Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Շարականներ, Հոգևոր Երգեր

 

    ՇԱՐԱԿԱՆԸ (շար, մեկնվել է նաև եբր. սir – երգ, ասոր. sahra – հսկում, հսկման երգ բառերից, հետագայում նույնացվել հուն. ειρբος – շարք-ին), պաշտոնապես ընդունված և եկեղեցական Տոնացույցի որևէ օրվա համապատասխան ժամին կատարվող հոգևոր երգ կամ հոգևոր երգերի ամբողջական շարք (հոմանիշներն են՝ կանոն, կարգ, սարք), նաև՝ այդ երգաշարքերը բովանդակող ժողովածու՝ Շարակնոց: Առաջին գրավոր հիշատակությունն առկա է IX–X դդ. երկաթագիր հնագույն Մաշտոցներում: Հոգևոր երգը որպես ինքնուրույն, սաղմոսներից և մարգարեական օրհնություններից տարբեր երաժշտաբանաստեղծական ձև հիշատակված է Պողոս առաքյալի թղթերում: V դ. առաջին նորաստեղծ ինքնուրույն հոգևոր երգերը՝ Շարականները, հայոց մեջ կոչվել են կցուրդ կամ կցորդ: Կցուրդները փոքրածավալ, 3–4 տնից բաղկացած, պարզագույն սաղմոսատիպ երգեր էին, որոնք, լինելով Աստվածաշնչի տարբեր դրվագների և Քրիստոսի տնօրինությունների մատչելի վերաշարադրումը կամ մեկնությունը, հարասացությունների ձևով կցվել են սաղմոսին կամ մարգարեական օրհնությանը: Կցուրդները ծավալվում են ութձայնի եղանակներում՝ հետևելով նրա «խիստ ոճի» օրենքներին:

Այդ տեսակի ընդերքում (սաղմոսերգությանը զուգընթաց) մշակվել են ՇԱՐԱԿԱՆ Շատին վանքի Ս. Սիոն եկեղեցին (1655) հվ-արմ-ից 821 Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերը՝ հորդոր, չափավոր-միջակ և ծանր երգերը, որոնց մեջ տեմպը (շարժումը) պայմանավորել է նաև գրական խոսքի հնչյունավորման կերպը: Երգեցողության այդ տիպերի մշակումը կապված էր պաշտոներգության մեջ նրանց գրաված տեղով, ծիսական կիրառությամբ: Հասարակ օրերի ժամերգության համար նախատեսված Շարականներն ունեն պարզ նկարագիր, կատարվում են դպրաց դասերի կողմից՝ խմբակային: Կիրակի օրերին և եկեղեցական խոշոր տոների ժամանակ կատարվող Շարականները օրվա հանդիսավորությունն ընդգծելու նպատակով ստանում են ավելի մեծ ծավալ, մելիզմատիկ (երգային-զարդոլորուն) տեսք և հնչյունավորվում մենակատար հմուտ երգեցողների կողմից: Հնագույն շրջանի կցուրդներում որոշակիորեն կազմավորվել են հայ շարականերգության հատուկ կերպարային արտահայտչականության հիմնական ոլորտները, աստվածաշնչային նյութի բանաստեղծական մշակման հնարները: Ճգնավորության, ապաշխարանքի, մարդու մեղսավորության գաղափարը և Վերջին դատաստանի սպասումը արտահայտող Շարականների կողքին քիչ չեն պատմողական և մեկնողական բովանդակությամբ, ինչպես և փառաբանական օրհներգային բնույթի երգեր, որոնք արտահայտում են լուսավոր, բերկրալից, քնարական զգացումներ: Հնագույն կցուրդները տաղաչափության առումով հիմնականում ազատ էին: Դրանց ստեղծումն ավանդաբար վերագրվում է Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն: Տվյալ շրջանի Շարականների բանաստեղծական ոճի բնորոշ նմուշներից են ապաշխարության բազմաթիվ հարցերը, որոնք, լինելով հնոցի մեջ նետված 3 մանուկների աղոթքի կցուրդներ, գրեթե ամբողջապես կազմված են Հին կտակարանից քաղված բառային բանաձևերից:

