Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ

   

 

Եկեղեցին իր փրկարար խորհուրդներն և աստվածպաշտության շնորհները գործադրում և բաշխում է ոչ միայն իր սուրբ գավիթը ոտք դնող հավատացյալներին, այլև նրանց, որոնք մարմնավոր անկումով մահճի են ծառայում և չեն կարողանում անձամբ դիմել դեպի աստվածային սրբարար, փարատող և ապաքինող պարգևները: Այն սուրբ խորհուրդը, որով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալների ապաքինության ու կազդուրման համար, կոչվում է կարգ հիվանդաց: Քանի որ Աստված այցելում է ամենքին, մխիթարում է իր օգնության դիմողներին և թողություն է տալիս սրտով զղջացողին, պարզ է, որ այս կարգի հիմնական նպատակն է հորդորել հիվանդին` զղջալու իր մեղքերն ու դեպի Աստված դարձնել նրա հոգին, որպեսզի նա լցվի հավատքով, հույսով ու սիրով, զորանա քահանայի աղոթքով ու օրհնությամբ և Սուրբ Հոգուն ընդունելով` հոգեպես նորոգվի ու նոր հոգի առնի:

Քրիստոս Ինքը հաստատեց այս սուրբ խորհուրդը, ըստ որում` հիվանդներից միմիայն հավատք էր պահանջվում և Իր աստվածային ազդեցությամբ, խոսքով կամ ձեռք դնելով բժշկում նրանց (Մատթ. 8:8, 13, 9:28, 14:35, Ղուկ. 4:41, Մարկ. 5:34, 6:5, 6, 10:52): Այդպես էլ նրա պատվերի համաձայն կատարում էին առաքյալները` հետևելով Տիրոջ օրինակին (Մատթ. 10:1, Մարկ. 6:13, 16:18, Գործք 28:8, Հակ. 5:14): Աստծո կամքն է, որ մարդիկ ճանաչեն իր պատվիրանները և ձգտեն ապրել ըստ այդ պատվիրանների, իսկ այդպես ապրել ձգտողին աջակից է ինքն Աստված: Մարդկային նեղությունների մեծամասնությունը ծագում է աստվածային ճանապարհից շեղվելուց և զանազան սխալներից: Ուրեմն մենք, աստվածային լույսով լուսավորված, պետք է սովորենք Աստծով ապրել ու մեր կյանքն Աստծո պատվիրանների համեմատ վարելու միջոցներ գտնել, և այն ժամանակ մեր հոգու առողջությունն իր ճառագայթները կսփռի նաև մեր մարմնի վրա: Հասկանալի է, որ Աստծո պատվիրանի դեմ մեղանչողի կենսական հավասարակշռությունը խանգարվում է և մարդն իր մտքերով խավարում, սրտով թանձրանում, կամքով մոլորվում և այդպես իր կյանքի ուղիղ ու հաջող ճանապարհը կորցնելով` դեպի կորուստ է գնում: Այդպիսի մարդը կարողություն չի ունենում հանգստությամբ ուղիղ դատելու, իր առաջ ելած հանգամանքները կշռադատելու և ըստ այնմ նպատակահարմար միջոցներ ընտրելով` իր կյանքի աշխատանքը ձեռնարկելու: Եվ ուրեմն վերստին այդ խանգարումը վերացնելու և մարդու մտքի, զգացմունքի ու կամքի համերաշխ գործունեությունը կենդանացնելու միակ ճանապարհն է հոգեպես ամրացնել հիվանդին և կապել Աստծո շնորհների հետ, որպեսզի նա լուսավորվի ու զորանա:

Հոգևոր այս վերակենդանացման համար պետք է հիվանդին նախ զղջալ տալ իր մեղքերը, որոնք նրան բաժանել են Աստծուց, երկրորդ` Աստծո շնորհների ընդունելության զգայարանը` հավատքը, զարթնեցնել և սիրով ու հուսով վառել, որ նա դյուրալուր և դյուրազգաց դառնա դեպի Աստծո լուսավորումն ու ձայնը, և երրորդ` պետք է Աստծո ողորմությունն ու օգնությունը խնդրել, որ առատապես հեղելով իր շնորհները հիվանդի հոգու վրա` հզորապես ազդի նրա ապաքինության ու կենսունակության համար: Ահա այս ամենը իրագործելու ամենազոր միջոցներն են` ապաշխարություն, հաղորդություն և աղոթք, որոնք իրենց կարգով կարող են սփոփել հավատացող հիվանդի ցավերը, զորացնել հավատքով, ընդունակ դարձնել աստվածային շնորհներին և սպառազինել Սուրբ Հոգով:

Հիվանդի հավատքը զարթնեցնելու և սիրով ու հույսով վառելու համար օգտակար են նաև այնպիսի միջոցներ, որոնք համապատասխան ներգործություն ունենալով նրա արտաքին զգայարանների վրա` զուգընթացաբար կարող են կենդանացնել նրա հոգու մեջ ճշմարիտ հավատքի աճման ու զարգացման բոլոր սերմերն ու բողբոջները և առատ պտուղները: Այդպես ազդում էին հիվանդի վրա առաքյալների թաշկինակները (Գործք 19:12), Եղիսե մարգարեի ոսկորները (Դ Թագ. 13:21):

Քրիստոս, յուրաքանչյուր հիվանդի հոգու վրա ներգործելու հարմարագույն միջոց ընտրելով, հաճախ գործադրում էր նաև կողմնակի պարագաներ, ինչպես մինչև անգամ թուքն ու ցեխը և զգեստի քղանցքը (Մարկ. 7:33, 8:23, Հովհ. 9:6, Ղուկ. 8:44), սակայն մշտապես նրա բժշկության հատուկ միջոցներն էին ուղղակի խոսքն ու սուրբ ձեռքը (Մարկ. 6:5, 7:32, Ղուկ. 4:41, 6:19 և այլն), որոնք հատուկ ավանդողներ են Աստծո շնորհների և զորության:

  Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու մեջ այդ սուրբ խորհուրդը կատարվում է` ըստ Քրիստոսի օրինակի ու պատվերի և առաքելական կարգով: Կարգակատարությունը ևս կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից», որ արտահայտում է հիվանդի վիճակը և այդ սուրբ խորհուրդի էությունը: Ամբողջ կարգը կատարվում է սաղմոսերգությամբ, աղոթքներով և Ավետարանի ընթերցումով, որոնց ընթացքում նախապես խնդրվում է Աստծուց առաքել իր «լույսն ու ճշմարտությունը» հիվանդին առաջնորդելու համար և յոթն անգամ ասվում է «Ողորմեա՛ ինձ, Աստված» ապաշխարական հրաշալի սաղմոսը` յոթը մահացու մեղքերի փոխադիպությամբ: Հիվանդը, միմիայն խոստովանելով ու զղջալով իր մեղքերն ու հավատքով, հույսով ու սիրով զորանալով, դիմում է քահանայի աղոթքի ուժին, որ խնդրում է Աստծուց` նայել հիվանդին «զի փրկեալ ի մեղաց, եղիցի արդարացեալ ի քեզ, զգեցեալ զՏէր մեր Յիսուս Քրիստոս»: Խորհուրդի այդ էական կատարումը արտահայտվում է քահանայի հետևյալ խոսքերով. «Եւ արդ, ես` ծառայս քո տկարս եւ անարժանս, դնեմ զձեռն իմ ի վերայ հիւանդիս այսորիկ, եւ կարդամ զահեղ աստուածութիւն քո, եւ խնդրեմ յառատ բարերարութենէդ քումմէ: Առաքեա՛ զամենակարող զօրութիւն քո եւ բժշկեա՛ զախտս, զհիւանդութիւնս ծառայիս քո այսորիկ` նշանաւ ամենայաղթ խաչի քո, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան, եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ»: Ըստ որում և հիվանդին հավատքի մեջ հոգեպես կրթելու համար կարդացվում է բժշկության Ավետարանը:

 

 

Արշակ Տեր-Միքելյան,

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։