրբ Հովհ. Մանդ., էջ 214, Ընդհանր., էջ 358-361): Արդյո՞ք ընդունելի կլինի քո սեղանդ կամ մատաղդ: Ծառայել թե´ մարմնավորին և թե´ հոգևորին միաժամանակ անկարելի է. լինել միանգամայն մեծատուն աշխարհի վայելքների ու փառքի մեջ և դեռ արժանանալ էլ Աստծո արքայության ու փառքին անհնարին է, ըստ որում, ուղտը ավելի դյուրին կանցնի ասեղի ծակով, քան թե մեծատունը կմտնի Աստծո արքայությունն իր շալակած կամ գրկած հարստությամբ հանդերձ (Գիրք Հարց., էջ 634):

Ընկերսիրության և եղբայրսիրության մյուս կողմն էլ ննջեցյալների համար աղոթելն է և պատարագին նրանց հետ մոտենալը, քանզի նրանք ևս աղոթակից են մեզ հանդերձյալում: Ուստիև երբ մեր հոգու փրկության ու կյանքի ճշմարիտ հաջողության համար մոտենում ենք մեզ համար մատուցված պատարագին, երբեք գերադասություն չենք տալիս մեր հոգու փրկության, այլ ընդհակառակն մեր բոլոր եղբայրների համար ևս, այնպես և ոչ միայն մեր, այլև բոլոր ննջեցյալների համար: Եվ այս պարզապես երևում է նույնիսկ պատարագի արարողության սկզբի մասից, որում թե´ ներկա, թե´ բացակա, թե´ կենդանի և թե´ ննջեցյալ սրբերն ու հոգիները, պաշտոնյաներն ու միաբանները և ամենայն հավատացյալները հիշատակվում և աղոթակից են կոչվում, բայց ո´չ բարեխոս, «զի պատարագն է դէմ յանդիման լինել Քրիստոսի եւ ոչ եմք կարօտ բարեխօսի»: Ինչի համար և, յուրաքանչյուր տարելիցին դիմում ենք սուրբ պատարագին ի հիշատակ և ի փրկություն մեր ննջեցյալների, քանի որ ամբողջ տարվա հոգացողություններս մեզ են լինում նվիրված, մինչդեռ մենք միություն ենք մեր եղբայրների հետ:

Ահա սրանք են այն հիմքերն ու ընթացքները, որոնցով մենք կարող ենք արժանանալ կենդանարար մարմնին և արյան հաղորդության և ուրեմն բնակարան դառնալ Քրիստոսին` ապահովվելով մեղանչական խոտորումներից: «Զի այգւոյ, որոյ ոչ է պարիսպ, գազանք ապականիչք եւ խոզք անտառի մտեալ ապականեն զնա. եւ որ սուրբ խորհրդով` ոչ պարսպին, բնակարան են դիւաց անձինք նոցա...: Զի քրիստոնէութիւն հաւատքն են եւ մկրտութիւն եւ վայելումն սուրբ խորհրդոյ, եւ որ յայսմանէ հեռի է եւ թերի, թերի է ի քրիստոնէութենէ, զի ոչ Քրիստոս ի նմա բնակէ, եւ ոչ նա` ի Քրիստոս»: Ինչի մասին և սուրբ հայրապետն ասում է, որ ոչ թե միայն քառասունքը պահելով` պետք է հաղորդվել զատկին և պատճառաբանել, թե անկարող ենք պատրաստ պահել անձը և հաղորդվել, այլ պետք է տարվա մեջ գոնե մի քանի անգամ հաղորդվել (ծննդին, զատկին, Սուրբ Խաչի տոնին) և աշխատել սուրբ լինել: Ի՞նչ օգուտ է մի օր բժշկվել և ապա հիվանդանալ, մի օր սրից ազատվել, մյուս օրը նրան մատնվել, մի օր թագավորի հետ բազմել և մյուս օրը` դահճի, մի օր Քրիստոսին լինել սեղանակից և մյուս օրը` սատանային:

Բայց այս պարտավորություններից ազատ չէ նաև պատարագիչ քահանան. վերոհիշյալ պարտավորություններ ունի նա, սակայն իբրև Քրիստոսի շնորհների պաշտոնյա առավել պարտքեր ևս ունի: Նրանք նախ` պարտավոր են զղջալ իրենց մեղքերը, պահքով և աղոթքով մաքրվել և երկրորդ` թե´ առանձին ու թե´ բոլոր միաբանության առաջ խոստովանությամբ թողություն ստանալ և ապա բարձրանալ սեղանը: Նա պարտավոր է զորանալ հավատքով և արիանալ առաքինի վարքով ամեն ժամանակ, երբ պատարագը մատուցելու է պատրաստվում. ողորմությունը և առաքինական պահքը նրա պաշտոնին առաջընթաց պետք է լինի: Ուստիև նույն սուրբ հայրապետը հրամայում է. «Եւ դուք քահանայք եւ սպասաւորք` մատակարարք սուրբ խորհրդոյն, ահիւ մատերո´ւք, երկիւղիւ պահեցէ´ք, սրբութեամբ սպասաւորեցէ´ք եւ զգուշութեամբ մատակարարեցէ´ք. գանձ ունիք արքունի, մեծաւ երկիւղիւ զգուշացարուք պահպանութեանդ. քանզի եւ ձեզ աններելի տանջանք են, եթէ զչարիս ուրուք գիտիցէք, եւ նա եկեալ յանդգնեսցի ի սուրբ մարմինն Քրիստոսի, եւ ակնածիցես ինչ խրատել, մերժել եւ յանդիմանել» (սուրբ Հովհ. Մանդ., էջ 169):

Ուրեմն քահանան նախ` դատապարտվում է, եթե անարժանապես է մատուցում պատարագը և երկրորդ` դատապարտվում է, եթե թերահավատությամբ մոլորվելով, մարմնավոր շահի համար ակնառություն ու երեսպաշտություն է անում և հայտնի մեղավորներին ու հրապարակական հանցավորներին ու պիղծերին հաղորդում է հակառակ Քրիստոսի պատվիրանին և սուրբ հայրապետների ու ժողովների հրամանին: Տալ սրբությունը «շներին ու խոզերին» ավելի դատապարտելի է և գերագույն անհավատության նշան: Այդպիսիներին պետք է քահանան դեռևս ապաշխարության կոչի, խրատի, ուղղի և հետո արժանացնի մեղսաքավիչ սուրբ խորհուրդին: Ապա թե ոչ` ինչպե՞ս կարող է քահանան հաղորդել նրան, որ դեռ հայտնապես կարոտ է ապաշխարության ու դարձի, և կեղծավորությամբ ու սրբապղծությամբ ասել. «Մարմին եւ արիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ փրկութիւն եւ առաջնորդ յանվախճան կեանս. ամէն»:

Այս սուրբ խորհուրդի հրաշալի բարձրությունն է պատճառը, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու ոչ միայն ամբողջ աստվածպաշտությունն էապես նրա արարողության մեջ ամփոփվում է, այլև ամբողջ եկեղեցին իր հաղթապանծ անդրանիկներով, բոլոր պաշտոնյաներով և միաբաններով, հասարակ յուրայինների հանապազօրյա գոհաբանություններով, փառաբանություններով ու խնդրվածներով հանդիսապես ներկայանում են այստեղ և երկրպագում ու երկնային սրբասացության երգակցում: Սուրբ Պատարագով երկինքն իջնում է երկրի վրա և մեզ իր փառակցության մեջ գրավում, քանզի Սուրբ Սեղանի վրա Քրիստոս թագավորաբար ու խորհրդավորապես բազմում է` ինչպես Գողգոթայի վրա, ըստ աստվածային հավիտենական և ոչ ժամանակավոր տնօրինության: Այնտեղ բաղարջ նշխարն և անապակ գինին, քահանայի առ Հայրն առ Աստված աղոթելով և Քրիստոսի փրկագործական այս մեծ խորհուրդի տնօրինությունը պատմականապես աղոթքի մեջ ամփոփելով, դառնում են Քրիստոսի մարմինն և արյունը, ըստ այնմ, թե` «բաժակն օրհնութեան, զոր օրհնեմք, ո՞չ ապաքէն հաղորդութիւն է արեանն Քրիստոսի, հացն, զոր բեկանեմք, ո՞չ ապաքէն հաղորդութիւն է մարմնոյն Քրիստոսի» (Ա Կոր. 10:16, Հմմտ. Եղիշե, էջ 204): Խորհուրդի կատարման համար քահանան նախ աղոթում է. «Աւարտեա´ զսա ի խորհրդականութիւն մարմնոյ եւ արեան Միածնի քո, դեղ թողութեան մեղաց պարգեւեա´ ճաշակողացս զհացս զայս եւ զբաժակս»: Ապա աղոթքի ընթացքում պատմում է խորհուրդի տնօրինության պատմությունն, ինչպես պատմված է Նոր Կտակարանում վերջին ընթրիքի Ավետարանում, ու հայտնում է Քրիստոսի խոսքերի էությունը. «Առէք կերէք, այս է մարմինն իմ, որ վասն ձեր եւ բազմաց բաշխի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց». և «Արբէք ի սմանէ ամենեքեան, այս է արիւն իմ Նորոյ Ուխտի, ու յաղագս ձեր եւ բազմաց հեղանի ի քաւութիւն մեղաց»:

Հետո քահանան աղաչում է Աստծուց ուղարկել իր մշտնջենակից Սուրբ Հոգուն «յառաջի եդեալ ընծայի» մեջ, երիցս աղոթում է մարմնի, երիցս արյան ու երիցս` մարմնի ու արյան համար միասին` ասելով. «Որով զհացս եւ զգինիս օրհնեալ, մարմին եւ արիւն ճշմարտապէս արասցես Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի` փոխարկելով Հոգւովդ քով Սրբով»: Ըստ որում և Սուրբ Հոգու իջմամբ կատարվում է սուրբ խորհուրդը վերջնականապես ու ճշմարտապես: Այնուհետև Քրիստոսի մարմինն և արյունն, ունենալով աստվածային զորություն ու ներգործություն, լինում են ամենքիս համար «յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց», հաղորդություն Քրիստոսի հետ և զորացումն դեպի աստվածպաշտական ճշմարիտ կյանք: Եվ ինչպես որ հաստատապես այժմ Քրիստոսի հետ միանում ենք հաղորդությամբ, սնվում ու զորանում, այնպես էլ համոզված ենք, որ նրա հետ կլինինք և հանդերձյալում. ըստ որում և այդ հավաստիության հայտարար է սեղանի անշարժ հաստատությունը ճշմարիտ վեմ Քրիստոսի վրա:

Հարկավ այս փոխարկումը ոչ թե տեսանելի է, այլ խորհրդավոր, ուստիև սուրբ Հովհան Մանդակունին գրում է. «Այլ մի´ իբրեւ ի լոկ հաց հայիցիս, եւ մի´ իբրեւ զգինի համարիցիս եւ տեսանիցես, զի ոչ տեսանելի է ահաւորութիւն սուրբ խորհրդոյն, այլ իմանալի զօրութիւնս. քանզի ոչինչ տեսանելի աւանդեաց մեզ Քրիստոս ի խորհուրդ եւ ի մկրտութեան, այլ իմանալի...: Եւ մենք ճշմարիտ հաւատով զՔրիստոս իմանամք, ի վերայ սեղանւոյն, ի նա մերձենամք, զնա տեսանեմք, զնա շօշափեմք, զնա համբուրեմք, զնա առնումք ի ներքս եւ ընդունիմք եւ լինիմք մարմին եւ անդամք եւ որդիք Աստուծոյ» (Սուրբ Հաղորդության Հացի և Գինու` Տիրոջ իրական մարմինն ու արյունը լինելու իրողությունը հաստատում են տակավին սուրբ Իրինեոսը և սուրբ Կիպրիանոսը (Եզնիկ. Ծ. վրդ., Հայրաբանություն, էջ 103, 220)): Եվ ինչպես տեսանք նաև սուրբ առաքյալի խոսքերից, նա «սրբութիւն սրբոց» է, ահավոր է և անարժանությամբ վայելողին պատժող, անարժանությամբ մատուցողին դատապարտող (Ա Կոր. 11:27, Պատարագամատույց և Ընդհանր., էջ 135):

Այսպիսով, յուրաքանչյուր հավատացող վայելում է այն պատարագի շնորհն, որով Քրիստոս խորհրդավորապես պատարագվում է իբրև «անարիւն զենումն» սուրբ սեղանի վրա իր մարմնով և արյամբ, ինչպես արյունալի զենմամբ պատարագվեց խաչի վրա: Այլև յուրաքանչյուր հավատացող մասնակցում է այն տերունական ընթրիքին, որին ներկա էին միայն Քրիստոսի անձնվեր առաքյալները: Վերջապես յուրաքանչյուր հավատացող ընդունում է այն սուրբ խորհուրդն, որով ինքը մեռնում է մեղքի համար, նոր կյանք ստանում, միանում Քրիստոսի հետ և հավիտենական կյանքի հարության լույս ընդունում: Այդ միությունը պինդ պահվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում, ըստ որում և քահանան բաշխում է թե´ մարմինն ու թե´ արյունն այն բոլոր հավատացյալներին, որոնք, իրենց մեղքերը զղջալով և ապաշխարելով զորանում են հավատքով ու մոտենում Քրիստոսին:

 

 

Արշակ Տեր-Միքելյան,

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։