Նմանապես, Ապաշխարության Տեր երկնիցներում, 148-րդ սաղմոսի կցուրդներում շարականագիրը գրեթե չի շեղվում տվյալ սաղմոսը կազմող գաղափարներից ու բանաձևերից: VII–VIII դդ. հայ շարականերգությունը նկատելի զարգացում է ապրել: Հանդես են եկել նոր շարականագիր հեղինակներ՝ Կոմիտաս Ա Աղցեցի, Անանիա Շիրակացի, Սահակ Գ Ձորոփորեցի, Բարսեղ Ճոն, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ: Բյուզանդական «կոնտակիոն» ձևի ազդեցությամբ առաջացել է Շարականի ավելի ընդարձակ մի ձև՝ կացուրդը: Տվյալ ժամանակաշրջանի չափանմուշային կոթող է Հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված «Անձինք նուիրեալք» Շարականը: Ի տարբերություն հնագույն կցուրդների, այն վիպաքնարական բնույթի, լայնածավալ ներբող է (36 քառատող տուն)՝ ընդգծված պատկերավոր ու դրամատիկ տարրերով: Բյուզանդական նմուշների օրինակով գրված է զուտ շեշտական տաղաչափությամբ և այբբենական ակրոստիքոսի սկզբունքով: Այդ երաժշտաբանաստեղծական տեսակը մեծ տարածում է գտել հետագա դարերում: Այնուհետ այբբենական ծայրակապով գրված Շարականները ստացել են նաև «Անձինք» անվանումը: VII–VIII դդ. հեղինակների Շարականներում անցում է կատարվել նախորդ շրջանի խստաշունչ սաղմոսատիպ կցուրդներից դեպի ծավալուն, ծորերգային ոճի երգերը, որոնք բնորոշվում են երաժշտական ռիթմի ձերբազատմամբ, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) զարգացումով, մեղեդային մանր ամասների նրբակերտությամբ և գեղագիտական ընդհանրացման ավելի բարձր աստիճանով: Այդ առումով ցայտուն օրինակ են Սահակ Գ Ձորոփորեցու, Անանիա Շիրակացու, Բարսեղ Ճոնի ծանր տիպի Շարականները, նաև Խոսրովիդուխտի նշանավոր ողբը կամ գովքը՝ ձոնված իր նահատակ եղբոր՝ Վահան Գողթնացու հիշատակին: Շարականի զարգացման նոր փուլը նշանավորվել է Ստեփանոս Սյունեցուն (VIII դ.) վերագրվող Հարության Ավագ օրհնությունների 8 շարքերի՝ կանոնների ստեղծմամբ: Կանոնի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հին կտակարանի 10 մարգարեական օրհնությունները: Ներկայացնելով որոշակի հաջորդականությամբ և տրամադրությամբ հորինված երգերի շարք՝ կանոնը, որպես ցիկլային ստեղծագործության տեսակ, նոր հնարավորություններ է ընձեռել շարականագիրներին, նոր որակ և աստիճան ստեղծել հոգևոր երգարվեստում: Սկզբնապես կանոնները կազմվել են ժամասացության մեջ կիրառվող կցուրդներից և կացուրդներից, սակայն աստիճանաբար ստեղծվել են հատուկ նոր կանոններ: Կանոնի ներմուծումը սերտորեն առնչվել է ութձայն համակարգի կիրառության հետ: Հնագույն օրհներգերում գերակշռող դիալեկտիկ հակադրումների համակարգը փոխարինվել է զուգորդական կապերի համակարգով, որն ուղղված է կանոնի 8 մասերի (Օրհնություն, Հարց, Մեծացուսցէ, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու, Համբարձի) շրջանակներում