Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

 

Մկրտություն է այն սրբարար խորհուրդն, որ սրբում է մեզ մարդկային նախնական մեղքից, վերստին ծնունդ է տալիս Սուրբ Հոգու շնորհած նորոգ կյանքով և Քրիստոսի Եկեղեցու մեջ ընդունում: Մկրտությամբ ուրեմն Քրիստոս փրկում է մեզ և նորոգում, կամ ինչպես առաքյալն է ասում` «ապրեցոյց զմեզ ի ձեռն աւազանին միւսանգամ ծննդեանն եւ նորոգութեամբ Հոգւոյն Սրբոյ» (Տիտ. 3:5): Մարդն էլ պետք է նախ ծնվի «ի ջրոյ և ի Հոգւոյ», Աստծո տաճար դառնա, ընդունվի Քրիստոսի մահվան` ըստ որում և կյանքի հաղորդակցության մեջ, կցորդ լինի նրա չարչարանքներին, Աստծո որդի, ժառանգ ու Քրիստոսի ժառանգակից դառնա, որպեսզի մտնի հավիտենական կյանքի ժառանգության մեջ (Հովհ. 3:5, Հռովմ. 6:3, 4, Մատթ. 28:18-20, Մարկ. 16:16): Այս մի նոր ծնունդ է, որով ծնողական մարմնից ծնված մարմինը ծնվում է Հոգուց և աստվածային ներգործությամբ ելնում է ջրից կամ վերածնության ավազանից, մի նոր մարդ դառնում և Աստծո փրկագործական նոր Ուխտի մեջ մտնում:

Մարդ, ծնվելով Ադամի ցեղից, ստանում է Ադամի պատկերն իբրև հին մարդ, բայցև ծնվելով վերստին ջրից ու Հոգուց` ստանում է Քրիստոսի պատկերն իբրև նոր մարդ և այնուհետև հնությունը վայր թոթափած` նորոգապես պտղաբեր լինում և ազատ կյանքով ապրել սկսում. «Այսպէս ծնանին որդիք Աստուծոյ», - ասում է սուրբ Գրիգոր Լուսավորիչը (Հաճախ., Բ 423): Այս նորոգ կյանքի կոչումն է, որ նոր արարածը կամ էապես վերածնյալը զարգանա և հասնի «յայր կատարեալ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի», որպեսզի տիրի հին մարդու վրա, սրբագործի, դեն գցի «զմարդն հին, զապականեալն ցանկութեամբս խաբէութեանն. եւ նորոգել հոգւովն մտաց» ու փոխվել նոր մարդու` «ըստ պատկերի Արարչին իւրոյ»: Ապա նա դառնում է նոր արարած հոգով ու բնությամբ և իսկական աստվածպաշտության ու զարգացման սկիզբն առնում` Քրիստոսի հետ ճշմարիտ հաղորդակցության մեջ մտնելով (Եփես. Դ, Կող. Գ):

Մկրտության զգայական տարր կամ նյութ ընտրված է ջուրը, քանզի նրա բնական ներգործությունն ամենից լավ համապատասխանում է մկրտության շնորհի գերբնական ներգործության, ըստ որում, ջուրը ոչ միայն մաքրող լվացող է այս աշխարհում, այլև պտղաբերող կենդանացնող է (Ծննդ. 1:2, 20, 2:5, Հոբ 14:9, Բ Պետր. 3:5) և ուրեմն աստվածային սրբարար ու կենդանարար շնորհները համապատախան կերպով պարունակվում են նրա մեջ: Հասկանալի է, որ այդ ջուրը չէ մարդու մեղքը լվացողն, այլ` Աստծո բանը և ամենասուրբ Երրորդության հավատքն, որի երեք անձանց յուրաքանչյուրի անունով առանձին երեխային մեկ անգամ` ուրեմն ընդամենը երեք անգամ, ընկղմում են ջրի մեջ` ըստ Քրիստոսի պատվերին և սովորեցրածին (Մատթ. 28:19, 20, Հովհ. 3:22, 4:1-2): Երեխան մկրտվելով Քրիստոսի հետ թաղվում է ավազանի գերեզմանի մեջ, սրբվում և հարություն առնելով` ստանում է նոր կյանք Քրիստոսի հարությամբ (Հռ. 5:10, 6:3-5, Կող. 2:12, Գաղ. 3:27, Գործք 2:38, 22:16): Քանզի ինքն Քրիստոս, մկրտվելով Հորդանանում, խորտակեց սատանային (Հովհ. Իմաստ. 12, Շարական 409, Եղիշե էջ208, 344, Ագաթ. էջ 238-239) և ջրհեղեղյան մարդակորույս ջուրը մարդակեցույց և վերածնող դարձրեց, ինչպես և նույն ջուրը ամեն անգամ սրբարար է դառնում յուրաքանչյուր մկրտվողի համար Սուրբ Հոգով:

Արդ` «Որ հաւատայ եւ մկրտիցի, կեցցէ. եւ որ ոչն հաւատայ, դատապարտեսցի», - ասում է Քրիստոս (Մարկ. 16:16), հետևաբար մկրտությամբ է մարդ ստանում Քրիստոսի կյանքի, չարչարանքների, մահվան և հարության միջոցով իր փրկությունը, սակայն առանց հավատքի մկրտությունն էլ չի օգնի: Մկրտվողը պետք է շարունակ զորանա հավատքով, որպեսզի կարողանա ավելի և ավելի վայելել Աստծո շնորհները: Բավական է, որ մարդ նախ հեռանա սատանայի իշխանությունից` աշխարհասիրությունից, ապա հավատքով փրկության գիտություն ունենա, ձգտում ու տենչանք և անձկություն զգա դեպի փրկություն, այն ժամանակ մկրտությունը շնորհաբեր ու երջանկացուցիչ կլինի նրա համար: Եվ այսպես` նախքան մկրտությունը պետք է հավատքի արթնություն վառվի մկրտվողի մեջ, իսկ հետո, երկնավոր բարիքի բաշխվելով, հավատքը գործնական կենդանություն կստանա այդ շնորհների ներգործության ներքո: Ըստ այսմ` Սուրբ Հոգին զարթեցնում է նորածին մանկան միամիտ հոգու մեջ տրամադրություն դեպի փրկություն, քրիստոնյա և ուսյալ կնքահայրն էլ երաշխավորում է նրա հավատքի ապագա դաստիարակությունն, և մանուկն էլ մկրտվում է իր ծնողների հավատքով (Հմմտ. սուրբ Հովհ. Իմաստ., Ճառք, էջ 9): Ծնողների կամքն անշուշտ նորածնի կամքն էլ է. ինչպես որ մանկան մարմնավոր կյանքը ծննդից առաջ մի է մոր մարմնավոր կյանքի հետ և ծննդով ինքնուրույն է դառնում, այնպես էլ մանկան հոգևոր կյանքը ծննդից հետո մի է ծնողների հոգևոր կյանքի հետ այնքան ժամանակ, մինչև որ նրա հոգևոր կյանքն ինքնուրույն հասունության կհասնի և պարզ ինքնագիտակցություն ձեռք կբերի: Հավատքի ճանաչողությունն ու փրկության գիտակցությունը պահանջվում է չափահաս ու հասունացած մկրտվածից, որպեսզի նա ձգտի և միանա իր Փրկչի հետ, իսկ մանուկից այդ չի պահանջվում, այլ քանի որ մկրտությունը նոր գիտակցության հիմնադրություն է, նոր ստեղծագործություն է և նոր անձի սկզբնավորումն է, մանուկը մկրտվում է ծնողների հավատքով, նրա կամքի տեղը բռնում է ծնողների կամքն, և ուրեմն նրանց վրա է ընկնում նաև հավատքի բոլոր պահանջները:

Այսպիսով, այդ պահանջները պետք է մանկան մեջ սերմանեն նախ ծնողները, ապա` կնքահայրն, և հետո այդ ամենի հոգատարն է ինքն եկեղեցին: Ճշմարիտ վերածնությունը կատարելապես իրագործվում է հավատքի բոլոր պահանջների կատարմամբ, որով մարդ մտնում է Քրիստոսի հետ մի սերտ հարաբերության մեջ, գիտի, որ եկեղեցու փրկիչ Քրիստոսը նաև իր Փրկիչն է, արթուն կյանք է վարում և այլևս չի ընկնում հոգևոր քնի ու թմրության մեջ: Իսկ եթե այդ պահանջները չեն իրագործվում, մկրտվածն ընկնում է հոգևոր քնի մեջ, թմրում է, և երբ այդ թմրությունը շուտով չի վերացվում, սուզվում է իսկական մահվան անդունդում: Բայց Քրիստոս առանձին սիրով կանչեց մանուկներին դեպի ինքն` իսկապես նրանցը համարելով Աստծո արքայությունը (Մատթ. 19:14, Մարկ. 10:14, Ղուկ. 18:16): Ուստիև եկեղեցին նույնիսկ ծննդյան սկզբից հոգում է իր անդամ կազմողների համար, որպեսզի ճշմարիտ աստվածպաշտության ու կյանքի հիմքը դնի և ոչ թե կոխան ճանապարհում սերմանողի նմանվի (Մատթ. 13:4), ցրելով իր հավատացյալների որդիներին կամ զրկելով նրանց լուսավոր նոր կյանքի սկզբնավորումից:

Հասկանալի է, որ երբ չափահաս մարդը կամենա քրիստոնեություն ընդունել և մկրտվել Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում, նա պետք է նախապես լավ դաստիարակվի, կրթվի, ճշմարիտ հավատքով մկրտվի ու զորանա Սուրբ Հոգով: Այդպիսի կրթվողները կոչվում են «երախայ», այսինքն` անչափահաս` ըստ Սուրբ Հոգու որդեգրության, դեռահաս, դեռ չհասած որդեգրական շնորհներին: Նրանք ընդունվում էին եկեղեցում, հոգևորականների մոտ դաստիարակվում, լսում էին քարոզ, միայն թե հաղորդության ժամանակ դուրս էին գալիս, երբ սարկավագն ազդարարում էր. «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, եւ մի՛ ոք յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդ» (Ժամագիրք): Օրինավոր կրթությունից հետո` հրաժարվել սատանայից և խոստովանել էին տալիս Եկեղեցու հավատալիքները, հերքում հեթանոսական մոլորություններն և ապա մկրտելով` Հաղորդության ևս արժանացնում: Ըստ այսմ` քանի որ հավատքը հիմնական տեղ է բռնում մկրտության մեջ, անկարելի է մկրտել անդարձ հեթանոսին կամ անհավատ ծնողների անչափահաս որդիներին: Առաքյալները ևս մկրտում էին ամբողջ ընտանիքը միայն այն ժամանակ, երբ ծնողներն ու չափահաս անդամները ընդունել էին քրիստոնեական հավատքը (Գործք 10:24, 16:15-33, 18:8, Ա Կոր. 1:16): Այդպես էին վարվում մանուկների հետ նաև առաքելական հայրերը, ինչպես վկայում են Զմյուռնիայի եպիսկոպոս Պողիկարպոսն († 156) (Հմմտ. Պողիկ. Զմյուռ. Թուղթ առ Փիլիպ. V, տե՛ս Ранние отцы церкви, с. 152) ու Որիգինեսը († 254): Իսկ եթե հեթանոս ծնողների անչափահաս երեխաներին մկրտեն, կդատապարտվեն մկրտողները (Մատթ. 7:6), քանզի այդպիսի վարմունքով ցույց տված կլինեն հավատքի գաղջություն և անզգա վերաբերմունք դեպի աստվածային մեծ սրբությունը: Բացառություն են կազմում միմիայն այն երեխաները, որոնք ընկեցիկ են կամ ծնողներից զրկված. այդպիսիները Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու որբախնամ հոգածության տակ են և մկրտվում են` քրիստոնյա կնքահոր խնամատարության հանձնվելով (սուրբ Գրիգոր Տաթևացի, Հարց., էջ 591, որբանոցներ, անկելանոցներ և այլ սույնպիսի բարեգործական հաստատությունները կարգի դրավ Հայաստանում սուրբ Ներսես Մեծն` հանձնելով այդպիսիների հոգատարությունը վանական միաբանություններին: Նույն կարգերը մնացին և հետևյալ դարերում, ինչպես ցույց են տալիս Դվինի և Պարտավի սուրբ ժողովների կանոնները (տե°ս Կանոնագիրք, Բ, էջ 3-18, 200-215)):