իրադարձությունն երի ներքին հարազատության բացահայտմանը և սրբազան պատմությունն իբրև ինքնամփոփ, անփոփոխ ամբողջականությամբ ներկայացնելուն: Կանոնի երգերում առավել ցայտուն են դրսևորվում տվյալ տոնի իմաստային-կերպարային հիմքի հետ կապված քնարական ոլորտի հարուստ երանգները: Յուրաքանչյուր մաս սովորաբար կազմված է 3 տնից, որոնցից առաջինը համապատասխան նմուշօրինակի բովանդակության շարադրանքն է՝ քրիստոսաբանական տարրերով, երկրորդը ներկայացնում է Քրիստոսի Խաչելության և Հարության տեսիլքը, իսկ երրորդը նվիրված է Աստվածածնին: IX–XI դդ. ընդլայնվել և համալրվել են Շարակնոցում ընդգրկված եկեղեցական տարվա մի քանի կարևոր շրջաններին վերաբերող խոշոր շարքերը՝ Պահքի, Հարության, Հոգեգալստյան, ինչպես նաև՝ Խաչի, Համորեն մարտիրոսաց, Ննջեցելոց և այլ կանոնները: Այս շրջանում ակնառու ներդրում են ունեցել Պետրոս Ա Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Սարգիս Ա Սևանցին, Ստեփանոս Ապարանցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և ուրիշներ: Զարգացնելով V–VIII դդ. շարականերգության լավագույն ձեռքբերումները՝ նրանք ընդլայն ել են Շարականի ավանդական թեմաների շրջանակը: Նրանց գործերում առանձնակի հնչեղություն է ստացել հայրենասիրական թեման՝ կապված ժամանակի իրողությունների հետ: Շարականներում արտացոլվել են ոչ միայն համաքրիստոնեական գաղափարներն ու զգացումները, այլև՝ հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքի կարևորագույն երևույթները՝ հեթանոսության դեմ պայքարի և առաջին քրիստոնյա նահատակների շրջանը, քրիստոնեության հաստատման և ազգային նոր մշակույթի ջատագովությունը, համաժողովրդական դիմադրությունը պարսից մազդեականությանն ու արաբական տիրապետությանը և այլն: Կանոնական արվեստի պայմաններում հայ շարականագիրները կարողացել են հագեցնել իրենց երկերը իրապես կենսական հնչեղությամբ, կրոնական և բանաստեղծական խոր ապրումներով: Շարականը աննախադեպ վերելք է ապրել X–XIV դդ.: Նոր երաժշտաբանաստեղծական տեսակների ծնունդը (գանձ, տաղ) իր ազդեցությունն է թողել կանոնի բաղադրիչների վրա՝ նկատելիոր են հարստացնելով նրանց կերպարաելևէջային նկարագիրը: Կարևոր գլուխ են կազմում Կիլիկի այի Հայկ. թագավորության շրջանի շարականագիրների ստեղծագործությունները: Հատկապես նշանակալից դեր է կատարել Ներսես Շնորհալին, որի գրչին է պատկանում Շարակնոցի երգերի առնվազն 1/3-ը: Ներսես Շնորհալին բարձրագույն մակարդակի է հասցրել Ստեփանոս Սյունեցուց սկիզբ առած զուգորդական բանաստեղծական ոճը, որն իր հետևորդների մոտ երբեմն կրում է նույնիսկ յուրահատուկ պաճուճազարդության տարրեր: Չհրաժարվելով «հին» օրհներգերի «արձակ բանաստեղծությունից»՝ Ներսես Շնորհալին միաժամանակ հարստացրել է Շ. վանկական և վանկաշեշտական տաղաչափության զանազան նմուշն երով: Նա նաև հարստացրել է ավանդ. ութձ այնը բազմաթիվ զարտուղի, դարձվածքանման և ստեղիատիպ եղանակներով, որոնք հաճախ օժտված են հեղինակային անհատականության գծերով: Մի շարք Տերունի տոներին նվիրված կանոնները լրացնելուց բացի նա ներմուծել է տարբեր սրբերի և ազգային հերոսների նվիրված նոր՝ «մանկունք» տիպի մեկական երգեր: Դրանցից են Տրդատ Գ թագավորին, Սահակ Ա Պարթևին, Հովհան Ոսկեբերանին, Բարսեղ Կեսարացուն, Գրիգոր Նազիանզացուն, Վարդանանց նվիրված Շարականները: Այդ ավանդույթը սկիզբ է առել Խոսրովիդուխտի՝ Վահան Գողթնացու նահատակությունը օրհներգող գովքով և զարգացվել Պետրոս Ա Գետադարձի կողմից՝ Սանդուխտ կույսի, Դավիթ Դվնեցու, Սուքիասյանց, Ոսկյանց, Վարդանանց և այլ նահատակների սխրագործությունը գովերգող մանկունքներով: XII–XIII դդ. հանդես են եկել մի շարք խոշոր շարականագիրներ: Բուն Հայաստանում գործած հեղինակներից առավել նշանավոր են Հովհաննես Երզնկացին (Պլուզ), Խաչատուր Տարոնացին, Վարդան Արևելցին, իսկ կիլիկյան հեղինակներից՝ Գրիգոր Գ Պահլավունին, Հակոբ Ա Կլայեցին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին և ուրիշներ: Հատկապես նշելի են Հովհաննես Երզնկացու՝ Գրիգոր Լուսավորչին և Ներսես Ա Մեծին նվիրված Շարականները, Խաչատուր Տարոնացու՝ քահանայի զգեստավորման «Խորհուրդ խորին» տաղատիպ Շարական, Հակոբ Կլայեցու՝ Աստվածածնի ծննդյան և Վարդան Արևելցու՝ Սուրբ թարգմանչաց կանոնները: Ժամանակագրական առումով առավել ուշ ապրած հեղինակի Շարականով է ամփոփվում մեզ հասած կանոնական Շարակնոցը: Դա XIV–XV դդ. հեղինակ Կիրակոս Երզնկացու՝ Աստվածածնի ննջմանը նվիրված «Արևելք գերարփի» այբբենական ակրոստիքոսով գրված Շարական է: Նույն ժամանակներում Շ-ի զարգացման դադարը պայմանավորվել է արտաքին ու ներքին պատճառներով: Արտաքին պատճառներից են ուշ միջնադարին բնորոշ ընդհանուր քաղ-տնտեսական ճգնաժամը և մշակույթի աստիճանական անկումը: Բացի այդ գործածության մեջ գտնվող Շարականների աճն արդեն չէր համապատասխանում ժամակարգության պահանջներին. այն փակվել է՝ Շարակնոցի վերջնական խմբագրությունից դուրս թողնելով բազմաթիվ պարականոն (անվավեր) Շարականներ: Ներքին պատճառը պայմանավորված էր միջնադարյան սքոլաստիկ գեղագիտ. աշխարհայացքի նահանջով. Վերածնության գաղափարների ազդեցությունը շարականերգությունը վերածում էր նրբին, անհատականացված երաժշտաբանաստեղծական արվեստի: Զարգացման այս միտումն աննկատելիորեն խաթարել է քարոզի ընկալումը և աստիճանաբար բերել փակուղու՝ սպառելով Շարականի, իբրև արվեստի կենդանի ձևի, հնարավորությունները: Այդուհանդերձ, Շարականը մնում է միջնադարյան հայ հոգևոր մշակույթի հարուստ բնագավառներից մեկը, որի բազմակողմանի ուսումնասիրությունը XIX դ. սկզբից առ այսօր կարևորվում է ինչպես հայ հոգևոր երաժշտության, այնպես էլ՝ արևելաքրիստոնեական մյուս եկեղեցիների երաժշտության հետ ունեցած տարբեր առնչությունների հետազոտման տեսանկյունից:

 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։