Մկրտությունը պետք է, որ նախապատրաստությամբ լինի: Քրիստոսի իսկական մկրտության նախապատրաստող եղավ Հովհաննես Մկրտիչն, որ օրինական լվացողությամբ ապաշխարել էր տալիս և Աստծո արքայության ճանապարհ բաց անում նրանց սրտերի մեջ, որպեսզի պատրաստ լինեին ընդունելու Քրիստոսի փրկությունն ու Սուրբ Հոգով մկրտվելու (Մարկ. 1:4, սուրբ Ներսես Շնորհալի, Մեկն. Մատթ. 52): Ժողովուրդն էլ դիմում էր դեպի այդ ապաշխարական մկրտությունը, հիշում էր միշտ Աբրահամի հետ դրած աստվածային Հին Ուխտը, զատորոշվում էր հեթանոս անհավատներից և սպասում Օծյալի փրկագործության: Նույն կարգով պետք է նախապատրաստվի և չմկրտվածը, կամ, եթե մանուկ է, նրա ծնողը, որպեսզի ուղիղ և անսայթաք լինի նրա ընթացքը դեպի սրբություն և վերածնություն: Ջերմեռանդ հավատքով վերաբերմունքը պահանջ է թե՛ մկրտվողի և թե՛ մկրտողի վրա, որոնք պետք է միշտ հիշեն Սուրբ Հոր խոսքը. «Նա թէ եւ ոչ Հոգին Սուրբ մկրտիցի ընդ մկրտեալսն, ոչ մկրտութիւնն կատարեալ ասի, այլ լուացումն ջրոյ»` կարոտ իսկական մկրտության (սուրբ Եղիշե, էջ 314): Այդ է պատճառն, որ քահանան պարտավոր է անսվաղ կատարել մկրտությունն և ապա պատարագ մատուցել սրբությամբ (Ընդհանր., 80-81. սուրբ Հայրը հրամայում է երկյուղածությամբ կատարել մկրտությունն և ապա ասում է. «Եւ մի ոք ի քահանայից յետ հաց ուտելոյ իշխեսցէ առնել մկրտութիւն առողջից մանկանց, բայց եթէ յերկիւղէ մահու, այլ նախ կատարեսցէ զմկրտութեանն գործ, եւ ապա մատուսցէ զպատարագն սուրբ, յորմէ եւ զմկրտեալն հաղորդեցուսցէ»): Այսինքն` ոչ միայն մկրտվողն, այլև մկրտող պաշտոնյան պարտավոր է բարեպաշտության զգացմունքներով և ջերմեռանդ հավատքով զինված մտնել այն խորհրդակատարության մեջ, որով պայմանավորված է մարդու ամբողջ աճումը, զարգացումն, առաջադիմությունն ու լուսավոր կյանքը:

Ահա այսպիսի խորհրդավորությամբ է կատարվում այս սուրբ խորհուրդը, և որովհետև ճշմարիտ մկրտությունը, իրագործվելով հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, միանգամընդմիշտ սրբում է սկզբնական մեղքը, միանգամընդմիշտ վերածնում է, մի անգամ է իրականացնում ճշմարիտ հաշտությունն ի մահն Քրիստոսի և ի հարությունն, և դրոշմով մի անգամ է տրվում անքակտելի կնիքը մկրտվողի հոգու վրա (սուրբ Գրիգոր Տաթևացի, Հարց., 590), հասկանալի է, որ այդպիսի մկրտվածը չի կարող կրկին անգամ մկրտվել: Կրկնել մկրտությունը նշանակում է մի այլ Երրորդություն դավանել. ըստ որում և մի այլ Քրիստոս, փրկչական մի այլ մահ, կրկնակի վերածնություն և մի այլ Սուրբ Հոգու, իսկ այսպես դավանելը հերետիկոսություն է: «Մի Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն», - ասում է սուրբ առաքյալը (Եփ. 4:5), այնպես որ Հոր և Որդու և Սուրբ Հոգու ճշմարիտ անունով և առաքելական կարգով մկրտվածը համարվում է մկրտված ամեն մի քրիստոնեական և ճշմարիտ առաքելական Եկեղեցու համար: «Քանզի անհնար է մի անգամ մկրտելոցն, որ ճաշակեցին յերկնաւոր պարգեւացն, եւ հաղորդք եղեն Հոգւոյն Սրբոյ, եւ զգեղեցիկ Բանին Աստուծոյ ճաշակս ճաշակեցին, եւ զզօրութիւնս հանդերձելոյ աշխարհին, եւ կործանեսցին միւս անգամ նորոգել յապաշխարութիւն եւ վերստին ի խաչ հանել անձանց զՈրդին Աստուծոյ, եւ դարձեալ խայտառակել», - գրում է սուրբ Պողոս առաքյալը (Եբր. 6:4-6, Հռովմ. 6:3, Գաղ. 3:27): Մկրտության փրկական հաստատության և անջնջելի իրագործության տեսանելի հայտարարն է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցում սուրբ Ավազանի անշարժությունը (սուրբ Հովհան Իմաստասեր, Ճառք, էջ 5-7. «Հարկ է հաւանութեամբ եւ հաւատովք հետեւել զկնի բոլոր քրիստոսականացս եւ սեղան եւ աւազան քարեղէն անշարժաբար յամենայն եկեղեցիս արձանացուցանել». - «Զի եւ պատշաճագոյն իսկ առ յարմարութիւն խորհրդոյս` զնիւթս զայս տեսանեմ եղեալ, որպէս թէ զանյողդողդ եւ զանշարժահիմն փրկութեան մերոյ իրողութիւն` կարծրագոյն եւ դժոխաշարժելի գործարանաւ տնօրինել»):

Սակայն Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին վերստին մկրտում է այն աղանդավորների մկրտածներին (արիոսյան, մակեդոնյան, նեստորական, սաբելյան և այլն), որոնք չունեն Սուրբ Երրորդության ճշմարիտ դավանությունն և ուրեմն ճշմարիտ հավատքով ու հավատամքով չեն մկրտում հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, և կամ թե որևիցե կերպով ելնում են առաքելական եկեղեցու կարգից` էապես ու խորհրդավորապես խախտելով այդ սուրբ խորհուրդի կատարումը (Աղանդավորների մոտ մկրտվածների վերամկրտությունը պաշտպանել, հաստատել է Դիոնիսիոս Ալեքսանդրացին (+265) և օրինակարգել Նիկիայի տիեզերաժողովը (տե՛ս Եզնիկ Ծ. վրդ., Հայրաբանություն, Ա, էջ 163)): Եվ քանի որ մկրտության խորհրդի իրականացման համար նախ անհրաժեշտ է հավատք և երկրորդ` սրբազնագործ արարողությունն, ակներև է, որ մկրտությունը չի իրագործվում առանց հավատքի, լոկ սրբազան արարողությամբ և կամ հավատքով, բայց կեղծ արարողությամբ, սակայն վերահաս մահվան արգելքը լիազորություն է տալիս հավատքի փրկարարության:

Մկրտության սուրբ խորհուրդը սկզբից մինչև վերջ գեղեցկապես պատկերանում է իր աստիճանական ընթացքով և հիմքերով Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու արարողության մեջ: Նախ` երեխայի կողմից ասվում են Եկեղեցու դռան առաջ հինգ հատված սաղմոսներ` ըստ հինգ զգայարանների, որոնցով խնդրվում է Աստծո ողորմությունն, առաջնորդությունն ու լուսավորությունը դարձող և ի Տեր հուսացողի վրա: Դրա հետևանքն է լինում, որ սպիտակ ու կարմիր նարոտը ոլորվում է` «միաւորեալ ի մի ի խորհուրդ կենարար արեան եւ ջրոյն, որ ել ի տիգերախոց կողէն Քրիստոսի». մկրտվողը պսակի հուսով մտնում է Քրիստոսի հովանավորության ճանապարհը և երեք անգամ կրկնվող աղոթքից հետո ասում է «Հրաժարիմքը»: Այս առաջին մասով երեխան երես է դարձնում մեղանչական աշխարհից ու կյանքից:

Երկրորդ մասում մկրտվողը դառնում է «ի լույս աստվածգիտության», խոստովանում է «Հավատամքը», լսում է Ավետարանն ու Հայոց դավանանքը, քահանայի աղոթքով խնդրվում է հավասարվել ճշմարիտ երկրպագուների հետ և ուրախության սաղմոսներով մտնում է եկեղեցի ու շարականով դիմում դեպի ավազանը:

Երրորդ մասում կատարվում է բուն մկրտությունը, ըստ որում, օրհնվում է ջուրը, որ Սուրբ Հոգով դառնա «ի սրբութիւն հոգեւոր իմաստութեան, ի նահատակութիւն եւ ի յաղթութիւն հակառակամարտին, ի զօրութիւն պատուիրանապահութեան առաքինի գործոց, եւ յամենակատար հրահանգս եւ ի կրթութիւնս աստուածպաշտութեան: Որպէս զի լուսաւորեալ մտօք եւ առաքինասէր վարուք կեցցէ յայսմ աշխարհիս ի փրկութիւն անձին իւրոյ, ի պատիւ եւ ի փառս ամենասուրբ Երրորդութեան: Եւ արժանի լիցի հասանիլ վիճակի ժառանգութեան սրբոցն ի լոյս»: Այս օրհնության կարգը սաղմոսներով, ընթերցվածներով, աղոթքով ու սուրբ մյուռոնով կատարելուց հետո, քահանան մկրտում է երեխային: Սա լինում է չորրորդ մասում, որով մանուկը ստանում է վերածնության շնորհները Սուրբ Հոգով. «Որք ի Քրիստոս մկրտեցարուք, զՔրիստոս զգեցեալ էք, որ ի Հայր լուսաւորեցայք, Սուրբ Հոգին բերկրեսցի ի ձեզ» (տե՛ս և սուրբ Հովհ. Իմաստ., էջ 9. սուրբ Հովհ. Մանդակունի, էջ 122): Եվ այս կարգից հետո կատարվում է դրոշմի սուրբ խորհուրդի արարողությունը:

Եվ ինչպես որ մկրտությունից ութ օր հետո քահանան գնում է, նարոտը վերցնում և, լողացնելով մանկանը, վերահաստատում նրա վերածնությունն ու սրբությունն ու ավետում, թե` «Արդարացար, սրբեցար, զօրացիր յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ», այնպես էլ քառասուն օր լրանալուց հետո մայրը գալիս է եկեղեցի, նրան նվիրում իր մանկան և աղոթքով ստանում է աստվածային «շնորհաց ու զորության»: Այս կարգով մայրը մոռանում է մարմնավոր ցավով ծնունդը և ընդունում սրբված, Աստծո ճշմարիտ երկրպագու և «աստվածգիտության լույսը զգեցած» մանկան, որ կոչվում է նոր ճանապարհ ընթանալ Քրիստոսի շավղով: Մի խոսքով, թե՛ մկրտության և թե՛ նրա հարակից կարգերի խորհուրդն ու էությունը ցույց է տալիս, որ մանուկը ծնվում է Քրիստոսի ծննդյան խորհուրդով, սրբվում է Քրիստոսով և աճում, զորանում է Քրիստոսի հետ, որպեսզի նրա խաչը կրի իր վրա եկեղեցու առաջադիմության համար:

Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին, ճանաչելով Քրիստոսի փրկագործության էությունն, որ ճշմարտապես իրագործվում է յուրաքանչյուր մկրտվողի վրա այս սուրբ խորհրդով, իր խորհրդակատարությամբ ևս շատ անգամ է հիշում այս սկզբունքի հաստատությունը: Նա ամփոփում է մկրտվողի խնդրածը այսպես. «Հաւատք, յոյս, սէր եւ մկրտութիւն. Մկրտիլ եւ արդարանալ. սրբիլ ի մեղաց, ազատիլ ի դիւաց եւ ծառայել Աստուծոյ»: Մկրտողն էլ խնդրում է աղոթքի մեջ. «Մերկեա´ ի սմանէ զհնութիւն մեղաց եւ նորոգեա´ ի կեանս նորս եւ լցո´ զօրութեամբ Հոգւոյդ Սրբոյ ի նորոգութիւն փառաց Քրիստոսի քո»: Եվ ապա մկրտելով և հանձնելով կնքահորը` հայտարարում է. «Որք ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեալ էք, ալէլուիա: Որք ի Հայր լուսաւորեցայք, Սուրբ Հոգին բերկրեսցի ի ձեզ, ալէլուիա»: Այս ամենն արտահայտում է այն մեծ իրողությունն, որ կատարվում է նորոգ հավատացյալի վրա. նա, ըստ նախընթացին, մեռնում է իր հին մարդով Քրիստոսի հետ և իբրև նոր մարդ հարություն առնում Քրիստոսով, որպեսզի դարձյալ Քրիստոսով ու Քրիստոսի հետ նոր կյանքի մեջ նորոգապես հարատևի (տե´ս Մաշտոց, Վաղարշապատ, 1905, էջ 5-51 (Կանոն Մկրտութեան)):

 

 

Արշակ Տեր-Միքելյան,

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը»

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։